Վարանկաթաղից մինչև Շուշի. կամավորական Կառլեն Շագոյանի պատերազմի 44 օրերը
Կառլեն Շագոյանն Աբովյան քաղաքից է, 44-օրյա պատերազմի կամավորական մասնակից։ Պատերազմի ժամանակ 30 տարեկան էր, մինչ այդ աշխատում էր որպես տաքսու վարորդ։
Դստերս քունն Արցախից ավելի լավ կհսկեմ
Սեպտեմբերի 27-ի առավոտյան, երբ տնից դուրս էի գալիս, որ գնամ տաքսի քշելու, հեռուստացույցով լսեցի, որ Արցախում լայնամասշտաբ պատերազմ է սկսվել։ Վերցրի զինգրքույկս և գնացի զինկոմիսարիատ՝ կամավորագրվելու։ Զինկոմիսարիատում ասացին, որ գնամ տուն, անհրաժեշտության դեպքում կզանգեն։
Սեպտեմբերի 28-ին Աբովյան քաղաքում կազմավորվող կամավորական ջոկատներից մեկի կազմում Արցախ մեկնեցի, այդ օրը երեկոյան արդեն Ստեփանակերտում էինք։ Երբ տնից դուրս էի գալիս, աչքս ընկավ օրորոցի մեջ խաղաղ քնած դստերս, առաջին միտքս էր՝ ինչպե՞ս թողնեմ երկու տարեկան աղջկաս գնամ, հետո մտածեցի՝ ես, Արցախում գտնվելով, աղջկաս քունն ավելի լավ կհսկեմ ու գնացի։
Սեպտեմբերի 29-ին Ստեփանակերտի Ցորի զորամասում մեզ տվեցին ԱԿՄ տեսակի ինքնաձիգներ, փամփուշտներ և զինվորական համազգեստ, որը գույնով ու ձևով տարբերվում էր ԶՈՒ համազգեստից։
«Սեպտեմբերի 30-ին քաղաքացիական ավտոբուսներով մեր ջոկատին տարան Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղ և արդեն գիշերը տեղակայվեցինք Մաղավուզի դպրոցում։ Տեղում մոտ 400-500 հոգի աշխարհազորայիններ կային։ Այդ օրերին քաղաքացիական մեքենաներով, արկղերով մեծ ծավալի ծխախոտ ու սնունդ էին բերում։ Մաղավուզի դպրոցում ինչ-որ մեկը, որքան հիշում եմ տարիքով մեծ, կազմակերպեց, «պոստեր» դրեցին և սկսեցինք հերթապահել։ Երբ հերթապահում էինք, տեղի զինվորները, տարբերվող զինվորական համազգեստի պատճառով մեզ հակառակորդի տեղն էին դրել և ուզում էին կրակել։ Բարեբախտաբար, հարցրին, ճշտեցին, որ հայեր ենք ու չկրակեցին։
Հոկտեմբերի 2-ի երեկոյան մեզ անտառներով, դաշտերով քայլելով տարան Վարանկաթաղի (Լուլասազ) բարձունքը։ Առավոտյան 4-5-ի կողմերն արդեն Վարանկաթաղի սարի վրա էինք։ Մեզ տանող հրամանատարն անհետացավ ճանապարհին։ Տեղում տղաները ասացին, որ Վարանկաթաղի բարձունքում գտնվող ջոկատներից մեկի հրամանատարը Կոռնիձորցի Արոն էր, ով, մեզ տեսնելով, կապ հաստատեց 6-րդ պաշտպանական շրջանի բարձր հրամանատարության հետ և ասաց, որ 40 հոգի զորք է միացել իրենց ջոկատներին։ Այնտեղից ասացին, որ քանի դեռ լույսը չի բացվել թող մոտակա անտառները մտնեն։ Հենց լույսը բացվեց, հրետակոծություն սկսվեց, զոհեր ու վիրավորներ ունեցանք։ Ջոկատի մի մասն անտառը մտավ, մյուսները սկսեցին նահանջել դեպի Մաղավուզի դպրոց։ Այդ օրը կեսօրին արդեն Մաղավուզի դպրոցում էինք։
Անընդհատ թաքստոցներ ու հրետակոծություն
Հոկտեմբերի 5-ին Մաղավուզի դպրոցից մեզ տարան Հոռաթաղի հրետանային զորամաս։ Հոռաթաղի զորամասը նկուղ ուներ, մեզ հրամայեցին մտնել ու սպասել։ Այդ գիշեր հրետակոծեցին Հոռաթաղի զորամասը, ես լսեցի, թե ինչպես էին ջարդվում զորամասի լուսամուտների ապակիները։ Այդքան ժամանակ դեռ հակառակորդին չէինք տեսել, միայն թաքստոցներում էինք պատսպարվել ու հրետակոծության ենթարկվել։
Հոկտեմբերի 8-ին մեզ «ԿամԱԶ»-ներով տարան Ալաշան։ Տեղի զինծառայողներն ասում էին, որ Մատաղիսի զորքերի մի մասն Ալաշան է նահանջել։ Ալաշանի զորամասի մոտ անտառներում փայտից թեթև ծածկ սարքեցինք ու այդտեղ էինք ապրում։ Մի քանի օր հետո խուճապ ու իրարանցում սկսվեց, մի փոքր խումբ էր լուր տարածողը, թե «տանում են մեզ զոհ տալու, մորթելու, մենք գնում ենք տուն, ո՞վ է մեզ հետ գալիս» և նմանատիպ այլ խոսակցություններ։ Այդտեղ գտնվող զորքերի մի մասը հենց դրան էր սպասում և տարբեր խմբերով թողեցին, գնացին։ Աբովյանի ջոկատի մարտընկերներիցս Նորայրին իր բարեկամ զինվորականը տարավ ուրիշ զորամաս, իսկ մյուս մարտընկերս՝ Նժդեհը, գնաց Գետավան գյուղ, որտեղ մեր ծանոթ կամավորականներից մեկը իր բարեկամներին էր օգնում հացի փռում, և Նժդեհն էլ միացավ նրանց։
Հոկտեմբերի 12-13-ին (հստակ օրը չեմ հիշում) ես Քարվաճառով տուն եկա։ Եկա աղջկաս տեսա, մի քանի օր հանգստացա ու սկսեցի Արցախ գնացող մեքենա փնտրել, չէի գտնում։ Ալաշանում ընկերացած մի մարտընկերոջից՝ Նժդեհից, հեռախոսահամար ունեի, զանգեցի, հետո գտանք մեր մյուս մարտընկերոջը՝ Նորայրին, որ հասկանանք, թե ինչպե՞ս հետ գնանք Ալաշան։ Արցախ գնացող փոխադրամիջոց չգտանք ու գնացինք Նորայրի մեքենայով։
Հոկտեմբերի 20-ին արդեն նորից Ալաշանում էինք։ Պարզվեց՝ տեղում միայն սպաներ են մնացել, իսկ զորքերը տեղափոխել են Մարտակերտի շրջանի Մեծ Շենի անտառներ։ Գնացինք Մեծ Շենի անտառներ, գտանք 12-րդ վաշտի հրամանատար, ավագ լեյտենանտ Տ. Վանյանին և ասացինք, որ մեզ վերցնի իր վաշտ։ Նորայրի մեքենան մնաց անտառի մոտ՝ ճանապարհի վրա, բաց տարածքում կանգնած, որը հետո Վանյանը Աբովյան քաղաք ճանապարհեց։
Գնում ենք հետ գրավելու Շուշին
Նոյեմբերի 5-ի գիշերն էր՝ մոտ ժամը 02:00-ին, ուժեղ անձրև էր գալիս, մենք էլ անձրևի տակ խորը քնած էինք ու հանկարծ մեր 4-րդ գումարտակի հրամանատարի՝ մայոր Գավրուշ Հարությունյանի ձայնն ենք լսում․ նա «տագնապ» էր գոռում։ Գավրուշը ծնունդով Ստեփանակերտի արվարձաններից՝ Կրկժանից էր և մեր լավագույն սպաներից մեկն էր։ Հրամանատար Գավրուշը հրամայեց արագ տեղավորվել «Ուրալ»-ները։ Նստեցինք ՊԲ «ԿամԱԶ»-ներով ու «Ուրալ»-ները և գնացինք շատ արագ։ Ճանապարհին Գավրուշը մեզ իջեցրեց, շարք կանգնեցրեց և ասաց, որ Շուշիի վրա հարձակման ենք գնում, և լուրջ գործողություն է լինելու, գնում ենք հետ գրավելու Շուշին թշնամուց։ Գավրուշն այն բացառիկ հրամանատարներից էր, ով իսկապես հրամանատար էր և իր կեցվածքով ու արիությամբ բարձրացնում էր մեր մարտական ոգին։ Ճանապարհին՝ Շուշի չհասած՝ բենզալցակայանի մոտ ընկանք հրետակոծության տակ, կրակում էին ինքնաձիգներից ու գնդացիրներից։ «Ուրալ»-ներից թռանք ներքև։ Գավրուշը գոռաց «մարտի» ու իր ժամկետային զինվորների մի խմբի հետ վազեցին թշնամու ուղղությամբ։ Մենք մնացինք մոշի թփերի տակ, ճանապարհի բենզալցակայանի մոտակայքում։ Գավրուշն իր զինվորների հետ թեժ կռիվ է տալիս։ Ավելի ուշ կռվողներին միացան Արցախի «սպեցնազի», Եղնիկների ու Ասկերանի զորքերը։ Վիրավորներն ու զոհվածները բազմաթիվ էին։ Այդ ժամանակ Նորայրն արդեն վիրավորներ էր թիկունք տեղափոխում։ Կողքիս պառկած գնդացրորդին ուսից խփեց թշնամու դիպուկահարը, ես ուսը կապեցի ու նա թիկունք գնաց։ Հետո մեր վաշտի զինվորներից մեկը եկավ, տեսնելով գնդացիրը՝ սկսեց կրակել։ Այդ ժամանակ ես էլ վերցրի տարածքում ընկած ինքնաձիգներից մեկը ու սկսեցի կրակել, այնքան շատ զենք կար կողքերս, որ պահեստատուփ փոխելու կարիք անգամ չէր զգացվում, այլ մի ուրիշ ինքնաձիգ էի վերցնում։ Որոշ ժամանակ անց մի զինվոր մոտեցավ և ասաց, որ այստեղ մնալը իմաստ չունի, հաշվում ենք մինչև երեքը ու վազենք ներքև։ Բաց տարածք էր, որտեղից անցնողին խփում էին, մենք բարեհաջող վազեցինք ներքև։ Այդ օրը մեզ տարան Կրկժան։
Նոյեմբերի 7-ին Կրկժանում խրամատ փորեցինք, դիրքավորվեցինք ու սկսեցինք հերթապահել։
Նոյեմբերի 7-ին մեր զորքերը Շուշիի վրա համազարկով կրակ բացեցին, այդ օրն իմ ամենաուրախ օրն էր, սիրտս փառավորվեց այդ համազարկից։ Հրամանատար Գավրուշ Հարությունյանն էլ «ԱԳՍ»-ով էր համազարկին մասնակցում՝ կրակում։
Նոյեմբերի 9-ն էր։ Կրկժանում մեզ հատկացված զորանոցի վերածված տան նկուղում քնած էի, Նժդեհն ինձ քնից հանեց ու ասաց «զարթնի, կռիվը պրծավ», ես չէի հավատում, բայց նկուղից դուրս եկա ու հեռվում տեսա Շուշիի սալյուտները, կրակահերթերը, հակառակորդի ուրախությունը, գոռոցները և աչքերիցս արցունքի կաթիլներ էին գլորվում։
Գրի առավ Նարեկ Վարդանյանը
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել