HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արենիի համայնքապետարանը 134 մլն դրամի պայմանագրեր է կնքել փոխհամայնքապետի հոր հետ

Արենի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Մհեր Ասատրյանի հոր նորաստեղծ ընկերությունը հիմնադրումից ամիսներ անց դարձել է համայնքապետարանի խոշոր գնումների հաղթողը։ 2025-ի դեկտեմբերին հիմնադրված «Էմ էյ շին» ՍՊԸ-ն Արենիի համայնքապետարանի հետ կնքել է 134 մլն դրամի 4 պայմանագիր, որոնցից 3-ը՝ միայն 2026 թվականի հունիսին։

«Էմ էյ շին» ՍՊԸ-ի հիմնադիրն ու միակ սեփականտերը Խաչիկ Ասատրյանն է։

2026-ի ապրիլին ընկերությունն առաջին պայմանագիրն է կնքել համայնքապետարանի հետ։ Գնիշիկ բնակավայրի խմելու ջրագծի կառուցման աշխատանքների համար հայտարարված մրցույթում հաղթելուց հետո «Էմ էյ շին» ՍՊԸ-ի հետ կնքվել է 5.4 մլն դրամի պայմանագիր։

2026-ի հունիսի 9-ին, 12-ին և 26-ին, օրերի տարբերությամբ, «Էմ էյ շին» ՍՊԸ-ն երեք պայմանագիր է կնքել Արենիի համայնքապետարանի հետ։ 

Մայիսին համայնքապետարանը երկու չափաբաժնով մրցույթ էր հայտարարել Ռինդ և Արփի բնակավայրերի ոռոգման ջրագծի կառուցման համար։ Երկու չափաբաժիններով էլ հաղթող է ճանաչվել «Էմ էյ շին» ՍՊԸ-ն։ Հունիսի 9-ին ընկերության հետ կնքվել է 43.3 մլն դրամի պայմանագիր։

Ռինդ բնակավայրի ոռոգման ներքին ցանցի մեկ այլ հատվածի կառուցման համար հայտարարված մրցությում ևս հաղթել է «Էմ էյ շին» ՍՊԸ-ն։ Սակայն, այս դեպքում, ի տարբերություն նախորդ երկու մրցույթների, «Էմ էյ շին»-ը միակ մասնակիցն է եղել։ Նրա հետ կնքվել է 59.5 մլն դրամի պայմանագիր։

Արենի համայնքի Ռինդ բնակավայրում 50 խմ տարողությամբ ռեզերվուարի, երկու կապտաժների կառուցման և խմելու ջրի արտաքին ցանցի մասնակի վերանորոգման աշխատանքներ ձեռք բերելու նպատակով հունիսի 22-ին պայմանագիր է կնքվել «Էմ էյ շին» ՍՊԸ-ի հետ։ Պայմանագրի գինը 25.6 մլն դրամ է։

Այսպիսով, հիմնադրվելուց մի քանի ամիս անց Արենի համայնքի ղեկավարի առաջին տեղակալի հորը պատկանող ընկերությունը նույն համայնքի հետ կնքել է 4 պայմանագիր՝ ընդհանուր 134 մլն դրամ արժեքով։

«Հետքի» հետ զրույցում Մհեր Ասատրյանն ասաց, որ թեև «Էմ էյ շին» ՍՊԸ-ն նոր է հիմնադրվել, սակայն հայրը երկար տարիներ զբաղվել է շինարարությամբ։

«Հայրս ցանկացել է այդ մրցույթներին մասնակցել ու ի հաջողություն իրեն կարողացել է շահել ու պայմանագրերը կնքել: Դրան զուգահեռ կարող եք նաև տեսնել, որ բազմաթիվ ուրիշ ընկերություններ էլ են մասնակցել մրցույթներին ու հաղթել: Այդ առումով որևէ խտրականություն չկա։ Բաց մրցույթներ են հայտարարվել, ինչպես ընթացակարգը պահանջում է, և բոլորը ունեցել են հնարավորություն մասնակցելու»,- ասաց Ասատրյանը։

 

Գլխավոր լուսանկարում ձախից՝  Մհեր Ասատրյան, Արենիի համայնքապետ Հուսիկ Սահակյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter