2027-ին նախատեսվում է 988 մլրդ դրամ բյուջեից տրամադրել պետական պարտքի մարմանն ու տոկոսներին
Կանխատեսումների համաձայն՝ այս տարեվերջին Հայաստանի պետական պարտքը կկազմի 5.8 տրիլիոն դրամ: Եկող տարվա պետական բյուջեի նախագծով նախատեսվում է, որ պարտքը կշարունակի աճել՝ հասնելով 6.45 տրիլիոն դրամի:
Ընդ որում, սպասվում է, որ ի տարբերություն նախորդ տարիների՝ եկող տարի արտաքին պարտքն ավելի արագ կաճի (ՀՀ դրամով արտահայտված՝ 14.2%-ով), քան՝ ներքին պարտքը (8.5%-ով)։
«ՀՀ կառավարության պարտքի կառուցվածքում ներքին արժույթով պարտքը կշարունակի պահպանվել պատմականորեն բարձր մակարդակներում, կշարունակվեն արտաքին ներդրողների շրջանում պարտատոմսերի շուկայի գրավչության պահպանման ջանքերը, ինչպես նաև կընդլայնվի միջազգային ֆինանսական կառույցների հետ համագործակցությունը»,- նշված է բյուջեի նախագծում։
2027 թվականից հետո ևս պետական պարտքը կշարունակի աճել, քանի որ բյուջեն ձևավորվելու է դեֆիցիտով. պետական ծախսերը գերազանցելու են մուտքերին, որոնք հիմնականում ձևավորվում են տնտեսվարողների և քաղաքացիների վճարած հարկերի հաշվին։
Հայաստանի պետական պարտքի առյուծի բաժինը կառավարության պարտքն է, իսկ համայնքներին բաժին է ընկնում չնչին մաս։
Նշված տվյալներում Կենտրոնական բանկի արտաքին պարտքը ներառված չէ, մինչդեռ նախկինում այն ևս հաշվարկվում էր պետական պարտքի կազմում։ Ֆինանսների նախարարության հրապարակած վերջին տվյալներով՝ այս տարվա օգոստոսի վերջի դրությամբ ԿԲ-ի արտաքին պարտքը կազմել է 460 միլիոն ԱՄՆ դոլար։
Պետական պարտքի մարման և սպասարկման գծով 2027-ին կծախսվի 988 մլրդ դրամ
2027 թվականին կառավարության պարտքի սպասարկման, այսինքն՝ տոկոսավճարների համար բյուջեից կուղղվի մոտ 416.8 միլիարդ դրամ (համեմատության համար՝ 2026-ի համար սպասվող ցուցանիշը մոտ 369 միլիարդ դրամ է)։ Դա կկազմի պետական բյուջեի ամբողջ ծախսերի մոտ 10%-ը, իսկ եկամուտների՝ մոտ 11%-ը։ Այս գումարը գերազանցում է մի շարք կարևոր ոլորտներում կատարվող պետական ծախսերը։
Բացի տոկոսավճարներից, Հայաստանը պարտավոր է նաև մարել պարտքի մայր գումարները։ Եկող տարվա համար, ըստ պարտքի մարման ժամանակացույցի, մարումները կկազմեն 571.6 միլիարդ դրամ։
Ստացվում է, որ պարտքի մարմանն ու տոկոսավճարներին միասին կհատկացվի մոտ 988.4 միլիարդ դրամ։ Տոկոսավճարները ներառվում են բյուջեի ընթացիկ ծախսերի մեջ, մինչդեռ մայր գումարների մարումների համար պետությունը սովորաբար ներգրավում է նոր պարտքեր։
Թե՛ մարումների, թե՛ տոկոսավճարների գերակշիռ մասը բաժին կհասնի ներքին պարտքին՝ պետական գանձապետական պարտատոմսերին։
Արտաքին վարկերի գծով ևս նախատեսվում են տոկոսավճարներ և մարումներ (տե՛ս ստորև ներկայացված ինֆոգրաֆիկան)։
Եվրոբոնդերի՝ արտարժութային պետական պարտատոմսերի գծով եկող տարի մարումներ չկան, քանի որ դրանց մարման ժամկետները դեռ չեն լրացել, և կվճարվեն միայն տոկոսավճարներ։
Կառավարության պարտքը/ՀՆԱ ցուցանիշը կավելանա 0.8 տոկոսային կետով, հետո կիջնի
Կանխատեսվում է, որ 2027 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կառավարության պարտքը կկազմի ՀՆԱ-ի 47.4%-ը, որը և 2026 թվականի տարեվերջի համեմատությամբ կաճի 0.8 տոկոսային կետով:
Ֆինանսների նախարարությունը խոստանում է, որ հաջորդող երկու տարիներին այն փոքր-ինչ կիջնի, ընդհանուր առմամբ չի գերազանցի 50%-ը։
Հարկաբյուջետային կանոնների համաձայն՝ սահմանված են Կառավարության պարտքը/ՀՆԱ ցուցանիշի 50% և 60%-ի շեմեր, որոնց գերազանցելու պարագայում կառավարությունը պարտավորվում է ծախսերը կրճատել։ Դրանք պարտքի, այսպես կոչված, «վտանգավոր» շեմերն են, որոնք հատելը նշանակում է, որ Ֆինանսների նախարարությունը խիստ մտահոգվելու տեղ ունի։
Վերջին անգամ Կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշը 60%-ը գերազանցել է 2020-2021 թվականներին, որից հետո կրկին նվազել է։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել