HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Կողբավանում ընտրատեղամասը տեղավորել են վարչական ղեկավարի աշխատասենյակում

Կողբավանի ընտրատեղամասում նույնիսկ հանձնաժողովի անդամների համար բավարար տեղ չկա։ Ընտրությունը կազմակերպվել է գյուղի վարչական ղեկավարի նստավայրում՝ հենց նրա աշխատասենյակում, որտեղ տեղավորված են նաև մյուս աշխատակիցները։ Սենյակն այնքան փոքր է, որ հանձնաժողովի անդամների մի մասը ստիպված նստել է միջանցքում։ Տեղամասում նույնիսկ տեսախցիկ տեղադրված չէ։

Այս պայմաններում այսօր Արմավիրի մարզի Բաղրամյան խոշորացված համայնքի Կողբավան գյուղում անցկացվում են ավագանու ընտրությունները։ Գյուղում ընտրելու իրավունք ունի 71 մարդ։ Ժամը 15։00-ի դրությամբ քվեարկել է 23-ը։

Մեկ ժամից ավելի գտնվել ենք ընտրատեղամասում, սակայն այդ ընթացքում ոչ մի ընտրող չի եկել։ Հանձնաժողովի անդամներն ասում էին, որ գուցե այլևս մարդ չկա։

Կողբավանը մեկ փողոցով ձգվող փոքր գյուղ է։ Ընտրողների ցուցակում ընդգրկված 71 մարդուց բոլորը չէ, որ մշտապես բնակվում են այստեղ։ Բնակիչների մի մասը գյուղ է վերադառնում ամռանը՝ գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվելու համար, իսկ ուշ աշնանը հեռանում։

Գյուղատնտեսությունն էլ այստեղ հեշտ գործ չէ։ Կողբավանում ո՛չ խմելու, ո՛չ ոռոգման ջուր պատշաճ չի մատակարարվում։ Նույնիսկ ընտանի կենդանիներին ջուր տալու համար բնակիչները ստիպված են այն ավտոմեքենաներով բերել այլ համայնքներից կամ խնդրել խոշոր հողատերերին՝ օգտվել նրանց արտեզյան հորերից։

Գյուղացիները պատմեցին, որ խմելու ջրի գիծ անցկացվել է, սակայն պոմպն աշխատում է արևային էներգիայով և հաճախ է խնդիրներ առաջացրել։ Իսկ այժմ ամիսներ շարունակ ջուր չունեն։

Գյուղը չունի նաև գազ։ Տները տաքացնում են հիմնականում աթարով։ Նույնիսկ հեռախոսակապն է թույլ։ Գյուղ այցելած և ռոումինգը միացրած մարդու հեռախոսին կարող է միանալ ոչ թե հայկական, այլ թուրքական բջջային ցանցը։

Կողբավանն ուղիղ գծով Թուրքիայից մոտ 5 կմ է հեռու։

Գյուղ հասնող ճանապարհն առաջին հայացքից ասֆալտապատ ու բարեկարգ է թվում, սակայն դրա նստվածքներն ու անհարթություններն այնքան շատ են, որ երթևեկության ընթացքում մեքենան երբեմն գետնից կտրվում է՝ ստեղծելով վթարային իրավիճակ։

Բաղրամյան համայնքում ավագանու ընտրություններին մասնակցում է երկու քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» և «Գործարար» կուսակցությունները։ Ցուցակները գլխավորում են համայնքի գործող ղեկավարը և նրա տեղակալը։

Լուսանկարը՝ արխիվային/2019թ․

Տես նաև՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter