HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ՀԷՑ-ի բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին նախագիծ է ներկայացվել

Հայաստանի կառավարությունը ցանկանում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (ՀԷՑ) 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ ճանաչել հանրության գերակա շահ։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը կառավարության որոշման նախագիծ է ներկայացրել հանրային քննարկման։ Օտարման գործընթացը պետք է ավարտվի մինչև 2027թ․ հոկտեմբերի 1-ը։

Կառավարության հիմնավորմամբ՝ խոսքը երկրի ամբողջ տարածքում էլեկտրաէներգիայի բաշխումն ապահովող համակարգի հետագա կառավարման և անխափան աշխատանքի մասին է։ ՀԷՑ-ի միջոցով էլեկտրաէներգիա է հասնում բնակելի շենքեր ու տներ, հիվանդանոցներ, դպրոցներ, ջրամատակարարման համակարգեր, կապի ենթակառուցվածքներ, արդյունաբերական և այլ կազմակերպություններ։ Հետևաբար համակարգի աշխատանքի լուրջ խափանումը կարող է անդրադառնալ երկրի կյանքի բազմաթիվ ոլորտների վրա։

2025թ․ նոյեմբերի 17-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ դադարեցվեց ընկերության էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման լիցենզիան՝ ուժը կորցրած ճանաչելու միջոցով։

Կառավարության ներկայացրած հիմնավորման համաձայն՝ լիցենզիայի դադարեցմամբ առաջացել է այնպիսի իրավիճակ, որի պայմաններում պետությունը պետք է ապահովի ՀԷՑ-ի գործունեության շարունակականությունը և էլեկտրաէներգիայի բաշխման համակարգի բնականոն աշխատանքը։

Նշենք, որ «Էներգետիկայի մասին» օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ մասը նախատեսում է հատուկ ընթացակարգ։ Եթե ընկերությունը հրաժարվում է շարունակել իր գործունեությունը կամ դադարեցվում է նրա լիցենզիայի գործողությունը, կառավարությունը կարող է ընկերության բաժնետերերին առաջարկել բաժնետոմսերը, գույքը կամ լիցենզավորված գործունեությունն ապահովող գույքային համալիրը պետությանը օտարել՝ կառավարության հետ համաձայնեցված կարգով։ Այսինքն՝ նախ սեփականատիրոջը առաջարկվում է գույքը կամ բաժնետոմսերը օտարել համաձայնեցված կարգով։

Եթե օրենքով սահմանված եռամսյա ժամկետում դա չի կատարվում, նույն օրենքը նախատեսում է ավելի խիստ՝ բացառիկ միջոցի կիրառման հնարավորություն։ Այդ դեպքում բաժնետոմսերը կամ համապատասխան գույքը կարող են օտարվել։

Նախագծում նշված է, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը 2026թ․ փետրվարի 17-ին կառավարության անունից գրություն է ուղարկել ՀԷՑ-ի բաժնետերերին։ «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ին և ՀԷՑ-ի մյուս բաժնետիրոջը՝ «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը, առաջարկվել է Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով օտարել ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերը։ Ըստ նախագծի՝ սահմանված ժամկետում բաժնետոմսերը կամավոր օտարելու գործընթացը չի իրականացվել։

Գործընթացին զուգահեռ «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ն դատարանում վիճարկել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը։ Ընկերությունը Վարչական դատարանից պահանջել է անվավեր ճանաչել որոշումը, որով դադարեցվել է ՀԷՑ-ի բաշխման լիցենզիայի գործողությունը։ 2026թ․ մարտի 27-ին Վարչական դատարանը մերժել է «Տաշիր Կապիտալի» հայցը։

«Տաշիր Կապիտալի» ներկայացուցիչը հետագայում ևս մեկ հայցադիմում ներկայացրել դատարան՝ ընդդեմ Կառավարության։ Այս անգամ պահանջը վերաբերել է նրան, որ դատարանը ճանաչի ՀԷՑ-ի 70 տոկոս բաժնեմասը որպես բացառիկ միջոց՝ Սահմանադրության 60-րդ հոդվածի (Սեփականության իրավունքը) հիմքով օտարելու իրավական հարաբերության բացակայությունը։ Սակայն Վարչական դատարանը մերժել է հայցադիմումի ընդունումը։

Նախագծի հեղինակների դիտարկմամբ՝ ՀԷՑ-ի բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահի ճանաչումը պետք է դիտարկել ոչ թե որպես սեփականության իրավունքի վերացում, այլ որպես օրենքով նախատեսված հատուկ ընթացակարգ, որի արդյունքում պետությունը կարող է օտարել գույքը կամ բաժնետոմսերը՝ համապատասխան փոխհատուցմամբ։

Սահմանադրական դատարանը 2026թ․ մարտի 12-ի որոշմամբ անդրադարձել է «Էներգետիկայի մասին» օրենքի կանխարգելիչ միջոցներին։ Դատարանի գնահատմամբ՝ այդ միջոցների նպատակներից են էներգետիկ ոլորտում հնարավոր ոչ իրավաչափ գործողությունների կանխումը, վարչական գործընթացի բնականոն ընթացքի ապահովումը, էներգետիկ համակարգի կայունության և ամբողջականության պահպանումը, ինչպես նաև էլեկտրաէներգիայի բնականոն և անխափան մատակարարման շարունակականությունը։

Սահմանադրական դատարանը նաև նշել է, որ նման միջոցները կիրառվում են կոնկրետ վարչական գործընթացի շրջանակում և կախված են գործի հանգամանքներից։ Դրանք կարող են ժամանակավորապես սահմանափակել սեփականատիրոջ՝ ընկերությունը կառավարելու հնարավորությունը, բայց այդ սահմանափակումը, ըստ Սահմանադրական դատարանի, ինքնին չի նշանակում սեփականության իրավունքի վերացում։

Ժամանակավոր կառավարման դեպքում ընկերության գործադիր մարմնի լիազորությունները փոխանցվում են ժամանակավոր կառավարչին։ Այս ընթացքում ընկերության կառավարման մյուս մարմինները իրենց լիազորություններն իրականացնում են ժամանակավոր կառավարչի համաձայնությամբ։

Սահմանադրական դատարանի ներկայացրած տրամաբանությամբ՝ այս մեխանիզմի նպատակը ոչ թե ընկերության սեփականությունը մշտապես փոխելն է, այլ ռիսկերը կանխելը, վարչական գործընթացը բնականոն կերպով շարունակելը և էլեկտրաէներգետիկ համակարգի անխափան աշխատանքը պահպանելը։

Սակայն այստեղ առաջանում է մեկ այլ հարց՝ ի՞նչ է լինելու ժամանակավոր կառավարման ավարտից հետո։ Կառավարության հիմնավորման հիմնական տրամաբանությունն այն է, որ ժամանակավոր կառավարումը կարող է ապահովել համակարգի աշխատանքը որոշակի ժամանակահատվածում, սակայն այն մշտական լուծում չէ։

Ժամանակավոր կառավարման ավարտից հետո կրկին կարող է առաջանալ ընկերության երկարաժամկետ կառավարման, կայունության և հուսալիության հարցը։ Այդ պատճառով կառավարությունը գտնում է, որ անհրաժեշտ է ոչ թե միայն ժամանակավորապես կառավարել համակարգը, այլ ստեղծել դրա երկարաժամկետ և կայուն կառավարման հնարավորություն։ Այս համատեքստում էլ ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահի ճանաչումը ներկայացվում է որպես երկարաժամկետ լուծման միջոց։

Նախագծի ընդունման դեպքում ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ կճանաչվի հանրության գերակա շահ։ Օտարվող սեփականության դիմաց օրենքով սահմանված կարգով փոխհատուցում տրամադրելու, ինչպես նաև օտարման գործընթացը կազմակերպելու և իրականացնելու համար կարող են առաջանալ պետական բյուջեի եկամուտների ու ծախսերի փոփոխություններ։ Այսինքն՝ պետության համար ֆինանսական հետևանք կարող է առաջանալ, սակայն ներկայացված հիմնավորման մեջ դրա վերջնական չափը չի նշվում։

Նշենք, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի արժեթղթերի ընդհանուր անվանական արժեքը կազմում է մոտ 20 մլրդ 675 մլն դրամ դրամ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter