«Առաջնորդները՝ հանուն բնության»․ ի՞նչ սպասել գագաթնաժողովից
Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, Երևանի «Մերիդիան» էքսպոկենտրոնում տեղի է ունենում «Առաջնորդները՝ հանուն բնության» կենսաբազմազանության առաջնորդների մեկօրյա գագաթնաժողովը։ Հայաստանը հյուրընկալում է այն՝ Կունմինգ-Մոնրեալի գլոբալ կենսաբազմազանության շրջանակի (այսուհետ՝ KMGBF) իրականացման առաջընթացը քննարկելու և սահմանված գործողությունները արագացնելու նպատակով։
Գագաթնաժողովին պետք է ներկայացվածություն ունենան ինչպես երկրների ղեկավարներն ու միջազգային կազմակերպությունները, այնպես էլ ոլորտի գիտնականները, մշակութային գործիչները, բնիկ ժողովուրդների ու տեղական համայնքների ներկայացուցիչները։ Երևանում այսօր միջոցառմանը մասնակցում են ավելի քան 50 բարձրաստիճան պաշտոնյաներ՝ պետությունների ղեկավարներ ու նախարարներ։
Քննարկումները միաժամանակ կարող են հիմք լինել KMGBF-ի ռազմավարական ուղղությունները վերանայելու համար։
Հիմնական նպատակներից մեկը ֆինանսական հոսքերը վերաուղղորդելն ու բնության վրա դրական ազդեցություն ունեցող պետական ու մասնավոր ներդրումների ծավալները մեծացնելն է։
Գագաթնաժողովի բացման արարողությանը հետևում է լիագումար նիստ՝ բոլոր մասնակիցների ելույթներով։ Լիագումար նիստից հետո տեղի են ունենում առաջնորդների կլոր սեղաններն ու երկկողմ ու բազմակողմ բանակցությունները։
Երևանում այսօր տեղի է ունենալու երկու կլոր սեղան՝ քաղաքական ու ֆինանսական թեմայով։
Առաջին քննարկումը վերաբերելու է բնության պահպանման քաղաքականությանը։ Կողմերը քննարկելու են, թե ինչպես են էկոհամակարգերի դեգրադացիան և կենսաբազմազանության կորուստը ազդում պարենային անվտանգության, ջրի հասանելիության, ապրուստի միջոցների և մարդկանց բարեկեցության վրա։
Երկրորդ քննարկումը բնության վրա դրական ազդեցություն ունեցող ծրագրերի ֆինանսավորման մասին է լինելու։ Կենսաբազմազանության պահպանմանն ուղղված ֆինանսավորումը բավարար չէ KMGBF համաշխարհային նպատակներին հասնելու համար։
Այս ոլորտում կարևորվում են հատկապես կենսաբազմազանությանն առնչվող ներդրումների ընձեռած հնարավորությունները, այդ թվում՝ դրանց ներդրումը տնտեսական մրցունակության, կայուն առևտրի, աշխատատեղերի ստեղծման և գյուղական բնակավայրերի զարգացման գործում։
Վերջում գագաթնաժողովն ընդունում է նաև քաղաքական հռչակագիր՝ «կենսաբազմազանությունը համաշխարհային քաղաքական առաջնահերթություն դարձնելու, քաղաքական գործողություններն ուղղորդելու և կենսաբազմազանության ոլորտում միջազգային պարտավորությունների իրականացմանը նպաստելու համար»։
Ակնկալվում է, որ այսօր կընդունվի հակիրճ քաղաքական հռչակագիր՝ «Երկրի վրա կյանքի պահպանման Երևանի հռչակագիր» վերնագրով։ Հռչակագիրը պետք է արտահայտի Կողմերի հիմնական առաջնահերթությունները և հաշվի առնի մասնակիցների առաջարկները։ Հռչակագիրը նաև պետք է վերանայի մասնակից երկրների քաղաքական հանձնառությունը՝ KMGBF-ի իրականացումն արագացնելու, միջազգային համագործակցությունն ամրապնդելու նպատակով։
Տե՛ս նաև․
Լուսանկարը՝ COP17 Armenia ֆեյսբուքյան էջից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել