
Ուզում եմ թքել այս երկրի ու պաշտոնյաների վրա եւ հրաժարվել իմ կյանքից
«Հետքը» կրկին նամակ է ստացել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող Արման Վահանի Դավթյանից: Վերջինս աջակցություն է խնդրում վերականգնելու արդարությունը, ինչին չհասնելու դեպքում սպառնում է դիմել ինքնասպանության:
«Հարգելի խմբագրություն, Մաշտոցի ՆԳ բաժնի քրեականի պետ Արթուր Գեւորգյանի գլխավորությամբ օպեր Արմանը եւ մի քանի ոստիկաններ ինձ, կնոջս՝ Սոնա Մկրտչյանին, եւ ընկերոջս՝ Արթուր Մանուկյանին, խոշտանգել են, էլեկտրաշոկով այրել են մեջքս, օպեր Արմանը պարկետով հարվածել եւ կոտրել է ձախ ձեռքիս մատները, ստիպում էին հանձն առնել իրենց թվարկած գողությունները, որոնք ես չեմ կատարել:
Նրանց անօրինականությունների, ինձ անհիմն կալանավորելու եւ տանջանքների ենթարկելու մասին բազմիցս նամակով տեղեկացրել եմ ՀՀ նախագահին, ԱԺ նախագահին, գլխավոր դատախազին, ազգային անվտանգության ծառայության պետին, հատուկ քննչական ծառայության պետին, վերաքննիչ դատարանին, մարդու իրավունքների պաշտպանին, ՄԱԿ-ի գրասենյակի քարտուղարին, Հելսինկյան կոմիտեի նախագահին եւ այլոց, սակայն ոչ մի բան չի փոխվել: Այլընտրանք չունենալով՝ դիմում եմ ձեզ՝ խնդրելով բարձրաձայնել այս մասին:
Հարգելի խմբագրություն, շատ եմ խնդրում՝ իմ այս նամակը տպագրեք, որ մարդիկ կարդան ու հասկանան, թե ինչեր են գործում իբր թե օրենքի պահապան ոստիկանները: Խարդախությամբ, խաբեությամբ ու կեղծիքներով մարդուն դրդում են ինքնասպանության: Այլընտրանք չտեսնելով՝ ուզում եմ թքել այս երկրի ու պաշտոնյաների վրա եւ հրաժարվել իմ կյանքից: Մինչեւ ե՞րբ ու ինչքա՞ն հանդուրժեմ այս խաբեբաներին ու պղծվածներին: |
2011 թ. հունիսի 14-ին՝ առավոտյան ժամը 6-ին, խուժանի պես իմ վարձակալած բնակարան ներխուժեցին մի քանի հոգի: Նրանք չեն եղել ոստիկանի համազգեստով, չեն ներկայացրել ոչ մի փաստաթուղթ իրենց անձի վերաբերյալ եւ թե ինչում են մեզ մեղադրում: Կրկին խուժանի պես քարշ տալով նստեցրին իրենց մեքենաները, ինձ, Սոնային եւ Արթուրին բերման ենթարկեցին Մաշտոցի ՆԳ բաժին:
Բաժնում քրեականի պետ Ա. Գեւորգյանի գլխավորությամբ 5-6 օպեր 3 ժամ դաժանաբար ինձ ծեծել, խոշտանգել են, կոտրել ձեռքիս մատները, էլեկտրաշոկով հոսանքի տվել, որպեսզի ես գրավոր ընդունեմ իմ կողմից չկատարված հանցագործությունները:
Հավատացեք, իրականում ես հանցագործ եղել եմ, սակայն երեւի ընդունված ձեւ է. սխալները շտկելու եւ անմեղին արդարացնելու փոխարեն, էլ ավելի ստոր քայլերի են դիմում, միայն թե զրպարտեն ու դատապարտեն եւ դրա «շնորհիվ» չբացահայտված գործեր բարդեն անմեղ մարդու վրա՝ բացահայտման ցուցանիշներն ավելացնելու համար: Մի՞թե իմ անցյալը, այն, որ ես սխալներ եմ թույլ տվել, պատճառ են խորտակելու իմ կյանքը, թույլ չեն տալու զգալ ընտանիքի ջերմությունն ու երջանկությունը: Ես իմ սխալների համար վարձահատույց եմ եղել՝ կյանքիս, երիտասարդությանս լավագույն տարիները բանտում ու գաղութներում անցկացնելով: |
Չէ՞ որ Քրեական դատավարության գործող օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն՝ «անձի իրավունքները, ազատությունները եւ արժանապատվությունը հարգելը պարտադիր է քրեական դատավարությանը մասնակցող բոլոր մարմինների եւ անձանց համար»:
Ես համաձայնության եմ գալիս ոստիկանի համազգեստով «դահիճ», քրեականի պետ Արթուր Գեւորգյանի հետ, որ կկատարեմ իրենց ասածները, միայն չխոշտանգեն կնոջս եւ ընկերոջս ու բաց թողնեն նրանց: Ինձ մեղադրում են 14 բնակարանից եւ 2 ավտոմեքենայից կատարված գողության մեջ: Անգամ չունենալով ոչ մի իրեղեն ապացույց՝ քրեականի պետ Ա. Գեւորգյանը ընկերոջս՝ Արթուր Մանուկյանին, մեկ զույգ ավտոմեքենայի բարձրախոսներ է տալիս, որ տանի եւ իմ տանը պահի, որպեսզի խուզարկության ժամանակ, որպես իրեղեն ապացույց, հայտնաբերեն:
Մեկ օր կնոջս եւ ընկերոջս անօրինական ձեւով պահում են ՆԳ բաժնում, հաջորդ օրը բաց են թողնում: Ես մեկուսարանում հացադուլ եմ հայտարարում եւ դիմում-բողոք գրում գլխավոր դատախազին՝ ասելով գործի մասին ողջ ճշմարտությունը: Մաշտոցի ՆԳ բաժինը կրկին դիմում է ստոր քայլի. հոկտեմբերի 10-ին կնոջս եւ ընկերոջս կրկին բերման են ենթարկում Մաշտոցի ՆԳ բաժին, եւ քրեականի պետ Ա. Գեւորգյանը, վախեցնելով ստիպում է հերքել իմ դիմում-բողոքում նշված ապացույցները: Սակայն, երբ նրանց բաժնից բաց են թողնում, իմ ընկեր Արթուրը դիմում-բողոք է գրում գլխավոր դատախազին՝ ասելով ողջ ճշմարտությունը, բայց մինչ օրս չի ստացվել ոչ մի պատասխան:
Հարգարժան «Հետքի» խմբագիր, իմ հանրային պաշտպան Անժելա Հոբոսյանի եւ Հելսինկյան կոմիտեի փաստաբան Ռոբերտ Ռեւազյանի մոտ են գտնվում ենհերքելի փաստաթղթեր, որոնք ապացուցում են իմ անմեղությունը եւ ոստիկանների գործած ապօրինի, ստոր քայլերը՝ նախաքննության փուլում: Ըստ Մարդու իրավունքներ եվրոպական կոնվենցիայի13-րդ հոդվածի՝ յուրաքանչյուր անձ, ում սույն կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջեւ իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք:
Հարգելի խմբագրություն, ձեզ համար ճշմարտությունը պարզելը դժվար չէ: Չունենալով այլընտրանք՝ խնդրում եմ օգնել ինձ արդարությունն ապացուցել: Օգնեք ինձ օրենքով, Սահմանադրությամբ ու միջազգային կոնվենցիաներով վերականգնելու իմ իրավունքներն ու ազատությունները: Օգնեք ինձ վերականգնել արդարությունն ու օրենքի ուժը, որպեսզի կարողանամ ապացուցել գործի ողջ ճշմարտությունը: Մի՞թե ես իրավունք չունեմ արդարության հույս ունենալ:
Եթե իմ խնդրանքին դուք էլ անտարբեր մնաք, ես ինքնասպան կլինեմ, որպեսզի համայն աշխարհը տեսնի այս թուրք ու դահիճ պաշտոնյաների իրական դեմքը, որոնք միտումնավոր կործանում են մարդկանց կյանքը եւ նվաստացնում, ոտնահարում նրանց արժանապատվությունը: Որոշումս հստակ է, անփոփոխ ու անկեղծ: |
Կանխավ շնորհակալություն:
Վստահության հույսով եւ հարգանքով՝
Արման Դավթյան
13.10.1012թ.»:
Մեկնաբանություններ (17)
Մեկնաբանել