«Արինս Գրուպը» հերքում է հայ-վրացական բանկային գործարքում ռուսական որեւէ ներկայություն
Գործարար Կարեն Սաֆարյանին պատկանող «Արինս Գրուպը» արձագանքել է «Հետքի» հրապարակմանը վրացական Terabank-ի եւ Թբիլիսիի Biltmore հյուրանոցի ձեռքբերման մասին: Ընկերությունը հայտարարել է, որ գործարքում չկա ռուսական որեւէ կապ:
Սեպտեմբերի 6-ին անդրադարձել էինք հայ-վրացական սպասվող գործարքին: Վրացական Terabank-ն օգոստոսի վերջին հայտարարել էր, որ իր սեփականատիրոջ եւ «Արինս Գրուպի» ֆինանսական էկոհամակարգի մաս կազմող, Լյուքսեմբուրգում գրանցված AGE S.A. ընկերության միջեւ ստորագրվել է համաձայնագիր, որով վերջինս ձեռք է բերելու բանկի բաժնետոմսերը: Ըստ վրացական լրատվամիջոցների՝ խոսքը արաբ շեյխ Նահյան բին Մուբարաք Ալ Նահյանին պատկանող 80 % բաժնեմասի մասին է: Նշվել է նաեւ, որ բացի բանկի բաժնետոմսերից՝ հայկական կողմը ձեռք է բերելու շեյխի կողմից Թբիլիսիում կառուցված Biltmore հյուրանոցը:
Մեր հրապարակմանն արձագանքել է երեւանյան «Արինս Գրուպ» ՍՊԸ-ի (Կ. Սաֆարյանը վերջինիս միջոցով «Արդշինբանկի» եւ «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ընկերության վերջնական շահառու սեփականատերն է) կառավարող ընկերության՝ «Արինս Մենեջմենթ» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Արտակ Անանյանը, որը նաեւ «Արդշինբանկի» վարչության նախագահն է (Կ. Սաֆարյանն էլ «Արդշինբանկի» խորհրդի նախագահն է):
Կարեն Սաֆարյան, աղբյուրը՝ «Արդշինբանկ»
Հղում անելով վրացական լրատվամիջոցներին, այդ թվում՝ «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությանը, գրել էինք, որ վրացական մեդիան հայ-վրացական բանկային գործարքին անդրադառնալիս հիշատակել է տելեգրամյան «Բոյլերնայա» ալիքի հրապարակումը, որն արվել էր դեռ հուլիսի 26-ին, այսինքն՝ գործարքի մասին պաշտոնական հայտարարությունից մեկ ամիս առաջ: Դրանում ասվում էր, թե դիտարկվում է վրացական բանկի վաճառքը գործարար Իլան Շորին եւ A7 ռուսական վճարային համակարգին փոխկապակցված անձանց: Թե՛ Շորը, թե՛ A7 համակարգը գտնվում են արեւմտյան պատժամիջոցների տակ, ավելին՝ փախուստի մեջ գտնվող մոլդովացի գործարար, ռուսամետ քաղաքական գործիչ Շորը հետախուզվում է մոլդովացի իրավապահների կողմից:
Ըստ «Բոյլերնայա» ալիքի՝ հայ-վրացական բանկային գործարքի իրական շահառուն լինելու էր A7 վճարային համակարգը, որն ստեղծվել է 2024 թ. եւ սպասարկում է, մասնավորապես, ռուսաստանյան արտահանողներին եւ ներմուծողներին միջազգային վճարումների համար:
Jam-news.net-ը, նույնպես ներկայացնելով այս տեղեկությունները, նշել էր, որ թե՛ Terabank-ը, թե՛ «Արինս Գրուպը», թե՛ Վրաստանի կարգավորող մարմինը՝ Ազգային բանկը, չեն հաստատել գործարքի կապը A7 համակարգի հետ:
««Արինս Գրուպը» կտրականապես հերքում է ռուսական A7 վճարային համակարգի եւ մոլդովացի գործարար Իլան Շորի հետ գործարար կապերի առկայությունը։ Terabank-ի եւ Biltmore Tbilisi հյուրանոցի նախատեսվող ձեռքբերման համատեքստում ներկայացվող փոխկապակցվածությունը նույնպես չի համապատասխանում իրականությանը»,- «Հետքին» ուղղված նամակում նշել է «Արինս Մենեջմենթ» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Արտակ Անանյանը:
Արտակ Անանյան, աղբյուրը՝ «Արդշինբանկ»
Անդրադառնալով գործարքի էությանը՝ Անանյանը հայտնել է հետեւյալը. «Նախատեսվող գործարքը «Արինս Գրուպի» կողմից իրականացվող օրինական միջազգային ընդլայնման գործընթաց է, որը պայմանավորված է բացառապես առեւտրային նկատառումներով, այդ թվում՝ Վրաստանի տնտեսական ներուժով, երկրի ֆինանսական հատվածի զարգացման հեռանկարներով, ինչպես նաեւ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համար ֆինանսավորման եւ բանկային ծառայությունների ընդլայնման հնարավորություններով։ Գործարքը ենթակա է համապատասխան կարգավորող մարմինների հաստատմանը։ «Արինս Գրուպը» շարունակում է հավատարիմ մնալ թափանցիկության սկզբունքին եւ ողջունում է կարգավորող մարմինների եւ այլ իրավասու կառույցների կողմից պատշաճ վերահսկողությունն ու ուսումնասիրությունը»։
Ինչպես արդեն գրել ենք, Վրաստանի Ազգային բանկը դեռ պետք է համաձայնություն տա գործարքին: Օգոստոսի 24-ին վերջինս հայտարարել է, որ դիմումի առկայության դեպքում ինքն «ուսումնասիրություն կանցկացնի եւ որոշում կկայացնի՝ համաձայն իր մանդատի եւ գործող օրենսդրության»:
«Կարեն Սաֆարյանը ներկայումս չունի ՌԴ-ում գործող որեւէ ընկերության կանոնադրական կապիտալում որեւէ իրավական կամ այլ մասնակցություն»
Անդրադառնալով Կարեն Սաֆարյանի բանկային բիզնեսի ընդլայնմանը՝ հիշեցրել էինք, որ 2016-ին «Արդշինբանկը» ձեռք է բերել «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն, իսկ 2024-ին՝ մեկ այլ տեղական բանկ՝ HSBC Bank Armenia-ն:
2025-ին էլ հայտնի էր դարձել, որ «Արդշինբանկը» HSBC Bank Malta-ն ձեռք բերելու առաջարկ է ներկայացրել: Հայկական բանկի վարչության նախագահի տեղակալ Դավիթ Սարգսյանը հայտարարել էր, որ Մալթան իրենք դիտարկում են իբրեւ «հաբ» (անգլ.՝ hub, հանգույց)՝ Եվրոպայում ընդլայնվելու համար:
Չնայած Մալթայում որոշակի մտահոգություն էր առաջացրել Կարեն Սաֆարյանի բիզնես գործունեությունը Ռուսաստանում, Դ. Սարգսյանը 2025-ին հերքել էր տեղեկությունները, որ «Արդշինբանկի» սեփականատերը ներկայում ռուսական բիզնես շահեր ունի՝ հավելելով, որ նա Ռուսաստանում շատ ակտիվ է եղել 1990-ականների վերջին եւ 2000-ականների սկզբին, բայց 2007-ից սկսած աստիճանաբար հրաժարվել է ռուսական բիզնեսներից ու հիմա այնտեղ միայն 2 բնակարան ունի։
Այս թեմային վերստին անդրադարձել է «Արինս Գրուպի» կառավարիչ «Արինս Մենեջմենթ» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Արտակ Անանյանը:
«Պաշտոնապես հայտարարում ենք, որ «Արինս Գրուպ» ՍՊԸ-ն եւ վերջինիս հիմնադիր եւ միակ բաժնետեր Կարեն Սաֆարյանը ներկայումս չունեն Ռուսաստանի Դաշնությունում գործող որեւէ ընկերության կանոնադրական կապիտալում որեւէ իրավական կամ այլ մասնակցություն, ինչպես նաեւ ուղղակիորեն կամ անուղղակիորեն որեւէ ռուսաստանյան ընկերության նկատմամբ վերահսկողության կամ ազդեցության որեւէ իրավունք: Նման պնդումները մոլորեցնող են եւ թյուր տպավորություն են ստեղծում Վրաստանում նախատեսվող ներդրման սեփականության կառուցվածքի, կառավարման եւ ռազմավարական ուղղության վերաբերյալ,- հայտնել է Ա. Անանյանն ու հավելել,- պարոն Սաֆարյանը նախկինում, մասնավորապես՝ 1990-ականներին եւ 2000-ականներին, գործունեություն է իրականացրել Ռուսաստանի Դաշնությունում։ Սակայն այս իրողությունը չպետք է ներկայացվի որպես Ռուսաստանի Դաշնության հետ ներկայիս կապի ապացույց կամ գործարար շրջանակներին պատկանելիություն»:
Առաջին լուսանկարը՝ Terabank-ի ֆեյսբուքյան էջից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել