
Հարկայինն ինչու՞ է ստուգում պատգամավորների սուպերմարկետները
Այս օրերին հարկային տեսուչները լայնածավալ ստուգումներ են իրականացնում ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երեւան սիթի» սուպարմարկետների ցանցում: Մեր տեղեկություններով ստուգումները կապված են կեղծ ՀԴՄ կտրոնների հետ: Սամվել Ալեքսանյանը հաստատեց, որ հարկային տեսուչները «սիթիներում» ստուգումներ են իրականացնում, սակայն ասաց, որ ստուգումները «սովորական բնույթի» են:
«Հարկայինն ամեն տարի, ամեն օր էլ ստուգումներ անում ա, իրանց հարցրեք, թե ինչի են անում: Ես հարցնեմ, թե ինչի ա ստուգումներ անու՞մ: Մեռնեմ ջանիդ, հարկայինը տարին 12 ամիս ստուգումներ ա անում, ըստ օրենքի: Սիթիի հետ պռոբլեմ չկա»,- ասաց Սամվել Ալեքսանյանը:
Պատգամավորը հերքեց, որ «Երեւան սիթիում» կեղծ ՀԴՄ կտրոններ են տրամադրում, ինչը հնարավորություն է տալիս քիչ հարկ վճարել պետական բյուջե:
Նշենք, որ Սամվել Ալեքսանյանին կողքից «օգնում» էր Գրիգորի Մարգարյանը (Բելաջոյի Գրիշ)` ասելով, թե ստուգումներն ըստ օրենքի են արվում եւ «սիթիները» մաքուր են:
Հիշեցնենք, որ «Հետքն» այսօր անդրադարձել էր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալներ Արտաշես Բեյբությանի ու Ռուբիկ Քոչարյանի՝ աշխատանքից ազատվելու «կուլիսային» պատճառներին: Արտաշես Բեյբությանը Հայաստանում բավականին լուրջ բիզնես ունի` սկսած հագուստի խանութներից մինչեւ սուպերմարկետներ:
Արտաշես Բեյբությանը նաեւ «ՍԱՍ Գրուպ»-ի բաժնետերերից մեկն է, որտեղ, ըստ լուրերի, այս օրերին եւս ստուգումներ են իրականացվում: Սուպերմարկետի բաժնետերերից է նաեւ ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանը: Նա մեզ հետ զրույցում ասաց, որ մեր հարցերի պատասխանները ստանանք «ՍԱՍ»-ից, քանի որ ինքն այդ գործերով չի զբաղվում: Արտակ Սարգսյանն ասաց, որ Արտաշես Բեյբությանը կապ չունի «ՍԱՍ»-ի հետ: «Բեյբության ի՞նչ կապ ունի «ՍԱՍ գրուպի հետ», այ բալամ: Հիմար լուրերը տարածվում են…Դու քո տված հարցին հավատու՞մ ես»,- ասաց Արտակ Սարգսյանն ու այլեւս չպատասխանեց մեր հարցերին:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել