HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

«Ավրորա» նախաձեռնությունն ու Արցախում հարսանիքը Բաքուն որակել է «հանցավոր գործունեություն»․ Ռուբեն Վարդանյանի դատավճռի մանրամասները

Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը այսօր՝ սեպտեմբերի 4-ին, մամուլի ասուլիս էր հրավիրել՝ խոսելու Բաքվում ապօրինի դատապարտված Ռուբեն Վարդանյանի դատավճռից։ 

Նշենք, որ դատավճռի եզրափակիչ մասն էր միայն հրապարակվել փետրվար ամսին՝ դատական նիստի ժամանակ, իսկ ամբողջ ծավալով Վարդանյանի ընտանիքը կարողացել է դատավճիռը վերցնել հուլիս ամսին, և այժմ որոշել են այն հրապարակել Free Armenian Prisoners կայքում, ընդհանուր ծավալով այն կազմում է մոտ 3300 էջ։

«Տեղի են ունեցել բազմաթիվ, աննախադեպ ծավալի մարդու իրավունքների խախտումներ։ Ողջ դատավարությունը եղել է ֆարս, դրա արդյունքը լեգիտիմ չէ։ Մենք մեր իրավական փաստարկները ներկայացրել ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)»,- ասաց Սիրանուշ Սահակյանը։ 

Նրա խոսքով՝ Ռուբեն Վարդանյանի գործին ՄԻԵԴ-ը արդեն իսկ տվել է համար, և քննվելու է Եվրոպական դատարանի կողմից։ «Կարծում ենք, որ այս դատավճիռը նաև էտալոնային է, որտեղ խախտված են ոչ միայն իրավական նորմերը, բարոյական նորմերը, այլև մարդկային ողջամտության և բանականության սահմանները»,- նշեց Սահակյանը։

«Որպես ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ՝ այսօր ես դիմում եմ միջազգային իրավաբանական և ակադեմիական հանրության ներկայացուցիչներին՝ գործող իրավաբաններին, հետազոտողներին, պրոֆեսորներին, իրավաբանական ֆակուլտետներին և մասնագիտական ասոցիացիաներին՝ կոչ անելով ուսումնասիրել այս փաստաթղթերը և տալ մասնագիտական գնահատական։

Կոչ եմ անում իրավաբանական ֆակուլտետներին և հետազոտական կենտրոններին այս գործը դարձնել ակադեմիական ուսումնասիրության և մասնագիտական քննարկման առարկա՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս»,- ասաց նա։

Սահակյանը խոսեց դատավճռում տեղ գտած դրվագների մասին։ «Օրինակ՝ նշվում է, որ 2021 թվականի նոյեմբերի 16-ին հայկական զինված ուժերը «հարձակվել են» Ադրբեջանի վրա, և այդ «հարձակումները» հակազդելու նպատակով եղել են զոհեր, հարձակման հետևանքով կան տուժածներ և որպես ապացույց, դատարանում հանդես է եկել տուժողը, որը նշել է, որ այդ հարձակման հետևանքով վնասվածքներ է կրել, և այս դրվագը վերագրվել է Ռուբեն Վարդանյանին, և նա այս պահին քրեական պատասխանատվության է ենթարկվում այս իրադարձության համար»,- ասում է Սիրանուշ Սահակյանը՝ հիշեցնելով, որ Ռուբեն Վարդանյանն Արցախում պետնախարարի պաշտոնը ստանձնել է 2022-ի նոյեմբերին և որևէ ներգրավվածություն չի ունեցել որոշումների կայացման որևէ շղթայում։

Ռուբեն Վարդանյանն իր գործունեության ընթացքում նաև տարաբնույթ բարեգործական ծրագրեր է իրականացրել, ներգրավված է եղել սոցիալական ծրագրերում, և այդ դրվագները ևս որակվել են որպես հանցավոր գործունեություն։ «Օրինակ՝ վերանորոգվել են դպրոցներ, մանկապարտեզներ կամ Ռուբեն Վարդանյանը ֆինանսավորել է Արցախում տեղի ունեցած մեծ հարսանիքը, և այդ հարսանիքի կնքահայր լինելը որակվել է որպես հանցավոր գործունեություն»,- ասում է Սիրանուշ Սահակյանը։ 

Դատավճռում կան նաև հատուկ դրվագներ, որոնք առնչվում են «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը, և այդ նախաձեռնությունը ևս որակվել է հանցավոր գործունեություն։ Նախաձեռնության շրջանակում դափնեկիրները ընկալվել են որպես հանցավոր կազմակերպության անդամներ։

Իրավապաշտպանը նշեց, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն իր բոլոր ստորաբաժանումներով ընկալվել է որպես ոչ օրինական, արգելված, ռազմականացված զինված խմբավորում, և որևէ առնչություն ԼՂՀ-ին որակվել է որպես մասնակցություն հանցավոր կազմակերպությանը։

«Ադրբեջանական կողմը մեզ անհայտ մեթոդաբանությամբ զոհերի հաշվարկ է իրականացրել, և ըստ նրանց՝ արցախյան հակամարտության շրջանակներում սպանվել են 18 հազարից ավելի բնակիչներ, և նշված է՝ քանի որ Ռուբեն Վարդանյանը 2022 թվականին անդամակցել է այդ հանցավոր կազմակերպությանը՝ պաշտոն զբաղեցնելու տեսքով, ուրեմն բոլոր մարդկային կյանքերի պատասխանատուն հենց նա»,- ասում է Սիրանուշ Սահակյանը՝ հավելելով, որ պաշտոն ստանձնելը որակվել է իշխանության բռնազավթում, Ադրբեջանի սահմանադրության խախտում։

Խոսելով Ադրբեջանում պահվող Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ գերիների վիճակի մասին՝ Սիրանուշ Սահակյանն ասաց, որ ֆիզիկական շփում արտաքին աշխարհի հետ նրանք չունեն։ «Նրանք չեն տեսնում հարազատների, հյուպատոսական աշխատակիցների, չեն տեսնում անկախ բժիշկների, չեն տեսնում անկախ փաստաբանների, չեն տեսնում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցների։ Այսինքն՝ պահվում են արտաքին աշխարհից բացարձակ մեկուսացվածության պայմաններում»,- ասաց նա։

Սահակյանի խոսքով՝ միակ բանը, որ թուլատրելի է հայ գերիներին, վերահսկելի հեռախոսային զանգերն են, որի հաճախականությունը տարբեր է։ «Օրինակ՝ կան երեք դատապարտվածներ, որոնց զանգերը կարող են կազմակերպել 40 օրը մեկ հաճախականությամբ։ Մնացյալի համար ապահովված են շաբաթական մեկ զանգ հնարավորությունը։ Զանգի տևողությունը փոփոխական է, առանձին դեպքերում այն կարող է լինել 2, 3 կամ մինչև 10 րոպե»,- նշում է իրավապաշտպանը։ 

Ըստ նրա՝ բոլոր զանգերը վերահսկվող են, հայեցողական են և կախված բովանդակությունից՝ դրանք կարող են հարկադիր ընդհատվել, ինչպես հարկադիր ընդհատել են Ռուբեն Վարդանյանի զանգը, երբ փորձել է բողոքել, որ իրեն չեն տրամադրում դատավճիռը։

Վերջին ամիսներին, Ս.Սահակյանի խոսքով, ինտենսիվացել են առողջական խնդիրների մասին բարձրաձայնումը և մշտապես դժգոհություններ, որ բուժօգնություն չի կազմակերպվում, անգամ որոշակի ժամերից հետո բուժանձնակազմի որևէ ներկայացուցիչ այդ հաստատությունում չկա, և եթե առողջական վիճակի կտրուկ վատթարացում լինի, հրատապ օգնություն ցուցաբերելու հնարավորությունները բացակայում են։ 

Սիրանուշ Սահակյանը հայտնեց, որ հանդիպումներ են ունեցել ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչների և Գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի ներկայացուցիչների հետ, քննարկել են հատկապես երկու կարևոր հարցեր։ 

Դրանցից մեկը Կարմիր խաչի գործունեության դադարի պայմաններում այցելությունների հնարավորությունների ստեղծումն է երրորդ երկրի միջոցով՝ Հայաստանի կողմից հյուպատոսական ծառայություններ մատուցելով այնտեղ պահվող մեր հայրենակիցներին։ Եվ երկրորդը մարդասիրական նախաձեռնությունների իրականացումն է։ 

Այդպիսի նախաձեռնությամբ հանդես էր եկել Ռուբեն Վարդանյանի կինը՝ ցանկանալով իրավապաշտպան կանանց խումբ տանել Ադրբեջան և այնտեղի ՄԻՊ-ի հովանու ներքո կարողանալ մուտք գործել փակ հաստատություն, որտեղ պահվում են հայերը, նրանց փոխանցել անձնական իրեր, լուսանկարներ, նամակներ։ «Մենք խնդրել ենք, որ ՀՀ-ն հստակ դիրքորոշում արտահայտի, թե նման նախաձեռնությունը կարո՞ղ է արժանանալ նաև պետական աջակցության, քանի որ սա չի կարող մնալ մասնավոր նախաձեռնություն և որպես մասնավոր նախաձեռնություն՝ անհնար է դրա իրագործումը։ Մենք պաշտոնապես դեռ պատասխան չունենք, հարցը գտնվում է քննարկման փուլում, ակնկալում ենք, որ հնարավորինս սեղմ ժամկետներում ՀՀ-ն դիրքորոշում կձևավորի»,- ասաց Սիրանուշ Սահակյանը։

Նա խոսեց նաև Ադրբեջանում պահվող հայ գերիների նկատմամբ կրոնական խտրականությամբ պայմանավորված խոշտանգումներից։ «Մենք տեսել ենք թիրախավորված գործողություններ կրոնական խորհրդանիշների առնչությամբ։ «Խաչ» դաջվածքները մաշկի վրայից այրվել են, խոշտանգման ճանապարհով վերացվել է խաչը։ Արգելվել է Աստվածաշնչի փոխանցումը, եղել են դեպքեր, երբ հարկադրել են Ղուրան ընթերցել»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter