
«Ջուր չեղավ, մենք ո՞ւմ ենք պետք լինելու». գետահովիտցիները 20 օր է` խմելու ջուր չունեն (լուսանկարներ)
Գետահովիտ գյուղի բնակիչները իրենց բողոքով հասել են մինչև բնապահպանության նախարարություն, և այժմ ընթանում է նրանց հանդիպումը նախարարի հետ: Բնապահպան-ակտիվիստները գտնվում են նախարարության շենքի առջև, որտեղ գետահովիտցիների հետ միասին բողոքի ակցիա են իրականացնում` ընդդեմ Գետահովիտի տարածքում կառուցվող հէկի: Գյուղացիները նշում են, որ հէկի շինարարության պատճառով իրենք արդեն 20 օրից ավելի է, ինչ խմելու ջուր չունեն, իսկ հէկի կառուցումից հետո ընդհանրապես ստիպված են լինելու լքել գյուղը: Բնապահպանները բազմաթիվ օրինախախտումների օրինակներ են բերում, որոնց պատճառով ոտնահարվում են ոչ միայն Գետահովիտ և Ենոքավան գյուղերի բնակիչների իրավունքները, որոնց կարծիքն ընդհանրապես հաշվի չեն առել հէկը կառուցելիս, այլ նաև ավիրվում է կուսական բնությունը. հսկայական տարածք ընդգրկող տարածք անտահառահատվում է, առաջանում են սողանքներ, ցամաքում է Պաղջուր գետը:
«20 օր է, ինչ ջուր չունենք, եթե զրկվենք ջրից, էլ ում ենք պետք լինելու»,- հայտնեց բողոքին մասնակցող գետահովիտցի Վազգեն Չաբուխյանը:
Բնապահպան-ակտիվիստ Եղիա Ներսիսյանը տեղեկացրեց, որ շինարարական աշխատանքները կատարվում են գիշերով, չնայած այն բանին, որ Գետահովիտի գյուղապետը չեղյալ է հայտարարել իր իսկ կողմից տրված շինարարության թույլտվությունը:
«Եթե այսպես շարունակվեց, սա դառնալու է Թռչկան – 2, քանի որ այս դեպքում շատ ավելի լուրջ է խնդիրը` ոչնչացվում է շուրջ 20 կմ երկարությամբ տարածք կուսական անտառից»,- ասաց Եղիա Ներսիսյանը և հավելեց, որ եթե նախկինում ծառերը կտրում էին, ապա այժմ ուղղակի տրակտորներով արմատախիլ են անում:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել