Աններելի սխալը. Բժիշկ Վահրամ Թորգոմեանի պատմությունը (մաս 3)
Կոմիտաս Վարդապետ. Ծանր եւ ճակատագրական որոշում
Աքսորից հետո, կարծես թե, Կոմիտաս Վարդապետը կյանք էր վերադառնում: Ջուղայի պատարագը մշակելու գործի վրա էր: Մենակություն էր զգում. Փանոս Թերլեմեզեանը, որի հետ կիսում էր բնակարանը, Վանում էր, ընկերներից շատերը խուսափում էին իր հետ հանդիպել այլևս, ասենք ինքն էլ էր խուսափում՝ վախենալով թրքական ոստիկանությունից: Նյութական վիճակը ծանրանում էր. համերգները, դասերը կասեցված էին, եկամուտ չուներ: Չամիչով թեյը շռայլություն էր, որ դեռ իրեն կարող էր թույլ տալ: 1916-ին դարձավ ավելի ներամփոփ, լռակյաց: Վահրամ Թորգոմեանը, որ միշտ հետևել էր Վարդապետի առողջությանը, մտահոգ էր: Իր խնդրանքով Կոմիտասին զննած նյարդային հիվանդությունների մասնագետ, ազգությամբ հույն Գոնոսի ջանքերը արդյունք չտվեցին: Վարդապետի վիճակը ավելի սրվեց, երբ տան տերը՝ Գարակէօզեան անունով, կարգադրեց նրան ազատել բնակարանը: Մի օր էլ ոստիկանական կառքով եկան նրա ետևից՝ իբր նախարարի մոտ երաժշտական հարցով զրույցի ուղեկցելու համար, բայց տարան Շիշլիի երբեմնի ֆրանսական հիվանդանոց, որ արդեն անցել էր թուրքերի ձեռքը: Ճանապարհին արդեն Վարդապետը հասկացավ, որ իրեն այլ ուղղությամբ են տանում, և լարումները մեծացան: Հիվանդանոց տեղափոխելու միտքը նաև դոկտոր Թորգոմեանինն էր: Ինչո՞ւ չտարան հայկական հիվանդանոց: Մասնագիտական բաժանմունք չկա՞ր այնտեղ, թե Թորգոմեանը և մյուսները մտածում էին, որ թուրքական հիվանդանոցում նա զերծ կլինի ոստիկակական հետապնդումից, ի տարբերություն հայկական հաստատության: Մազհար Օսման բեյը՝ կայսրության այս ամենից հայտնի հոգեբույժն ու նյարդաբանը, ի՞նչ բուժում կամ «բուժում» նշանակեց, ի՞նչ ներարկումներ արեցին, ի՞նչ հաբեր տվեցին... Քեոթահյացի մշակութային գործիչ, Կոմիտասի հավատարիմ կրտսեր բարեկամ, «Հայ Սկաուտ» հանդեսի խմբագիր Կարո Ուշագլեանը «Ինչպէս փլաւ մեծ Վարպետը» հուշագրության մեջ ակնարկում է, թե հիվանդանոց տեղափոխելու նախաձեռնող խումբը՝ Թորգոմեանը և մյուսները, պարզապես խուսափեցին պատասխանատվությունից և գուցե գոհացում տվեցին տանտիրոջը՝ Վարդապետին Բանկաթլիի տնից դուրս հանելով: «...այս մեհեանին քուրմը, ինքն ալ հոգիով փլած, ինքն իր մէջէն բացակայ, բռնի տարուած էր թրքական հիւանդանոց, շատ թեթեւօրէն տրուած որոշումով մը: Այս երեւոյթը տխուր էր մահու չափ»: Ուշագլեանը, ի լրումն Թորգոմեանին ուղղված մեղադրանքին, գրում է, որ տունը պարպելու ժամանակ շատ բան կորավ Կոմիտասի ունեցածից. ձեռագրերը,որ տեղափոխվեցին Պատրիարքարան, որքա՞նը տեղ հասան արդյոք, իսկ կահկարասին վաճառքի հանվեց՝ հիվանդանոցի ծախքերը հոգալու համար, թեպետ Թորգոմեանը դրամահավաք էր կազմակերպում և շատերը գաղտնի կերպով մասնակցում էին դրան: Հաջորդ ծանր որոշումը, կրկին խաբեությամբ, արդեն 1919-ին, Փարիզ ուղարկելն էր: Նորից մի սուտ հորինվեց, թե Փարիզում միջազգային երաժշտական համաժողով պիտի լինի և լավ է, որ ինքը մասնակցի դրան և որ Արշակ Չոպանեանը նամակ է ուղարկել այս հարցով: Պոլսի մթնոլորտը նորից վտանգավոր էր դառնում և Փարիզը անվտանգային ելք էր դիտարկվում: Ինչևէ, դոկտոր Թորգոմեանի համար աքսորից հետո Կոմիտասի հետ կատարվածը միշտ մնաց չսպիացող վերք: Վարդապետի՝ իր նկատմամբ նեղսրտածությունը, երբեմն՝ չարացածությունը ծանրացած էր հոգուն: Երկու անգամ էլ ինքն էր եղել նրա՝ առանց այն էլ վիրավոր հոգու, ալեկոծումի (հուսանք ակամա) պատճառը, իր կարծիքով՝ Վարդապետի լավագույն շահը հետապնդելով:

Վ. Թորգոմեան
Հաց և տեսարան Հայաստանի Հանրապետության պատվիրակների համար
Մեկ լուսավոր կետ կար, որից կառչեց Թորգոմեանը՝ Հայաստանի անկախ Հանրապետության ծնունդը: 1918թ. Հունիս 19-ին, Չորեքշաբթի Հայկական նորստեղծ հանրապետության պատվիրակները ժամանել էին Պոլիս՝ հանդիպելու թուրք կառավարությանը՝ Բաթումի պայմանագրի շուրջ բանակցելու: Թալեաթը դիմավորելու և ուտել-խմելու հարցը իր վրա էր վերցրել և գլուխ բերել փառավորապես, ինչպես գրում է Վահրամը. է՛լ նավակներով զբոսանքի էր տանում Բոսֆորով , է՛լ դեպի Պրուսա «փիքնիքներ» էր կազմակերպում, Իշխանաց կղզիներում ճաշեր հրամցնում՝ իր ցեղին բնորոշ լպրծուն սիրալիրությամբ: Այս կեղծ մտերմական հանդիպումներից մեկի ժամանակ Հայաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Ավետիս Ահարոնեանը հարցրել է Թալեաթին, թե ո՞ւր է Անկունին, Վարդգեսը, Զոհրապը, Տաղավարեանը... և լսել պատասխանը՝ թե նրանք ապահով վայրում են և «եթէ ալլահը ուզէ, կը վերադառնան»: «Մինչդեռ այս շնական, խաբեպատիր խօսքերէն շա՜տ ու շա՜տ առաջ գիտէինք՝ թէ վաղուց նահատակուած են անոնք գազանական խժդժութեամբ»:
Հավաքներ իր տանը
Պոլսահայերը իրենց հերթին Թոքաթլեան պանդոկում, որտեղ իջևանել էր պատվիրակությունը, բարի գալուստի հավաք կազմակերպեցին: Թուրք իշխանությունները արդեն հոգացել էին 2 հայ լրտես ուղարկելու հարց: Նրանցից մեկը՝ Հարություն Մկրտչեանն էր, որին հետո «Նեմեսիս» ծրագրով վերացրին արդարորեն, մյուսը՝ մի կարգալույծ վարդապետ՝ Համազասպ անունով: Նրանք պետք է լրտեսեին և տեղեկացնեին թուրքերին, թե պոլսեցի որ հայերն են գնացել հանդիպման: Իմանալով մատնիչների մասին՝ Թորգոմեանը չգնաց հավաքին, բայց զարտուղի ճանապարհով պատվիրակներին մեկուսի հանդիպելու խնդրանք փոխանցեց: Եկան իր տուն: Նրանց խնդրեց Հայաստանի ապագայի մասին իրենց տեսլականը ներկայացնել գրավոր: Ահարոնեանը մասնավորաբար գրեց. «...Հաւատում եմ խորապէս, որ մեր ժողովրդի վերջնական փրկութեան ժամն է հնչել, բայց եւ դրա համար մեր ցեղական կուռ իմաստութեան բարձրագոյն աստիճանը պիտի կիրարկենք, դարերի գործը կերտելու համար, մեր ընդհանուր լոզունգը պիտի լինի այսօր հայ նուիրական հողի եւ թէ մանաւանդ հայ ցեղի ի մի համախմբումը: Հայի «պոչաւոր» կոչումը (ռուսահայ, թիւրքահայ, պարսկահայ, ամերիկահայ) պէտք է կտակել մեր անցեալ, մեր աղէտաւոր պատմութեան եւ ճակատին կնքել հպարտ, անաղարտ, շքեղ անունը՝ «ՀԱՅ» եւ «ՀԱՅԱՍՏԱՆ»... Անհնարին է մեր փրկութիւնը առանց Հայ Հայրենիքի-Կովկասեան ու Թուրքիոյ Հայաստանի լիակատար ազատագրումի, անհնարին է այդ ազատագրումը հայ ցեղի ցրուած բոլոր բեկորների ի մի համախմբումի: Անհնարին է խաղաղութիւն ու վերջնական հաշտութիւն մեր հարեւանների... հետ, առանց հայ ցեղի լիակատար համախմբումի, առանց Հայ Հայրենիքի, լիակատար ազատագրումի: Հին Ռուսաստանը դաժանօրէն խորթ մայր եղաւ մեզ, իսկ նոր Ռուսաստանն՝ աւելի վատթար: Հին Թիւրքիան մեր արիւնը քամեց, նոր Թիւրքիան աւելի վատթար. Միայն Նոր Հայաստանը, ազատագրուած եւ վերածնուած ու համախմբուած հայ ցեղն է որ պիտի բարձրանայ այսօր մեր հայրենի աւերակների միջից, որպէս արդարութեան, իրաւունքի, քաղաքակրթութեան գերագոյն հաղթանակ»: Ապագայի մասին այս լավատեսական տողերը գրելուց տասն օր անց Թալեաթը, հյուրընկալ կողմի անունից, ուղիղ ասաց, թե իրենք չեն վստահում բնավ հայերին և ավելորդ է նրանց հետ քննարկել սահմանների հարցեր և ընդհանրապես հանդիպել նրանց հետ: Մուդրոսի պայմանագիրը հոգեխռովք էր առաջացրել նրանց շրջանում: Ինչևէ՝ Նոյեմբեր 1-ին «Ռեշիդ փաշա» շոգենավով Հայաստանի պատվիրակությունը մեկնեց Բաթում: Բայց մինչ այդ, Վահրամը Ահարոնեանին ուղեկցեց Շիշլիի հիվանդանոց՝ Կոմիտասին այցի: Վարդապետը ուրախ էր, միա՛յն Հայաստանից եկած այցելուին տեսնելու և առաջին հարց, որ տվեց Ավետիս Ահարոնեանին Հայրենիքի և Վեհափառի որպիսության մասին էր: Պատվիրակության մեկնումից հետո դոկտոր Թորգոմեանը շարունակեց իր միջնորդական ջանքերը հանուն Հայաստանի պետության՝ օգնելով Պոլսում Հայաստանի ներկայացուցիչ կարգված Ֆերդինանտ Թախթաջեանին:
Ամերիկյան մանդատ, Վիլսոնի սահմանազատում. Փլուզված հույսեր
Փարիզի խաղաղության վեհաժողովին մասնակցող Ավետիս Ահարոնեանի և Պողոս Նուբարի ղեկավարած մեր զույգ պատվիրակություններից ստացվող լուրերը մե՛րթ լավատեսական, մե՛րթ վատատեսական հեռանկարներ էին բացում Հայաստանի համար: Բայց մեծ տերությունների աշխարհակալական նկրտումները «յետաձգեցին մեր հարցի վախճանական լուծումը»: 1919թ. Մայիս 25-ին Փարիզից նամակով Ահարոնեանը տեղեկություններ էր փոխանցում Թորգոմեանին, նշելով, թե «...ամենայն հաւանականութեամբ մեր թեւարկուն (mandataire) լինելու է Ամերիկան: ...Այս մանդատի հետ սերտ կերպով կապուած է Կիլիկիան: Մէկն առանց միւսի լինել չի կարող. եւ այն օրը՝ երբ յայտարարուի պաշտօնապէս՝ թէ Ամերիկան է մեր mandataire-ը, այն օրը կարող էք Կիլիկիան (բայց տարաբախտաբար, առանց Ալեքսանդրէտի) Հայաստանին կցուած համարել: Մենք Թուրքիայից անդառնալի կերպով բաժանուած ենք յաւիտեանս յաւիտենից, ամէն. ո՛չ անուանական, ո՛չ հեռաւոր, ո՛չ մօտաւոր քաղաքական ամենաչնչին կապ իսկ գոյութիւն ունի մեր եւ Թիւրքիոյ մէջ: Շուտով այդ բանը կը յայտարաուի: Թիւրքիան ամենաշատը միայն Արեւմտեան Անատոլուն Կեսարիայից դէպի Տրամայ, եւ այն էլ՝ առանց Ադալիայի (Անթալիա), որ ստանում է Իտալիան՝ առանց Զմիւռնիայի, որ ստանում է Յունաստանը, առանց Կիլիկէի, որ ստանում է Հայաստանը Մայր Հայաստանի հետ:...մեր լիակատար ազատագրումն ու Միացեալ Հայաստանը օրերի, շա՜տ շա՛տ , շաբաթների գործ է»:.. «...մեր և թիւրքերի մէջ գծուած գիծը քաշուած է արդէն Վիլսընի ազնիւ եւ համարձակ ձեռքով. Մեր եւ թիւրքերի մէջ այլեւ ոչինչ, ոչինչ չկայ: Ի զուր են թպրտում թիւրքերը.նրանք կորցրել է անդարձ ե՛ւ Հայաստանը իր անբաժան Կիլիկիայով, ե՛ւ ողջ Արաբիան եւ Մեսոպոտամիան եւ Սիրիան եւ Պալեստինը եւ Ադալիան եւ Զմիւռնիան իր շրջաններով... Թիւրքիան այսօր Հայաստանից մեծ լինելու չէ եւ այն էլ... անպատճառ լինելու է tutelle (վերահսկողության) տակ...»: Սակայն, կամաց-կամաց Ահարոնեանի նամակների բնույթը փոխվում էր: Վահրամն արդեն ենթադրում էր՝ «թէ բոլոր խօսուածներն ու որոշումները օդակառոյց բաներ էին...»՝ զուտ հայության հանդեպ կարեկցանքից բխած՝ մխիթարական սուտ: Ամերիկյան մանդատը այդպես էլ չկարողացավ «...Ատլանտեան ովկիանոսը կտրել-անցնիլ երանաւետ կեանք...» շնորհելու հայությանը: Լեոյի նամակներն էլ Արցախի կացության մասին ավելի էին խորացնում վտանգի և հուսահատության զգացումը: Այդ նամակները Թորգոմեանը անմիջապես հասցնում էր Կ.Պոլսում Ամերիկյան դեսպանատան առաջին թարգման Արշակ Շմաւոնեանին՝ Հ.Մորգենթաուին փոխանցելու համար: Ապահովական նկատառումներից ելնելով՝ բոլոր տեղեկագիր նամակները Վահրամն ուղարկում և նմանապես ստանում էր Հունաց դեսպանատան խողովակներով:

Վենետիկում, 1923
Թրքական անառականոցների հատուկ նշանակությունը
Թուրքերը բանեցնում էին ամենատարբեր միջոցները, փոխելու և խեղաթյուրելու հայության հետ կապված իրականությունը: Օգտագործում էին նաև սեռական ծառայություններ մատուցող կանանց: 1919-ի գարնանը Արշակ Չոպանեանը դոկտոր Թորգոմեանին գրում է, թե ինչպես են Փարիզի թրքական հարեմներում եվրոպացիների՝ հատկապես ֆրանսացիների և անգլիացիների մոտ բացասական կարծիք ձևավորում հայերի մասին. «...թրքուհիները...սկսած են արտօնուիլ՝ իրենց ամրապէս փակ՝ հարէմին դռները լայն բանալ նորեկ օտար երիտասարդ սպաններուն... եւ ո՞վ է որ հարէմական շուայտութիւններուն ծոցին մէջ խելքը գլխէն չթռցնէր ու հարէմա-հուրիական փաղաքշանքներուն ազդեցութեան տակ ապշահար՝ չընդունիր մեր անտէր՝ անտիրական ազգին նկատմամբ յօրինուած սխալ ու թիւր գաղափարները»:
Բառարաններից պակասող բառերը
Հերիք չէ մեր հաշվին աշխարհաբաժանման սակարկություններ էին ընթանում Փարիզում, մի բան էլ մերոքն էին միմյանց հետ վիճում և, Վահրամ Թորգոմեանի բնորոշմամբ, ծավալում հայ-հայկական բանակցություններ, որոնք տպավորություն էին ստեղծում, թե «համաձայնութիւն, միաբանութիւն, միասնութիւն մեր բառարաններէն դուրս թողուած են»: Իսկ իրավիճակը գնալով ծանրանում էր, դրությունը շատ երերուն էր: Հակառակ որ Ադրբեջանի հետ զինադադար և դաշնագիր էր կնքված, «...զինական գործողութիւնները շարունակւում են...»: Բայց այս անգամ միջամտել և կանգնեցնել դիվանագիտական ճանապարհով անկարելի եղավ, ինչպես դա հաջողվել էր 1918-ի Հոկտեմբերին, երբ թուրքական բանակը Նուրի փաշայի հրամանատարությամբ հարձակվեց Արցախի վրա, մինչ նույն ատեն Հայաստանի պատվիրակությունը բանակցում էր Պոլսում թուրքերի հետ: Այդ ժամանակ Խատիսեանը Թիֆլիսից՝ Ջամալեանի կողմից ստացված չարագույժ հեռագրով այցելել էր Թորգոմեանին և խնդրել Աբդուլմեջիդ 2-րդի միջոցով փորձել կասեցնել Արցախի հայության կոտորածը: «1918 Հոկտեմբեր 17-ին, յա՜նկարծ, հեռախօսիս զանգը ուժգին հնչեց. Բացի զայն եւ լսեցի, որ գահաժառանգը անձամբ կը խօսէր, եւ կը հաղորդէր՝ թէ սատրազամ Իզզէթ փաշան խիստ հրաման մը հեռագրած էր Հայաստան, որպէսզի թուրք զինւորները Ղարաբաղի շրջանը չմտնան...եւ իշխանը խնդրեց, որ եպարքոսական այս որոշումը հաղորդեմ Ահարոնեան էֆէնտիին»: Այդ անգամ սուլթանի հրամանով ստացվեց կանգնեցնել առաջխաղացումը և զորքերը դուրս բերել տարածքից: Իսկ 1920-ին՝ ոչ: Տարեսկզբին արդեն հարձակում եղավ Արցախի և Զանգեզուրի ուղղությամբ:
Դիազննությունից մինչև Հայկական Կարմիր Խաչ
Քաղաքական հեղհեղուկ և վատթար վիճակին ի հավելումն, խոլերան անում էր իր գործը հայ գաղթակնների շրջանում, ըլլայ Հայաստան կամ Պոլիս: Դոկտոր Թորգոմեանը եվրոպացի և թուրք բժիշկների ներկայությամբ խոլերայից մեռածի դիազննություն կատարեց, գրեց կարևոր գիտական աշխատություն՝ արժանանալով Փարիզի Academie de Medecine-ի մեդալի, Մեճիտիէի պատվոնշանի և թրքական ոսկե լիաքաթի մեդալի: Զինադադարից հետո խիստ անհրաժեշտություն առաջացավ ստեղծելու Կոստանդնուպոլսի Հայկական Կարմիր խաչ: Թորգոմեանը լծվում է գործին, կազմակերպում հիվանդանոցների աշխատանքը, իր միջազգային կապերով, մասնավորաբար Ամերիկյան կարմիր խաչի բժիշկ Վոշփըրնի հետ ստանում և համակարգում դեղորայքի և սնունդի բաշխումը Պոլսի հայկական թաղամասերում ապաստանած կարոտյալներին, վերապատրաստում հայ բժիշկներին ու բուժքույրերին: Առողջապահության կազմակերպման փորձ նա արդեն ուներ: Ժամանակ առաջ, իր հայ գործընկերների հետ, նա արդեն հիմադրել էր Պոլսոյ Հայ բժշկական միությունը, որի աշխատանքները խափանեց թուրք կառավարությունը, եղել էր նաև Թուրքիո Societe Imperial de Medisine-ի նախագահը և «... ի պատիւ այս ընտրութեանս, զիս թուրք կառավարութիւնը աքսորեց հայ մտաւորականներու խմբին հետ՝ Չանկըրը»: Պոլսի Հայկական Կարմիր խաչը օգնություն տրամադրեց նաև Հայաստանի Հանրապետությանը:

Թորգոմեանը, բուժքույր Մուրաբեանը և բուժառու Սևումեանը
Առողջապահական կարևոր նախաձեռնություններ
Թորգոմեանը իրականություն դարձրեց «նախամուսնական բժշկական քննութիւնը ամուսնանալի ամոլներուն»՝ իր գործընկեր բժիշկ Փեթրակ Չիլինկերեանի գաղափարը: Բացի այդ նրա շնորհիվ ներդրվեց դպրոցական առողջապահության կանխարգելիչ ծրագիրը: Բոլոր հայկական վարժարաններին մշտապես կցվեց մեկական բժիշկ: Մասնագիտական նամակագրական կապի մեջ էր ՀՀ-ում դպրոցական առողջապահական հարցերի և հանրային մարմնակրթության պատասխանատու, Փարիզյան ուսանողական տարիների ընկեր դոկտոր Վահան Արծրունու հետ: Իր հայանպաստ և Հայաստանանպաստ բոլոր ջանքերի համար «1919 Սեպտեմբեր 14-ին Երեւանէն ստացայ հայկական Հանրապետութան գեղեցիկ կնիքը կրող շնորհակալութեան գիրեր...»: Նաև առաջարկ ստացավ մասնակցելու ՀՀ խորհրդարանական ընտրություններին: Բայց շաբաթն ուրբաթից շուտ եկավ Հայաստանի և հայության համար::

Թոռնուհու՝ Թոնի Սիմոնի հետ
Ստիպուեցայ քանդել բոյնս
Դոկտոր Վահրամ Թորգոմեան, որ բնավ երբեք ոչ մի կուսակցության չի պատկանել, որի կուսակցությունը միշտ եղել է «պաշտելի հայութիւնը եւ ընդնմին՝ բժշկութիւնը...», որոնց նվիրեց իր կյանքը, ցավում էր, որ 1922-ին «ստիպուեցայ քանդել բոյնս, թողուլ Պոլիսը... գալ Փարիզ...»: Համայնքը նրան շնորհեց Փարիզի հայ բժիշկների միության պատվավոր նախագահի պաշտոնը: Ինքն էլ Ժան Գուժոն 15-ում՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ մայր եկեղեցուն կից, ստեղծեց Հայ Կարմիր Խաչի բուժարանը: Փարիզը սոսկ գեղեցիկ քաղաք չէր իր համար: Այստեղ էին անցել իր պատանության և երիտասարդության թարմ տարիները, այստեղ էին առաջին և երկրորդ չստացված սերերի հիշատակները, համալսարանը՝ որ մասնագիտական լուրջ գիտելիք տվեց, ազգային գրադարանը, որի հատորների մեջ հայտնաբերեց հայկական բժշկական բազմադարյա պատմության զարմանալի հետքը... Այստեղ, հոգեբուժարանում նաև իր պատճառով բանտարկված էր աշխարհից և անձամբ իրենից նեղացած Կոմիտասը...: Չէր էլ կարող ենթադրել, թե Փարիզում «... ցաւերու մեծագոյնը, տառապանքի, վիշտի սաստագոյնը ինձ կը սպասէ եղեր...անժամանակ մահը իմ երկու անգին զաւակներուս Արամիս և Սուրէնիս, որոնց իմ մէջս վառած կրակը կը վառի ու կը վառի 1933-էն եւ 1937-էն ի վեր եւ չպիտի մարի մինչեւ վերջ»: 1942-ի Օգոստոս 11-ին 84 տարեկանում փակեց աչքերը: Ժամանակ ձգելու ոչ մի պատճառ չուներ այլևս. «Անցուկը մոռցուկ»ի 546-րդ էջի վրա արդեն դրած էր վերջակետը:
լուսանկարները՝ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի արխիվից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել