Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը 2 ամսով երկարացվեց
Գործարար Սամվել Կարապետյանի տնային կալանքը, Հակակոռուպցիոն դատարանի 2026թ. սեպտեմբերի 17-ի որոշմամբ, 2 ամսով երկարացվել է։ Մեկ տարուց ավելի է, ինչ սահմանափակված է Ս. Կարապետյանի ազատությունը։
Հիշեցնենք՝ 2025թ. դեկտեմբերի 30-ին գործարար Սամվել Կարապետյանի խափանման միջոց կալանքը դատարանի որոշմամբ փոխվել էր: Կիրառվել էր տնային կալանք և գրավ: Այս ընթացքում պարբերաբար երկարացվել է խափանման միջոցի ժամկետը։
Սամվել Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 290 (Հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը), 296 (Փողերի լվացում), 422 (Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հոդվածներով։
2025թ. հոկտեմբերի 13-ին մեղադրանքը փոփոխվել է և նոր մեղադրանք է առաջադրվել Ս. Կարապետյանին՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։
Սամվել Կարապետյանի ազատությունը սահմանափակվեց 2025թ. հունիսի 18-ից, երբ դատարանի որոշմամբ կալանավորվեց։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել