HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Արդշինբանկի» սեփականատեր Կարեն Սաֆարյանը վրացական Terabank-ն ու Biltmore հյուրանոցը գնելու ճանապարհին է

Օգոստոսի 25-ին վրացական Terabank-ը հայտարարեց, որ իր սեփականատիրոջ եւ Լյուքսեմբուրգում գրանցված AGE S.A. ընկերության միջեւ ստորագրվել է համաձայնագիր, որով վերջինս ձեռք է բերելու վրացական բանկի բաժնետոմսերը: Հաղորդագրության մեջ նշված է, որ AGE-ն «Արինս Գրուպի» ֆինանսական էկոհամակարգի մաս է, որում ներառված է նաեւ ակտիվներով Հայաստանի ամենախոշոր բանկը՝ «Արդշինբանկը»:  

Երեւանյան «Արինս Գրուպ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2003 թ. եւ ամբողջությամբ պատկանում է գործարար Կարեն Սաֆարյանին: Եվ քանի որ «Արինս Գրուպը» ներկայում «Արդշինբանկ» ԲԲԸ-ի 98,9 %-ի սեփականատերն է, Կ. Սաֆարյանը, փաստորեն, հայկական բանկի վերջնական շահառու սեփականատերն է: Սաֆարյանը նաեւ «Արդշինբանկի» խորհրդի նախագահն է դրա հիմնադրման պահից՝ 2003-ից: Ըստ «Արդշինբանկի» պաշտոնական կայքի՝ բանկի մասնաճյուղային ցանցն ամենամեծն է Հայաստանում, եւ ընդհանուր ակտիվների ցուցանիշով դրա մասնաբաժինը շուկայում 20․5 % է:

Կարեն Սաֆարյան, աղբյուրը՝ «Արդշինբանկ»

«Արինս Գրուպ» ֆինանսական խմբի մաս է նաեւ «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ՍՊԸ-ն, որը հիմնադրվել է 2004-ին (2004-2012 թթ. կոչվում էր «Ռասկո»): Ապահովագրական ընկերության 95 %-ը պատկանում է «Արինս Գրուպին», իսկ մնացած 5 %-ը՝ «Արդշինբանկին»:

«Terabank-ում ներդրումը «Արինս Գրուպի» միջազգային ընդլայնման ռազմավարության մի մասն է: Վրաստանը ճանաչվել է որպես խմբի տարածաշրջանային ընդլայնման առաջնահերթ շուկա, ինչն արտացոլում է երկրի (Վրաստանի – հեղ.) տնտեսական աճի դինամիկան, հավասարակշռված մակրոտնտեսական քաղաքականությունը եւ ֆինանսական ոլորտի ուժեղ վերահսկողության շրջանակը,- ասվում է Terabank-ի հաղորդագրության մեջ,- այս մասշտաբի եւ փորձի ռազմավարական ներդրողի մուտքը նոր փուլ է Terabank-ի զարգացման մեջ եւ ստեղծում է լրացուցիչ հնարավորություններ բանկի շարունակական աճի համար»:

Նշվում է նաեւ, որ հայ-վրացական գործարքը նախատեսվում է ավարտին հասցնել Վրաստանի Ազգային բանկից անհրաժեշտ հաստատումները ստանալուց հետո:

Չնայած Terabank-ի հայտարարության մեջ որեւէ նշում չկա Թբիլիսի Biltmore հյուրանոցի վաճառքի մասին, «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը, հղում անելով AGE-ի՝ ավելի ուշ տարածած հայտարարությանը, նշել է, որ դրանում հյուրանոցը նույնպես հիշատակվել է: Ստացվում է, որ հայկական կողմը ձեռք է բերելու թե՛ վրացական բանկը, թե՛ հյուրանոցը:

Ի՞նչ կապ ունեն գործարքի հետ հետախուզվող Իլան Շորն ու A7 վճարային համակարգը

Terabank-ի վաճառքի մասին հայտնած վրացական լրատվամիջոցները հիշատակել են տելեգրամյան «Բոյլերնայա» ալիքի հրապարակումը դեռ հուլիսի 26-ին, որում ասվում էր, թե դիտարկվում է վրացական բանկի վաճառքը գործարար Իլան Շորին եւ A7 ռուսական վճարային համակարգին փոխկապակցված անձանց:

«Աղբյուրների համաձայն՝ վրացական Terabank-ը հայկական «Արդշինբանկի» միջոցով կգնվի ի շահ A7 ռուսական միջազգային վճարային համակարգի: A7-ը սպասարկում է ռուսաստանյան արտահանողներին եւ ներմուծողներին միջազգային վճարումների համար եւ պատկանում է ռուսամետ գործարար Իլան Շորին»,- գրել էր «Բոյլերնայա» ալիքը, որն անդրադառնում է ռուսական քաղաքականությանն ու բիզնեսին:

Իլան Շոր, հեղ.՝ Մաքսիմ Բլինով (Sputnik)

Հրեական ծագումով Իլան Շորը մոլդովացի գործարար ու ռուսամետ քաղաքական գործիչ է, որը ներկայում հետախուզվում է Մոլդովայի իրավապահների կողմից: Իսկ 2024-ի հոկտեմբերին հիմնադրված A7 վճարային համակարգը 2025-ի հուլիսից ներառված է ԵՄ պատժամիջոցների ցանկում, քանի որ, ըստ ԵՄ խորհրդի, բազմաթիվ կապեր ունի պաշտոնական Մոսկվայի հետ, ինչպես նաեւ կապվում է 2024-ին Մոլդովայի նախագահական ընտրությունների եւ սահմանադրական հանրաքվեի արդյունքների վրա ազդելու ռուսական ջանքերի հետ (Մոլդովայում ռուսական ազդեցության փորձերի եւ Իլան Շորի մասին կարդացեք այստեղ):

Ըստ ռուսական մեդիայի՝ A7-ի տերերը Իլան Շորն ու պետական «ՊՍԲ» բանկն են (նախկինում՝ «Պրոմսվյազբանկ»), սակայն որոշ փաստեր ցույց են տալիս այս վճարային համակարգի կապը հրեական ծագումով ռուսաստանցի խոշոր գործարար Ռոման Աբրամովիչի հետ: 

Գործարար Վանո Չխարտիշվիլին հերքել է իր կապը գործարքի հետ

«Բոյլերնայա» ալիքը նաեւ գրել էր, որ Վրաստանում «Արդշինբանկի» շահերը ներկայացնում է Վանո Չխարտիշվիլին, որի միջնորդությամբ էլ Ազգային բանկի նախագահ Նատիա Տուրնավան պետք է հաստատի հայ-վրացական գործարքը (ըստ հրապարակման՝ Չխարտիշվիլին անձնական կապեր ունի Տուրնավայի հետ):

Ըստ «Ազատության» վրացական ծառայության՝ գործարար Վանո Չխարտիշվիլին մոտ է այդ երկրի իշխող կուսակցության՝ «Վրացական երազանքի» հետ (վերջին տարիներին Վրաստանի իշխանությունը պրոռուսական կուրս է բռնել – հեղ.), սակայն գործարարը տեղական Imedi հեռուստաընկերությանը հայտնել է, որ կապ չունի ո՛չ բանկի, ո՛չ էլ հյուրանոցի վաճառքի հետ, այդ թեմայով հանդիպումներ չի ունեցել, ավելին՝ վերջին տարիներին իր գործունեությունը «հիմնականում կապված է սոցիալական նախագծերի հետ»:

«Ազատության» տեղեկացմամբ՝ օգոստոսի 24-ին Ազգային բանկը հաստատել է, որ իրեն հայտնի է Terabank-ի նկատմամբ հայկական խոշորագույն բանկերից «Արդշինբանկի» հետաքրքրության մասին, «սակայն ներկա փուլում ընկերությունը պաշտոնապես չի դիմել կարգավորող մարմնին»: Վրացական օրենսդրության համաձայն՝ տեղական որեւէ առեւտրային բանկի նշանակալի բաժնեմասի վաճառքի դեպքում անհրաժեշտ է Ազգային բանկի համաձայնությունը: Վերջինս հայտարարել է, որ դիմումի առկայության դեպքում ինքն «ուսումնասիրություն կանցկացնի եւ որոշում կկայացնի համաձայն իր մանդատի եւ գործող օրենսդրության»:

Jam-news.net-ի փոխանցմամբ՝ Ազգային բանկը պետք է ուսումնասիրի ներդրողի ֆինանսական վիճակը, սեփականության կառուցվածքը եւ միջոցների ծագումը: Որոշումը կայացվելու է դրանից հետո: Biltmore հյուրանոցի վաճառքը, ըստ լրատվամիջոցի, եւս կախված է համապատասխան իրավական գործընթացներից:

Ո՞վ է վաճառում Terabank-ը

1999-ին հիմնադրված Terabank-ը, ըստ «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայության, նախկինում կոչվել է Standard Bank, հետո՝ Kor Standard Bank: 2007-ի տարեվերջին, երբ Վրաստանի նախագահը Միխեիլ Սահակաշվիլին էր, իսկ Standard Bank-ը պատկանում էր ընդդիմադիր դարձած գործարար Բադրի Պատարկացիշվիլիին, բանկի նկատմամբ նշանակվել է ժամանակավոր արտաքին կառավարում, իսկ 2008-ի փետրվարին գործարարի անակնկալ մահից հետո՝ նույն տարվա մարտ ամսին, բանկը վաճառվեց արաբական Dabi Group-ին: 2016-ին բանկն անվանակոչվել է Terabank:

«Ազատության» փոխանցմամբ՝ բանկի 80 %-ի բաժնետերը Արաբական Միացյալ Էմիրությունների թագավորական Ալ Նահյան ընտանիքի անդամ շեյխ Նահյան բին Մուբարաք Ալ Նահյանն է, որը նաեւ ԱՄԷ-ի հանդուժողականության եւ համակեցության նախարարն է:

Շեյխ Նահյան բին Մուբարաք Ալ Նահյան, աղբյուրը՝ sharjah24.ae

15 %-ը պատկանում է շեյխ Մուհամադ Բութի Ալ Համեդին, իսկ մնացած 5 %-ը՝ ռուսական Investment Trading Group-ին: Նույն աղբյուրի տեղեկացմամբ՝ 2026 թ. հուլիսի դրությամբ Terabank-ի ակտիվները կազմում են 2.27 մլրդ լարի կամ 835 մլն դոլար. այս ցուցանիշով սա 6-րդ բանկն է Վրաստանում:

Կովկասյան տարածաշրջանի ամենաբարձր ապակեպատ երկնաքերը

Շեյխ Ալ Նահյանի ներդրումներով է կառուցվել նաեւ 5-աստղանի The Biltmore Hotel Tbilisi-ն, որն ունի 32 հարկ եւ համարվում է կովկասյան տարածաշրջանում ամենաբարձր ապակեպատ երկնաքերը: Հյուրանոցի կառավարիչը սինգապուրյան Millennium Hotels and Resorts ընկերությունն է:

The Biltmore Hotel Tbilisi, աղբյուրը՝ booking.com

Ըստ ընդդիմադիր քաղաքական գործիչ Ռոման Գոցիրիձեի՝ հյուրանոցի շինարարությունն ու շահագործումն արժեցել է 140 մլն դոլար: Գոցիրիձեի համոզմամբ՝ իր վրացական ակտիվները վաճառող Dabi Group-ը հեռանում է Վրաստանի ներդրումային մթնոլորտի պատճառով, չնայած արաբական կողմը որեւէ պարզաբանում չի ներկայացրել:

Կարեն Սաֆարյանի բանկային բիզնեսն ընդլայնվում է

Եթե Վրաստանի Ազգային բանկը համաձայնություն տա Terabank-ի վաճառքի գործարքին, դա կլինի «Արդշինբանկի» սեփականատեր Կարեն Սաֆարյանի բանկային բիզնեսի հերթական ընդլայնումը (2003-2014 թթ. «Արդշինբանկը» կոչվում էր «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ, 2014-2025 թթ.՝ «Արդշինբանկ» ՓԲԸ, 2025-ից՝ «Արդշինբանկ» ԲԲԸ):

Հիշեցնենք, որ 2016-ին «Արդշինբանկը» ձեռք է բերել արեւմտյան պատժամիջոցների տակ գտնվող «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն, իսկ պաշտոնապես միացումը եղել է 2017-ի հունվարին: 2024-ին էլ «Արդշինբանկը» գնել է մեկ այլ տեղական բանկ՝ HSBC Bank Armenia-ն, որը գործարքից հետո ժամանակավորապես անվանակոչվել է «Արդշինինվեստբանկ», իսկ 2025-ի ապրիլին բանկերը պաշտոնապես միաձուլվել են:

2025-ին հայտնի դարձավ, որ «Արդշինբանկը» HSBC Bank Malta-ն ձեռք բերելու առաջարկ է ներկայացրել: Հայկական բանկի վարչության նախագահի տեղակալ Դավիթ Սարգսյանը հայտարարել է, որ Մալթան իրենք դիտարկում են իբրեւ «հաբ» (անգլ.՝ hub, հանգույց)՝ Եվրոպայում ընդլայնվելու համար:

Նշենք, որ Մալթայում որոշակի մտահոգություն էր առաջացրել Կարեն Սաֆարյանի բիզնես գործունեությունը Ռուսաստանում: Սակայն Դ. Սարգսյանը նախորդ տարի հերքել էր տեղեկությունները, որ «Արդշինբանկի» սեփականատերը ներկայում ռուսական բիզնես շահեր ունի՝ հավելելով, որ նա Ռուսաստանում շատ ակտիվ է եղել 1990-ականների վերջին եւ 2000-ականների սկզբին, բայց 2007-ից սկսած աստիճանաբար հրաժարվել է ռուսական բիզնեսներից ու հիմա այնտեղ միայն 2 բնակարան ունի։

«Արդշինբանկի» վարչության նախագահի տեղակալը նաեւ հայտարարել էր, որ հայկական բանկի հետաքրքրությունը Մալթայի նկատմամբ պայմանավորված է Հայաստանի՝ Արեւմուտքի կողմ թեքվելու քաղաքականությամբ: Ըստ Սարգսյանի՝ «Արդշինբանկի» հնարավոր հաստատումը Մալթայում արտացոլում է Հայաստանի մեծ ջանքերը՝ դեպի Արեւմուտք նայելու օգտին խզելու Ռուսաստանի հետ երկարատեւ կապերը։ Հայկական բանկի ներկայացուցչի փոխանցմամբ՝ սա «աշխարհաքաղաքական տեղաշարժ է՝ հեռանալով Ռուսաստանից եւ շարժվելով դեպի Արեւմուտք»։

Ստացվում է, որ Կ. Սաֆարյանի բանկային բիզնեսը վերջին տարիներին ընդլայնվել է ոչ միայն Հայաստանում, այլեւ ուղղություն է վերցնում դեպի Եվրոպա ու կովկասյան տարածաշրջան:

Հայ-վրացական երկրորդ բանկային գործարքը վերջին 2 տարում

Եթե հայկական կողմը ձեռք բերի Terabank-ը, դա կլինի բանկային ոլորտում վերջին երկու տարիների երկրորդ գործարքը:

Հիշեցնենք, որ 2024-ին հայկական «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի 90 %-ը ձեռք բերեցին բրիտանական Bank of Georgia Group PLC-ն (2025-ից կոչվում է Lion Finance Group PLC) եւ դրան պատկանող վրացական Bank of Georgia-ն: Գործարքի գինը հայտարարվեց 303.6 մլն դոլար: Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) մնաց «Ամերիաբանկի» 10 %-ի բաժնետեր:

Ներկայում, ըստ «Ամերիաբանկի» պաշտոնական կայքի, 60 %-ի սեփականատերը Lion Finance Group-ն է, 30 %-ինը՝ Bank of Georgia-ն, 10 %-ինը՝ ՎԶԵԲ-ը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter