Ի՞նչ դասեր է քաղել Մոլդովան հիբրիդային պայքարում, որոնցից ցանկանում է օգտվել Փաշինյանի իշխանությունը
Մոլդովայի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հայաստանցի լրագրողների հետ ոչ հրապարակային հանդիպմանը վերջերս հայտնել է, որ իրենք համագործակցում են հայ գործընկերների հետ հիբրիդային մարտահրավերների դեմ պայքարի շրջանակներում ու, մասնավորապես, կիսվում են այն փորձով, որը Մոլդովայի գործող իշխանությունները կուտակել են 2023-2025 թթ.:
Խոսքը գլխավորապես Ռուսաստանից եկող մարտահրավերների մասին է՝ սկսած օտարերկրյա ինֆորմացիոն մանիպուլյացիաներից ու միջամտությունից (FIMI – foreign information manipulation and interference) մինչեւ տնտեսական ու քաղաքական ազդեցության միջոցներ:
Ըստ մոլդովացի պաշտոնյայի՝ Հայաստանի հետ համագործակցելու նախաձեռնությամբ հանդես են եկել թե՛ պաշտոնական Երեւանը, թե՛ ԵՄ-ն:
Այս ամենի հետաքրքիր, բայց եւ ակնկալելի զարգացում էր այն, ինչ տեղի ունեցավ օրերս: Դեկտեմբերի 15-ին ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը հայտարարեց, որ 2026-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ Հայաստանն այնպիսի օգնություն է խնդրել ԵՄ-ից FIMI-ի դեմ պայքարի համար, ինչպիսին տրամադրվել էր Մոլդովային:
Այն, որ Արեւմուտքը՝ ԵՄ-ն ու ԱՄՆ-ն, ծավալուն օգնություն են ցուցաբերել Մոլդովային ընտրությունների ժամանակ, փաստում են նաեւ այս երկրի իշխանության ներկայացուցիչները: Այդ օգնությունը եղել է բազմաբնույթ, մասնավորապես՝ կիբերանվտանգություն, հետախուզություն, աջակցություն մեդիային:
Մոլդովան՝ քաղաքական տուրբուլենտության գոտում
2023-2025 թթ. Մոլդովան անցել է քաղաքական ակտիվ պրոցեսների՝ ընտրությունների ու հանրաքվեի միջով:
2023-ին Գագաուզիայում (ինքնավար միավոր է Մոլդովայի հարավում, որտեղ ապրում են թրքախոս, բայց քրիստոնյա գագաուզները) կայացել են ինքնավարության ղեկավարի՝ բաշկանի ընտրություններ: Հաղթող է ճանաչվել ռուսամետ, Կրեմլի հետ սերտ հարաբերություններ ունեցող Եվգենյա Գուցուլը: Վերջինս 2018-2023 թթ. եղել է ներկայում Մոլդովայում հետախուզման մեջ գտնվող եւ Ռուսաստանում բնակվող ռուսամետ գործարար, ազգությամբ հրեա Իլան Շորի «Շոր» կուսակցության անդամ (2023-ին Մոլդովայի սահմանադրական դատարանն այս կուսակցությունը ճանաչել է հակասահմանադրական): Դեռ 2022-ին Մոլդովայի իրավապահները քրեական հետապնդում էին սկսել Գուցուլի նկատմամբ՝ նրան մեղադրելով Ռուսաստանում գործող կազմակերպված հանցավոր խմբից գումար ստանալու, այն Մոլդովա տեղափոխելու եւ դրանով «Շոր» կուսակցության գործունեությունը ֆինանսավորելու մեջ: Դատավարության ընթացքում Գուցուլը աջակցության խնդրանքով դիմել է Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներին:
Մի փոքր շեղվելով՝ նկատենք, որ հայաստանցի լրագրողներին հանդիպած մոլդովացի բարձրաստիճան պաշտոնյայի տեղեկացմամբ, Ռուսաստանից Մոլդովա տեղափոխվող կանխիկ գումարը, որը, ըստ Մոլդովայի իշխանությունների, կիրառվել է կամ պետք է կիրառվեր տարբեր ընտրական պրոցեսներում ընտրողներին կաշառելու համար, տեղափոխվել է 2 հիմնական ուղղությամբ՝ Ստամբուլի ու Երեւանի օդանավակայանների միջոցով (Մոլդովայից Ռուսաստան ուղիղ ավիաչվերթեր չկան, մյուս կողմից՝ Քիշնեւ-Երեւան-Քիշնեւ չվերթից օգտվածները նկատած կլինեն, որ օդանավի մեծ մասը տարանցիկ (տրանզիտ) ուղեւորներ են):
Միայն 2024 թ., ըստ մեր զրուցակից պաշտոնյայի, Ռուսաստանից 1,1 մլն եվրոյին համարժեք կանխիկ գումար է տեղափոխվել Մոլդովա: Իսկ այն բանից հետո, երբ մոլդովացի իրավապահները սկսել են խափանել կանխիկի «մատակարարման շղթաները», փոխանցումներն սկսել են արվել կրիպտոարժույթով:
Վերադառնանք Գագաուզիային եւ դրա նախկին բաշկան Եվգենյա Գուցուլին: 2025-ի մարտին մոլդովացի իրավապահները Քիշնեւի օդանավակայանում ձերբակալել են նրան: Ավելի ուշ դատախազը հայտնել է, որ քրեական հետապնդման մեջ գտնվող գործիչը նպատակ է ունեցել անվերադարձ հեռանալ Մոլդովայից: Գուցուլի ձերբակալությունից հետո Գագաուզիայի ղեկավարի պարտականություններն սկսել է կատարել տեղակալը, որը մինչ օրս պաշտոնավարում է: Ձերբակալությունից հետո երկրորդ քրեական գործն է հարուցվել ռուսամետ գործչի դեմ: Ըստ այդմ՝ նա, լինելով «Շոր» կուսակցության քարտուղար, օգնել է ֆինանսավորել 2022 թ. հակակառավարական ցույցերը, ինչպես նաեւ մի քանի անգամ թռել է Մոսկվա, որտեղից կանխիկ գումար է բերել՝ կուսակցության գործունեությունը ֆինանավորելու համար: 2025-ի օգոստոսին դատարանը Եվգենյա Գուցուլին մեղավոր է ճանաչել կուսակցության անօրինական ֆինանսավորման մեջ եւ դատապարտել 7 տարվա ազատազրկման: Դատարանը նրան նաեւ պարտավորեցրել է պետությանը վերադարձնել 40 մլն լեյ (մոտ 2 մլն եվրո), որն, ըստ քննության, կիրառվել է «Շոր» կուսակցության անօրինական ֆինանսավորման համար:
2024-ի աշնանը Մոլդովան բավականին լուրջ ներքաղաքական առճակատման մեջ էր: Երկիրը ոչ միայն նախագահ էր ընտրում, այլեւ քվեարկում էր ԵՄ-ին անդամակցելու նպատակով սահմանադրության մեջ փոփոխություն անելու հարցի վերաբերյալ: Երկու դեպքում էլ հաջողության հասավ Մոլդովայի պրոեվրոպական իշխանությունը՝ նախագահ Մայա Սանդուի գլխավորությամբ: Այսպիսով՝ 2020-ից նախագահի պաշտոնը զբաղեցնող Սանդուն վերընտրվեց՝ երկրորդ փուլում առավելության հասնելով ռուսամետ ընդդիմության թեկնածու Ալեքսանդր Ստոյանոգլոյի նկատմամբ (վերջինս ազգությամբ գագաուզ է): Իսկ հանրաքվեում իշխանությունն իր նպատակին հասավ չնչին առավելությամբ: Մոլդովայի իշխանության ներկայացուցիչները պնդում են, որ Ռուսաստանը երկու դեպքում էլ տարբեր մեթոդներով փորձել է հասնել իր ցանկալի արդյունքին՝ ընդդիմության թեկնածուի եւ հանրաքվեում «ոչ»-ի հաղթանակին:
Վերջին քաղաքական մեծ իրադարձությունը խորհրդարանական ընտրություններն էին Մոլդովայում 2025-ի սեպտեմբերին: Նկատենք, որ սա խորհրդարանական երկիր է, սակայն նախագահ Սանդուն մեծ կշիռ ունի քաղաքական համակարգում: Նա իշխող «Գործողություն եւ համերաշխություն» կուսակցության (PAS) հիմնադիրն է, բայց 2020-ից, զբաղեցնելով նախագահի պաշտոնը, որը պետք է չեզոք լինի, դադարեցրել է անդամակցությունը կուսակցությանը: Ընտրությունների արդյունքով Սանդուի գաղափարակիցները կարողացան պահպանել մեծամասնությունը, եւ հիմա օրենսդիր մարմնում 101 աթոռից 55-ը նրանցն է: Ռուսամետ ընդդիմությունը՝ նախկին նախագահ Իգոր Դոդոնի գլխավորությամբ, զբաղեցրել է երկրորդ տեղը: Այս ընտրությունների շրջանակներում եւս տարբեր մեղադրանքներ են հնչել Ռուսաստանի հասցեին:
Ինչու՞ է Մոլդովայի նման փոքր երկիրը կարեւոր Ռուսաստանի համար
Հայաստանցի լրագրողներին հանդիպած մոլդովացի բարձրաստիճան պաշտոնյան ասում է, որ Մոլդովայի նման փոքր երկրներում Ռուսաստանի գլխավոր նպատակը իշխանությունը վերահսկելն է, իսկ մնացածը (տարածվող նարատիվներ, քարոզչություն եւ այլն) միջոցներ են այդ ճանապարհին: Բացի դրանից, ըստ մեր զրուցակցի, Կրեմլի համար դեպի Եվրոպա ձգտող Մոլդովան ու վերջինիս նման երկրները դիտարկվում են իբրեւ անջատողականներ «մեծ եղբորից»:
Ինչու՞ է փոքր Մոլդովան, որը տարածքով շատ մոտ է Հայաստանին (33.850 քկմ, ներառյալ՝ չճանաչված Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության տարածքը՝ 4.170 քկմ), այդքան կարեւոր գերտերություն Ռուսաստանի համար: Ըստ մոլդովացի պաշտոնյայի, որը բավականին պատասխանատու պաշտոն է զբաղեցնում իշխանական վերնախավում, պատասխանն այն է, թե Մոլդովայի միջոցով ինչ կարող է անել Ռուսաստանն Ուկրաինայում: Նրա ներկայացմամբ՝ ռուս-ուկրաինական պատերազմի առաջին տարում՝ 2022-ին, Ռուսաստանը նպատակ ուներ Ուկրաինայի տարածքով մտնել Մոլդովա, սակայն Նիկոլաեւի մոտ ուկրաինացիները կարողացան կանգնեցնել հակառակորդի առաջխաղացումը: Հետո, ըստ մեր զրուցակցի, ռուսներն սկսեցին օգտագործել էներգետիկ ազդեցության գործոնը, այնուհետ փորձեր արվեցին փողով գնել իրար հաջորդած ընտրությունները: Հետեւանքներից մեկն այն էր, որ 2022-ի տարեվերջից Մոլդովան այլեւս գազ չի գնում «Գազպրոմից», հիմա այլընտրանքը եվրոպական շուկաներն են, որոնք շատ ավելի թանկ են, սակայն այս հարցում մոլդովացիները բավականին մեծ քաղաքական, տնտեսական եւ ֆինանսական աջակցություն են ստանում եվրոպացիներից:
Մոլդովացի պաշտոնյան նկատում է նաեւ, թե քանի որ իրենց իշխանությունն աջակցել ու աջակցում է Ուկրաինային (նրա ասելով՝ Մոլդովայում ներկայում կա մոտ 100.000 ուկրաինացի փախստական, որոնցից 3.000-ը դիմել են ընդունող երկրի քաղաքացիության համար), Ռուսաստանը ցանկանում է բարձրացնել այդ աջակցության «գինը», ավելի կոշտ բառերով՝ պատժել Մոլդովային: Այդ հարցում, ըստ նրա, ի թիվս այլնի, Կրեմլի համար գործիք է չճանաչված Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետությունը, որի հատվածում է գտնվում Մոլդովա-Ուկրաինա ընդհանուր սահմանի 1222 կմ-ից 454 կմ-ն (37 տոկոսը): Նկատենք նաեւ, որ ՌԴ-ն Մերձդնեստրում ռազմական ներկայություն ունի, սակայն անձնակազմը մեծ չէ: Մինչեւ ռուս-ուկրաինական պատերազմը Մերձդնեստրը առանցքային դեր ուներ էներգետիկ առումով, քանի որ դրա տարածքով էր բուն Մոլդովա հասնում ռուսական գազը: Բայց երբ Մոլդովան եվրոպացիների աջակցությամբ հրաժարվեց դրանից, իսկ 2025-ի հունվարի 1-ից Ուկրաինան դադարեցրեց ռուսական կապույտ վառելիքի տարանցումն իր տարածքով, ինքը՝ Մերձդնեստրը, հայտնվեց էներգետիկ բլոկադայի ու պաշտոնական Քիշնեւից կախվածության մեջ:
Մոլդովան, մեր զրուցակցի բնութագրմամբ, կարեւոր է Ռուսաստանի համար նաեւ որպես հիբրիդային միջոցների կիրառման փորձադաշտ:
PAS-ի փոխնախագահն ասում է, որ իրենք ագրեսիվ քարոզչություն են իրականացրել
Հիբրիդային միջոցներից մեկը քարոզչությունն է (պրոպագանդա): Այդ հարցում, մասնավորապես, 2025-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, ըստ էության, եվրոպամետ ու ռուսամետ ուժերն ագրեսիվությամբ իրար չեն զիջել: Իշխող PAS կուսակցության փոխնախագահ, խորհրդարանի պատգամավոր Ռադու Մարիանը հայաստանցի լրագրողների հետ հանդիպմանը նշում է, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ իրենք բավական ագրեսիվ հայտարարում էին, որ եթե ռուսամետ ուժերը հաղթեն եւ կառավարություն ձեւավորեն, ապա հետո չեն կարողանալու մերժել Պուտինին, որը ցանկանում է օգտագործել Մոլդովայի ենթակառուցվածքները, մասնավորապես՝ օդանավակայանը, Ուկրաինայի դեմ պատերազմում:
Մարիանը նշում է, որ չնայած ռուսամետներն էլ հայտարարում էին, թե PAS-ի հաղթանակի դեպքում Մոլդովան ներքաշվելու է ռուս-ուկրաինական պատերազմի մեջ, նրանց փաստարկներն այնքան համոզիչ չէին ժողովրդի համար, որքան իրենցը: Ըստ իշխող ուժի անդամի՝ իրենք թվարկում էին, թե կոնկրետ ինչ կորուստներ է ունենալու Մոլդովան, եթե պրոռուսական ընդդիմությունը հաղթի:
Մոլդովական լրատվական գործակալություններից մեկի ղեկավարը մեզ հետ հանդիպման ժամանակ նկատում է, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անակնկալ էին նաեւ PAS-ի համար, ու հաղթանակից հետո իշխող ուժի շրջանում էյֆորիա կար, որն աստիճանաբար անցնում է, եւ իշխանությունները հասկանում են, որ Կրեմլը, չնայած անհաջողությանը, կանգ չի առնելու եւ շարունակելու է աշխատել Մոլդովայի ուղղությամբ:
Մեր մոլդովացի զրուցակիցներից նրանք, ովքեր իշխանության ներկայացուցիչ չեն, ուշադրություն են հրավիրել քվեարկության գործընթացում PAS-ի կիրառած հնարքին: Քանի որ Մերձդնեստրի բնակչության մի ստվար մասը, բացի չճանաչված այս երկրի անձնագրից, ունի նաեւ Մոլդովայի անձնագիր (առաջին հայացքից սա կարող է տարօրինակ թվալ), բնականաբար, ունի համապետական ընտրություններում քվեարկելու իրավունք: Այսպիսով, ինչպես նշում է լրատվական գործակալության ղեկավար մեր զրուցակիցը, խորհրդարանական ընտրություններում Մերձդնեստրից քվեարկողների համար 12 ընտրատեղամաս էր բացվել, սակայն քվեարկությունից ոչ շուտ դրանցից 7-ը տեղափոխվել էին բուն Մոլդովայի խորքը, ինչը նշանակում էր, որ Մերձդնեստրից քվեարկությանը մասնակցողները, որոնք ենթադրաբար պիտի քվեարկեին ռուսամետ ուժերի օգտին, ավելի երկար ճանապարհ պիտի անցնեին: Սա լրագրողների եւ անկախ փորձագետների կողմից դիտարկվում է իբրեւ իշխանությունների կողմից ռուսամետ դիրքորոշում ունեցող ընտրազանգվածի առաջ լրացուցիչ խոչընդոտների հարուցում: Այդուհանդերձ, Դոդոնի ղեկավարած ռուսամետ ընդդիմությունը առավելություն է ստացել (51 տոոկս) Մերձդնեստրի քվեարկողների շրջանում, բայց նրանց ջախջախիչ հաղթանակը (մոտ 82 տոկոս) եղել է Գագաուզիայում: Փոխարենը PAS-ը 79 տոկոս է ստացել մոլդովական սփյուռքի ընտրողների շրջանում (արտերկրում ապրող Մոլդովայի քաղաքացիները քվեարկելու իրավունք ունեն): Հատկանշական է, որ արտերկրում բացված 301 տեղամասերից միայն 2-ն են եղել ՌԴ տարածքում, ինչը եւս խոսում է PAS-ի հստակ մարտավարության մասին:
Ի՞նչ մեթոդներ է կիրառում ռուսական քարոզչամեքենան. պատմում են մոլդովացիներն ու ԵՄ պաշտոնյաները
Հայաստանցի լրագրողներին հանդիպած մոլդովացի քաղաքական գործիչները, իրավապահները, լրագրողներն ու փորձագետները ռուսական կողմի վարքագիծը բնութագրող մի քանի կետ են առանձնացրել:
Այսպես՝ իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչը նշել է, որ 2024-ի նախագահական ընտրություններում եւ պրոեվրոպական հանրաքվեում հաջողության չհասնելուց հետո ռուսական քարոզչամեքենան «տրոլների ֆաբրիկա» է ստեղծել 2025-ի խորհրդարանական ընտրությունների համար: Այսինքն՝ նախապատրաստությունն սկսվել է վերջին ընտրություններից դեռ 1 տարի առաջ: Ըստ մոլդովացի պաշտոնյայի՝ ռուսական միջամտությունը կազմակերպվում է մի քանի փուլերով: Առաջինը նախապատրաստականն է, երբ ստեղծվում են համապատասխան ենթակառուցվածքներ, եւ սկսվում են հասարակության հետ աշխատանքները, երկրորդ փուլում փորձ է արվում հասարակությանը տրամադրել իշխանությունների դեմ, ինչի համար քարոզչական աշխատանք է տարվում, մասնավորապես, շրջաններում ապրող երիտասարդության հետ: Այս ընթացքում, ըստ մեր զրուցակցի, քաղաքական պրոցեսների մեջ ներքաշվում են նաեւ հոգեւորականները:
Արժե մի փոքր անդրադարձ կատարել եկեղեցու դերակատարությանը, քանի որ այս առումով Մոլդովան յուրահատկություններ ունի: Բանն այն է, որ մոլդովացիները հիմնականում ուղղափառ քրիստոնյա են, սակայն երկրում գործում է 2 ուղղափառ եկեղեցի՝ Ռուս ուղղափառ եկեղեցու Մոլդովա-քիշնեւյան միտրոպոլիտությունը եւ ավելի քիչ հետեւորդներ ունեցող Ռումինական ուղղափառ եկեղեցու Բեսարաբիայի միտրոպոլիտությունը: Ըստ մեր տեղացի զրուցակիցների՝ առաջինն ունի ռուսական կողմնորոշում, երկրորդը՝ ռումինական/եվրոպական: Նրանք նաեւ նշում են, որ հոգեւորականները բավական մեծ ազդեցություն եւ վարկանիշ ունեն հատկապես շրջաններում եւ գյուղական բնակավայրերում: Այս առումով մոլդովացի բարձրաստիճան պաշտոնյան ասում է, որ ռուսական քարոզչությունը փորձել է իր կարիքների համար օգտագործել Մոլդովա-քիշնեւյան միտրոպոլիտության ներկայացուցիչներին, քանի որ նույն գյուղական տարածքներում եկեղեցին ամենավստահելի ինստիտուտն է:
Վերջերս հայաստանցի լրագրողների մի խումբ հանդիպումներ է ունեցել նաեւ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Նրանցից մեկը, անդրադառնալով Մոլդովայի օրինակին, նշել է, որ ռուսական կողմը շատ լավ է հասկանում մոլդովական հասարակության տարբեր շերտերի կարիքները: Ելնելով դրանից՝ հատկապես շրջաններում քարոզչական շեշտը դրվել է զգայուն հարցերի վրա՝ եկեղեցի, ավանդական արժեքներ, ԼԳԲՏ համայնք եւ այլն, իսկ քաղաքային բնակավայրերում շեշտվել է պատերազմի թեման (հիմնական նարատիվը եղել է այն, որ եթե Մոլդովան ընտրի եվրոպական ուղին, ապա ներքաշվելու է ռուս-ուկրաինական պատերազմի մեջ): Ըստ եվրոպացի պաշտոնյայի՝ Ռուսաստանի նպատակը եղել է կառավարության նկատմամբ բնակչության վստահությունը նվազեցնելը, իսկ քարոզչական նպատակներով մեծ կիրառություն են ունեցել «Տելեգրամ» եւ «ՏիկՏոկ» սոցցանցերը: Ընդ որում՝ «ՏիկՏոկը» համագործակցել է Մոլդովայի կառավարության հետ եւ հեռացրել է կեղծ ճանաչված տեսանյութերը:
Մոլդովացի բարձրաստիճան պաշտոնյան, թվարկելով ռուսական կողմի քայլերն ըստ փուլերի, նշում է, որ ակտիվ հակաիշխանական քարոզչությանը զուգահեռ ստեղծվում են թղթի վրա պրոեվրոպական, սակայն իրականում պրոռուսական կուսակցություններ: Այս առումով հետաքրքիր է «Այլընտրանք» դաշինքի (Blocul Alternativa) օրինակը, որը ստեղծվել է 2025-ի սկզբին ու աշնանային ընտրություններում զբաղեցրել է 3-րդ տեղը (PAS-ից ու ռուսամետ ընդդիմությունից հետո): Դաշինքը խորհրդարանում ստացել է 8 մանդատ: Դաշինքն ինքն իրեն դիրքավորում է որպես պրոեվրոպական, երկրի եվրոպական ինտեգրացիան ու Մերձդնեստրի ռեինտեգրացիան համարում է Մոլդովայի գլխավոր նպատակները, միաժամանակ դեմ է Ռումինիայի հետ Մոլդովայի միավորմանը (սա առանձին թեմա է մոլդովական հասարակության շրջանում): Դաշինքը դեմ է արտահայտվել թե՛ Մայա Սանդուի, թե՛ ռուսամետ Իլան Շորի թիմերին, դրա ներկայացուցիչները հայտարարել են, որ Սանդուի եւ Շորի ուժերի միջեւ ձեւավորվել է փոխշահավետ համագործակցության «հիբրիդային ռեժիմ», եւ իրենք պատրաստ են գործակցել բոլոր քաղաքական միավորների հետ՝ բացի նրանցից, որոնք մտնում են PAS-ի ու «Շորի» «հանցավոր ցանցի» մեջ: PAS-ի անդամները «Այլընտրանքը» համարում են պրոռուսական դաշինք, իսկ ռուսամետ սոցիալիստ Իգոր Դոդոնը ողջունել է դաշինքի ստեղծումը որպես այլընտրանք՝ PAS-ի պրոեվրոպական ու պրոռումինական ընտրազանգվածի համար, չնայած իրենք՝ սոցիալիստները, դեմ են եվրոպական ուղղությանը: Հավելենք, որ «Այլընտրանքի» խորհրդարանական խմբակցության ղեկավարը Հայկ Վարդանյանն է, որը նախկինում երկու անգամ պատգամավոր է դարձել սոցիալիստների ճամբարից, սակայն 2022-ի տարեվերջին լքել է Սոցիալիստական կուսակցությունը:
ԵՄ պաշտոնյաներից մեկը հայաստանցի լրագրողներին հայտնել է, որ Ռուսաստանը շատ լավ կիբերթիմեր ունի, որոնք թիրախավորում են տարբեր պետական մարմինների աշխատանքը: Օրինակ՝ 2025-ին Մոլդովայում կիբերգրոհների թիրախում է հայտնվել այդ երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքը: Մեր զրուցակցի տեղեկացմամբ՝ գործել է հետեւյալ մարտավարությունը. ԿԸՀ կայքում ձայների հաշվարկն սկսվել է գյուղական բնակավայրերից, որոնք համեմատաբար փոքր են, մյուս կողմից՝ դրանցում պրոռուսական ուժերը լավ արդյունքներ են գրանցել: Ու մինչեւ հաշվարկը կհասներ քաղաքային բնակավայրերին ու արտերկրում քվեարկությանը, ԿԸՀ կայքը կիբերգրոհների հետեւանքով «կախվել է», իսկ երբ դրա աշխատանքի վերականգնումից հետո բեռնվել են տվյալներ, որոնք եղել են գործող իշխանության օգտին, տարածվել է թեզը, թե իշխանությունները «խաղացել են» թվերի հետ: Այս մարտավարության շրջանակներում կարելի է տեղավորել մոլդովացի պաշտոնյայի նկարագրածը. քվեարկությունից առաջ արդեն տեղեկություններ էին տարածվել, որ պրոցեսը կեղծվելու է, այսինքն՝ ներդրվել է ընտրական մեխանիզմը պիտակավորելու գործիքակազմ:
«Քվեարկության օրը այնքան շատ փորձեր եղան տապալելու ընտրությունները՝ տեխնիկական մասը, այսինքն՝ համակարգիչները եւ ամեն ինչ,- վերջերս հայաստանցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ Մոլդովայի փորձի մասին ասել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը,- բայց մենք կարողացանք կանգնեցնել ռուսական հարձակումները: Եվ ամենամեծ ձեռքբերումներից մեկն է ունենալ այն սարքավորումները, որոնցով կարող ես կանգնեցնել հարձակումները, երբ ինչ-որ մեկը փորձում է տապալել քեզ»:
ԵՄ մեկ այլ պաշտոնյա հայաստանցի լրագրողներին պատմել է, որ հիբրիդային սպառնալիքներին դիմագրավելու առումով Եվրամիությունը եւս դասեր է քաղել Մոլդովայի փորձից: Նա հայտնել էր, որ դեկտեմբերի 15-ին սպասելու են ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանին, որը պետք է ԵՄ գործընկերներին ներկայացներ առաջիկա ընտրությունների նախաշեմին Հայաստանի կարիքները: Ինչպես տեսանք ԵՄ դիվանագիտության ղեկավար Կալասի հայտարարությունից, Փաշինյանի կառավարությունը ցանկանում է ստանալ այնպիսի օգնություն, ինչպիսին նախկինում տրամադրվել է Մոլդովային:
Մոլդովացի լրագրողներից մեկը հայ գործընկերներին պատմել է, որ իրենց լրատվամիջոցի նկատմամբ կիբերհարձակումներ են սկսվել խորհրդարանական ընտրությունների քվեարկությունից մոտ 1,5 ամիս առաջ, եւ իրենք շուրջ 7.000 եվրո են ծախսել՝ լրատվական գործակալության կիբերանվտանգության մակարդակը բարձրացնելու համար: Մոլդովայի բարձրաստիճան ոստիկաններից մեկն էլ նշել է, որ ռուսական կողմը ակտիվ քարոզչական գրոհները տարբեր սոցցանցերով սկսել է քվեարկությունից մոտ 2 ամիս առաջ:
Ինչու՞ Ռուսաստանը չի հաջողել Մոլդովայում
Այս հարցին պատասխանելիս մոլդովացի բարձրաստիճան պաշտոնյան նշում է, որ ռուսական կողմը թերագնահատել է Մոլդովայի իշխանություններին, բացի դրանից՝ նրա կիրառած մեթոդները եղել են բավական բրուտալ՝ կոշտ: Պաշտոնյան առանձնացնում է նաեւ ԵՄ-ի ու ԱՄՆ-ի քաղաքական, ֆինանսական, տեխնիկական աջակցությունը:
Մեր զրուցակիցն ընդգծում է նաեւ ընտրություններից առաջ կատարված օրենսդրական փոփոխությունները, Ռուսաստանից ֆինանսավորվող «Շոր» կուսակցության հակասահմանադրական ճանաչվելը, ընտրությունների համար Մոլդովա տեղափոխվող ֆինանսական միջոցների բացահայտումները: Ըստ աղբյուրի՝ մոլդովացի իրավապահները քվե գնելու պրոցեսը մոնիտորինգ են արել ու քվեարկությունից մեկ ամիս առաջ խափանել են այն (մինչեւ քվեարկությունը նոր մեխանիզմներ մշակելու բավարար ժամանակ ու հնարավորություն չտալու նպատակով): Պաշտոնյան նկատում է, որ Մոլդովայի իշխանությունները դասեր էին քաղել 2024-ի փորձից ու 2025-ին գործել են կանխելու մարտավարությամբ:
«Մոլդովայում մեր այդքան հաջողակ լինելու պատճառներից մեկն այն էր, որ նրանք նախ մի փոքր փորձառու էին նախորդ ընտրությունների պատճառով, եւ երկրորդ՝ նրանք իրոք շատ լավ կապի մեջ էին մեզ հետ,- հայաստանցի լրագրողներին պատմել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը՝ հավելելով, որ լավագույն ճանապարհը այնպիսի ինստիտուտներ ունենալն է, որոնք կարող են հակահարված տալ,- օրինակ, պարզ էր, որ օլիգարխները՝ ոչ միայն ռուսական, այլեւ մոլդովական, վճարում են ձայների համար: Ուստի դուք պետք է ունենաք օրենք, պետք է ունենաք գերազանց դատական համակարգ սրա դեմ պայքարելու համար: Կամ գումարներին հետեւելը: Մենք մեր գործընկերների հետ միասին գտել ենք բլոկչեյն հաշիվներ, այսօր դա հնարավոր է: Մենք դրանցում գտանք հսկայական գումարներ»:
Մոլդովայում նաեւ մեծ արշավ է տարվել ընտրակաշառքի դիմաց քվե վաճառելու դեմ: Արշավին մասնակցել են մոլդովացի ինֆլյուենսերները (ազդեցություն ունեցող, կարծիք ձեւավորող հանրային անձինք): ԵՄ ազդեցիկ քաղաքական դեմքերն էլ գործող իշխանությանն աջակցել են պրոեվրոպական ուղու ընտրության քարոզչությամբ:
«Երբ ես որոշեցի, որ որպես Եվրոպական հանձնաժողով՝ մենք կաջակցենք Մոլդովային, դա այդքան էլ հեշտ չէր,- հետահայաց նայելով՝ ասում է հանձնակատար Կոսը,- մի անգամ մի լրագրող ինձ ասաց. «Հիմա ԵՄ-ն միջամտում է Մոլդովայի ներքին գործերին»: Իրո՞ք: Ես դա կանվանեի ոչ թե միջամտություն, այլ ներդրում նրանում, որ Մոլդովան կարողանա պայքարել իր ժողովրդավարության համար: Ինչո՞վ է սա տարբերվում անցյալից: Երբ Մեծ Բրիտանիան որոշեց դուրս գալ ԵՄ-ից, Եվրոպական հանձնաժողովը, Եվրոպական Միությունն այդ ժամանակ որոշեցին նույնիսկ չխնդրել նրանց մնալ, որովհետեւ վախենում էինք, որ ինչ-որ մեկը մեզ կասի, թե միջամտում ենք»:
Ինչի՞ համար է ԵՄ-ն 12 մլն եվրո հատկացնելու Հայաստանին. Կոսը բացում է փակագծերը
«Հետքի» հարցին, թե ՀՀ ԱԺ գալիք ընտրություններում արդյոք ԵՄ-ն կարեւորում է Փաշինյանի կուսակցության հաղթանակը, ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը ոչ հրապարակային զրույցում արձագանքում է, որ իրենց համար կարեւոր չէ, թե ով կհաղթի, փոխարենը կարեւոր է, որ ընտրությունները լինեն ճնշումներից ազատ եւ անկախ: Ըստ այդմ՝ Եվրամիությունն ընտրությունները դիտարկում է ընդհանուր գծերով, օրինակ՝ փող (ընտրակաշառք) ներդրվե՞լ է, թե՞ ոչ, կիբերհարձակումներ եղե՞լ են, թե՞ ոչ:
ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսն իր հերթին հայաստանցի լրագրողներին հայտնել է, որ ԵՄ-ն 12 մլն եվրոյի աջակցություն է ցուցաբերելու Հայաստանին գալիք ընտրություններից առաջ: Դրա նպատակն է բարձրացնել պետական ինստիտուտների՝ հիբրիդային սպառնալիքները կանխատեսելու եւ դրանց արձագանքելու կարողությունները, ստեղծել վաղ նախազգուշացման եւ արագ արձագանքման ուժեղ մեխանիզմներ FIMI-ի դեմ, աշխատելով լրատվամիջոցների հետ՝ աջակցել վստահելի, փաստերի վրա հիմնված նարատիվներին, որոնք ընդգծում են կայունությունն ու անվտանգությունը, FIMI-ի դեմ պայքարի մեջ ներգրավել եւ զինել քաղհասարակությանն ու լրատվամիջոցներին որպես ակտիվ գործընկերներ, ուժեղացնել համագործակցությունը ԵՄ կառույցների հետ:
«Շատ կարեւոր է, որ մենք արդեն հիմա օգնում ենք ձեր երկրին: Ինչո՞ւ: Որքան ավելի հզոր լինեք տնտեսապես, այնքան ավելի շատ կունենաք ինստիտուտներ, որոնք ի վիճակի կլինեն պաշտպանել ձեր երկիրը եւ ձեր ժողովրդավարական զարգացումը: Որքան շատ ունենաք ազատ եւ անկախ լրատվամիջոցներ, որքան ուժեղ լինի ձեր քաղաքացիական հասարակությունը, այնքան ավելի ունակ կլինեք դիմակայել»,- ասում է հանձնակատար Կոսը:
Ըստ պաշտոնյայի՝ ինչ էլ որ ԵՄ-ն անի այսօր, դա նպաստում է, որ Հայաստանը լինի ավելի ուժեղ՝ դիմակայելու Ռուսաստանին կամ լինի ավելի դիմակայուն: «Գիտեք, դուք հատուկ իրավիճակում եք, ապրում եք շատ դինամիկ հարեւանությամբ»,- նշում է հանձնակատարը:
Նրա տեղեկացմամբ՝ եթե Մոլդովայում 2024-ի հանրաքվեի ու նախագահական ընտրությունների ժամանակ FIMI-ի դեմ գործողությունների մեծ մասը հիմնված էր ֆեյք նյուզի հերքման կամ արձագանքման վրա, ապա 2025-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ամենամեծ փոփոխությունն այն էր, որ հակադարձելու փոխարեն ընտրվել է սեփական նարատիվները տարածելու տարբերակը: ԵՄ-ն ծրագրում է այս մեթոդը կիրառել նաեւ Հայաստանում 2026-ին: «Մենք ծրագրում ենք որոշակի ռազմավարական հաղորդակցության աջակցություն ցուցաբերել Հայաստանի կառավարությանը, այսինքն՝ թե ինչ տեսակի հաղորդագրություններ պետք է տարածել, ոչ թե միայն հակադարձել կամ հերքել: Մենք կարող ենք բավականին շատ բան անել, բայց առանց ձեր կառավարության ուժեղ ներգրավվածության՝ դա հնարավոր չէ»,- գալիք աջակցության վերաբերյալ որոշակի փակագծեր է բացում Մարթա Կոսը:
Ըստ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյայի՝ իրենք այսօր զարգացման երկու մեծ, բայց միմյանցից կտրականապես տարբեր մոդելներ են տեսնում: «Մենք տեսնում ենք մի մոդել, որտեղ կա ժողովրդավարություն, օրենքի գերակայություն եւ ազատ մամուլ, որտեղ քաղհասարակությունը շատ կարեւոր դեր է խաղում: Այս մոդելի մի մասն է նաեւ ուժեղ տնտեսությունը: Իսկ մյուս կողմից մենք ունենք ավտոկրատական վարչակարգեր, որոնք չեն ցանկանում տեսնել իրենց հարեւաններին տնտեսապես ուժեղ, ժողովրդավարական, չեն ցանկանում, որ հարեւաններն ունենան ազատ մամուլ: Այս մոդելները ԵՄ-ն եւ Ռուսաստանն են, բայց կան նաեւ ուրիշները,- ասում է հանձանակատար Կոսն ու հավելում,- Ռուսաստանը չի ցանկանում տեսնել ուժեղ հարեւաններ: Ինչո՞ւ: Երբ դուք տնտեսապես զարգացած եք եւ ունեք ժողովրդավարություն, օրենքի գերակայություն եւ ազատ ու անկախ լրատվամիջոցներ, Պուտինն այլեւս չի կարող վերահսկել ձեզ»:
Առաջին լուսանկարում՝ Մոլդովայի կառավարության շենքը Քիշնեւում (լուսանկարները՝ հեղինակի)
Քիշնեւ-Բրյուսել-Երեւան
Տես նաեւ՝
- ԵՄ պաշտոնյաներն ասում են, թե խաղաղության գործընթացին Ադրբեջանը դրական է նայում, իսկ մտադրություններն իրական են
- ԵՄ պաշտոնյան հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանապարհ կգտնեն՝ պաշտպանելու իրենց մշակութային ժառանգությունը
- Հանձնակատար Կոսը՝ հայկական ավիացիան ԵՄ «սեւ ցուցակից» դուրս բերելու մասին. «Կան որոշ բաներ, որ Հայաստանը պետք է անի»
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել