
Արտակ Շաբոյանը ի՞նչու է թաքցնում պարգևատրումների մասին տեղեկատվությունը
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը հանձնաժողով է եկել Պետեկամուտների կոմիտեից, իսկ մինչ այդ աշխատել է Կենտրոնական բանկում: Տեղափոխվելուց հետո նա հանձնաժողով է բերել իր մտերիմներին և ծանոթներին: Պարզվում է, որ հանձնաժողովի նախագահը այդ մարդկանց անընդհատ պարգևավճարներ է տալիս:
Մենք գրավոր հարցում էինք ուղղարկել ՏՄՊՊՀ նախագահին' խնդրելով տրամադրել այն աշխատակիցների ցանկը, ովքեր անցնող տարվա ընթացքում պարգևավճարներ են ստացել: Պահանջել էինք նաև պարգևավճարի չափն ու այն հիմքը, ըստ որի՝ աշխատողը արժանացել է պարգևավճարի:
Հանձնաժողովից պատասխանել են, որ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին տրվող պետական ֆինանսավորմամբ ՏՄՊՊՀ աշխատակիցների պարգևատրման համար, որպես այդպիսին, հատուկ գումար նախատեսված չէ:
«Ներքին խնայողությունների, ինչպես նաև մի քանի հաստիքների կրճատման հաշվին տարվա ընթացքում որոշ աշխատակիցներ ստացել են պարգևավճարներ: Պարգևավճար ստացած աշխատակիցները իրենց աշխատանքային պարտականությունների կատարման ժամանակ դրսևորել են առավել բարձր արդյունավետություն և որակ, ինչն էլ հիմք է հանդիսացել նման որոշման համար: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ պարգևավճարների չափը անձնական տեղեկատվություն է և ենթակա չէ հրապարակման»,- պատասխանել են հանձնաժողովից:
Նշենք, որ ՏՄՊՊՀ-ն արտաբյուջե չունեցող պետական մարմին է, սնվում է պետական բյուջեից և հնարավորինս պետք է գործի թափանցիկ: Այն, որ նման տեղեկությունը «անձնական տեղեկատվություն է և ենթակա չէ հրապարակման» անհեթեթ է, քանի որ որոշ դեպքերում Արտակ Շաբոյանի ներքին ակտը հրապարակվել և փակցվել հանձնաժողովի ցուցատախտակին:
Մի՞թե այդ ժամանակ հանձնաժողովից «չեն հուշել» Արտակ Շաբոյանին, որ ցուցանակին փակցվածը «անձնական տեղեկատվություն է և ենթակա չէ հրապարակման»: Մի կողմ թողնենք այն, որ հանձնաժողովն այդպես էլ հղում չի արել այն իրավական ակտին, ըստ որի՝ մեր պահանջած տեղեկությունը անձնական տեղեկություն է և գաղտնի:
ՏՄՊՊՀ նախագահի ընտրովի մոտեցումը և յուրովի մեկնաբանությունը մեկ բան է հուշում. Արտակ Շաբոյանը չի ցանկանում իր մտերիմներին պարգևատրելու մասին որոշումները փակցնել, որպեսզի աշխատակազմում բողոք չհասունանա:
Հ.Գ. ՏՄՊՊՀ-ն միակը չէ, և նույն սկզբունքով աշխատում են նաև այլ պետական մարմիններ:
Մեկնաբանել