Ների՛ր հայրիկ, բայց անիմաստ է պայքարել թատրոնի դեմ. Արմեն Արմենեան (մաս 2)
Առաջին արցունքը
Ի՜նչ բան է դիպվածը, կամ՝ գուցե նախախնամությունը: Բանն այն է, որ 1891-ին մի օր, շատ պատահաբար, Պոլսի թերթերից մեկում Արմենը կարդում է, որ Կովկասից քաղաք է եկել դերասանապետ Գևորգ Պերտոսեանը՝ Թիֆլիսի համար դերասաններ փնտրելու: Արմենակը, որ արդեն երդվել էր Ադամեանի շիրիմին նրա ճամփով գնալու, հասնում է Բերա, պանդոկի սպասավորին երկտող փոխանցում՝ Պետրոսեանին հանձնելու համար՝ «Մեծարգոյ պ. Պետրոսեանց, պաղատագին կը խնդրեմ մի քանի վայրկեանի ունկնդրութիւն շնորհել զիս խօսելու համար հարցի մը մասին որ կը վերաբերի Ձեր՝ Պոլիս այցելութեան նպատակին և որն ինծի համար կենսական նշանակութիւն ունի»: Այս երկտողը կարդալուց հետո, Պետրոսեանը երիտասարդին հրավիրում է վեր: Արմենը ակնկալում էր իր առջև տեսնել Ադամեանի պես նիհար, «մեղրամոմի նման նուրբ» դիմագծերով մեկին, այնինչ դիմացը հառնում է հաղթանդամ, կլոր, կարմիր դեմքով մի հսկա: Անմիջապես, արագ-արագ, խոսքի մեջ հասկացնում է, որ ինքը հարուստի տղա է, աշխատավարձի սպասելիք առանձնապես չունի և պատրաստ է ամենահամեստ պայմաններով՝ հաց, պանիր և անկողին, գալ Թիֆլիս՝ թատրոնում առժամանակ ստատիստ աշխատելու համար, մինչև որ կստանա խոսքով դերեր: Չի մոռանում երդման մասին ակնարկել: «Այո»-ն լսելուն պես, կյանքի առաջին արցունքն է թափում: Չորացնում է աչքերը և հասնում Թիֆլիս:
Տղաս ժողվէ ինքզինքդ
Նրան անմիջապես բեմ են «նետում» Գաստոնի խոսուն դերով՝ «Կամելիազարդ տիկինը» թատերախաղի մեջ: Աս ինչ դժուար բան եղեր է դերասանութիւն ընելը: Քարացած, պապանձված կանգնել էր Մարգարիտ Գոթյեի՝ Սիրանույշի կողքին, այնինչ պետք է համբուրեր նրա ձեռքը և տեսարանը շարունակեր: Գլխապտույտ է ունենում, քիչ է մնում ընկնի, երբ այլայլված երիտասարդին նկատում է Թրյանցը, որ խախտելով միզանսցենը, արագ մը մոտենում է նրան, թևանցուկ անում և՝ «Բարեւ սիրելի Գաստոն, ինչպէ՞ս եք, բարեկամս» բարձրաձայն ասելով, ականջին շշնջում՝ «Տղաս ժողվէ ինքզինքդ»: Եթե Ադամեանի համբույրը աջ թե ձախ այտին մկրտություն էր, ապա Թրյանցի հայրաբար ասած՝ «...ժողվէ ինքզինքդ»-ը լինում է թատերական երկրորդ և գործնական մկրտությունը հենց բեմի վրա: Հակառակի պես Թիֆլիսում սկսվում է մոլեգնել խոլերայի համաճարակը: Լավ է, որ թատերաշրջանն ավարտվել էր: Եվ Արմենն էլ տեղ ուներ երթալու՝ հորանց տուն՝ Սամսոն, որտեղից նամակ էր ստացվել, թե՝ արի, միասին անցկացնենք ամառը՝ խոստումով՝ բառ մը չըսել թատրոնը թողնելու մասին: Հուզվեց՝ տեսնելով մեծ շոգենավին մոտեցող զարդարուն նավակը, որի մեջ ընտանիքն էր՝ հայրը, մայրը, քույրը, եղբայրը. եկել էին իրեն տուն տանելու: Իրարու հասկացան: Միջնեկ որդուն կորած համարած հայրը ընդունեց նրան և ուղարկեց Համբուրգ՝ ձեռնարկատիրություն սովորելու, այնտեղ բացված Իփէկեան ծխախոտի ներկայացուցչությունում կառավարման փորձ ձեռք բերելու, նաև իր 2 եղբայրներից՝ Գևորգից և Գասպարից, այս առումով, ետ չմնալու համար, որոնք արդեն Ալեքսանդրիայում գլխովի մտել էին գործի մեջ: «Ինչու ոչ»՝ մտածեց Արմենը, մանավանդ որ Թիֆլիսյան հաջորդ թատերաշրջանի հարցը դեռ առկախված էր:

Կես վաճառական, կես դերասան
Համբուրգում էր, հետո գործի բերումով անցավ Բրյուսել: Եվ առիթը մի լավ օգտագործեց Եվրոպան իր փառահեղ թանգարաններով, թատրոններով վայելելու համար: Գնաց Արքունական թատրոնի տնօրեն-բեմադրիչի մոտ. սա խոստացավ անվճար դասեր տալ: Առևտրային գործերը մինչև կեսօր ավարտում էր՝ թատրոնին տրվելու համար: Ձայնն էր մշակում, վայելում էր Սեն Սանսի, Սարասատեի, Հանս Ռիխտերի, Նիկիշի, Վայնգարտների կատարումները: Մի օր էլ ազդագրի վրա կարդաց, թե Սառա Բեռնարը հյուրախաղերի է գալիս Բրյուսել: Սիրանույշի, էլեոնարա Դուզեի պես իր սիրած դերասանուհին էր: Ներկայացումից հետո մի գեղեցիկ ծաղկե զամբյուղով մոտեցավ Սառային, արագ պատմեց կյանքը, սիրահարված լինելը թատրոնին... Մի խոսքով, սիրտը շահեց: Ժամադրվեցին Փարիզում: Ների՛ր, հայրիկ՝ ասաց մտքի մեջ և սլացավ Փարիզ: Սառան բեմական ինչ-ինչ նրբություններ սովորեցրեց և մեկ տարով հանձնարարեց մի աննշան դեր խաղալ: Մեկ տարի՝ մեկ դե՞ր: Ցտեսությո՛ւն, մադամ: Հետո դերասանական մասանվոր դասեր առավ, սովորեց Կոմեդի Ֆրանսեզի առաջատար դերասան Փոլ Մունեի մոտ: Մեծանուն Անդրե Անտուանի փորձարարական բեմում ձևավորեց թատերական մտածելակերպը, թակեց Բուֆ դյու Նոր (Théâtre des Bouffes du Nord) թատրոնի տնօրենի դուռը, ասաց՝ օրը 1 ֆրանկով կաշխատեմ: Եվ այնքան լավ աշխատեց, որ գործատուն 1-ի փոխարեն օրական 3-ը վճարեց: Անում էր ամեն գործ՝ տեխնիկականից սկսած, իսկ բեմում հաճախ նույն ներկայացման մեջ տարբեր դերեր էր խաղում: Սիրանո դե Բերժրակում յոթ անգամ կերպարանափոխվում էր: Մի լավ շնչեց արվեստով լեցուն Փարիզի օդը և, բեմի համար գնած նոփ-նոր կոշիկները ճամպրուկի մեջ, շտապեց Թիֆլիս, որտեղ մի խումբ մտավորականներ՝ Իշխանուհի Մարիամ Թումանեան, Իսայի Փիթոեան, Ալեքսանդր Թարխանեան և ուրիշներ, հիմնել էին «Դրամատիկական ընկերություն»ը: Եվ սկսվեց, այլևս իբրև պրոֆեսիոնալ դերասան և բեմադրիչ, նրա բեմական անկանգ կյանքը՝ Կովկասի, Հարավային Ռուսաստանի, Հայաստանի՝ Երևանի, Ալեքսանդրապոլի, Կարսի... բեմերում: Սկսվեց նաև ընտանեկան կյանքը՝ իր պես թատրոնին սիրահարված, այդ պատճառով ընտանիքի հետ գժտված, ճարահատյալ անունը Ռուզանի փոխած մի համակրելի աղջկա հետ, իրական անունով՝ Եկատերինա Դանդուրեան: Աչքով ընկել էր «Մշակ» թերթի համարներից մեկը, որտեղ գովեստի խոսքեր էին գրված այս շնորհալի աղջկա մասին:
Հանդիպեց օպերային թատրոնում. Կատերինան նստած էր վերնասրահում՝ գալյորկայում, կարմիր, թավշյա բլուզով: Հայերեն լավ չէր հասկանում: Փորձեց տուն ուղեկցել՝ ճանապարհին մի տեղ նստել և տաք շոկոլա խմել: Մոռացել էր, որ սա Փարիզը չէր: Շոկոլա չխմեցին: Բայց ամուսնացան: Նպաստեց նաև Ազնիվ Հրաչյան, որ տեսնելով սիրահարված Արմենին, Մոսկվա՝ թատերական ստուդիայում սովորելու պատրաստվող Կատերինային համոզեց չմեկնել, խոստանալով անձամբ պարապել իր հետ: Իսկ Արմենը շտապեց Էջմիածին՝ ամուսնության թույլտվություն ստանալու: Այստեղ հաճելի հանդիպում էր սպասում Կոմիտասի հետ, որին ծանոթ էր Փարիզից: Հյուրընկալվեց նրա մաքուր, բայց չորս կողմը գրքերով և նոտաներով թափթփված սենյակում: Կոմիտասը փափուկ բարձ դրեց Արմենի գլխի տակ, բառիս բուն իմաստով, իսկ ինքը, սովորության համաձայն շարունակեց քնել հատակին՝ առանց ներքնակի և բարձերի: Ինչևէ՝ Թիֆլիսում կատարվեց պսակադրությունը: Հայրը, որի հետ, թատրոնի պատճառով, կրկին խզվել էին հարաբերությունները, նամակ ուղարկեց՝ ուրախ եմ, որ ամուսնացել ես, բայց լավ չէ, որ կնոջդ էլ ես դերասանուհի դարձնում: Եկատերինա Դանդուրեանը՝ Եկատերիա Դուրեան-Արմենեան նոր անունով, իր ամուսնու պես խաղացանկի մի լայն ընդգրկում ունեցավ: Դերերի հետ զուգահեռ ծնվեցին նրանց 5 զավակները՝ Արամայիս, Ռաֆայել, Ռուզան` հիշելով Եկատերինայի բեմական ծածկանունը, Անահիտ, Ֆրիժետա՝ ֆրանսական նավի վրա ծնված աղջիկը: «Իմ հավետ պաշտելի անուշիկ հրեշտակս. իմ Գատյուշա՜, ...թող հոգիս շրթունքներիդ միջոցով միանա հոգուդ մի յերկար, շատ յերկար համբոյրով ու պատմի քեզ մեր... տարիների գուրգուրանքի և կենակցութեան սիրուն հեքիաթը»:

Եկատերիա Դուրեան
Բեմի անականկալները
Ադամեանը Արմենի համար մնաց դերասանական արվեստի չափման մի բարձրագույն միավոր: Երբ խաղում էր այն հանդիսականի առջև, որ Ադամեան էր տեսել՝ առանձնակի սարսուռ էր ունենում բեմ բարձրանալիս: Իր դերասանական երկար կյանքի ընթացում նա պարզապես հրաշալի էր Շեքսպիրից մինչև Շիլլեր, Իբսենից Գոգոլ, Մոլիերից Շիրվանզադե՝ երբեմն ստիպված լինելով արագ լուծումներ գտնելու բեմական փորձանքների ժամանակ: Սաստիկ բարկանում էր, երբ հուշարարը, մի իսկական Չարչարեան, իրեն զուգահեռ մենախոսում էր: Հավանաբար Չարչարեանը խուլ էր, որ այդչափ բարձր էր հուշում և չէր լսում Արմենեանի անվերջ, ատամների արանքից ասված « շ՜շշշ...» ն: Խուլը քիչ էր, մի բան էլ թարսուշիտակ հասկացող էր: Մի օր այլևս Արմենը չդիմացավ, ներկայացման թեժ պահին, ոտքը խփեց գետնին: Հուշարարին թվաց, թե խնդրում է ավելի բարձր հուշել: Վա՜յ Չարչարեան... Արմենի համբերության բաժակը լցվեց, մոտեցավ նրա «դժոխային փոսին» և ոտքով այնպես հարվածեց, որ պիեսը ձեռքից թռավ: Իսկ այն կոշիկները, որ գնել էր Փարիզում, մի անգամ ներկայացման ժամանակ լուրջ ցավեցրին իրեն, բայցև ակնթարթորեն դերասանական փայլուն հնարք բանեցնելու առիթ եղան: Ամեն անգամ բեմ բարձրանալիս, տակացուն լաքով էր պատում, որպեսզի նստած ժամանակ, երբ ոտքը ոտքին է գցում, հանդիսականը կոշիկի տակը մաքուր տեսնի: Գեղագետ մարդ էր: Թիֆլիսի Արտիստական թատրոնի բեմը մի փոքր թեքություն ուներ, հատակն էլ, իր կոշիկի տակացուի պես, լաքած էր: Ներկայացումներից մեկի ժամանակ սահեց և ընկավ: Ձևացրեց, թե ըստ դերի կաթված է ստացել և տապալվել գետնին. ոտքի ցավից ձայնը նվաղած էր՝ ճիշտ կաթվածահարի պես: Ընդհանրապես՝ բեմը Արմենեանի համար, ոնց որ, մի առեղծվածային առողջարան լիներ: Բարձր ջերմությամբ, թե դռան արանքը թողած մատի՝ սիրտ կանգնեցնող ցավով բարձրանար բեմ, հանդիսականը ոչինչ չէր կասկածի, ուշագնաց կլիներ միայն կուլիսներ վերադառնալով:

Ալեքսանդրապոլի գրավումը
1903-ի փետրվարին առաջին հյուրախաղերը Երևանում անհաջող անցան: Ֆրանսական ուրախ, աշխույժ «Վաղաժամ վճիռ» պիեսի ժամանակ հանդիսականը պաղապուր-պաղապուր նստած էր դահլիճում. ո՛չ ծիծաղում էր, ո՛չ որևէ կերպ արձագանքում, թեպետ զավեշտական պատմություն էր: Բայց Ալեքսանդրապոլի հանդիսականը Երևանյանի փոխարեն թե՛ ծիծաղից թուլացավ, թե՛ մի լավ ծափահարեց և, ամենակարևորը, շնորհակալ եղավ: Այդ օրվանից, կարծես, սկսվեց Արմենեանի՝ Ալեքսանդրապոլի «գրավումը»: Ինչ-որ անքակտելի լարերով նա կապվեց այս սիրուն քաղաքին: Նախաձեռնեց Գորկա զբոսայգու փայտաշեն Ժողովրդական տան նորոգումը եվրոպական թատրոնների չափանիշներով՝ թատրոններ, որտեղ եղել էր և ստացել մասանգիտական գործնական գիտելիքներ: Հետո արդեն, երբ Արմեն Արմենեանը խորհրդային կարգերի հաստատումից հետո եկավ այս նույն քաղաքը, նրան լավ էին հիշում, և կանգնեց Հայաստանի պետական 2-րդ թատրոնի կայացման ակունքներում: Բայց իր կենսագրության մեջ, թերևս, այս քաղաքի հետ կապված ամենից հուզիչը Ամերիկյան որբանոցներում ապաստան գտած, ցեղասպանությունից փրկված երեխաներին թատերական արվեստին հաղորդակից անելն էր, նրանց խոսքարվեստ սովորեցնելը: Ինչևէ՝ ի թիվս դերասանական և բեմադրական բազում գործերի, 1922-ին Գյումրիում կատարեց մի չտեսնված սխրանք: Ներկայացումը բեմի 3 պատերից դուրս բերեց «ազատություն»: Բեմադրեց 1-ին բացօթյա վիթխարի ներկայացումը՝ Արշակ Աթայեանի «Սասունցի Դավիթ»ը՝ հարյուրավոր մասնակիցներով, երգչախմբով, փողային նվագախմբով, հեծեալներով՝ հազարավոր հանդիսականի առջև: Դա իր կոլիզեում ծրագիրն էր: Տեղանքը, որ Կազաչի պոստի Ամերիկյան որբանոցի շրջակայքն էր, ոնց որ մի իսկական բնական ամֆիթատրոն լիներ՝ բլրակների լանջերով, ձորով... Ամերիկյան որբանոցների իր սաները նույնպես մասնակցեցին այս ներկայացմանը: Միտք ուներ քաղաքի Սև բերդը դարձնել թատերական ամֆիթատրոն:

Արմենեանների 5 զավակները
Դրանից տասը տարի առաջ
Բայց Գյումրիում իրականացրած այս չտեսնված-չլսված բեմադրությանը, մոտ 10 տարի առաջ, նախորդել էր Բաքվի Հայոց ազգային ժողովարանի բեմի վրա բազմամարդ տեսարաններով, իսկական ըմբիշի մասնակցությամբ Սենկևիչի «Յո՞ երթաս»-ի բեմադրությունը: Բեմում ընթանում էին աներևակայելի, հախուռն գործողություններ, առաջին անգամ լինելով, դրամատիկական բեմում մարտի էին բռնվում իրական ըմբիշներ, իսկ Ուրսուսի՝ Լիգիայի հավատարիմ, զարզանդ ծառայի դերում կրկեսի լեհ դերասան և հայտնի ըմբշամարտիկ Դոմբրովսկին էր՝ Դոմբերը, որը բեմադրության մեջ խաղալու համար, հայերեն սովորեց: Կին դերակատարները այնքան սիրեցին նրա մկանուտ մարմինը, որ փափագում էին հայտնվել նրա ձեռքերի մեջ. «Սկսեցինք փորձել: Հազիվ ասացի թե՝ նախ պետք է Լիգիային ուսերի վրա մանածե, նա իսկույն-հո՜պ-թռչունի պես Օլգա Գուլազյանին գցեց ուսի վրա և երեխայի հրճվանքով վազվզում էր: ...հերթը հասավ Սաթենիկ Ադամյանին: Դոմբերը նրան այնպես բարձրացրեց ձեռքերի վրա, որ կարծես բարակ եղեգ բռնած լիներ: Դերսանուհիները վրա թափեցին.-ինձ էլ բարձրացրեք...ինձ էլ...»՝ հիշում է Արմենեանը: Մտածում էր՝ իբրև հիշատակ, թատերախմբի անունից նրան մի արծաթյա ծխախոտատուփ նվիրել, բայց հիշեց, որ չի ծխում: Եվ պատրաստել տվեցին մի ոսկյա կախազարդ՝ թատերախմբի անունը փորագրված: Դոմբերը դա պարանոցից այլևս չհանեց: Արմենեանի փորձարարական միտքը, նրա երևակայության թռիչքը ոչ ոք ուներ: Այնքան բնականորեն էր կարողանում կոտրել կարծրատիպերը, թատերական աշխարհը հարստացնել նորարարական պայմանականություններով, բեմադրական անսովոր լուծումներ գտնել: Իսկական հրաշագործ էր: Մի օր էլ ծանոթ հայ նավաստիները այս հրաշագործին և նրա տիկնոջը առաջարկեցին Ալեքսանդր Մանթաշեանին պատկանող «Բորժոմ» նավթատարով իրենց հետ նավարկել դեպի Ալեքսանդրիա: Լավ առիթ ընծայվեց հարազատներից կարոտն առնելու, մի քիչ հանգստանալու և շնչելու «Իփէկեան Սիկարէթների» ծուխով լեցուն այս գեղեցիկ քաղաքի օդը: Եկան երկուսով, Թիֆլիս վերադարձան երեքով:
շարունակելի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել