HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Վտանգավոր դիտահորեր և խեղդող փոշի. ինչո՞ւ են Էջմիածնի ճանապարհները  դանդաղ վերանորոգվում

Էջմիածնի Թումանյան փողոցում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների ժամանակ պատշաճ չփակված դիտահորը դժբախտ պատահարի պատճառ է դարձել։ Մի կին ընկել է դիտահորի մեջ և մարմնական վնասվածքներ ստացել։ Կափարիչը կարգի է բերվել միայն Վաղարշապատի համայնքապետարան դիմելուց հետո։ Կնոջ հետ տեղի ունեցածը ոչ պատահականություն է, ոչ էլ միակ դեպքն է։ Էջմիածնի մի շարք փողոցներում ամիսներ շարունակ ընթացող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքում նման վտանգավոր իրավիճակներ բազմիցս են առաջացել։ 

Հիմնանորոգվում են քաղաքի մի շարք գլխավոր ճանապարհներ՝ Պատկանյան, Թումանյան, Բաղրամյան, Չարենց և այլն: Էջմիածնի բնակիչները դժգոհում են, որ ճանապարհաշինական աշխատանքները ձգձգվել են, և վերջը չի երևում։ 

Օրինակ՝ Ռ. Պատկանյան փողոցը շուրջ 7-8 ամիս է՝ քանդված է, իսկ Հ. Թումանյան և Մ. Բաղրամյան փողոցներում աշխատանքները շարունակվում են այս տարվա մարտ-ապրիլ ամիսներից։ Շինարարության տեմպը դանդաղ է, շինհրապարակներում օրվա ընթացքում քիչ թվով աշխատողներ են երևում, տեխնիկան նույնպես քիչ է։

Բնակիչների համար մյուս լուրջ խնդիրը փոշին է։ Քանդված ճանապարհներից բարձրացող փոշին, նրանց խոսքով, բնակարաններ ու բակեր է հասնում։ Թեև օրվա ընթացքում համայնքապետարանի ջրցան ավտոմեքենաներով ճանապարհները մեկ-երկու անգամ ջրում են, սակայն դա կարճատև ազդեցություն է ունենում, և փոշին կրկին արագ տարածվում է։

Քանդված ճանապարհները դժվարացրել են նաև երթևեկությունը։ Շատ վարորդներ խուսափում են այդ փողոցներով երթևեկելուց և նախընտրում են շրջանցիկ ճանապարհները։ Ավելի դժվար է այդ փողոցներում բնակվող վարորդների վիճակը։ Պատկանյան փողոցում ապրող Կարեն Մկրտչանը պատմեց, որ ճանապարհի փոսերն այնքան խորն են, որ դժվար է հասնել բակ, ստիպված ավտոմեքենան կայանում է հարևան փողոցներում։

«Սա 1-2 ամսվա հարց չէ, ասում են՝  գարնանը նոր ավարտելու են շինարարությունը»,-  նշում է Կարեն Մկրտչյանը։

«Հետքը» Վաղարշապատի համայնքապետարանից հետաքրքրվել է, թե օրական քանի աշխատող է ներգրավված նշված փողոցների հիմնանորոգման աշխատանքներում։ Համայնքապետարանից պատասխանել են, որ բանվորների թիվը նախագծանախահաշվային փաստաթղթերով չի սահմանվում։ Ըստ նրանց՝ նորմավորվում է միայն ինժեներատեխնիկական անձնակազմի թիվը, որը տվյալ դեպքում երեք մարդ է։

«Վաղարշապատ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանը պարբերաբար աշխատանքային հանդիպումներ է անցկացնում ինչպես համայնքապետարանում, այնպես էլ շինհրապարակներում՝ շինարարությունն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ»,- նշված է համայնքապետարանի պատասխանում։

Համայնքի ղեկավարի փոխանցմամբ՝ ճանապարհների հիմնանորոգումից առաջ նշված փողոցներում իրականացվել են կոյուղու համակարգի կառուցման աշխատանքներ՝ ներառյալ ներտնային միացումները։ Միայն այդ աշխատանքների ավարտից հետո են սկսվել ճանապարհների հիմնանորոգման աշխատանքները։

Հ. Թումանյան, Ռ. Պատկանյան, Սոս Մանուկյան և Մ. Բաղրամյան փողոցներում կոյուղու համակարգի կառուցման աշխատանքները ֆինանսավորվում են համայնքային բյուջեից։ Դրանք պետք է ավարտվեին մինչև 2026թ.–ի հունիսի 26-ը, սակայն, համայնքապետարանի պարզաբանմամբ, ժամկետները երկարաձգվել են անբարենպաստ եղանակի և շինարարության ընթացքում ի հայտ եկած լրացուցիչ, նախապես չնախատեսված աշխատանքների պատճառով։

Ճանապարհների հիմնանորոգման աշխատանքների համար Վաղարշապատի համայնքապետարանը 2025թ.–ի հոկտեմբերի 9-ին «Եվրոասֆալտ» ՓԲԸ-ի հետ կնքել է պայմանագիր։ Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմում է 824 մլն 400 հազար դրամ։ Աշխատանքների տեխնիկական հսկողությունն իրականացնում է «Միկան» ՍՊԸ-ն, որի ծառայության արժեքը կազմում է 2 մլն 400 հազար դրամ։ Ծրագիրը ֆինանսավորվում է համայնքային միջոցների հաշվին։

Հիշեցնենք, որ «Հետքն» այս ընկերությանն անդրադարձել է դեռևս 2021 թվականին։  

Բացի այդ, Վաղարշապատի համայնքապետարանի և «Բիդեք» ՍՊԸ-ի միջև 2025թ.–ի հոկտեմբերի 17-ին կնքվել է պայմանագիր՝ Էջմիածնի Ե. Չարենց (Սբ. Մ. Խորենացի փողոցից մինչև Վ. Տերյան փողոց) և Հ. Դանղյան (Սբ. Մ. Խորենացի փողոցից մինչև Հ. Թումանյան փողոց) փողոցների կոյուղու համակարգի կառուցման աշխատանքների համար։ Այս պայմանագրի ընդհանուր արժեքը կազմում է 114 մլն 750 հազար դրամ։ 

«Բիդեք» ՍՊԸ-ի 75% սեփականության իրավունքը պատկանում է  Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Սեդրակյանին: Վերջինս նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդին է: Այս ընկերության մասին նույնպես գրել ենք:

Տեխնիկական հսկողությունն իրականացնում է «Վերտիկալ» ՍՊԸ-ն՝ 771 հազար դրամ արժեքով։ Ծրագիրը ֆինանսավորվում է Կառավարության միջոցներով: Այս փողոցների ասֆալտապատման աշխատանքներն իրականացվում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի վերահսկողությամբ։

Չնայած բնակիչների դժգոհություններին՝ Վաղարշապատի համայնքապետարանը նշում է, որ ճանապարհների հիմնանորոգման աշխատանքների ժամանակացույցից շեղումներ չկան։ Պատճառն այն է, որ պայմանագրով աշխատանքների ավարտի վերջնաժամկետը սահմանված է 2027թ. ապրիլի 10-ը։

Թղթերով ամեն ինչ օրինական է, ժամանակացույցից «շեղում չկա», սակայն Էջմիածնի բնակիչները «դատապարտված» են ավելի քան մեկ տարի ապրել քանդված փողոցներում, շնչել խեղդող փոշին և ամեն քայլափոխի զգուշանալ դիտահորերից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter