HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սիսիանի համայնքապետը 86 մլն դրամի պայմանագրեր է կնքել ծնողների ընկերության հետ

Հրաչ Առաքելյանի և Էլադա Իվանյանի «Առաքել» ընկերությունը պետական և համայնքային գնումներին մասնակցում է 2016 թվականից, բայց հաջողությունների հասավ հատկապես վերջին տարիներին, երբ նրանց որդին՝ Հովսեփ Առաքելյանը, 2023-ի ապրիլին դարձավ Սիսիան համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, իսկ 2024-ի հոկտեմբերին՝ համայնքի ղեկավար։ 

«Առաքել» ՍՊԸ-ն հիմնադրվել է 1995 թվականին, ըստ ՊԵԿ-ի տվյալների՝ զբաղվում է բնակելի, հասարակական և արտադրական շենքերի կառուցմամբ։ Հովսեփ Առաքելյանի՝ Սիսիան համայնքի ղեկավար դառնալուց հետո ընկերությունը համայնքի հետ կնքել է երեք պայմանագիր, ընդհանուր՝ 85 մլն 805 հազար դրամի։

2026 թվականի մայիսին Սիսիանի համայնքապետարանը մրցույթ էր հայտարարել Որոտան կինոթատրոնի դիմացի հատվածը բարեկարգելու համար։ Մրցույթին մասնակցել էր մեկ ընկերություն՝ «Առաքել» ՍՊԸ-ն, որի հետ համայնքապետարանը կնքել է 56.9 մլն դրամի պայմանագիր։

Այս տարվա հունվարին համայնքապետարանը մրցույթ էր հայտարարել Սիսիան քաղաքում կրթական այգու կառուցման համար։ Մրցույթին մասնակցել էր երեք ընկերություն, որոնցից երկուսը ներկայացրել էին մոտավորապես նույն գնային առաջարկը՝ 33.6 և 33.8 մլն դրամ, իսկ «Առաքել» ՍՊԸ-ն առաջարկել էր աշխատանքը կատարել 25.2 մլն դրամով, և համայնքապետարանի հետ այդ գնով պայմանագիր է կնքել։

2024-ի ապրիլին, երբ Հովսեփ Առաքելյանն ավագանու անդամ էր, «Առաքել» ՍՊԸ-ն հաղթել էր Սիսիան համայնքի Շենաթաղ բնակավայրում շենքի տանիքի վերանորոգման մրցույթում։ Ընկերության հետ կնքվել էր 3.7 մլն դրամի պայմանագիր։

Այս բոլոր դեպքերի վերաբերյալ Առաքելյանը համայնքի կայքում ներկայացրել է շահերի առկայության վերաբերյալ հայտարարություն, որը «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի պահանջն է։ Գնումների մասին գործող օրենքը չի արգելում համայնքի ղեկավարին պայմանագրեր կնքել իրեն փոխկապակցված անձանց հետ, սակայն 2026 թ․-ի մայիսի 6-ին ընդունված փոփոխություններով՝ 2027 թվականի հունվարի 1-ից դա կարգելվի։

Բացի Սիսիանի համայնքապետարանից, «Առաքել» ՍՊԸ-ն 2023-ի նոյեմբերին պայմանագիր է կնքել նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ։ Համալսարանի Սիսիանի մասնաճյուղի վարժարանի քիմիայի և ֆիզիկայի լաբորատորիայի մասնակի վերանորոգման համար կազմակերպված մրցույթում հաղթել է «Առաքել» ՍՊԸ-ն և համալսարանի հետ կնքել 2.3 մլն դրամի պայմանագիր։

Հրաչ Առաքելյանի և Էլադա Իվանյանի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հայտարարագրից պարզ է դառնում, որ 2025 թվականի ընթացքում «Առաքել» ՍՊԸ-ից որպես շահաբաժին և աշխատավարձ նրանք ստացել են ընդհանուր 6.5 մլն դրամ։ Իսկ թե որքան կկազմի նրանց եկամուտն այս տարի՝ համայնքի հետ կնքված խոշոր պայմանագրերից հետո, կարտացոլվի հաջորդ տարվա հայտարարագրում։

«Հետքը» Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանից գրավոր փորձեց ճշտել՝ արդյոք համայնքային մրցույթներում «Առաքել» ՍՊԸ-ի հաղթանակները պայմանավորված են իր պաշտոնով։ Առաքելյանն իր պատասխանում նշել է, որ ծնողներին պատկանող ընկերության հաղթանակները մրցույթներում պայմանավորված չեն իր պաշտոնով։ Որպես օրինակ նա ներկայացրել է 2024 թվականի ապրիլի 9-ին կնքված պայմանագիրը։ Ճիշտ է, այդ ժամանակ Հովսեփ Առաքելյանը դեռևս համայնքի ղեկավար չէր, սակայն նույն համայնքի ավագանու իշխող խմբակցության անդամ էր։

«Շահերի բախման հնարավոր իրավիճակների կանխարգելման հարցում ես առաջնորդվել եմ օրենսդրությամբ սահմանված պահանջներով և գործընթացի նկատմամբ առավելագույն թափանցիկության ու հրապարակայնության ապահովման անհրաժեշտությամբ: Մասնավորապես, իմ կողմից ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացվել գրավոր հայտարարություն շահերի բախման հնարավոր իրավիճակի վերաբերյալ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջներին համապատասխան անհրաժեշտ կանխարգելիչ քայլերի իրականացման, իրավիճակի պատշաճ կարգավորման և համապատասխան քայլեր ձեռնարկելու նպատակով: Հանձնաժողովին պատշաճ կերպով ներկայացվել է նաև «Առաքել» ՍՊԸ-ի հետ առկա ազգակցական կապի վերաբերյալ տեղեկատվությունը: Այսինքն՝ տվյալ հանգամանքը չի թաքցվել կամ շրջանցվել, այլ ընդհակառակը, դրա մասին պաշտոնապես տեղեկացվել է իրավասու մարմնին հնարավոր շահերի բախումը կանխարգելելու և գործընթացի անկողմնակալությունն ապահովելու նպատակով»,- նշված է Առաքելյանի պատասխանում։

Մեկնաբանություններ (1)

Նառ
Բա քեռին՝ Իվանյան Կարեն Լորիկի 2026 թվականի հունվարից մինչև օգոստոս համայնքի բյուջեից իրեն չորս անգամ պարգևատրել է։ Հաշվի առնելով եր ամեն ամիս ստանում է 450000֊ից ավել աշխատավարձ, միլիոն հինգ հարյուր հազար էլ իրեն պարգևատրել է հավելյալ։ Այն քեռին ով ժամանակին անապահով երեխաների նպաստներն է յուրացրել։ Թե ինչպես է նախկին կոռումպացվածը աշխատում համայնքի գլխավոր կառույցում դա էլ այլ հարց։ Չէ որ անապահով երեխաների գումար յեւրացնողը համայնքի բյուջեն ինչ ա որ չյուրացնի։ Դե խեղճ գյուղացի հա քրքրվի հարկ մուծի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter