Փոթորկոտ ծովով դեպի փոթորկոտ կյանք. բժիշկ Վահրամ Թորգոմեանի պատմությունը (մաս 2)
Մոնտեքրիստոյի փոթորիկը
Վահրամ Թորգոմեանը մեկնեց Փարիզ՝ կարմիր ֆեսը գլխին, վերադառնալու եվրոպական գլխարկով՝ լեցուն բժշկական գիտելիքով և աշխատելու անսպառ եռանդով: Նաև՝ վառված առաջին սիրուց և երկրորդի սպասումով: Բայց մինչ «կվառվեր» առաջինից և կհամոզեր ինքն իրեն, թե 2-րդը վրա հասնելու վրա է, դեռ պետք է հաղթահարեր ահռելի փոթորկի մարտահրավերը, որ պատահեց դեպի Մարսել ծովային ճանապարհին գտնվող Մոնտեքրիստո կղզու մոտ, երբ նավը «փոքրիկ նարինջի մը պէս...» տարուբերվում էր ալիքների վրա: Փառք Աստծո, ամեն բան բարեհաջող անցավ:
Հայ բժիշկներ՝ Բելուջիստանից մինչև...
Առաջին նամակում, որ ուղարկել էր մորը մինչ Ֆրանսիա հասնելը գրում է՝ «Սիրելի Մայրիկս,.... մեկնելուս նախորդ գիշերը զիս շա՜տ գրկեցիր, շատ ալ լացիր: Աստուծով կը խնդացնեմ քեզ մէկ օր»: Եվ այդպես էլ արեց: Ուսումից հետո իր համբավը որպես բժշկի և ազգային գործչի տարածվեց Պոլսում, իսկ հայ բժիշկների մասին հավաքած իր տեղեկությունները և հատկապես «Հանդէս Ամսօրեայ»ի էջերին հրապարակումները մի անփոխարինելի հանրագիտարանային շտեմարան դարձան: Որտեղի՛ց պետք է պարզ ընթերցողը իմանար, օրինակ՝ 1824-ին Անգլիա-Բիրմա ընթացող 1-ին պատերազմի հաշտարար Բիրմանական տերության նախարար Սարգիս Մանուկեանի ազգականի՝ Անգլո-Հնդկահայ զինվորական բժիշկ Սարգիս Թադէոսեան-Աւետումեանցի մասին, որ ծնվել էր Բասրայից Կալկաթա տեղափոխված վաճառական ընտանիքում, որ, որպես զինվորական բժիշկ, հայտնվել էր Բելուջիստանի և Աֆղանստանի կռիվների կիզակետում և իր ստեղծած թանչի՝ դիզինտերիայի բուժման դեղով փրկել էր հազարավոր զինվորականների և քաղաքացիականների կյանք: Մեկը, որ հետո հասնում է Վիեննա՝ որպես քիթ-կոկորդ-ականջի բժիշկ, իսկ Լոնդոնում աշխատում է արքայական ակնաբուժարանում: Կամ ո՛վ պետք է այստեղից-այնտեղից ամբողջական տեղեկություն քաղեր և ներկայացներ Հնդկահայ Ստեփանոս բժիշկ Յովէսեփեան Մանուկի պատմությունը, որի վաճառական հայրը Շիրազից տեղափոխվել էր Հնդկաստան, Ռանգունում՝ Բիրմա՝ այսօր Մյանմա, կառուցել էր մեծ առևտրային նավ՝ կոչելով այն իր դստեր՝ Եղիսաբեթի անունով, որը միջոց չէր խնայել, որպեսզի իր տղան Լոնդոնում բժշկական փայլուն կրթություն ստանա, հետո մեծ համարում ձեռք բերի Հնդկաստանում և փրկի մարդկանց ջրագարությունից՝ խոլերայից, դառնա Շահաբադ շրջանի Սանգբհոնի քաղաքապետի փոխանորդ և վարի արքունական գանձարանը և բուժի ամենատարբեր հիվանդների: Ո՛վ պետք է հավաքեր տեղեկություններ դարմանող, հիվանդանոցներ հիմնած և հիվանդախնամ հայ տիկնանց մասին՝ Աղվիթայից սկսած մինչև Կաղ Աննա՝ Աննա դայակ Չէյտէմեան, Զապել թագուհուց մինչև Սիամ խաթուն և Շուշանիկ: Եվ այսպես՝ 1000-ին մոտ պատմություններ՝ բժշկանան պատմաբանության համար, այդ թվում նաև իր ժամանակակից մեծանուն բժիշկների՝ Սերվիչենի, Ստեփան փաշա Ասլանեանի և ուրիշների մասին: Ինչևէ՝ Փարիզում դարձավ հայտնի սրտաբան և թերապևտ Պիեռ Պոտենի աշակերտը:
Առաջին սեր, երկրորդ սեր...

Ավետիս Նազարբեկեանի հետ
«Խարտեաշ մազերով, հրապուրիչ աչքերով 19 տարեկան գեղանի ֆրանսուհի մ՛էր...որ վառած էր սիրտս»: Անունը չի նշում, միայն պատմում է, որ եղել է շվեյցարացի հայտնի Դը Գրաֆենրիտների ընտանիքի վարժուհին, որտեղ ինքը հաճախ է հյուրընկալվել ընկերոջ հետ: Որպես կանոն՝ ընթրիքից հետո օրիորդին ճանապարհել է տուն՝ Բաստիլի հարապարակի մոտ: 3 ամիս տևած, Վահրամի պնդմամբ, իրենց «պղատօնական սէրը» ընդհատվում է շատ դրամատիկ կերպով: Շաբաթների լռությունից հետո, աղջիկը վռնդում է Վահրամին առանց բացատրության: Պարզվում է, որ Դը Գրաֆենրիտի տղան «իրենց վարժուհին գինովցուցեր ու բռնաբարեր է...» և լքել հղի վիճակում...: Ախորժակի կորուստ, ընճախտ, մինչև որ մի վատ լուր ստացավ Պոլսից. Այրվել էր հոր վարսավիրանոցը: «Սէր-մէր» մոռցավ: Ժամանակավոր, մինչև որ Թիֆլիսից Փարիզ եկավ ոմն տիկին Մինա Նազարբէկեան, որ պարզվեց այդքան էլ ոմն չէր, այլ մեծահարուստ Ալեքսանդր Մելիք Ազարեանի քույրն էր: Այն նույն Մելիք Ազարեանի, որի կառուցած եկամտաբեր շքեղ տունը դարձել էր Թիֆլիսի զարդը, որը Սյունիքում հենց «Սյունիք» անունով և ֆրանսական տեխնոլոգիայով պղնձամոլիբդենային գործարանը էր կառուցել, որ անհամար հարուստ էր, բայց որը, բոլշևիկների ասպատակության ժամանակ, մահանալու էր աղքատության և սովի ճիրաններում՝ իր երբեմնի դղյակի նկուղի մի անկյունում: Ինչևէ՝ այս տիկին Մինան Փարիզ էր եկել իր դստեր՝ Լիզայի և որդիներից՝ Ավետիսի՝ հետագայում «Հնչակ» թերթի խմբագիր և նույն կուսակցության հիմնադրի հետ: Իրականում Թիֆլիսից ուղղակի փախցրել էր սոցիալ դեմոկրատական հայացքներ ունեցող որդուն, որով սկսել էին հետաքրքրվել ռուսական հատուկ ծառայությունները: Կարճ ասած, պտույտներ Լյուքսենբուրգյան այգում, թեյախմություն, օրիորդ Լիզայի «դաշնակ ածել»ը, Ավետիսի ջութակի նվագը, հաճելի երեկոներ Շոպենի հոգեթով մեղեդիների և հայկական «Ծիծեռանկ» և «Արաքսի արտասուքը» երգերի հնչյունների տակ: Կամաց-կամաց «...յուսախաբ եղած...» սերը փոխադրվում էր դաշնակահար օրիորդի վրա: Եվ համարձակություն ունեցավ տիկին Մինայից խնդրելու Լիզայի ձեռքը՝ ուսումն ավարտելուց հետո ամուսնանալու հստակ մտադրությամբ: Մինային սկսեց սիրել իր մոր պես, Ավետիսին՝ եղբոր և սրտատրոփ սպասեց Թիֆլիսից Մելիք Ազարեանի հեղինակավոր կարծիքին այս հարցի շուրջ: Սա էլ մի փոքր վիրավորական նամակ գրեց քրոջը՝ թե այդ Թորգոմեան ասվածը կարգի՞ն բժիշկ է, Պոլսի հարո՞ւստ ընտանիքից է: Որոշեցին հանդիպել Պոլսում, երբ Վահրամը կվերադառնար ուսումից: Նորից փոթորկոտ ծովով` բժշկական գործիքներով զինված, Մարսելից հազիվ հասավ Զմյուռնիա՝ օրորոցի պես աջուձախ, վերիվար տատանվելով: Մինան եկավ, տեսավ անշուք բնակարանը, և նյութը փակվեց: Նորից տվայտանք: Որոշեց այլևս երբեք ամուսնության մասին չմտածել, գլխովին մտնել գործի մեջ: Իրենց տան մի անկյունը հարմարեցրեց հիվանդներ ընդունելու համար: Սկսեց նաև բժշկագիտական հոդվածներ գրել: Դրանցից մեկը հուզիչ մի խոստովանություն էր իր ասպարեզի ծածուկ և անարդար իրականության մասին, որին չէր կարողանում համակերպվել: «Աղքատ հիւանդներ. Դուք բժշկի գթութեանը կարօտ...գիտէ՞ք արդեօք թէ ի՛նչ մեծ դեր ունիք բժշկական արուեստին մէջ, և թէ ո՛րչափ պարտաւոր են ձեզ բժիշկներն և բժշկական յառաջադիմութիւնը: ...բժիշկները ձեր վրայ կ՛ուսումնասիրեն անծանօթ հիւանդութիւնները. Դուք եք անոնց հետազօտութիւններուն փորձարանը, ձեր շնորհիւ կը գրեն անոնք իրենց մեծահատոր աշխատութիւնները»: Իր պարտքը համարեց անհատույց բուժել աղքատներին: Սկյուտարում անվճար օգնում էր աղքատ ծննդկաններին: Եվ այդ շրջանին շատ նորածիններ կոչվեցին Վահրամ և Վահրամուհի: Նրան կանչում էին քաղաքի տարբեր թաղերից՝ «հայ եւ թուրք երեւելի ընտանիքներու բժիշկը կ՛ըլլայի»: Ճիշտ է, 4 տարի անց, տիկին Մինա Նազարբէկեանը, որ այդպես արհամարհական վերաբերմունք էր ցուցաբերել Թորգոմեանների նկատմամբ, իր ավագ որդու՝ Խաչատուրի միջոցով ընկավ Վահրամի ետևից՝ Լիզայի հետ հարաբերությունները վերականգնելու խնդրանքով: Երևի ուզող չէին ճարել աղջկա համար: Քրոջ հետ հանգստի մեկնած Վահրամին Փարիզներում փնտրելուց հետո՝ Խաչատուրը նրան գտավ Մարսելում: Եվ ստացավ մերժում, նաև՝ տեղեկություն, որ նոր սեր ունի ու պատրաստվում է ամուսնանալ:
Գափամաճեաններու աղջիկը

Կալենիկ Գափամաճեան- Թորգոմեան
Նոր սերը պատվական ոսկերիչ Կարապետ Գափամաճեանի մեծ աղջիկն էր՝ օրիորդ Կալինիկը: Հե՛նց այս աղջկա հետ ամուսնանալու համար քաջություն հավաքելու և մտքերը խաղաղեցնելու նպատակով էր քույրերից Սաթենիկի հետ մեկնել ուղևորության դեպի Ֆրանսիա: Քանի դեռ ուսանող էր, Փարիզի ոսկերչական խանութի ցուցափեղկերից փայլփլող ադամանդակուռ զարդերը տեսնելով, գրել էր քույրերին, թե՝ գալու է այն օրը, երբ բժիշկ կդառա և ի՜նչեր պիտի անի նրանց համար. «վիզերնուդ մարգրիտներ, ականջներուդ ոսկի օղեր մը պիտի զառնեմ..» : 1889-ին այս ճամփորդության ուղղությունը պատահական չէր ընտրված: Ֆրանսիան նշում էր Բաստիլի 100 ամյակը և Փարիզում ամիսներ տևող համաշխարհային մեծ ցուցահանդես էր կազմակերպված: Բացվել էր Մուլեն Ռուժը, Էֆելյան աշտարակը: Դրանք տեսնել էր պետք: Քույր և եղբայր Թորգոմեանները եղան առաջիններից, որ բարձրացան «նորահրաշակերտ Էյֆէլեան աշտարակին մինչեւ գագաթը», 1-ի հարկի ճաշարանում համտեսեցին տեսակ-տեսակ խորտիկներ...բայց նման զբոսանքներից զատ՝ Վահրամի համար մի առանձնակի վայելք դարձավ Ազգային գրադարանում պահվող հայ բաժշկական ձեռագրերը թերթատելը: Այս նյութերն էլ առիթ դարձան հետագային հայ բժշկության պատմության շարքը շարունակելու:

Թորգոմեանը որդու՝ Արամի հետ
Նեցուկները, որ լքեցին իրեն
Եվ այսպես՝ 1890 Հոկտեմբեր 20-ին Ալեմդաղում գնած նոր գեղեցիկ տուն կին բերեց ազնիվ, շնորհալի Գամափաճեան Կալինիկին՝ «կին ժրագլուխ պսակ առն իւրում»: Ունեցան 2 որդի՝ Արամ-Թորգոմ և Սուրեն-Պարույր: 1891-ի Սեպտեմբեր 10-ին եղբորը՝ Գևորգին գրած նամակում կարդում ենք. «Այսօր Արամիկս 20-րդ օրը կը բոլորէ. Արդեօք անոր 20-երորդ և աւելի տարիներուն բոլորիլն ալ պիտի տեսնա՞մ: Աստուած որ մեր բոլոր իղձերուն գոհացում պարգեւած է, անշուշտ զաւկիս վրայ խնդալ պիտի շնորհէ ինձ եւ պիտի թոյլ տայ՝ որ վայելեմ զաւկիս փայլն ու փառքը»: Թորգոմեանը տեսավ իր որդու հաջողությունը երկրաչափի մասանգիության մեջ: Տեսավ Արամի 44-րդ տարեդարձը ևս: Եվ վերջ: 1933-ի Հոկտեմբերին Արամը Փարիզում զոհ դարձավ ինքնաշարժի արկածի: Բայց ընտանիքին բաժին հասած դժբախտությունը այսքանով չէր սահմանափակվելու: Ճակատագիրը նոր դաժան փորձություն էր բաժին հանելու բազում կյանքեր փրկած դոկտոր Թորգոմեանի և նրա սիրելի տիկնոջ համար: Նա իր 2 տղաներին մեծ կաշառքով ազատել էր թրքանակ բանակից, որովհետև գիտեր որ «...այն հայ եւ յոյն պատանիները, որոնք կը զօրակոչուէին թուրք բանակներու մէջ ծառայելու՝ կը մեկնէին անդարձ, աւա՜ղ»: Բայց ճակատագրից չես փախչի: Թորգոմեանը ուրախացավ իր կրտսեր որդու՝ չափագիտության ու գծագրության մասանգետ Սուրենի հաջողություններով ևս: Վայելեց հարսի՝ Սոֆիի ներկայությունը իրենց ընտանիքում, երջանկացավ թոռնուհու՝ Թոնի-Սիմոնի լույս աշխարհ գալով: Բայց Սուրենի մոտ հոգեկան խնդիրներ ի հայտ եկան: Հաստատությունում նրան խնամում էին հերթով մայրը, հայրը, կինը: Մահից երկու օր առաջ «...գացի Սուրէնիս, որ զիս գգուեցաւ, լացաւ...»: Երկու օր հետո՝ 1937-ի Օգոստոս 24-ին՝ երեքշաբթի, «առաւօտեան ժամը 2-ին թևերուս մէջ իր հոգին աւանդեց: Հոծ արցունքներով ողողեցի ձեռքը...»: «...Աւա՜ղ որ, երկուքն ալ ծերութեանս նեցուկները, վաղաժամ կորուստի, անմխիթար սուգերու մէջ...» թողեցին ծնողներին: Գրում է, որ երբ Սուրենին ճանապարհում էր Փարիզ՝ սովորելու, նավամատույցում չէր կարողանում զսպել արցունքները: «...արցունքներ, որոնք այսօր խորհիլ ինձ կու տան, թէ արդեօք զաւկիս վաղահաս մահուան նախագուժա՞կ էին...թէ պիտի կորսնցնէի զայն ընդմիշտ»: Այս երկու ողբերգական մահերը տեղի ունեցան Փարիզում, ուր տեղափոխվել էին ընտանիքով 1923-ին՝ իշխանության եկած վտանգավոր Քեմալի կառավարման շրջանին: Բայց մինչ Պոլիսը լքելու պահը կհասունանար, ինչե՛ր չանցան նրա գլխով, ասենք՝ ամբողջ հայության:

Սրճարանում հարսի՝ Սոֆիի և որդու՝ Սուրենի հետ, 1924
Աքսոր
1915-ի Ապրիլ 24-ին ձերբակալված շատ մտավորականների հետ աքսորվեց Չանղըրը: Աբդուլմեջիդ 2-րդը, Օսմանյան կայսրությունում օտարերկրյա դեսպանները՝ հատկապես Ամերիկայի դեսպան Հենրի Մորգենթաուն, Թալեաթին դրդեցին ազատ արձակել մի քանի մտավորականների: ԱՄՆ դեսպանատան գլխավոր թարգմանիչ և իրավախորհրդատու Արշակ Շմաւոնեանը ահռելի գործ արեց այս առումով: 1915-ի Մայիս 7-ին հատուկ հրամանով ազատ արձակելու վճիռ կայացվեց, և Չանղըրը աքսորավայրից Կոմիտասը, Բիւզանդ Քէչեանը, Կաւռոշը, 57-ամյա Վահրամ Թորգոմեանը և էլի բժիշկներ տուն դարձան։ Բացի բարձր բարեխոսություններից, նաև Վահրամի եղբայրն էր մեծ կաշառքներ բաժանել այսուայն կողմ: Աքսորից նոր-նոր ազատված՝ նա անմիջապես սկսեց մյուս աքսորյալներին ազատելու ճանապարհներ գտնել: Զաւեն պատրիարքի հորդորով տեղեկություններ փոխանցեց առ որ անկ է հայության վիճակի մասին: Նորից դիմեց Աբդուլմեջիդ 2-րդին, որը, անկախ քաղաքական իրավիճակից, չուրացավ ո՛չ Կոմիտասի և ո՛չ էլ դոկտոր Թորգոմեանի արածները իր ընտանիքի, և շատ թուրքերի հոգևոր և մարմնական առողջության համար: Աբդումեջիդը խոսեց իր հորեղբորորդի սուլթան Ռեշադի հետ, որն էլ «...խոստացել է խիստ պատուէրներ հանել, կանչել եպարքոս Թալէաթ փաշան եւ պահանջել՝ որ վերջ տրուի տեղի ունեցած հայահալած ու հայաջինջ գործողութիւններուն եւ պատժուին ասոնց պարագլուխ-հեղինակները»:
Ադանայի կոտորածի նախընթաց ամիսները
Միտքն էր գալիս 1908-ը. Ինչպես, այժմ աքսորված և տանջամահ եղած իր ընկեր-բարեկամ մատավորականները, մեծ շուքով դիմավորեցին երիտթուրքերին: Ինչպես Պոլսի Սուրբ Երրորդություն եկեղեցում Դուրեան սրբազանը հոգեհանգստի մեծաշուք կարգ կատարեց հեղաշրջման ժամանակ սպանված թուրքերի համար, իսկ Բերայի թաղական խորհուրդը հիշատակի հանդես արեց՝ ի նշանավորումն սպանված և շեհիդ դարձած զինվորականների: Ինչպես Գ. Զոհրապը, Շահրիկեանը, Ռ. Զարդարեանը, Ակնունին, Հմայակ Խոսրովեանը և ուրիշներ Քառոլ Ա. շոգենավով ամբողջ գիշեր նավարկեցին Դարդանելով՝ դիմավորելու վտարանդությունից Թուրքիա վերադարձող երիտթուրքերի լիբերալ թևի առաջնորդ իշխան Սապահէտտինին, որի՝ ազգային համայնքների մասին պատկերացումները միանգամայն ընդունելի էին հայերի համար: Հիշում էր, ինչպես էր թուրքական բանակի նվագախումբը կատարում «Անդրանիկը քաջ» երգը, կամ ինչպես ջերմորեն թուրքերը դիմավորեցին Երուսաղեմի աքսորից վերադարձող Իզմիրլեան պատրիարքին: Եվ այս մեծ ոգևորությունից ամիսներ անց եղավ Ադանայի կոտորածը: Խառը մտքեր էին: Վահրամը նաև հայ տեղահանվածների և ընդհանուր օրհասական վիճակի մասին պատրիարքի տեղակագրերն էր փոխանցում պապական նվիրակ մոնսինյոր Դոլչիին: Բայց շուտով երիտթուրքերի աչքն ու ականջը հանդիսացող Հարություն Մկրտչեան անուն մի մատնիչ ստահակ, իր տերերից «պախշիշ մը աւել ստանալու համար», հայտնում է պատրիարքի և հատկապես սուլթանի միջնորդավորված այս կապի մասին: Զավեն պատրիարքին աքսորում են Բաղդատ, իսկ Պոլսո պատրիարքությունը լուծարվում է, և երիտթուրքական իշխանությունները ստեղծում են մեկ ընդհանուր մարմին՝ Կիլիկիոյ կաթողիկոսությունից, Պոլսի և Երուսաղեմի պատրիարքություններից կազմված՝ կոչելով այն Թուրքիոյ Հայոց Կաթողիկոսութիւն-Պատրիարքութիւն: Աքսորից հետո, քեմալական շրջանում Զավեն պատրիարքը հեռացավ Կիպրոս՝ ստանձնելով Մելքոնեան վարժարանի տնօրինությունը և գրեց իր ծանր հուշերի գիրքը: Դե, իսկ դավաճանին շանսատակ արեց օրհնյալ Սողոմոն Թեհլիրեանը: Ո՛րքան շատ գործ կար անելու հայության համար և որքան քիչ հույս, բայց անպայման գործել էր պետք:
շարունակելի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել