HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Մահացել է Մոնթեի մայրը

Այսօր 92 տարեկանում մահացավ Մոնթեի մայրը` Զաբել Մելքոնյանը: Նրան այցելել էի այս
տարվա մայիսին, հանդիպումից հետո նշումներ էի արել, եւ այն նույնությամբ ներկայացնում
եմ:

Մայիսի քսանին Մոնթեի եղբոր` Մարգարի հետ Գլենդեյլից իր հին «Ջիպով» մեկնեցինք Ֆրեզնո: Կեսօրին քաղաքում էինք: Մարգարը պլանավորել էր օրը, պետք է ճաշեինք հայկական որեւէ ճաշարանում: Մենք մի քանի տեղերում եղանք, պարզվեց՝ փակ են, որոշներն ընդհանրապես արդեն չէին գործում: Տխուր քաղաք է Ֆրեզնոն, հայկական եկեղեցին փակ էր: Այս եկեղեցուց են հանել Զորավար Անդրանիկի դին: Այս տարածքում էր Վ. Սարոյանը վաճառում իր թերթերը:  Մարգարը պատմում է, որ ինքն էլ փողոցում մի քանի անգամ տեսել է Սարոյանին: Քիչ հեռու Սարոյանի անվան թատրոնի շենքն է: Ֆրեզնոն ուրիշ է այժմ, Սարոյանի նկարագրած Ֆրեզնոյից բան չտեսա: Մի քանի հին շենքեր են, որոնք շուտով քանդվելու են: Մարգարը պատմում է, թե ինչպես էին Մոնթեի հետ պտտվում այս վայրերում: «Կզարմանամ, թե ոտաբոբիկ ինչպես էինք քայլում այս տաք ասֆալտի վրայով»,- ասում է Մարգարը:

Տոթ է, Ֆրեզնոյի փողոցներում հատուկենտ անցորդների էինք հադնիպում: Ուտելու տեղ այդպես էլ չգտանք այս քաղաքում: Գնում ենք հայկական գերեզմանոց: Մարգարը մի քանի պատմություններ է պատմում այստեղ ամփոփված հայերի մասին: Այս նահանգում հայերը բնակություն են հաստատել 1880-ականներին: Մոնթեի մայրը` Զաբելը, հետո պիտի ասեր, որ իրենց ընտանիքն առաջինն է բնակություն հաստատել Կալիֆոռնիայում:

Ֆրեզնոյի միակ ուշագրավ տեղը Սասունցի Դավթի հուշարաձանի տարածքն է: Քանդակագործ Վարազ Սամուելյանն է հեղինակը: Երկրորդ աշխարհամարտի ժամանակ հայաստանցի զինվորը` Վարազ Սամուելյանը, գերի է ընկել, հետո հասել է Ամերիկա եւ այստեղ կնքել իր մահկանացուն:

Ֆրեզնոյից մեկնում ենք Մոնթեի ծննդավայր` Վայսելիա: Փոքր քաղաք է, երբ Մոնթեն դպրոց էր գնում, բնակչության թիվը քսան հազար էր: Այսօր Վայսելիայի բնակչությունը 125 հազար է: Մոնթեի պատանեկությունն այս քաղաքում է անցել: Տունը, որտեղ ապրել է նա, նույնությամբ պահպանվել է, այսօր այնտեղ մայրն է ապրում` Զաբելը: Նա 92 տարեկան է, դժվար է քայլում, բայց հիշողությունը տեղն է: Տուն հասնելուց մի քանի րոպե հետո նա Մարգարին ասաց, որ ինձ ցույց տա Մոնթեի իրերը:

Հետո ինքն էլ եկավ եւ սկսեց պատմել այդ իրերից յուրաքանչյուրի մասին: Ճապոնիայից բերած թեքվանդոյի մարզահագուստն էր, սուրը եւ այլ իրեր: Մարգարն ասում է, որ իրենք «գիժ տղաներ էին»: Ու պատմում է իրենց գժությունների մասին: «Երբ Մոնթեի հետ էի, ես կվախնայի, միշտ մի պատմության մեջ կհայտնվեի նրա պատճառով»,- ասում է Մարգարը:

Պատմեց, թե ինչպես մի անգամ Մոնթեն գնաց խանութ եւ բացեց «Կոկա-Կոլա»-ի մի քանի տասնյակ շշեր ու, կափարիչները լցնելով գրպանը, եկավ: «Կոկա-Կոլա»-ն ակցիա էր անում, եւ ով քսան հատ կափարիչ հավաքեր եւ ուղարկեր, նրան հեծանիվ պետք է տային:

«Մոնթեն մի քանի անգամ քսան կափարիչ ուղարկեց, բայց ոչինչ չստացավ ու դրանից կատաղել էր»,- հիշում է Մարգարը: Հետո գնացինք գետի ափ, Մարգարը ցույց տվեց լեռները, անտառները, որտեղ Մոնթեի հետ անցկացրել են իրենց պատանեկությունը: Եղանք գետի այն հատվածում, որտեղ Մոնթեն նետվելով ջրի մեջ՝ ջարդել էր քիթը եւ ատամը: Այդ գիշերն անցկացրի Մոնթեի սենյակում, քնեցի նրա մահճակալին: Մինչ այդ Մարգարի հետ երկար զրուցել էինք, նա պատմում էր Մոնթեի կյանքի տարբեր ժամանակահատվածների մասին՝ Մոնթեն Բեյրութում, բանտում, պաղեստինցիների ճամբարում, Ղարաբաղում… Պատմություններ, որոնք  Մարգարը չի ներառել Մոնթեի մասին պատմող գրքում: Զոհված ընկերոջս մահճակալին պառկած՝ կարոտում էի նրան… 

2012,  մայիս, Կալիֆոռնիա

Մեկնաբանություններ (10)

A. Evoyan
Montein azerinery Volkman ein anvanum, gitein, vor porcaru u kataxi grohayin e: Kharabakh hasnelu hadzhord ory Monten mec u haxtakan chakatamart e talis... Harganq u xonarhum Montei u nran ashxarh berac u azgin pargevac Zabel mairiki hishatakin.
California Surfer Dude
Fresno has at least one other interesting spot. Soghomon Tehlirian is buried there. The cemetery, Ararat, is graced with a beautiful memorial honoring him.
Samvel
havers parq MONTEIN u ir cnoxnerin
Gevorg
Ախ, Մոնթե, Մոնթե .............
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Հարգելի Հրաչ Ճապրայեան(Կապանի հանքային «Deno Gold»-ի գործադիր տնօրեն) - Իսկ Մոնթեի ու իր պես վառ ազատամարտիկների արյունով ազատագրված Արցախում այսօր 300-ից ավել հանքային լիցենզիա է տրված:
Կարեն
պարոն Բաղդասարյան, Բայց ինչու այդքան կարճ?
Karen
Իսկ հայրը կենդանի է?
Հետք
Չէ մահացել է:
Grigor Alaverdyan
Ցավակցում եմ հարազատներին և խոնարհվում հերոսածին Մոր առջև, Աստված հոգին լուսավորի, Ինչպես ասում են հողը թող թեթև լինի ...
Հրաչ Ճապրայեան
Երբ չի մնում ելք ու ճար, խենթերն են գտնում հնար... Անմահ հիշատակդ մեր սրտին սիրելի Մոնթէ...իսկ քո Մայրը որ քո պես հերոս ա ծնվել, նրա ձերքերն ենք համբուրում: Աստված հոգին լուսավորի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter