HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ների՛ր հայրիկ, բայց անիմաստ է պայքարել թատրոնի դեմ. Արմեն Արմենեան (մաս 1)

Գյումրի, Պուշկինի  4,  բնակարան 2

Մինչ Գյումրիի Հայֆիլհարմոնիայի դահլիճի ճեմասրահում ընթանում էր վերջին հրաժեշտի արարողությունը, քաղաքի դրամատիկական թատրոն շարունակում էին հասնել ցավակցական հեռագրեր տարբեր քաղաքներից և ձեռնարկություններից: Եվ դրանց մեջ նաև՝ սա. «Պուշկին N4 շենքի բնակիչները խոր ցավակցություն են հայտնում Հայկական ՍՍՌ ժողովրդական արտիստ Արմեն Արմենյանի մահվան առիթով»: Պուշկին 4 հասցեի թիվ 2 բնակարանում էր ապրել դերասանը և 94 տարեկանում հոգին ավանդել այս հարկի տակ: Անշուշտ հայտնի է նրա թատերական ընթացքի պատմությունը, աներկբա է նրա տաղանդը և հասարակության սերը նրա հանդեպ: Բայց կան դրվագներ մեծանուն հանգուցյալի կենսագրականի մեջ, որ, 1921-ին  արտասահմանից Խորհրդային Հայաստան տեղափոխվելով, նա պահել էր 7 փակի տակ: Անհայտը հնարավորինս հայտնի դարձնելու համար, նաև հասկանալու, թե ինչու նա ստիպված եղավ լռելյայն տանելու իր եղբայրների կարոտը, չխոսելու նրանց մասին, կենսագրականից ջնջելու  անունների հիշատակումներն անգամ, անհրաժեշտ կլինի ժամանակը մի լավ ետ պտտել:  

Նրբագույն մետաքսից մինչև  բուրավետ ծխախոտ   

Իփէկեան Նուրիջանը ծխախոտի մեծ դաշտեր ուներ Բաֆրայում և Սամսոնում: Մարդը հաջողակ գործարար էր՝ մեծածախ առևտրով զբաղվող, որ վստահ էր, թե իր գործը պիտի զարգացնի և նոր շուկաներ նվաճի: Հանգիստ էր, որ օր մը դա տեղի կունենա, չէ որ 3 որդի ուներ՝ Գևորգ, Արմենակ, Գասպար և, եթե բախտը բերեր, նաև աղջկա՝ Հայկուհու ապագա ամուսինը, որ լինելու էր Մուրադ Քերեան անունով մեկը, կլծվի այդ գործին: Ի վերջո՝ իր նախնիները վաճառականության մեջ այնքան էին առաջադիմել՝ Չինումաչինից, աստված գիտի թե ուր, մետաքս արտահանելով, որ ազգը ստացել էր Իփէկեան ազգանունը, որ հենց մետաքս էլ նշանակում է: Ուրեմն՝ գործունյա ջիղը արյունի մեջ էր: Մի խոսքով՝ այս մտքերով էր, երբ Պոլսից  ընտանիքով տեղափոխվեց իր բուն ծննդավայր Բաֆրա և մեծ տնտեսություն հիմնեց: Երեխաներին հերթով ետ ուղարկեց Պոլիս՝ պատշաճ կրթություն ստանալու: Արմենակին, որ լույս աշխարհ էր եկել 1871-ի Սեպտեմբեր 10-ին, հանձնեց մեծ մոր խնամքին: Տղայի ուզածն էլ դա էր: Նրա համար բացվեցին Գատըգյուղի  Մխիթարեանների գիշերօթիկի դռները, հետո էլ՝ Կեդրոնական վարժարանինը: Եվ այդ դռներից ներս նա մտերմացավ Էդգար Շահին անուն մի լավ  ընկերոջ հետ, որը հետո դարձավ աշխարհահռչակ նկարիչ: Բայց Արմենակի համար ոչ այնքան  դպրոցների դռներն էին կարևոր, որքան թատրոններինը: Չէ՛ր էլ կարող պատկերացնել, որ մաթեմատիկայի այն ուսուցիչը, որի դասերից փախչում էր՝ թատրոնի թաղերում գոնե հեռվից Պետրոս Ադամեանին տեսնելու համար, այն նույն մարդը, որին հաճախ տեսել էր իրենց տանը՝ հոր հետ րախ և մեզե ճաշակելիս, երկիծաբան Հակոբ Պարոնեանն էր, որի թատերգությունները հետո պիտի բեմ հաներ։ Պոլիս հյուրախաղերի եկող Իտալական, Ֆրանսական, Հունական թատերախմբերի ներկայացումները Արմենակի համար  մի  շլացուցիչ  երևույթ էին: Տպավորված տեսածով՝ տանը կանգնում էր հայելու առջև, փորձում  նմանակել դերասաններին, բայց  ծամածռությունից զատ, բան դուրս չէր գալիս:  

Ադամեանի համբույրը

Երեխա էր՝ փոքր-մոքր հասակով: Կառապանները չէին թույլ տալիս նրան կառք նստել: Ստիպված էր լինում խորամանկության դիմելու: Այդ ժամանակներից ի հայտ եկավ նրա՝  բեմադրիչի ձիրքը: Ներկայացումների ավարտից հետո, փողոցում սկսվում էր ի՛ր բեմադրած ներկայացումը գիշերվա մութի մեջ: Գրպանից հանում էր ածուխի կտորը, բեղ-մորուք նկարում դեմքին, ձայնը խռպոտեցնում, որպեսզի կառք կանգնեցնելիս իրեն երեխայի տեղ չդնեն, և ձիապանին կարգադրում՝ այսինչ հասցեով տանել, մինչև որ իրական թատերական բեղ-մորուք նվեր ստացավ արդեն մտերմացած դերասաններից: Առաջին անգամ այդպես գիշերով տուն մտավ՝ խեղճ մեծ մորը  լեղաճաք անելով: Դերասանական աշխատանքի մասին պատկերացումը հիմնովին փոխվեց, երբ մի օր բեմում տեսավ Պետրոս Ադամեանին: Շունչը կտրվեց: Մի՛թե կարելի է այսքան տաղանդավոր լինել: Ներկայացումներից մեկից հետո հետապնդեց նրան, անունը տվեց, Ադամեանը շրջվեց: Արմենակն ասաց, որ  պիտի համբուրի նրա ձեռքը «...կռանալով, ինքն էլ իմ աջ թուշս համբուրեց»:   Հանկարծակիի եկավ: Ադամեանի տված համբույրի  օրը  համարեց իր  մկրտության օրը: Նրան «Ադամեանի խենթ» էին կոչում ընկերները: Բայց շուտով իր պաշտելի դերասանը հիվանդացավ: Լսեց մահը, որ վրա էր հասել 1891 Հունիս 2-ին: Շոգենավ նստեց, հասավ Բեյուկ Դերե՝ Ադամեանի ծեր մորեղբոր տուն, որտեղ ժամեր առաջ մեծ դերասանը ավանդել էր հոգին: «Տարին, Պերայ տարին, վաղը պիտի թաղեն...»՝ ասացին: Հաջորդ օրը՝ ամբողջովին սևավոր, Հայ Կաթողիկե մայր եկեղեցում էր՝ հոգեհանգստի: Դեպի շիրմատուն ընթացող թափորի հրմշտոցի մեջ այնպես եղավ, որ Արմենակը հայտնվեց անմիջապես դագաղի ետևից գնացողների առաջին շարքում, կարծես հանգուցյալի ամենամոտ ազգականը լիներ: Փոսի մոտ վերջին անգամ տեսավ մեծ դերասանի սիրուն կիսադեմը և մտքի մեջ երդվեց գնալ նրա ճամփով:

Armenyan A. f. 393.jpg (7.23 MB)

 Երեք եղբայր՝ թատրոնի խենթ և մի հայր՝ խենթ այդ փաստից

Բեմով էին տարված նաև Արմենակի երկու եղբայրները՝ Գևորգը և Գասպարը: Թատրոնասիրությունը նրանց գործած ամենաաններելի «հանցանքն» էր, որ այդքան բարկացրել էր նրանց հորը՝ ծխախոտի մեծածախ վաճառական Նուրիջանին: Ո՛ւմ համար էր Նուրիջանը Բաֆրայում և Սամսոնում աճեցնում ծխախոտի տեսակները, որ երեք որդիներն էլ տարվեն թատրոնո՞վ: Հազար էր ասել՝ տղամարդ պետք է լինել: Երբ Աբդուլ Համիդ 2-րդի օրոք ֆրանսական Régie des tabacs՝ ծխախոտի մենաշնորհային վարչությունը, պարտքի դիմաց իր ձեռքն առավ Տաճկաստանի ծխախոտագործությունը, որտեղ մեծ բաժին ունեին նաև հայերը, վերջիններս տեղափոխվեցին Եգիպտոս: Նուրիջանը՝ ևս: Եվ Ալեքսանդրիայում հիմնեց «Իփէկեան ծխախոտի տուն», որը շուտով դարձավ ծխելիք արտադրող բավական հաջողակ ընկերություն, կիսեց շուկան հայտնի «Մաթոսեան», «Կամսարական եղբայրների Tabacs and Cigarettes»-ի, էլ չասած ավելի վաղ՝ 1882-ից գործող «Գ. և Կ. Մելքոնեան» ընկերության հետ, որն արդեն իր 80 մասնաճյուղերով դուրս էր եկել  համաշխարհային շուկա՝ դառնալով Ճապոնական կառավարության, Սիամի՝Թաիլանդի արքունիքի, Եգիպտոսի Անգլիական բարձր Կոմիսարի և  զորաբանակների մատակարարը՝ ներկայացուցչություններ ունենալով Ծայրագույն Արևելքից մինչև Եվրոպայի գլխավոր քաղաքները:

Նուրիջանը.jpeg (84 KB)

Նուրիջանը

Շուտով Եգիպտահայ մամուլում հայտնվեցին գովազդներ, որոնք «կարգադրում», համոզում, գայթակղում էին գնորդին՝ «Ծխեցէ՛ք Իփէկեան Սիկարէթները. Իփէկեան սիկարէթները գնահատելու համար չի բաւեր անոնց լաւագոյն արեւելեան ծխախոտներէ պատրաստուած ըլլալը հաստատել, պէտք է նաև գիտնալ որ ծխախոտի առաջնակարգ մասնագէտ՝ նոյն ինքն Տիար Գէրոգ Իփէկեանի հսկողութեան տակ կը կատարուի անոնց բաղադրութիւնը (խարման): Իփէկեան գործատան մէջ ծխախոտը կը կտրուի հաւանով (և ոչ թէ մեքենայով) և բոլոր սիկարէթները ձեռքով կը պատրաստուին: Աղեքսանդրիա մեծ մասամբ կ՛ըմբոշխնէ Իփէկեան սիկարէթները, սրանք նաև եգիպտական մեծ կեդրոններու մէջ կը գնահատուին: Գահիրէի ամէն ծխավաճառներու մօտ կը գտնուին Իփէկեան Սիկարէթները: Գլխաւոր վաճառատունը կը գտնուի Սինէմա Վիօլէի կից»: Անգամ 1924-ին, երբ Կահիրեում հաստատված «Մասփերո եղբարք» ընկերությունը (Maspero Frères Ltd.) ձեռք բերեց «Իփէքեան ծխախոտի տուն»ը, պահպանեց նախկին «Իփէքեան» անունը, որ մեծ վայելում ուներ սպառողների մոտ:

Armenyani AF 846.jpg (1.91 MB)

Աստուած քեզի հետ

Բայց Եգիպտոսում հայերի հիմնած ծխախոտի  և այլ արտադրություններից զատ,  թափ էր առնում նաև Եգիպտահայ թատրոնը: Եվ Նուրիջանի Գասպարը և Գևորգը, որի անունը հոլովվում էր գովազդի մեջ, ձեռնարկեցին թատերական մի իսկական շարժում:  Ամեն  քիմքի համար  տեսակ-տեսակ խոտերի խառնուրդներից հրաշալի փնջեր ստանլու  և  գլանակները ձեռքով վարպետորեն փաթաթելու կարողությանը զուգահեռ՝ Ալեքսանդրիայի «Հայ երիտասարդաց Միութեան» թատերախմբում Գևորգը հագուրդ տվեց իր դերասանական երազանքներին՝ իր հույզերը ծառայեցնելով թատրոնի, թող որ  amateur, հաճելի գործին: Սա նրբացուցիչ հանգամանք էր Նուրիջանի համար, չէ որ թատրոնը Գևորգի միայն սիրողական զբաղմունքն էր, իսկ բուն գործ այնտեղ էր՝ փողաբեր Իփէկեան ծխախոտի տանը:

Գասպարը ևս խենթ եղավ թատրոնի. Սորբոնի քաղաքական տնտեսության բաժինն ավարտելով, դասեր առավ Կոմեդի Ֆրանսեզի հռչակավոր դերասան Ժան Մունե Սյուլլիից և  բեմ բարձրացավ «Փայլակ» և «Հայ բեմ» Եգիպտահայ թատերախմբերով: Առայժմ: Բայց մինչ Գևորգը և Գասպարը սիրողական բեմ կբարձրանային, Նուրիջանի մյուս որդին, որ ավելի հանդուգն էր գտնվել, ոչ միայն անտեսեց հոր արգելքը դաշնամուր նվագելու, որ ըստ նրա միայն «... աղջիկներուն կը վայելէ», այլև երկու ոտքը դրեց մի կոշիկի մեջ և հայտարարեց, որ գնում է Թիֆլիս՝ պրոֆեսիոնալ դերասան դառնալու և՝ վերջ: Խեղճ Նուրիջանը, ո՛վ գիտի քանի գլանակ կպցրեց իրարու ետև՝ ջիղերը  հանգստացնելու համար: Եվ գուցե ծուխի հետ, ակռաների արանքից, մի քանի քաղցր խոսք էլ մռմռաց հյուրախաղերով Պոլիս եկած դերասանպետ Գևորգ Պետրոսեանի հասցեին, որ, հերիք չէ, Թիֆլիս տարավ հրաշալի Սիրանույշին և սքանչելի կատակերգակ Դավիթ Թրյանցին, հիմա էլ հեղաշրջեց նաև իր տղային: Շուտով  ֆրանսական «Արմենիա» շոգենավով Արմենակը Պոլսից ճանապարհ ընկավ Բաթում՝ կանգառ անելով Սամսոնում, որտեղ ծխախոտի դաշտերի տիրակալ իր հայրն էր՝ պարոն Նուրիջանը: Մտքի մեջ բեմադրեց մի անհաջող սցենար, թե ինչպես է  բարկացած հայրը բարձրանում նավ և, իրեն խայտառակելով, վար կիջեցնում: Ուստի՝ ապահովության համար խնդրեց նավապետին՝ եթե հանկարծ...ապա՝ իրեն ֆրանսական դրոշի պահպանության տակ առնի: Բարեբախտաբար հայրը չերևաց: Փոխարենը՝ նավի ուղևորուհիներից մի սքանչելի ֆրանսուհի օրիորդ  իրեն ինչ-որ նամակ հանձնեց: Հորից էր: Գրում էր՝ թե ինքն արդեն սև փողկապը է կապել կորած որդու համար և պահանջում է մոռանալ իր ազգանունը և գնալ ուր ուզում է՝ «Աստուած քեզի հետ»: Եվ Արմենակը հորինեց իր նոր անունը՝ Արմեն Արմենեան: Դե, ինչ էր մնում՝ ֆրանսուհու հետ մի լավ ժամանակ անցկացնել, մինչև նավը խարիսխ կգցեր Բաթումում:

շարունակելի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter