Գլխավոր դատախազությունն ընթացք է տվել Լիպարիտ Դրմեյանի վերաբերյալ վարչապետի բանավոր հաղորդմանը
Գլխավոր դատախազությունից «Հետքին» հայտնեցին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ՀԷՑ-ի վերաբերյալ այսօր՝ 2026թ. հուլիսի 30-ին արած հայտարարությանն ընթացք է տրվել։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին և իրավապահ մարմիններին կոչ արեց ստուգել նախկին պաշտոնյա Լիպարիտ Դրմեյանի բանկային հաշիվներն ու ունեցվածքը։
Նշեց, որ որևէ մեկի անմեղության կանխավարկածը չի ուզում խախտել, սակայն կարծում է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ու իրավապահ մարմինները պետք է ասվածը քննության առարկա դարձնեն։
Փաշինյանն այս հայտարարությունն արեց՝ անդրադառնալով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության սեփականատերերի հետ կապված արբիտրաժային վեճին։ Նրա խոսքով՝ պետական ապարատի ներսում գործել է «տրոյական ձի»՝ նկատի ունենալով վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանին։
Վարչապետի պնդմամբ՝ նա Կառավարությունից տեղեկատվություն է փոխանցել լրատվական և քաղաքական դաշտին, ինչպես նաև՝ պատրաստել է Կառավարության դիրքորոշմանն ու վարչապետի հանձնարարականներին հակասող փաստաթղթեր։
«Այս շենքում մասնավոր ընկերության շահերը սպասարկող մարդ է եղել»,- հայտարարեց Փաշինյանը։
Արբիտրաժային գործի քննությունը գործարար Սամվել Կարապետյանի ընտանիքը նախաձեռնել է Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտում (SCC)` Հայաստանի Հանրապետության կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև 1995թ․ հունվարի 18-ին կնքված Ներդրումների խրախուսման և պաշտպանության համաձայնագրով սահմանված կարգով։ Գործի քննությանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչը։
2025թ. հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի նշանակած հրատապ արբիտրաժը պարտավորեցրել էր Հայաստանի Հանրապետությանը ձեռնպահ մնալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ վերջերս ընդունված «էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքներով սահմանած դրույթների կիրառումից, ինչպես նաև «ՀԷՑ» փակ բաժնետիրական ընկերության բռնագրավման հետագա քայլերից»։
Հիշեցնենք, որ վարչապետի 2025թ. օգոստոսի 29-ի որոշմամբ Լիպարիտ Դրմեյանն ազատվել էր վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի պաշտոնից։
Դրմեյանի ազատումից առաջ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը հրապարակային դիրքորոշում էր հայտնել, ըստ որի՝ Ստոկհոլմի արտակարգ արբիտրի վճիռները ենթակա են պարտադիր կատարման։
Պաշտոնից ազատվելուց հետո Լիպարիտ Դրմեյանը «Միասնության թևեր» կուսակցության ցուցակով առաջադրվել էր Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու 2026թ. հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններում։
Փաշինյանի հայտարարությանը Լիպարիտ Դրմեյանն արձագանքել է ֆեյսբուքյան հետեւյալ գրառմամբ. «Այսօր տեղեկացա, որ կառավարության նիստից հետո «Կառավարությունը ես եմ»-ը հիշել էր ինձ։ Մի կողմ թողնենք այն, որ ներկայացված փաստերը իրականության հետ ոչ մի աղերս չունեն եւ դրանք «Կառավարությունը ես եմ»-ը դեռ ստիպված է լինելու հերքել։ Կարճ կասեմ. ես գործել եմ հանուն մեկ սուբյեկտի եւ այդ մեկ սուբյեկտը Հայաստանի Հանրապետությունն է։ Զավեշտն այն է, որ այս ամենը հետեւում է իմ քաղաքական ակտիվությանը։ Ավելին, այս ամենը հետեւում է Սահմանադրական դատարանում մեր ներկայացրած փաստարկներին, որոնք ուղղակիորեն ցույց էին տալիս, թե ֆինանսական, ադմինիստրատիվ եւ ռեպրեսիվ ինչպիսի միջոցներ էին կիրառվել ՔՊ-ի կողմից ընտրությունների ամբողջ ընթացքում։ Իրավունքը եւ արդարությունը գերակայելու են, իսկ հանրությունը տեսնելու է, որ «Կառավարությունը դու չես»»։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել