Բյուջե 2027. ծախսերի ամենամեծ աճը առողջապահության գծով է
Ծախսերի ամենակտրուկ աճը սպասվում է առողջապահության ոլորտում, իսկ ամենախոշոր ուղղությունը շարունակում է մնալ սոցիալական պաշտպանությունը։
Այս օրերին ԱԺ մշտական հանձնաժողովներում քննարկվում է եկող տարվա բյուջեի նախագիծը։ Պետական կառույցների ղեկավարները ներկայացնում են իրենց ոլորտների ծախսերն ու դրանց ուղղությունները։
2027 թվականի պետական բյուջեով նախատեսվել է հավաքագրել 3.6 տրլն դրամի եկամուտ։ Միևնույն ժամանակ հաշվարկվել է, որ բյուջեի հաշվին 4.07 տրլն դրամի ծախսեր կիրականացվեն։ Այդ դեպքում բյուջեում կառաջանա 468 մլրդ դրամի (0.47 տրլն դրամ) պակասուրդ (դեֆիցիտ), որը կլրացվի ներքին ու արտաքին պարտքի հաշվին։
Եկամուտների տարեկան ծրագրային ծավալները կապահովվեն հիմնականում հարկային եկամուտների հաշվին:
2026 թվականի բյուջեով ամրագրված ցուցանիշի համեմատ՝ 2027 թվականի բյուջեով կանխատեսվող եկամուտներն ավելի են 16.6%-ով (տարվա ընթացքում ճշտված պլանի համեմատ՝ փոքր-ինչ ավելի համեստ աճով), իսկ ծախսերը՝ 12.2%-ով։
Ինչի՞ վրա կծախսվի բյուջեն․ ամենամեծ աճը առողջապահության գծով է
Ծախսերի աճը, սակայն, համաչափ չէ բոլոր ոլորտների միջև․ եթե առողջապահությունն ու հասարակական կարգի պահպանությունը զգալի հավելյալ ֆինանսավորում կստանան, ապա, օրինակ, կրթության և շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտներում արձանագրվել է հատկացումների որոշակի նվազում։
Բյուջեի ծախսերի ամենախոշոր ուղղությունը շարունակում է մնալ սոցիալական պաշտպանությունը։ Այս ոլորտին 2027 թվականին կուղղվի 1.08 տրլն դրամ (աճը՝ 9.2%)։
Սոցիալական ծախսերին է բաժին ընկնում ամբողջ բյուջեի շուրջ 27%-ը։ Այստեղ էական բաժին են զբաղեցնում ծերության կենսաթոշակները։ Այս տողի ներքո են նաև ընտանեկան նպաստները, բնակարանային ապահովության ծրագրերով հատկացվող գումարները և այլն։
Ծախսերի հաջորդ խոշոր բաժինը կոչվում է «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ»։ Այս բաժնի ամենախոշոր ծախսային ուղղություններից են պետական պարտքի տոկոսավճարները՝ մոտ 417 մլրդ դրամ։
Ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների գծով, ընդհանուր առմամբ, կհատկացվի 901.8 մլրդ դրամ։ 2026-ին ընդունված բյուջեով ամրագրված ծախսերի համեմատ՝ 2027-ին այս տողով սպասվում է 6.2% աճ։ Այս բաժինը ներառում է պետության կենսագործունեության, պետական ապարատի պահպանման, պարտքի սպասարկման և տեղական ինքնակառավարման ֆինանսավորման հիմնական ուղղությունները։
Ծախսերի երրորդ խոշոր ուղղությունը ռազմական ոլորտն է։ Պաշտպանությանը կհատկացվի 620 մլրդ դրամ, որը նախորդ տարվա ընդունված բյուջեի նույն տողի համեմատ, ըստ կանխատեսումների, կաճի 9.5%-ով։
Հաջորդում են կրթության (351 մլրդ դրամ) և առողջապահության (349 մլրդ դրամ) ծախսերը։ Կրթության ծախսերը կնվազեն 1.9%-ով, իսկ առողջապահության ծախսերի գծով կանխատեսվում է կտրուկ աճ՝ 63.9%-ով։
Թե՛ տոկոսային առումով, թե՛ բացարձակ թվով առողջապահության ոլորտի ծախսերի աճն ամենամեծն է։
«Դա պայմանավորված է նրանով, որ մենք այս տարվա սկզբից ներդրել ենք առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգը։ Ըստ օրենքի՝ համակարգն ամեն տարի պետք է ընդլայնվի, և նոր շահառուներ պետք է մտնեն այստեղ։ Մենք, ըստ էության, ապահովում ենք համակարգի սահուն աշխատանքը»,- նոյեմբերի 4-ին բյուջեի նախագծի վերաբերյալ ԱԺ քննարկումների ժամանակ ասել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նույն քննարկումների ժամանակ առողջապահական ծախսերի հատվածը ներկայացնելիս առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, որ 2027 թվականի պետական բյուջեի ծախսերից առողջապահության ապահովագրության ողջ ծախսը կկազմի 275 մլրդ դրամ։ Դրա մեծ մասը՝ 176 մլրդ դրամը, կուղղվի այն քաղաքացիների առողջապահական ապահովագրությանը, որոնց ապահովագրավճարներն ամբողջությամբ վճարում է պետությունը (օրինակ՝ մինչև 18 տարեկան, 65 տարեկանից բարձր անձինք, հաշմանդամություն ունեցող անձինք և այլն)։ Ըստ Անահիտ Ավանեսյանի՝ խոսքը 1.3 մլն քաղաքացու մասին է։ Նախարարության հաշվարկներով՝ այս խմբի թիվը եկող տարի կավելանա շուրջ 50 հազարով։
Մնացած դեպքերում աշխատողը մասնակի կամ ամբողջությամբ է վճարում իր ապահովագրավճարը։
2027 թվականից առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգին կմիանան նաև ամսական մինչև 200 հազար դրամ անվանական («կեղտոտ») աշխատավարձ ստացող քաղաքացիները, որոնք այս տարի ներառված չէին։ Առողջապահության նախարարության հաշվարկներով՝ այստեղ խոսքը մոտ 350 հազար քաղաքացու մասին է։ Ըստ Անահիտ Ավանեսյանի՝ նրանց դեպքում ամսական ապահովագրավճարի 4400 դրամը պետք է վճարի գործատուն, նույնքան կվճարի պետությունը, և 2000 դրամը՝ աշխատողը (ընդհանուր՝ 10 800 դրամ)։
Համակարգին եկող տարվանից միացող հաջորդ մեծ խումբը էլեկտրոնային հարթակներով ծառայություն մատուցող տաքսու վարորդներն են։
Համակարգին միացած քաղաքացին կարող է ապահովագրել նաև փոխկապակցված անձանց, օրինակ՝ ընտանիքի 1-2 անդամի՝ կախված աշխատավարձի չափից։
100%-ով սուբսիդավորվող անձանց շրջանակը չի փոխվում։
Վերադառնալով ծախսերի մյուս ուղղություններին՝ հասարակական կարգի, անվտանգության և դատական գործունեության ապահովմանը կհատկացվի 297 մլրդ դրամ, որը 2026 թվականի համեմատ կաճի 19.6%-ով։ Այս միջոցներն ուղղվում են Ոստիկանությանը, Ազգային անվտանգության ծառայությանը, Պարեկային ծառայությանը, Փրկարար ծառայությանը, Դատախազությանը, դատարաններին և հարակից մարմիններին։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել