HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բյուրեղավանում աղիքային վարակի պատճառը դեռ չի պարզվել. բնակիչները խուսափում են ծորակից ջուր խմել

2026 թվականի ապրիլին Բյուրեղավանում տեղի ունեցած զանգվածային թունավորումներից 2.5 ամիս անց՝ հուլիսի 17-ին, քաղաքում աղիքային վարակի նոր ալիք բարձրացավ։ Մինչ բազմաթիվ բնակիչներ բախվում են առողջական լուրջ խնդիրների եւ ֆինանսական կորուստների, պատասխանատու գերատեսչությունները «պաշտոնական հերքումների» փակ շրջանի մեջ են։ «Վեոլիա Ջուր» ընկերությունը պնդում է, թե ջրում որևէ շեղում չկա, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտարարում է, թե ոչ մի ահազանգ չի ստացել, իսկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սլաքներն ուղղում է այլ պետական օղակների ուղղությամբ։ Մյուս կողմից՝ Քննչական կոմիտեն երկու առանձին քրեական վարույթ է նախաձեռնել, սակայն ապրիլից մինչև հիմա փորձաքննության եզրակացություն չկա, չկա նաեւ որևէ մեղադրյալ։ «Հետքն» ամփոփել է իրավիճակը, բնակիչների վկայություններն ու պաշտոնական պատասխանների հակասությունները։

Հուլիսի 17-ին Բյուրեղավանում նորից աղիքային վարակի դեպքեր գրանցվեցին, համայնքապետարանը բյուրեղավանցիներին կոչ արեց՝ ծորակից ջուր չխմել, կամ ջուրն օգտագործել բացառապես եռացնելուց հետո։ Արդեն 2,5 ամիս է բյուրեղավանցիները ծորակից ջուր չեն խմում, քանի որ կարող են հայտնվել  հիվանդանոցում։ 

Բյուրեղավանի բնակչուհի Մարինե Զուռնաչյանն ասում է, որ ջրամատակարարման խնդիրն այստեղ տարիների պատմություն ունի, բյուրեղավանցիները վերջին 15 տարում շուրջօրյա ջրամատակարարում չեն ունեցել, հիմա էլ դրա որակը վտանգավոր է մարդկանց առողջության համար։

Գարնանը՝ ապրիլի 21-ից Բյուրեղավանում սկսված աղիքային վարակի օրերին, «Հետքը» զրուցել էր Մարինե Զուռնաչյանի հետ, որը որդու հետ ստացիոնար բուժում էր ստանում Աբովյանի բժշկական կենտրոնում։ Ասում է՝ դեպքից 2.5 ամիս անց իրավիճակը քաղաքում նույնն է։ 

«Առաջին թունավորումից ես կոնկրետ 7 օր, տղայիս հետ հիվանդանոցում պառկել եմ։ Էս երկրորդ թունավորման ժամանակ արդեն մենակ ես էի վատ, քանի որ պատահմամբ ջուր էի խմել ծորակից, երկու օր լավ չեմ եղել, բայց հիվանդանոց չեմ դիմել, դեղեր եմ ընդունել տան պայմաններում»,-պատմում է Մարինեն։

Ապրիլի աղիքային վարակից հետո երկար ժամանակ ծորակից ջուր չեն խմել, 4 հոգանոց ընտանիքը օրական 3-4 հատ 5 լիտրանոց տարայով ջուր է գնում, ճաշը պատրաստում են խանութից գնած ջրով, միրգն ու բանջարեղենը նույնպես դրանով են լվանում։ 

Բացի ջրի որակից, բյուրեղավանցիները նաև ջրամատակարարման գրաֆիկից են դժգոհ։ Բյուրեղավանում ջրամատակարարումը ըստ գրաֆիկի պետք է կատարվի առավոտյան ժամը 7:00֊12:00-ն, ապա երեկոյան՝18:00-22:00-ն, բայց գրեթե ամեն օր այս գրաֆիկը խախտվում է, ջուրը ուշ են միացնում և շուտ անջատում։

Գայանե Վերդյանը ևս թունավորվել է ջրից։ Անկանոն մատակարարումն ու ջրի որակը հավելյալ ծախսերի առաջ են կանգնեցրել։ 

«Առաջին անգամն էլ եմ թունավորվել, երկրորդ անգամն էլ։ Ջուրը  խանութներում վաճառում են տարբեր գնով, ոնց որ մարդկանց գրպանի հաշվին բիզնեսով զբաղվեն։ Մարդիկ գումար չունեն, որ ամեն օր 1000-1500 դրամ տան, ջուր առնեն, բոլորս ապրում ենք վարձով, վարկով։ Իմ երեխան անցած անգամ ինֆեկցիայով հիվանդանոց պառկեց»,-ասում է Գայանեն։

Բյուրեղավանի փողոցներում զրույցներից պարզվեց, որ մարդիկ չեն հիշում՝ վերջին անգամ երբ են ծորակից ջուր խմել։

Պոլիկլինակայի բժիշկը կարծում է՝ աղիքային վարակի պատճառը ջուրը չէ

Քաղաքացիների դժգոհությանն ի պատասխան՝ Բյուրեղավանի պոլիկլինիկայի ընտանեկան բժիշկ Վազգեն Շուշանյանը ներկայացնում է հուլիսի 17-ից արձանագրված պաշտոնական վիճակագրությունը՝ 51 կանչ, 8 հոսպիտալացում և հայտնում, որ «տեղի ունեցածը նման է վիրուսի, այլ ոչ թե ջրային բռնկման»։

Բժիշկը հորդորում է շտապողական եզրահանգումներ չանել ջրի վերաբերյալ։ «Իմ անձնական կարծիքն է՝ սա աղիքային վարակի նման չէ, բազմաթիվ նման դեպքեր կան նաև Երևանում։ Պարզապես, քանի որ ապրիլին ջրի խնդիր էր եղել, մարդկանց մոտ ավելի շատ խուճապն է խոսում»,-նշում է նա։

Դեպքը կրկնվել է, քանի որ ապրիլին վարակի աղբյուրը չի պարզվել և չի վերացվել. համայնքի ղեկավար 

Այլ դիրքորոշում ունի Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը։ Նա կարծում է, որ պատճառը նույնն է, ինչ ապրիլին, քանի որ առաջին ալիքից հետո վարակի բուն աղբյուրն այդպես էլ չհայտնաբերվեց ու չվերացվեց։

«Նույն աղբյուրից՝ Նուռնուսի ջուր է գնում նաև Ջրաբեր գյուղ, որտեղ նման երևույթներ չեն եղել։ Այսինքն՝ ես աղբյուրը բացառում եմ, բայց մասնագետները պետք է ասեն, թե որն է է խնդիրը»,-նշում է համայնքի ղեկավարը։

Բալասյանի խոսքով, առաջին ահազանգերից անմիջապես հետո տեղեկացրել են «Վեոլիա Ջուր» ընկերությանն ու Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնին, իրականացվել են ջրի նմուշառումներ, իսկ բնակիչներին հորդորել են մինչև հետազոտությունների ավարտը  ջուրն օգտագործել եռացնելուց հետո։

Համայնքապետը նաև նշում է, որ ջրամատակարարման պարբերական անջատումների հետևանքով ցանցում ճնշման փոփոխությունները տեսականորեն կարող են ռիսկեր առաջացնել, բայց  շեշտում է, որ հնարավոր պատճառների վերաբերյալ վերջնական եզրակացություն պետք է տան մասնագիտական կառույցները։ Ինքը ենթադրություններ անել չի ուզում։

Համայնքում հուլիսի 29-ին հրավիրվել է ավագանու արտահերթ նիստ՝ «Վեոլիա Ջուր»-ի և Ջրային կոմիտեի մասնակցությամբ։ Քննարկվել են նոր ջրագծերի կառուցման հնարավորությունները և ջրամատակարարան գրաֆիկի կարգավորումը։

Համայնքի ղեկավարը նշում է, որ այժմ քաղաքում ջրամատակարարումն իրականացվում է գրաֆիկով՝ օրական 11 ժամ։ Նրա խոսքով՝ հատկապես ամռան ամիսներին, երբ ջրի սպառումը կտրուկ աճում է, սահմանված գրաֆիկն անգամ հաճախ չի պահպանվում, ինչի հետևանքով բնակիչները դժգոհում են ջրի պակասից։ Նա այս իրավիճակը կապում է այգեգործական տարածքներում բնակչության աճի և ջրի սպառման ծավալների մեծացման հետ։ Ելքերը, ըստ նրա, պետք է քննարկել պատասխանատու կառույցների՝ «Վեոլիա Ջուր» ընկերության, Ջրային կոմիտեի և Կառավարության հետ։

«Ջրի որակի շեղումներ չկան»,- ասում են պատասխանատու կառույցները

«Հետքը» գրավոր հարցումներ է ուղարկել «Վեոլիա Ջուր» ընկերությանը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին, քննչական կոմիտեին՝ պարզելու, թե ինչ քայլեր են ձեռնարկել  և  ի՞նչ են արձանագրել լաբորատոր հետազոտությունները։

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ից մեզ հայտնել են, որ թե՛ ապրիլին և թե՛ հուլիսին Բյուրեղավանում, Նուռնուսում, Արզնիում ու ջրամբարում իրականացված լաբորատոր հետազոտություններով ջրում որևէ շեղում չի հայտնաբերվել։

«Հորդորում ենք՝ այս փուլում զերծ մնալ չհիմնավորված ենթադրություններից, քանի որ, ինչպես հայտարարել է Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը, կենսաբանական նմուշների լաբորատոր հետազոտությունների արդյունքները դեռեւս պատրաստ չեն, եւ ներկայումս իրականացվում են կրկնակի հետազոտություններ։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ սպառողներին մատակարարվող խմելու ջուրը գտնվում է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ շուրջօրյա եւ անընդհատ վերահսկողության ներքո։ Ջրի որակը պարբերաբար ստուգվում է լաբորատոր հետազոտությունների միջոցով, իսկ ստացված արդյունքները գնահատվում են գործող նորմատիվ պահանջներին համապատասխան»,-նշված է «Վեոլիա Ջուր» ընկերության պատասխանում: 

Ընկերությունը չի հստակեցրել, թե որ լաբորատորիան է արել ջրի փորձաքննությունը։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնել է, որ ո՛չ քաղաքացիներից և ո՛չ էլ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնից սննդային թունավորման վերաբերյալ որևէ ահազանգ կամ տեղեկատվություն չի ստացել։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից էլ հայտնել են, որ ջրի որակի վերահսկողությունն իրենց լիազորությունների շրջանակում չէ, դա  Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի գործառույթն է, իսկ «Վեոլիա Ջուր»-ի պայմանագրային վերահսկողը Ջրային կոմիտեն է։ Այնուամենայնիվ, ՀԾԿՀ-ն հայտնում  է, որ 2026թ․ ընթացքում Բյուրեղավանի բնակիչներից ստացվել է ջրի որակի վերաբերյալ 7 դիմում-բողոք՝ 3 գրավոր և 4 բանավոր։

Քննչական կոմիտեն 2 քրեական վարույթ է նախաձեռնել, փորձաքննությունների եզրակացությունները չեն ստացել

«Հետքին» ուղղված պատասխանում Քննչական կոմիտեն հայտնում է, որ Բյուրեղավանի դեպքերով նախաձեռնվել է երկու առանձին քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 1-ին մասով (Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ վաճառելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը)։ 

Ապրիլյան դեպքով վարույթը նախաձեռնվել է ապրիլի 22-ին՝ Աբովյանի քննչական բաժնում։ Նշանակվել են փորձաքննություններ, որոնց եզրակացությունները մինչ օրս չեն ստացվել։ Նախաքննությունը շարունակվում է, որևէ անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցված չէ։

Հուլիսի 17-ին կրկնված զանգվածային վարակի փաստով 2026 թվականի հուլիսի 22-ին Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է երկրորդ առանձին քրեական վարույթը՝ դարձյալ Քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 1-ին մասով։ Ընթանում է  նախաքննություն։

Փաստացի, ապրիլյան դեպքից ավելի քան երեք ամիս անց իրավապահները չունեն նույնիսկ փորձաքննությունների եզրակացությունները։ 

Հուլիսի 24-ին էլ Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը տեղեկացրել է, որ Բյուրեղավան համայնքում 2026թ. հուլիսի 17-ից արձանագրված աղիքային վարակների դեպքերի առնչությամբ շարունակվում են համաճարակաբանական ուսումնասիրություններն ու կանխարգելիչ միջոցառումները։

Համաճարակաբանական հետազոտության շրջանակում իրականացվել են խմելու ջրի և կենսաբանական նմուշների լաբորատոր հետազոտություններ։ «Խմելու ջրի լաբորատոր հետազոտությունների արդյունքում կրկնակի վերցված նմուշներից 2-ում հայտնաբերվել են ընդհանուր կոլիֆորմ մանրէներ։ Նշված 2 հասցեների բնակիչները տեղեկացվել են, իսկ Բյուրեղավան խոշորացված համայնքի մյուս բնակիչները կարող են օգտվել ծորակի ջրից»,-նշված է ՀՎԿԱԿ հաղորդագրության մեջ։

Կոլիֆորմ մանրէները լայնորեն տարածված են շրջակա միջավայրում (հող, բուսականություն) և առկա են տաքարյուն կենդանիների ու մարդկանց աղիներում։ Այդ մանրէները ջրի որակի ցուցիչ են։ Եթե դրանք հայտնաբերվում են ջրում, նշանակում է, որ ջուրը կարող է աղտոտված լինել և վտանգավոր օգտագործման համար։ 

Մինչ գերատեսչությունները պատասխանատվությունը բարդում են միմյանց վրա, իսկ Քննչական կոմիտեն սպասում է փորձաքննության արդյունքներին, իրավիճակը քաղաքում չի փոխվում։ Բյուրեղավանցիները ստիպված են խանութից ջուր գնել, չօգտվել ջրից  կամ վախենալով օգտվել ծորակի ջրից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter