HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ո՞ւմ բաժին «բեռն է» Հրազդանի կիրճը 

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը Հրազդանի կիրճում՝ «Մերիդիան» էքսպոկենտրոնի հարակից տարածքում, շինարարական աշխատանքների հետևանքով առաջացած իրավիճակի վերաբերյալ գրություն է ուղարկել Երևանի քաղաքապետարան։

Այս մասին Տեսչական մարմինը «Հետքին» հայտնել է՝ ի պատասխան սեպտեմբերի 22-ին ուղարկված հարցման։

Տեսչական մարմինը նշել է, որ «Հետքի»՝ սեպտեմբերի 11-ին հրապարակված տեսանյութի հիման վրա ուսումնասիրություն է իրականացրել։ Արդյունքում, հիմք ընդունելով ՀՀ հողային օրենսգրքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, ինչպես նաև «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի և 46-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջները` գրություն է ուղարկել Երևանի քաղաքապետարան։

Տեսչական մարմինը, սակայն, չի հայտնել՝ ուսումնասիրության արդյունքում որևէ խախտում հաստատվե՞լ է, թե՞ ոչ։ Փոխարենը հարցը փոխանցել է Երևանի քաղաքապետարանին։ 

Մեջբերված իրավական դրույթները վերաբերում են Երևանի քաղաքապետի լիազորություններին։ 

Մասնավորապես, «Հողային օրենսգրքի» նշված հոդվածի համաձայն՝ «համայնքի ղեկավարը վերահսկողություն է իրականացնում հողօգտագործողների կողմից հողային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ»։ 

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի համապատասխան հոդվածներով էլ Երևանի քաղաքապետը վերահսկողություն է իրականացնում Երևանի տարածքում գտնվող հողամասերի, շենքերի և շինությունների նպատակային օգտագործման և պահպանման, քաղաքաշինական կանոնադրությամբ սահմանված պահանջների կատարման նկատմամբ։ Մյուս հոդվածը վերաբերում է համայնքի վարչական սահմաններում ապօրինի հողօգտագործումը կանխարգելելու, կասեցնելու և վերացնելու քաղաքապետի լիազորություններին։  

Այսինքն՝ Տեսչական մարմինը հարցը քաղաքապետարան է ուղարկել՝ հղում կատարելով այն իրավական կարգավորումներին, որոնք սահմանում են Երևանի քաղաքապետի վերահսկողական լիազորությունները։

Այդ դեպքում հարց է առաջանում՝ եթե նույն լիազորությունները առկա էին նաև «Հետքի» նախորդ ահազանգի ժամանակ, ինչո՞ւ դրանց հիման վրա Տեսչական մարմինը նախկինում այլ ընթացակարգ չի կիրառել։

Ինչի՞ մասին էր «Հետքի» հրապարակումը

Սեպտեմբերի 11-ին «Հետքը» հրապարակել էր «Ինչո՞ւ Տեսչականը «չի տեսնում» Հրազդանի կիրճի աղտոտումն ու ջարդված ծառերը» վերնագրով տեսանյութ։ 

Տեղում արձանագրել էինք, որ տարածքում շինարարության հետևանքով մի շարք ծառեր արդեն ջարդվել են, մյուսները թեքվել են ու կարող են տապալվել։ Դրանից առաջ «Հետքը» մի քանի անգամ անդրադարձել էր «Մերիդիան» էքսպոկենտրոնում իրականացվող շինարարությանը։ Իսկ հուլիսի 27-ին հրապարակված նյութում գրել էինք, որ տարածքի հարթեցման և ասֆալտապատման աշխատանքների հետևանքով առաջացած հողային զանգվածները լցվել են Հրազդանի կիրճ՝ հասնելով գետի հուն և վնասելով տարածքի ծառերը։

Այս հրապարակումից հետո Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վարչական վարույթ էր հարուցել։ Սակայն, հետագայում կարճել էր այն՝ նշելով, որ ծառերը «մինչև աճի դադարեցման աստիճանի վնասված չեն», իսկ գետի հունի փոփոխություն չի արձանագրվել։ Վարույթի կարճմանը հաջորդած հրապարակման մեջ անդրադարձել էինք «Ջրային օրենսգրքի» այն դրույթներին, որոնք վերաբերում են ջրային օբյեկտների հետ փոխկապակցված էկոհամակարգերի պահպանությանը և ջրային ռեսուրսների աղտոտման ու աղբոտման կանխարգելմանը։ 

Ի՞նչ հիմքով էր ԲԸՏՄ-ն կարճել վարույթը

Տեսչական մարմնին «Հետքը» խնդրել էր պարզաբանել, թե նախկին վարույթը նախաձեռնելիս կամ կարճելիս ինչու հիմք չեն ընդունվել Ջրային օրենսգրքի 98-րդ և 99-րդ հոդվածները, «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» օրենքի 4-րդ հոդվածը։  

Միաժամանակ խնդրել էինք տրամադրել Տեսչական մարմնի՝ Հրազդանի կիրճ կատարած այցի արձանագրությունը, ուսումնասիրության նյութերը, տեսանկարահանումները և մասնագետի եզրակացությունը, որոնք հիմք են հանդիսացել վարչական վարույթը կարճելու համար:  

Տեսչական մարմնի պատասխանից հետևում է, որ առաջին ահազանգից հետո Հրազդանի կիրճում խախտումներ չի արձանագրել։ Տեսչականը նաև նշել է, որ ուսումնասիրել է «Հետքի» մատնանշած Ջրային օրենսգրքի և բնապահպանական վնասի հատուցման մասին օրենքի դրույթները։  

Սակայն տեղում, ըստ Տեսչական մարմնի, չի արձանագրվել «ջրային ռեսուրսի էկոհամակարգին ու բնական լանդշաֆտին սպառնացող վտանգ, բուսական աշխարհի օբյեկտների, բուսական ծածկույթի ջրապահպան, հողապաշտպան հատկությունների խաթարման փաստեր, ինչպես նաև գետի առափնյա հատվածի հողի աղբոտում»։

Եթե վտանգ չկա, ինչո՞ւ է հողը պետք հեռացնել

ԲԸՏՄ-ի օգոստոսի 4-ի արձանագրության մեջ նշվում է, որ տարածքի զննության ժամանակ պարզվել է՝ շինարարական աշխատանքների ընթացքում հողը ոչ թե լցվել է գետը, այլ լցվել է գետի լանջին։

Միաժամանակ նույն արձանագրության մեջ նշվում է, որ «շինաշխատանքների ավարտից հետո լանջ լցված բնահողը հետ է հանվելու»։

Ուստի բնական հարց է ծագում․ եթե լանջին լցված հողը, ըստ Տեսչական մարմնի, վտանգ չի ներկայացնում բուսականության, Հրազդան գետի կամ գետի էկոհամակարգի համար, ապա ինչո՞ւ է շինարարության ավարտից հետո անհրաժեշտ այդ հողը լանջից հեռացնել։

Տեսչական մարմինը «Հետքին» տրամադրել է նաև օգոստոսի 4-ին արված լուսանկարները։ Սակայն, դրանցում չեն երևում այն հատվածները, որտեղ «Հետքի» նկարահանումներով արձանագրվել էին գետ հասած քարերն ու հողը, ինչպես նաև վնասված ծառերը։

Այդ հատվածների լուսանկարներն ու տեսանյութերը մենք արձանագրել և հրապարակել ենք։

Այսպիսով, ԲԸՏՄ-ն հստակ չի պատասխանում՝ Հրազդանի կիրճում արձանագրված իրավիճակը իրավական առումով խախտո՞ւմ է, թե՞ ոչ։ Տեսչական մարմինը, փոխարենը, հարցը փոխանցել է Երևանի քաղաքապետարանին։

Ո՞վ է, ի վերջո, Հրազդանի կիրճի պահպանության պատասխանատուն, և ո՞ր պետական մարմինը պետք է գնահատի այնտեղ տեղի ունեցածի օրինականությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter