HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ժենյա Գևորգյան

Ծանր պարտավորություն. ինչո՞ւ Հայաստանը դեռ չունի «Էմերալդ» ցանց

Շրջակա միջավայրի նախարարությունը սկսել է հետհաշվարկը։ COP17-ի հյուրընկալմանը մնացել է 38 օր։ Մինչ Հայաստանը պատրաստվում է կենսաբազմազանության խոշորագույն համաժողովներից մեկին, երկրի կենսաբազմազանության համար կարևոր «Էմերալդ» ցանցի ձևավորման գործընթացը դեռ ավարտված չէ, չնայած սկսվել է 2009-ից։ Ի՞նչու փոփոխվեցին նախնական առաջարկված 23 տարածքները, ի՞նչ կապ ունի Ամուլսարի ոսկու հանքը, և ինչո՞ւ է այժմ ուսումնասիրվում 30 տարածք՝ ավելի փոքր մակերեսով։

Ի՞նչ է «Էմերալդ» ցանցը և ե՞րբ է ստեղծվել

Հայաստանը 2006-ի մարտի 13-ին ստորագրել է Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրերի պահպանության մասին Բեռնի կոնվենցիան։ Այն ընդունվել է 1979-ի սեպտեմբերի 19-ին Բեռնում։ 1989-ի հունիսի 9-ին մշտական հանձնաժողովը Կոնվենցիային միացած պետություններին առաջարկեց առանձնացնել հատուկ պահպանության կարիք ունեցող տարածքները։ Մոտ յոթ տարի անց՝ 1996-ի հունվարի 26-ին, հանձնաժողովը որոշեց ստեղծել «Էմերալդ» ցանցը՝ այդ տարածքները ներառելու համար։

Էմերալդ» ցանցը կամ «Զմրուխտե» ցանցը պահպանության համար կարևոր բնական տարածքների համակարգ է, որի նպատակն է պահպանել վայրի կենդանիներին, բույսերին և դրանց կենսամիջավայրերը։

Նման նախաձեռնություն «Natura 2000» անունով 1992-ին ստեղծվել էր Եվրոպական միության երկրների համար։ Այդ օրինակով ստեղծվեց «Էմերալդ» ցանցը ոչ անդամ երկրների համար:
«Էմերալդի» տարածք կարող էր առաջարկվել այն վայրը, որտեղ կային Կոնվենցիայի կողմից ներկայացված ցանկերում ներառված և պահպանության կարիք ունեցող տեսակներ կամ կենսամիջավայրեր։ Հենց սրանով էլ ցանցը տարբերվում է արգելոցներից։
Հայաստանից բացի «Էմերալդ» ցանցի ձևավորման գործընթացին մասնակցում են նաև տարածաշրջանի մի շարք երկրներ՝ Վրաստանը, Ադրբեջանը, Մոլդովան, Ուկրաինան և Բելառուսը։ Վրաստանը, Մոլդովան, Բելառուսն արդեն ունեն ձևավորված տարածքներ, Ադրբեջանը ներկայացրել է վերջնական ցանկը։

Ի՞նչ տարածքներ առաջարկեց Հայաստանը 2016-ին

Հայաստանում վերջնական հաստատված և գործող «Էմերալդ» ցանց դեռ չկա, սակայն ձևավորման աշխատանքները սկսվել են դեռևս 2007-2008-ին։ Այդ փուլում Հայաստանում ընտրվել և ուսումնասիրվել էր ցանցում ներառման համար նախատեսվող տարածքների առաջին մասը։ 2009-2011 թթ. առանձնացվել էր արդեն ինը պոտենցիալ տարածք՝ ընդհանուր մոտ 207 հազար հա, որը կազմում էր Հայաստանի տարածքի մոտ 7 տոկոսը։ 2013-ին արդեն մեկնարկեց «Էմերալդ ցանց․ փուլ II» ծրագիրը, որի ընթացքում նախկին տարածքները վերագնահատվեցին, նոր տարածքներ առաջարկվեցին։ Արդյունքում ձևավորվեց 23 «Էմերալդ» պոտենցիալ տարածքների ցանկ։

2016-ին ՀՀ բնապահպանության նախարարությունըհրատարակեց «Հայաստանի Հանրապետության «Էմերալդ» ցանցը» աշխատությունը։ Ներկայացված էին այդ 23 թեկնածու տարածքները, ընդհանուր մակերեսը 1,033,719 հա էր, որը Հայաստանի տարածքի 34.7 տոկոսն էր։

Այդ տարածքների մի մասն արդեն գործող հատուկ պահպանվող տարածքներ էին՝ օրինակ «Խոսրովի անտառ» պետական արգելոցը, «Սևան», «Արփի լիճ», «Դիլիջան» և «Արևիկ» ազգային պարկերը։ Մյուսները ընտրվել էին դրանցում առկա կարևոր տեսակների ու կենսամիջավայրերի համար, օրինակ՝ «Վանանդ», «Տաթև», «Մեծամոր», «Խնձորեսկ» տարածքները։

Այդպիսի տարածքներից էր նաև «Ջերմուկը», որը հետագայում Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի պատճառով «Էմերալդ» ցանցի շուրջ առաջացած վեճի առիթ դարձավ։ «Ջերմուկ» տարածքը զբաղեցնում էր մոտ 35 հազար հա։ Տարածքում հայտնաբերվել էր Բեռնի կոնվենցիայի ցանկերում ընդգրկված 53 տեսակ, այդ թվում՝ բեզոարյան այծ, գորշ արջ, լուսան, ջրասամույր և մի շարք թռչնատեսակներ։ Տարածքում առանձնացվել էր նաև 28 տեսակի կենսամիջավայր՝ գետերից ու լճերից մինչև խոնավ մարգագետիններ, գիհու և անտառային տարածքներ, ինչպես նաև ալպյան և մերձալպյան խոտածածկ տարածքներ։

«Գնիշիկ» տարածքը, որը նույնպես Վայոց ձորում էր, զբաղեցնում էր մոտ 30 հազար հա։ Այստեղ ներառվել էին 59 տեսակ և 36 կենսամիջավայր։ Տեսակների թվում էին տափաստանային հողմավար բազեն, բեզոարյան այծը, գորշ արջը և լուսանը։

«Գորայք» տարածքը Սյունիքում էր և զբաղեցնում էր մոտ 4 հազար հեկտար։ Այստեղ նշված էին 31 համապատասխան տեսակ, այդ թվում՝ տափաստանային հողմավար բազեն, քարարծիվը, մորուքավոր արծվանգղը, գիշանգղը, գայլը, սրականջ գիշերաչղջիկը, փոքր պայտաքիթը և խայտաքիսը։

Մեծ թվով տեսակներ էին արձանագրվել նաև «Արևիկ» տարածքում՝ 66 համապատասխան տեսակ և 34 կենսամիջավայր։ Դրանց թվում էին բեզոարյան այծը, գորշ արջը, լուսանը, ընձառյուծը և ջրասամույրը։ Տարածքում նշված էին նաև Հայաստանի Կարմիր գրքում ընդգրկված 94 բուսատեսակներ։

Այս ցանկում ընդգրկված էին նաև «Խոսրովի անտառ» պետական արգելոցը, «Սևան», «Արփի լիճ» և «Դիլիջան» ազգային պարկերը, ինչպես նաև այլ տարածքներ՝ «Իջևան», «Ջաջուռ», «Լոռու լճեր», «Արագածի ալպյան», «Տաթև», «Մեծամոր», «Խնձորեսկ», «Ախուրյանի ջրամբար», «Արայի լեռ» և այլն։

Այսպիսով 2017-ին Հայաստանը 23 «Էմերալդ» թեկնածու տարածքները ներկայացրեց Բեռնի կոնվենցիայի քարտուղարությանը։ Գնահատման արդյունքում Հայաստանը տեսակների և կենսամիջավայրերի մեծ մասի համար ստացել է «Բավարար գնահատում» (Sufficient Assessment) կարգավիճակ, բավարարության ինդեքսը կազմել է 91.8% (համապատասխանում է բոլոր չափանիշներին)։ 

Թռչնաբան Կարեն Աղաբաբյանը, որը նաև նախնական տարածքների հետազոտության փորձագետներից մեկն է, պնդում է, որ Հայաստանին պետք է «Էմերալդ» տարածքներ և այլևս սպասել չի կարելի։ Բնության հատուկ պահպանվող տարածքներում հիմա մեր կենդանական աշխարհի 60 տոկոսն է պահպանվում, մնացած 40 տոկոսի համար կարևոր է «Էմերալդ» ցանցը։ Բացի դա, Հայաստանը իրավական պարտավորություն ունի ստեղծելու այդ ցանցը, քանի որ ստորագրել է Բեռնի կոնվենցիան։

Ինչպե՞ս Ամուլսարի հանքի շուրջ վեճը հասավ «Էմերալդ» ցանցին

2016-ին առաջարկված «Ջերմուկ» թեկնածու տարածքում էր հայտնվել նաև Ամուլսարի ոսկու հանքավայրը։ Այդ նույն ընթացքում «Լիդիան Արմենիա» ընկերությունն արդեն մեկնարկել էր հանքի շինարարությունը՝ 370 միլիոն դոլար գնահատվող խոշոր ներդրումային ծրագրով, որը նախատեսում էր ոսկու բացահանքային արդյունահանում և ցիանիդային տեխնոլոգիաներով վերամշակում։ 

Ջերմուկի և Գնդեվազի, հարակից գյուղերի բնակիչները և ցուցարարները ժամանակ առ ժամանակ փակում էին Ամուլսար տանող ճանապարհը՝ խոչընդոտելով աշխատանքներին։ Դեմ էին հանքի շահագործմանը։ Ընկերությունն էլ Կառավարությանն անընդհատ հիշեցնում էր կրած վնասների մասին։ 

2020-ի մարտի 18-ին անկախ փորձագետ Անդրեյ Ռալևը, «ԷկոԼուր», «Հայաստանի անտառներ», «Կանաչ Հայաստան» ՀԿ-ների և CEE Bankwatch Network-ի անունից, պաշտոնական բողոք ներկայացրեց Բեռնի կոնվենցիայի քարտուղարություն։ Բողոքում գրված էր, որ ՀՀ կառավարությունը կոնվենցիայի 4-րդ (բնակմիջավայրերի պահպանություն), 5-րդ (բուսականության պահպանություն) և 6-րդ (կենդանական աշխարհի պաշտպանություն) հոդվածները խախտել է, քանի որ Ամուլսարի հանքի տարածքն ու ենթակառուցվածքները առաջադրված «Ջերմուկ»  տարածքի սահմաններում են կամ դրա անմիջական հարևանությամբ են։ Հանքի շահագործումը հետագայում կարող է նշանակալից ազդեցություն թողնել այլ «Էմերալդ» տարածքների վրա՝ «Սևան» ազգային պարկ և «Գորայք» տարածք։ Նամակում նշվել են այն բոլոր կենդանատեսակների, բուսատեսակների անունները, որոնք այդ թեկնածու տարածքներում հայտնաբերվել էին։ 

Բողոքի պահանջը մեկն էր՝ չեղարկել Ամուլսարի նախագծի շինարարական թույլտվությունը՝ հետագա վնասները կանխելու համար։
Մոտ մեկ ամիս անց քարտուղարությունը Հայաստանի իշխանություններից պահանջեց ներկայացնել իրենց դիրքորոշումը։

2020 թվականի հուլիսի 21-ին Իրինա Ղափլանյանը՝ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալը, պատասխանն ուղարկեց Բեռնի կոնվենցիայի քարտուղարությանը։ Նամակում նշված էր, որ մինչ քարտուղարություն ներկայացնելը, այդ տարածքների ցանկը պաշտոնապես համաձայնեցված չի եղել ո՛չ Շրջակա միջավայրի նախարարության հետ, ո՛չ էլ շրջանառվել էր համապատասխան այլ պետական գերատեսչություններում։ Տեղակալը հայտնել է նաև, որ սկսվել է նախկինում ներկայացված «Էմերալդ» տարածքների վերանայման և օպտիմալացման գործընթացը։ Նախատեսվում էր լրացուցիչ դաշտային ուսումնասիրություններ իրականացնել և դրանց արդյունքներով Բեռնի կոնվենցիայի քարտուղարությանը ներկայացնել արդեն վերանայված ցանկ։


2021-ի ապրիլի 14-ին Բեռնի կոնվենցիայի Բյուրոն առաջին անգամ քննարկեց «Ամուլսարի ոսկու հանքի ծրագիրը և դրա ազդեցությունը «Էմերալդ» ցանցի տարածքների վրա» գործը։

Բյուրոն ուշադրություն դարձրեց այն մտահոգությանը, որ Ամուլսարի հանքի վերաբացման ուղղությամբ ճնշումներ կան, մինչդեռ հանքի հնարավոր բացասական ազդեցությունը երեք թեկնածու «Էմերալդ» տարածքների վրա դեռ պատշաճ կերպով գնահատված չէր։ Դրանից հետո կրկին հորդորեց կասեցնել ցանկացած գործողություն, որը կարող է բացասաբար ազդել Բեռնի կոնվենցիայով պահպանվող տեսակների և կենսամիջավայրերի վրա՝ անկախ նրանից՝ տվյալ տարածքը «Էմերալդ» ցանցի տարածք է, թե ոչ։ Հայաստանի իշխանություններից նաև պահանջվեց Ամուլսարի հարցի վերաբերյալ առանձին զեկույց ներկայացնել։

2021-ի սեպտեմբերին Բյուրոն կրկին քննարկեց Ամուլսարի գործը։ Հայաստանը հայտնել էր, որ «Էմերալդ» տարածքների ճշգրտման աշխատանքներ են իրականացվում։ Նրանք նաև ներկայացրել էին իրենց ուսումնասիրությունների արդյունքները՝ պնդելով, որ «Սևան» և «Գորայք» տարածքները հանքի կամ վերամշակման գործարանի բացասական ազդեցությանը չեն ենթարկվի, իսկ ՀԿ-ների բողոքում նշված մի շարք կենդանատեսակների, թռչունների, ձկների, անողնաշարավորների և բույսերի առկայությունը տվյալ տարածքում չի հաստատվել։ Սակայն Բյուրոն շարունակեց գործը պահել իր ուշադրության կենտրոնում և պահանջեց ներկայացնել համապատասխան գնահատումների արդյունքները։

2022-ի ապրիլին Բյուրոն կրկին անդրադարձավ հարցին։ Հայաստանի իշխանությունները հայտնել էին, որ «Էմերալդ» ցանցի օպտիմալացման աշխատանքները շարունակվում են, և հաշվի են առնվում հնարավոր ռիսկերը։ Բնապահպանները և ՀԿ-ներն էլ բողոքել էին, որ վերանայման աշխատանքներին իրենք ներգրավված չեն։ 

Մինչ մարդիկ փակում էին ճանապարհներ, բնապահպանները ահազանգում էին, Բեռնի կոնվենցիայում քննարկվում էին Ամուլսարի ճակատագիրը՝ 2023-ի փետրվարի 22-ին ՀՀ կառավարության, Եվրասիական Զարգացման բանկի և «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի միջև ստորագրվեց եռակողմ փոխըմբռնման հուշագիր, որով թույլ տրվեց շահագործել Ամուլսարի հանքավայրը, իսկ Կառավարությունը ստացավ «Լիդիան Արմենիա»-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսը։

2023-ի սեպտեմբերին Բյուրոն կրկին կոչ արեց Հայաստանին չշարունակել այդ գործընթացը և նույն նիստում բողոքը բարձրացրեց Possible File կարգավիճակի (մշտական հանձնաժողովում քննարկման փուլ)՝ այն ներկայացնելով Բեռնի կոնվենցիայի 43-րդ մշտական հանձնաժողովի քննարկմանը։

2023-ի նոյեմբերին Բեռնի կոնվենցիայի 43-րդ նիստից առաջ ՀԿ-ները և բնապահպանները ահազանգեցին, որ Հայաստանի «Էմերալդ» ցանցի «օպտիմալացման» արդյունքում տարածքների թիվը կարող է կրճատվել՝ 35%-ից մինչև 15% նվազել։ Նրանք արդեն պնդեցին, որ այդ գործընթացով նախատեսվում է Ամուլսարի տարածքը դուրս բերել «Ջերմուկ» տարածքի սահմաններից։ Եվս մեկ անգամ փաստեցին այդ տարածքում առկա կենսաբազմազանության լինելը և դրա պաշտպանության անհրաժեշտությունը։ 

Նույն զեկույցում ՀԿ-ները նշեցին, որ Հայաստանի կառավարությունը նոր ՇՄԱԳ իրականացնելու անհրաժեշտություն չի տեսնում, մինչդեռ իրենք պահանջում էին նոր գնահատում և «Ջերմուկ» ազգային պարկի ստեղծման գործընթացի վերսկսում։

2023-ի դեկտեմբերին Բեռնի կոնվենցիայի Մշտական հանձնաժողովը գործը թողեց «Possible File» կարգավիճակում՝ կրկին մտահոգություն հայտնելով Հայաստանի «Էմերալդ» ցանցի կրճատման և Ամուլսարի հնարավոր ազդեցությունների վերաբերյալ։

Այս մտահոգությունների ֆոնին դեռ վերանայվում էր Հայաստանի «Էմերալդ» ցանցը։ Արդյունքում 2024-ին հրապարակվեց «Հայաստանում Էմերալդ ցանցի թեկնածու տարածքների վերանայման առաջարկություններ»-ը, որը իրականացվել էր ԵՄ-ի ֆինանսավորմամբ գործող «EU4 Environment» ծրագրի շրջանակում՝ Համաշխարհային բանկի և Շրջակա միջավայրի նախարարության փորձագետների մասնակցությամբ։ Առաջարկվում էր նախկին 23 թեկնածու տարածքների փոխարեն 30-ը, սակայն դրանց ընդհանուր մակերեսը 1.03 միլիոն հեկտարից կրճատվեց մինչև մոտ 708 հզր հեկտար, այսինքն՝ Հայաստանի տարածքի մոտ 23.8 տոկոսը։

Որպեսզի ավելի հեշտ լինի համեմատելը առաջարկված թեկնածու տարածքների քարտեզը նախորդի հետ, փորձել ենք տեսողական առումով համադրելի դարձնել:

(Օգտագործվել է արհեստական բանականություն, որի հետևանքով կարող է ՀՀ քարտեզի չնչին շեղումներ լինեն)

Ամուլսարի տարածքի կրճատման վերաբերյալ Աղաբաբյանը նշում է, որ տարածքում որևէ պահպանվող տեսակի առանձին հայտնաբերումը դեռ չի նշանակում, որ դա մշտական կենսամիջավայրն է։ Որպես օրինակ բերում է «Ապոլոն» թիթեռին։ Նրա խոսքով՝ Ամուլսարի տարածքում թիթեռի հայտնաբերված առանձնյակների առկայությունը դեռ բավարար չէ՝ պնդելու, որ այնտեղ տեսակի կայուն պոպուլյացիա կամ վերարտադրության համար անհրաժեշտ կենսամիջավայր կա։ 

Միաժամանակ, Աղաբաբյանի խոսքով, Ամուլսարի ճանապարհների և շինարարական աշխատանքների հետևանքով առաջացած քարացրոններում ստեղծվել են ավելի տաք միկրոմիջավայրեր, որտեղ աճում է թիթեռի կերաբույսը։ Այդ պայմանները կարող են նպաստել «Ապոլոնի» տարածմանը դեպի ավելի բարձրադիր հատվածներ։ Լուծումը Ամուլսարի օպերատորի և գիտնականների համագործակցությունն է։ Նրա խոսքով՝ հնարավոր է քննարկել և հանքի հետ մեկտեղ պահպանել այդ տարածքի կարևոր կենսամիջավայրերը, վերականգնել համապատասխան բուսականությունը և շարունակաբար հետևել տեսակների վիճակին։ Իսկ ինչու այս պարզ գործողությունները չեն արվում։ Կարեն Աղաբաբյանի կարծիքով՝ չկա մեկը, ով կկազմակերպի, կստեղծի այդ երկխոսությունները, հետևողական կլինի և խնդիրը կտանի լուծման։

Նոր ուսումնասիրություն պետք էր իրականացնել։ Կարեն Աղաբաբյանը հաստատում է ՇՄ նախարարության պնդումը։ 2016-ին առաջարկված տարածքների վերջնական սահմանները Բեռնի կոնվենցիայի քարտուղարություն է ուղարկվել՝ առանց նախարարության հետ պատշաճ քննարկման։ Բացի դա նոր ուսումնասիրությունները ցույց են տվել երկու խնդիր։ Մի կողմից՝ որոշ տարածքներում անհրաժեշտ տեսակների և կենսամիջավայրերի առկայությունը բավարար չափով չի հաստատվել։ Մյուս կողմից՝ նոր տվյալներով հայտնաբերվել են տարածքներ, որոնք նախկին ցանկում կա՛մ ընդհանրապես ընդգրկված չեն եղել, կա՛մ բավարար չափով ներկայացված չեն եղել։ Դրա համար էլ այժմ որոշ տարածքների սահմաններ փոխվում են կամ նորերն են առաջարկվում։


Նոր առաջարկություններից անցել է երկու տարի։ Նախարարությունից նշեցին, որ այս առաջարկությունները հիմք են թեկնածու տարածքների վերանայման համար։ Գործընթացը դեռ չի ավարտվել։ 2024-ից հետո վերանայվում են այդ տարածքները, հաստատվում կամ հերքվում են այնտեղ առկա տեսակների առկայությունը, փոփոխվում և ճշգրտվում են տարածքները։ Նախարարությանը հարցրել էինք նաև «Ջերմուկ» տարածքի վերանայման պատճառների մասին։ Նշել են, որ ուսումնասիրվում և վերանայում են այն հատվածները, որտեղ չեն հայտնաբերվել պահպանության համար անհրաժեշտ տեսակներ։ Վերանայման արդյունքում ներառվում են պահպանության բարձր նշաձող ունեցող այլ տարածքներ։ Հարցրել էինք նաև մինչ օրս վերջնական ցանկ չունենալու պատճառները։ Շատ են պատճառները. չեն ավարտվել շահագրգիռ կողմերի հետ խորհրդակցությունները, տեսակների ու բնական միջավայրերի վերաբերյալ տվյալների ճշգրտումը, ինչպես նաեւ համապատասխան ազգային ընթացակարգեր կան, որոնց մասին նախարարությունը չէր մանրամասնել։ 

Կարեն Աղաբաբյանը նշում է, որ չպետք է սպասել, մինչև բոլոր վիճելի տարածքների շուրջ հարցերը լուծվեն։ Նախ պետք է պաշտոնապես ընդունել այն թեկնածու տարածքները, որոնց վերաբերյալ էական խնդիրներ չկան։ Այս փուլում Հայաստանը վերանայում է Կենսաբազմազանության ազգային ռազմավարությունն ու գործողությունների ծրագիրը (NBSAP), որտեղ նախատեսվում է պահպանվող տարածքների ընդհանուր մակերեսը հասցնել երկրի տարածքի առնվազն 30 տոկոսին։ Աղաբաբյանի գնահատմամբ՝ այդ նպատակին հասնելու համար կարևոր է սկսել «Էմերալդ» տարածքների պաշտոնական ընդունման գործընթացը։ Նա կարծում է, որ COP17-ը կարող է հարթակ դառնալ այդ նպատակը բարձրաձայնելու, որն էլ պարտավորություն կստեղծի գործնական քայլերի համար։ Աղաբաբյանը 2027-ը իրատեսական ժամկետ է համարում «Էմերալդ» տարածքների պաշտոնական ընդունման գործընթացը սկսելու համար։

Անկախ առկա մարտահրավերներից՝ Հայաստանը պարտավոր է ունենալ «Էմերալդ» ցանց։ Տարիների ընթացքում փոխվել են տարածքները, դրանց սահմաններն ու հիմնավորումները, սակայն վերջնական ցանց միևնույն է դեռ չկա։ Ինչ-որ մեկը պետք է սկսի «Էմերալդ» տարածքների ձևավորման հետհաշվարկը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter