
Ենոքավանցիները ոտքի են կանգնել կառուցվող հէկի դեմ
«Մեր գյուղի տուրիստական կենտրոնում աշխատում է բնակչության մոտ 20 %-ը, եթե ևս մեկ հէկ կառուցեն, ոչ միայն գյուղի կեսից ավելին կզրկվի ոռոգման ջրից, այլ նաև աշխատատեղից, քանի որ տարածքը կվերածվի անապատի և զբոսաշրջիկներն այլևս չեն գա այստեղ, իսկ փոքր հէկում 3-4 աշխատող է լինում ընդամենը,- համագյուղացիների անունից բարձրաձայնում է Ենոքավան գյուղի բնակիչ Հարություն Նիյազյանը և հավելում,- Երբ մեր գյուղում կառուցվեց առաջին փոքր հէկը` «Խաչաղբյուր 1»-ը, բնակչության կարծիքը հաշվի չառնվեց, հիմա պատմությունը կրկնվում է, առաջինին բավականին մոտ կառուցում են երկրորդը ու նորից մեր կարծիքը բանի տեղ չեն դնում. ոչ մի փորձագետ չի այցելել` գետն ու դրա շրջապատն ուսումնասիրելու, մի քանի գյուղացու մասնակցությամբ անց են կացվել հանրային լսումներ, որոնց մասին գյուղում համարյա ոչ ոք տեղյակ չէր»:
Ենոքավանցիները պատրաստվում են շաբաթ օրը` ժամը 12-ին, գյուղի կենտրոնում հանրահավաք անցկացնել և պահանջել որևէ փորձագետ ուղարկել, որպեսզի վերջինս իր աչքով տեսնի, թե ինչքան վնաս կարող է պատճառել գյուղին ու շրջակա բնությանը նոր կառուցվող հէկը` «Խաչաղբյուր 2»-ը:
Հարևան Գետահովիտ գյուղի բնակիչ Արթուր Ավագյանը, ով նույնպես մասնակցում էր այս թեմայով հրավիրված մամուլի ասուլիսին, հայտնեց, որ նոր հէկի շինարարության ընթացքում հողը էրոզիայի է ենթարկվել և սողանքներ են տեղի ունեցել, ի պատասխան իրենց բողոքների, «Խաչաղբյուր 2»-ը կառուցողներն ասել են, որ միայն գյուղացիները չեն տուժել դրանից, այլ նաև իրենց անցկացրած խողովակներն են վնասվել:
Բնապահպան Լևոն Գալստյանը տեղեկացրեց, որ հէկի շինարարությունը սկսել են` չունենալով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի լիցենզիան, ինչը օրենքի խախտում է:
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել