HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Բյուջե 2027. հանքահումքի արտահանման կտրուկ աճ՝ նորարարական արտադրանքի խոստումների ֆոնին

Հանքահումքի արտահանումը մեծ թափով ավելացնող Հայաստանի կառավարությունը պլանավորում է 2027 թվականին ունենալ այնպիսի տնտեսություն, որը հիմնված կլինի աշխարհին առաջարկվող տեխնոլոգիական ու նորարարական արտադրանքի, ինչպես նաև տնտեսական և մարդկային հոսքեր սպասարկելու կարողությունների բարձրացման վրա։

Հայաստանն այս տարի, «ոգևորվելով» պղնձի և մոլիբդենի միջազգային գների բարձրացմամբ, էապես ավելացրել է դրանց խտանյութի արտահանումը։ 

Միևնույն ժամանակ, անկում է արձանագրվում գյուղատնտեսության ոլորտում։

Կառավարությունն արձանագրում է, որ ապրանքների արտահանումը 2026 թ. հունվար-օգոստոս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 6.5%-ով: Արտահանման նվազումը, ըստ Ֆինանսների նախարարության վերլուծաբանների, պայմանավորված է հիմնականում վերաարտահանման ծավալների կրճատմամբ և հայկական ծագման որոշ ապրանքատեսակների արտահանման սահմանափակումներով: Խոսքն, ըստ էության, ռուսական սահմանափակումների և արգելքների մասին է։

«Իսկ հայկական ծագման ապրանքների արտահանումն ընթացիկ տարվա ութ ամիսներին գրանցել է երկնիշ աճ՝ պայմանավորված հիմնականում հանքահումքային ապրանքատեսակների արտահանման բարձր աճով»,- նշված է ուղերձում։

Մի կողմից՝ արտահանումը մեծ կախվածություն ունի հանքարդյունաբերությունից, մյուս կողմից՝ կառավարությունը գալիք տարվա բյուջեի ուղերձում խոսում է աշխարհին տեխնոլոգիական ու նորարարական արտադրանք առաջարկելու մասին։

«ՀՀ տնտեսական աճի և, ըստ այդմ, հնարավորությունների ընդլայնումը պայմանավորված է լինելու նաև միջազգային մրցունակության աճով։ Իսկ միջազգային մրցունակության աճն ապահովելու նպատակով ՀՀ կառավարությունը նպատակադրել է զարգացնել այնպիսի տնտեսություն, որը մի կողմից աշխարհին կառաջարկի տեխնոլոգիական և նորարարական արտադրանք, իսկ մյուս կողմից՝ իր մեծ թափով կառուցվող և արդիականացվող ենթակառուցվածքներով զգալիորեն կնպաստի տարածաշրջանի՝ տնտեսական ու մարդկային հոսքեր սպասարկելու կարողությունների բարձրացմանը։ Այս տեսանկյունից ՀՀ կառավարությունը գիտելիքն ու նորարարությունը հռչակել է որպես տնտեսական զարգացման հիմնական շարժիչ ուժ»,- նշված է ուղերձում։

Բյուջեի ուղերձում, որը հոկտեմբերի 1-ին կառավարությունն ընդունեց և հանձնեց ԱԺ-ի դատին, հենց առաջին էջերում կարդում ենք, որ 2027 թվականին կառավարությունը կանխատեսում է 5.8% տնտեսական աճ, իսկ միջնաժամկետ հատվածում տարեկան աճը միջինում կկազմի 6%՝ կառավարության ծրագրի թիրախներին համապատասխան։ Նշենք, որ 2023-2025 թվականներին Հայաստանում միջինում գրանցվել է 7.1% տնտեսական աճ։

Ինչպես 2026 թվականի, այնպես էլ 2027 թվականի բյուջեն, ըստ Կառավարության և, մասնավորապես` բյուջեն կազմող Ֆինանսների նախարարության, պետք է մարդկանց երջանկացնի, դարձնի ավելի դիմակայուն և ապահովի անվտանգ ու բարեկեցիկ միջավայր:

Ուղերձի մեկ այլ հատվածում մանրամասնվում է, որ 2027 թվականի համար կանխատեսվող 5.8% տնտեսական աճին պետք է նպաստեն պետական կապիտալ ծախսերը (ճանապարհների, կրթական, առողջապահական հաստատությունների կառուցում, նորոգում և այլն), Ամուլսարի շահագործումը և կառուցվածքային բարեփոխումները։

Հատկանշական է, որ արտահանման աճն ապահովվում է մեծապես պղնձի ու մոլիբդենի միջազգային բարձր գների և ծավալների հաշվին, իսկ 2027-ի տնտեսական աճի հիմնական հենասյուներից է հայտարարվում Ամուլսարի հանքի շահագործումը։ Ստացվում է, որ կարճաժամկետ հատվածում տնտեսությունը շարունակում է զգալի կախում ունենալ հանքարդյունաբերությունից։

Կառավարությունը համոզված է, որ վերջին տարիներին ՀՀ տնտեսական աճի ներուժը բարձրացել է՝ հասնելով 5-5.5%: «Այս աճը պահպանելու և ավելի բարձր ու կայուն աճի հասնելու համար անհրաժեշտ են լրացուցիչ ջանքեր՝ ուղղված արտադրողականության բարձրացմանը, ներդրումների և արտահանման խթանմանը»,- նշված է բյուջեի ուղերձ–բացատրագրում։

Բյուջեն 468 մլրդ դրամի դեֆիցիտով է պլանավորված

ՀՀ 2027 թվականի պետական բյուջեով նախատեսվել է հավաքագրել 3.6 տրլն դրամի եկամուտներ։ Միևնույն ժամանակ նախատեսվում է բյուջեի հաշվին իրականացնել 4.07 տրլն դրամի ծախսեր։ Այդ դեպքում բյուջեում կառաջանա 468 մլրդ դրամի (0.47 տրլն դրամ) պակասուրդ (դեֆիցիտ), որը կլրացվի ներքին ու արտաքին պարտքի հաշվին (պարտքին առանձին կանդրադառնանք)։

Եկամուտների տարեկան ծրագրային ծավալները կապահովվեն հիմնականում հարկային եկամուտների հաշվին: 2026 թվականի բյուջեով ամրագրված ցուցանիշի համեմատ՝ 2027 թվականի բյուջեով կանխատեսվող եկամուտներն ավելի են 16.6%-ով (տարվա ընթացքում ճշտված պլանի համեմատ՝ փոքր-ինչ ավելի համեստ աճով), իսկ ծախսերը՝ 12.2%-ով։

Քանի որ կանխատեսվող եկամուտների աճն ավելի արագ է, քան ծախսերինը, սպասվում է, որ դեֆիցիտը կկրճատվի 12.8%–ով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter