HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ուր է արտահանվում հայկական մոլիբդենը

2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանից մոլիբդենի խտանյութի արտահանման արժեքը կրկնապատկվել է՝ հասնելով 200 մլն դոլարի (7.8 հազար տոննա)՝ պայմանավորված ինչպես միջազգային գների բարձրացմամբ, այնպես էլ ֆիզիկական ծավալների աճով։ Մինչ հումքային խտանյութի արտահանումը, որի հիմնական գնորդը Բելգիան է, խթանում է դեպի ԵՄ ընդհանուր արտահանումը, տեղական վերամշակման արդյունք հանդիսացող ֆերոմոլիբդենի արտադրությունն ու արտահանումը շարունակում են կտրուկ անկում գրանցել:

2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանից արտահանվել է 200 մլն դոլարի մոլիբդենի խտանյութ` մոտ 7.8 հազար տոննա։ Նախորդ տարվա նույն կիսամյակի համեմատ արտահանված մոլիբդենի խտանյութի արժեքը կրկնակի աճել է, քանակը՝ 67%-ով։

Ինչպես պղնձի, այնպես էլ մոլիբդենի միջազգային գները բարձրացել են։ Մոլիբդենի արտահանումն աճել է ոչ միայն դրա թանկացման հաշվին, այլև՝ ֆիզիկական ծավալների ավելացման։

Միջազգային շուկայում մոլիբդենի և պղնձի թանկացումը պայմանավորված է համաշխարհային առաջատար արտադրող երկրներում արդյունահանման ծավալների կրճատմամբ և պահանջարկի ավելացմամբ։

Հայաստանից մոլիբդենն արտահանվում է ինչպես խտանյութի տեսքով, այնպես էլ մշակված՝ որպես ֆերոմոլիբդեն։

Հայկական մոլիբդենի խտանյութի ամենախոշոր գնորդը Բելգիան է

Եթե Հայաստանից արտահանվող պղնձի խտանյութի ամենախոշոր գնորդը Չինաստանն է, ապա մոլիբդենի խտանյութի պարագայում Բելգիան է։

Այս տարվա առաջին կիսամյակում արտահանված մոլիբդենի խտանյութի 46%-ն, ըստ արժեքի, զբաղեցրել է Բելգիան։

Հաջորդում են Չինաստանը (17%), Բրազիլիան (մոտ 13%), Ավստրիան և Ուզբեկստանը (6-ական %)։ Այս ցանկում են Կորեայի Հանրապետությունը, Նիդերլանդները, Ռուսաստանը, Հոնկոնգը և այլն։

Զգալի աճ է գրանցվել դեպի Չինաստան և Բրազիլիա, ինչպես նաև ի հայտ են եկել նոր ուղղություններ, օրինակ՝ Ուզբեկստանը և ԱՄՆ-ն։

2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանից Բելգիա է արտահանվել 92 մլն դոլարի մոլիբդենի խտանյութ, որը նախորդ տարվա նույն կիսամյակի համեմատ աճել է 2.4 անգամ։

Մոլիբդենի խտանյութի ծավալների աճով է պայմանավորված Հայաստանից Բելգիա ընդհանուր արտահանման աճը։

Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանից Բելգիա է արտահանվել 114 մլն դոլարի ապրանք, աճը՝ 2.1 անգամ։

Առհասարակ, երբ դիտարկում ենք Հայաստանից ԵՄ արտահանման աճը, որն այս տարվա առաջին կիսամյակում կազմել է 80.2%, տեսնում ենք, որ այդ աճին էապես նպաստել են դեպի Բելգիա և Բուլղարիա արտահանումների աճերը, որոնք էլ իրենց հերթին պայմանավորված են հանքահումքի՝ պղնձի ու մոլիբդենի ծավալների ավելացմամբ։

Ֆերոմոլիբդենի արտադրությունը շարունակում է կրճատվել

Ավելի վաղ գրել ենք, որ վերջին տարիներին Հայաստանի մշակող արդյունաբերության հիմնական ոլորտներից մեկի՝ ֆերոմոլիբդենի արտադրությունն ու արտահանումը, մեծ թափով կրճատվել են։ Դրա փոխարեն երկիրը սկսել է ավելի շատ չմշակված մոլիբդեն արտահանել՝ խտանյութի տեսքով։

Հումքի գլխավոր մատակարարն ու արտահանողը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ն է։ Կոմբինատից հումք չստանալու պատճառով ֆերոմոլիբդենի ամենամեծ արտադրողը՝ «Մաքուր երկաթի գործարանը», հայտնվել է ճգնաժամում։

Ըստ էության, խտանյութը տեղում վերամշակելու և ֆերոմոլիբդեն ստանալու փոխարեն այն արտահանվում է արտասահմանյան գնորդներին, ինչն ընկերությունների համար ապահովում է ավելի արագ ֆինանսական շրջանառություն:

2024 թվականից սկսած ֆերոմոլիբդենի արտադրությունը կրճատվում է տեսանելի տեմպերով։

Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ այս տարվա առաջին վեց ամսում արտադրվել է 1 484 տոննա ֆերոմոլիբդեն, որը նախորդ տարվա նույն կիսամյակի համեմատ 50.7%-ով նվազել է։

Ֆերոմոլիբդենի արտահանումը ևս կրճատվում է։ Սակայն, քանի որ միջազգային շուկայում ֆերոմոլիբդենը թանկացել է, արտահանման ընդհանուր արժեքի նվազումն ավելի մեղմ է եղել, քան քանակային անկումը։

Այսպես, 2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանից արտահանվել է 60 մլն դոլարի ֆերոմոլիբդեն՝ 1.6 հազար տոննա։ Նախորդ տարվա նույն կիսամյակի համեմատ քանակը նվազել է 23%-ով, արժեքը՝ 8%-ով։

Ֆերոմոլիբդենը Հայաստանից արտահանվում է հիմնականում Նիդերլանդներ և Ռուսաստան։

Գլխավոր լուսանկարում՝ Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter