«Կենսաբազմազանության պահպանության համար պետք է գործենք միասին»
Ճապոնիայի շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչ Կոհեի Կինամեն (Kohei Kiname) նշում է, որ 3 տարի առաջ՝ 2023 թ., Ճապոնիայում սկսեցին գործարկել հավաստագրման մեխանիզմ, ինչի միջոցով պետությունը ճանաչում է այն տարածքները, որտեղ մասնավոր հատվածը զբաղվում է կենսաբազմազանության պահպանմամբ: Այսօր Ճապոնիայում արդեն 600 վայր կա, որոնք համարվում են պահպանության այլ արդյունավետ միջոցներ (Other Effective Conservation Measures – OECM):
Այս մասին Կոհեի Կինամեն պատմում էր Երեւանում անցկացվող կենսաբազմազանության COP17 համաժողովից առաջ կազմակերպված սիմպոզիումի ժամանակ: Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կազմակերպած միջոցառումը կրում էր «Երեւանի բնապահպանական սիմպոզիում 2026. պետական պահպանվող տարածքներից անդին» խորագիրը:
Հիշեցնենք, որ 2026-ի ամռանը «Բնության հատուկ պահպավող տարածքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ են կատարվել: Նոր խմբագրությամբ օրենքում ներմուծվել է OECM հասկացությունը: Սակայն օրենքում ընդամենը տրվում է այս հասկացության բացատրությունը: Ընդամենը այդքանը:
|
Այլ արդյունավետ պահպանության միջոցառումների ներքո գտնվող աշխարհագրորեն սահմանված տարածք (OECM) - բնության հատուկ պահպանվող տարածք (ԲՀՊՏ) չհանդիսացող աշխարհագրորեն սահմանված տարածք, որի նկատմամբ չի կիրառվում բնության հատուկ պահպանվող տարածքների համար օրենքով սահմանված հատուկ պահպանության եւ օգտագործման ռեժիմ, սակայն որի կառավարման, տնօրինման կամ օգտագործման արդյունքում ապահովվում են կենսաբազմազանության բնական միջավայրում պահպանության դրական, կայուն եւ երկարաժամկետ արդյունքներ՝ ներառյալ էկոհամակարգերի կառուցվածքի, գործառույթների, էկոհամակարգային ծառայությունների, իսկ անհրաժեշտության դեպքում՝ դրանց հետ կապված բնապահպանական եւ այլ արժեքների պահպանումը: «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենք, հոդված 2 |
OECM-ների գոյությունը կարեւոր է, քանի որ աշխարհում «պահպանվող տարածքներ» հասկացությունը վաղուց դուրս է եկել ԲՀՊՏ-ների շրջանակներից: Պետական ենթակայության ԲՀՊՏ-ներ են արգելոցները, արգելավայրերը, ազգային պարկերը, բնության հուշարձանները, իսկ համայնքային ենթակայության՝ պահպանվող լանդշաֆտները:
Սակայն կան նաեւ սրանցից դուրս գործող տարածքներ, որոնց սահմաններում եւս իրականացվում է կառավարում եւ պահպանություն: Օրինակ՝ 2015-ից Հայաստանում կան էկոմիջանցքներ, որոնք համայնքային ենթակայության են ու իրենց էությամբ եւս OECM-ներ են (էկոմիջանցքների կառավարման ու պահպանության համար համայնքները հիմնում են ՀԿ-ներ, որոնք աջակցություն են ստանում Բնության համաշխարհային հիմնադրամի՝ WWF-ի հայաստանյան մասնաճյուղից):
|
Էկոլոգիական միջանցք - էկոլոգիական ցանցի գործառնական բաղադրիչ, որը նպատակաուղղված է բնության հատուկ պահպանվող տարածքների եւ արժեքավոր բնական էկոհամակարգերի փոխկապակցվածության, դրանց էկոհամակարգերի կայունության, պահպանության, բույսերի տարածվածության, կենդանիների տեղաշարժի, կենդանատեսակների եւ բուսատեսակների ապրելավայրերի եւ աճելավայրերի պահպանությանը, հողի եւ կենսառեսուրսների կայուն օգտագործմանը, ինչպես նաեւ էկոլոգիական ցանցի ամբողջականության ապահովմանը: «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենք, հոդված 2 |
Սակայն OECM-ները կարող են լինել նաեւ մասնավոր ենթակայության:
Կոհեի Կինամեն ասում է, որ Ճապոնիայում հիմնված OECM-ների կեսը կառավարվում է մասնավոր ընկերությունների կողմից, որոնց հաջորդում են ՀԿ-ներն ու համայնքները:
«Գլխավոր առանձնահատկությունն այն է, որ մենք չենք սահմանափակում որեւէ էկոհամակարգի տեսակ։ Ընդունում ենք բոլոր էկոհամակարգերը, ինչպիսիք են, օրինակ, հին անտառները, խոտհարքները, ճահճուտները, ծովային, ափամերձ տարածքները կամ ցանկացած այլ վայր:
Հավաստագրման համար փորձագետները նախ ուսումնասիրում են ստացված դիմումները, տարածքի կառավարման փորձը: Փորձագիտական խմբում ընդգրկված են ակադեմիական տարբեր ոլորտների ներկայացուցիչներ: Ըստ Կինամեի՝ գոյություն ունեն չափանիշներ, որոնք համապատասխանում են Կենսաբազմազանության մասին կոնվենցիային եւ Բնության պահպանության միջազգային միության (IUCN) ուղեցույցներին: Գործընթացն ամրագրված է Ճապոնիայի օրենսդրությամբ, ինչը, ըստ «Հետքի» զրուցակցի, հավաստագրման վստահելի համակարգ է ձեւավորում:
Կոհե Կինամեն նշում է, որ ձկնորսական համայնքներից մեկը լուրջ խնդրի էր բախվել՝ որսի կտրուկ անկում էր գրանցվել կլիմայի փոփոխության կամ շրջակա միջավայրի քայքայման պատճառով: Ձկնորսները որոշել էին OECM ստեղծել, ինչն էլ հետագայում դրական արդյունք է տվել: «Ձկնորսները փոխել են իրենց ռազմավարությունը՝ անցնելով ավելի կայուն մոտեցման եւ ձգտելով ավելի մոտ լինել բնությանը»,- ասում է Ճապոնիայի շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչը:
Հարցին, թե հաշվի առնելով իրենց փորձը ՕECM-ների ոլորտում, ինչ կարող է խորհուրդ տալ Հայաստանին, մեր զրուցակիցը պատասխանում է. «Պետք է լինի ներառական շրջանակ։ Դուք չեք կարող նախապատվություն տալ ոմանց՝ բացառելով մյուսներին։ Անհրաժեշտ է ազգային շրջանակում ճանաչել եւ հաշվի առնել տեղում իրականացվող բնության պահպանության գործողությունները»:
The Nature Conservancy բնապահպանական կազմակերպության եւ Բնության պահպանության միջազգային միության (IUCN) պահպանվող տարածքների համաշխարհային հանձնաժողովի (WCPA) ավագ խորհրդական Կարոլինա Հեյզինը (Carolina Hazin) նշում է, որ երբեմն երկրները ներդրում են OECM-ների գաղափարը, բայց լիովին չեն հասկանում չափանիշները, սկզբունքները, մշտադիտարկման մեթոդները, ինչպես նաեւ այն, թե ինչ գործողություններ պետք է իրականացվեն այդ տարածքներում։ Ըստ մեր զրուցակցի՝ սա մարտահրավեր է: Հեյզինի խոսքով՝ կարեւոր են երկխոսությունները, փորձագետների ներգրավումը, հասկացությունների հստակեցումը, կարողությունների զարգացումը, անհրաժեշտ ինստիտուցիոնալ կառույցների ստեղծումը:
Նկատում է, որ բազմաթիվ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ շատ երկրներ OECM տարածքների վերաբերյալ տվյալներ են ներկայացրել միջազգային հարթակներում, սակայն այդ տարածքները միշտ չէ, որ համապատասխանել են սահմանված չափանիշներին։ «Հետքի» զրուցակիցն ասում է, որ ծանոթ չէ «Բնության հատուկ պահպավող տարածքների մասին» ՀՀ օրենքին եւ չգիտի, թե ինչ չափանիշներ են սահմանված OECM-ների վերաբերյալ, բայց ավելացնում է, որ իրենք մշակել են տեղեկատվական նյութեր ու չափանիշներ եւ խրախուսում են երկրներին՝ դրանք ներդնել իրենց ազգային օրենսդրության մեջ:
«Մենք պետք է նայենք պահպանվող տարածքների սահմաններից դուրս, ներգրավենք քաղաքացիական հասարակությանը, տարբեր ոլորտների եւ այն պետական մարմիններին, որոնք զբաղվում են բնապահպանական ոլորտից դուրս հարցերով։ Սա անհրաժեշտ է, քանի որ կենսաբազմազանության պահպանության համար մենք պետք է գործենք միասին»,- ասում է Կ. Հեյզինը:
Անդրադառնակով Կունմին-Մոնրեալի գլոբալ շրջանակի թիրախներից «30X30»-ին՝ մեր զրուցակիցը նշում է, որ դրա իրականացումն իսկապես խնդիր է (Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմ հանդիսացող երկրները 2022-ին պարտավորվել են ձեռնարկել քայլեր, որոնց արդյունքում մինչեւ 2030 թ. աշխարհի ցամաքային, ջրային եւ ծովային տարածքների առնվազն 30 %-ը պետք է պահպանվի ու արդյունավետ կառավարվի):
«Իհարկե, հավակնոտ նպատակ է: Մենք չենք կարող դա ժխտել: Ես տեսել եմ փոքր երկրներ, օրինակ՝ փոքր կղզիներ, որոնք նույնիսկ բավարար տարածք չունեն՝ իրենց պահպանվող տարածքներն ընդլայնելու համար: Այս առումով որոշակի դժվարություն կա»,- նկատում է Կ. Հեյզինն ու հավելում, որ, այդուհանդերձ, իր կարծիքով, սահմանված գլոբալ թիրախին հնարավոր է հասնել:
«Երբ խոսում եմ կենսաբազմազանության պահպանության մասին, նկատի չունեմ տարածքի մեկուսում կամ բացարձակ չօգտագործում։ Մենք խոսում ենք պահպանության ավելի լայն ընկալման մասին՝ հաշվի առնելով դրա ընձեռած օգուտները, այդ թվում՝ մարդու առողջության համար»,- նշում է Կարոլինա Հեյզինը:
Նրա դիտարկմամբ՝ կան երկրներ, որոնք բախվում են դժվարությունների կամ մարտահրավերների, քանի որ հասարակությունը չի ըմբռնում, թե ինչ սահմանափակումներ կան, եւ ինչ օգուտներ կարող են լինել պահպանությունից: Դրա հետեւանքով էլ հակազդեցություն է առաջանում պահպանության դեմ: Այս պարագայում, ըստ Հեյզինի, կարեւոր նշանակության ունի հասարակության տեղեկացվածության ապահովումը:
Տես նաեւ՝
- Հայաստանը ծրագրում է մինչեւ 2030 թ. իր տարածքի առնվազն 20 տոկոսը դարձնել բնության հատուկ պահպանվող տարածք
- Հայաստանի հավակնոտ բնապահպանական ծրագիրը COP17-ին ընդառաջ
Լուսանկարները՝ FPWC-ի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել