Կաթողիկոսի և 6 հոգևորականների քրեական գործն ուղարկվեց Երևանի դատարան
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Գերագույն հոգևոր խորհրդի ևս վեց բարձրաստիճան անդամների քրեական գործը Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանից տեղափոխվեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան։ Նման որոշում կայացրեց դատավոր Սերժ Ռուշանյանը։
Պատճառաբանությունն այն է, որ Արման Սարոյանին (Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյան) կարգալույծ անելու տնօրինության մեջ նշված չէ վայրը՝ Էջմիածինը, հետևաբար, Երևանում թող որոշեն՝ գործը ընդդատյա է Արմավիրի մարզի, թե Երևանի դատարանին։ Իսկ մեղադրանքը վերաբերում է Մասյացոտնի թեմի առաջնորդ Արման Սարոյանի (Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյան) պաշտոնանկությանը և կարգալույծ հռչակմանը։ Ըստ մեղադրանքի՝ այդ որոշումներն ընդունելիս եկեղեցու բարձրաստիճան հոգևորականները գործել են դատարանի կիրառած ապահովման միջոցին հակառակ և չեն կատարել դատարանի որոշումը։
Թե՛ պաշտպանական, թե՛ մեղադրող կողմերը գտնում էին, որ գործը պետք է քննվի Արմավիրի մարզի դատարանում, սակայն դատավոր Սերժ Ռուշանյանը գործը Երևան ուղարկելու որոշում կայացրեց։
Նշենք, որ 2026թ. օգոստոսի 7-ին էլ դատավոր Հակոբ Մանուկյանը ինքնաբացարկ հայտնեց։
Լրագրողների հետ զրույցում փաստաբան Արա Զոհրաբյանը նշեց, որ իր կարծիքով դատավորներն ուղղակի հրաժարվում են գործը քննել։ Իսկ Երևան ուղարկելու որոշման հետ համաձայն չէ, քանի որ կարող է մակագրվել հանրության կողմից վստահություն չվայելող դատավորներից մեկին, օրինակ՝ Մասիս Մելքոնյանին, Արմինե Մելիքսեթյանին, Կարեն Ֆարխոյանին և այլն։
Հիշեցնենք՝ ըստ մեղադրանքի, 2026թ. հունվարի 15-ին Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Արման Սարոյանը դատարան է դիմել՝ պահանջելով անվավեր ճանաչել իրեն պաշտոնից ազատելու մասին կաթողիկոսի տնօրինությունը, վերականգնել իրեն թեմի առաջնորդի պաշտոնում և կիրառել հայցի ապահովման միջոց։ Հաջորդ օրը Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել հայցը և բավարարել հայցի ապահովման միջնորդությունը։ Դատարանը պարտավորեցրել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպությանը և այլ անձանց մինչև գործով վերջնական դատական ակտի կայացումը չխոչընդոտել Արման Սարոյանի պաշտոնավարումը՝ որպես Մասյացոտնի թեմի առաջնորդ։ Արգելվել է նաև կատարել ցանկացած գործողություն, որը կարող էր խոչընդոտել նրա լիազորությունների իրականացմանը, այդ թվում՝ թեմի ֆինանսական միջոցների տնօրինմանն ու ֆինանսական գործարքների կատարմանը։
Մեղադրանքի համաձայն՝ դատարանի որոշման հիման վրա նույն օրը հարուցվել է կատարողական վարույթ, իսկ հունվարի 19-ին դատարանի որոշումն ու կատարողական թերթը պաշտոնապես հանձնվել են Մայր Աթոռին՝ ի դեմս արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավարի։
Չնայած դրան՝ Գերագույն հոգևոր խորհուրդը, որի նախագահը Գարեգին Բ-ն է, քննարկել է Արման Սարոյանի հրապարակային հայտարարությունները, դրանք գնահատել որպես Մայր Աթոռի հետ կապի խզում և հնազանդության ուխտի խախտում և միաձայն առաջարկել կաթողիկոսին կարգալույծ հայտարարել նրան։ Գարեգին Բ-ն ընդունել է առաջարկը և կարգալույծ հռչակել Սարոյանին՝ զրկելով նրան հոգևոր աստիճանից և, հետևաբար, թեմի առաջնորդի լիազորություններից։
Քննչական մարմնի գնահատմամբ՝ այդ գործողությունները հանդիսացել են դատարանի որոշման կատարմանը գիտակցված խոչընդոտում, քանի որ դատարանն արդեն արգելել էր Սարոյանի պաշտոնավարումը խոչընդոտող ցանկացած գործողություն։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել