
«Երբ Հանթսմանները սկսեն խոսել, դա կլինի ամպրոպի պես մի բան». Տիգրան Աթանեսյան
««Սիվիլիթաս» հիմնադրամն այս պահին 800 հազար դոլարի խիստ պահանջ չուներ, Վարդան Օսկանյանն իմ հորդորով ու պահանջով է այդ գումարը փոխանցել հիմնադրամի հաշվեհամարին, քանի որ վտանգ կար, որ այդ գումարը կարող է արգելանքի տակ դրվել և կորչել պետական գնումների կամ մեկ այլ բանի անվան տակ»,- այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտարարեց Վ. Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը:
Նրա խոսքով՝ իրենք այս պահին գործի կդնեն բոլոր հնարավոր իրավական եղանակները Վ. Օսկանյանի անմեղությունն ապացուցելու համար՝ միջնորդություններ կանեն, կբողոքարկեն դատարարանների որոշումները և այլն, սակայն հույս չունեն, որ Հայաստանի դատական համակարգի միջոցով ինչ-որ բանի կհասնեն. «Այս գործը հեռանկար չունի, միակ օբյեկտիվ ելքը այն կարճելն է»:
Վ. Օսկանյանի ներկայացուցիչը ևս մեկ անգամ նշեց, որ քրեական գործն ու մեղադրանքները բացահայտ քաղաքական հետապնդում է՝ ուղղված Վ. Օսկանյանին և մեծ վիրավորանք Հանթսմանների ընտանիքին, որը ամբողջ աշխարհում շուրջ 1 միլիարդ 200 միլիոն դոլարի բարեգործություն է արել, այդ թվում նաև Հայաստանի համար:
«Հանթսմանները դեռ հրապարակայնորեն չեն խոսում այս գործընթացի մասին, բայց նրանց վերաբերմունքը շատ բացասական է. նրանց բարի համբավը Ազգային ժողովում խառնում են փողերի լվացման կեղտոտ գործընթացի հետ: Երբ նրանք սկսեն խոսել, դա կլինի ամպրոպի պես մի բան»,- հայտարարեց Տիգրան Աթանեսյանը:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել