
Թե' խարդախ գործարար, թե' սնանկ ձեւացող խաբեբա
(Ատրճանակը հաջորդ անգամ կարող է կրակել)
Պատասխան Վլադիսլավ Մանգասարյանին ու ընթերցողներին
Առաջին հերթին ցավում եմ, որ ՀՀ իրավական համակարգում տիրում է անպատժելիության մթնոլորտը, իսկ հանցագործի պատիժը որոշվում է նրա հովանավորով, այլ ոչ օրենքի հիման վրա, իսկ տվյալ դեպքում, օրենքն ուժ չունի: Չկա անկախ ու անկաշկանդ մի կառույց, որն այսօր ուսումնասիրի ինչպես իմ, այնպես էլ Վլադիսլավ Մանգասարյանի կողմից ներկայացվող փաստերը և տա հստակ եզրակացություն, ոչ թե թերթերում անվերջ միմյանց պատասխաններ գրվեին: Իսկ նման իրավական համակարգում Հայաստանը մեծ ներդրողներ է կորցնում: Սա է պատճառը, որ սփյուռքահայերի 90% չի ցանկանում ներդրում կատարել Հայաստանում:
Վլադիսլավ Մանգասարյանի նշած տարածքներից ես անգամ 1 $ դոլար չեմ ստացել, վերցրել կամ շահել: Գեղամ Խաչատրյանի հետ գործարքների հետ կապված գումարի որոշ մասն ուղարկելուց հետո Վ. Մանգասարյանից գրություն պահանջեցի ծախսերը հասկանալու համար և պատասխանը չուշացավ, քանի որ նա ակնկալիք ուներ հավելյալ գումարներ ստանալու: Վ. Մանգասարյանը գրավոր հայտնեց, որ ստացված գումարը` $580,000-ը, մուծված է բանկի վարկին: Այդ գրությունը կցված է Իմ ուղարկած գումարները բանկին վճարելու մասին 1,2, որով Մանգասարյանը հաստատում է Գեղամ Խ-ի գործարքների գումարն իր կողմից ստացված լինելու փաստը: Հետևապես, ես գումար չեմ ստացել, ոչ Գեղամից, ոչ էլ առավել ևս Մանգասարյանից:
Հիմա անդրադառնամ ընդհանրապես ընկերությունից ինձ գումարներ փոխանցելու հիմքերին, մեխանիզմին և Վ. Մանգասարյանի հոդվածում ներկայացրած գործարքի իրական պատմությանը:
1. 2006-2007թ-ին ի հայտ եկած Վ. Մանգասարյանի վաղեմի գործընկեր և պարտատեր Ղևոնդ Ղալումյանի հետ համաձայնության գալով` կնքում ենք 2007թ. հոկտեմբեր 1-ի Եռակողմ պայմանագիրը, որի համաձայն` ես պարտավորվել եմ Մաշտոցի պողոտա թիվ 33ա հասցեում իմ անվամբ գրանցված, սակայն նախնական առքուվաճառքի պայմանագրերով/գնորդներով ծանրաբեռնված 10.5 հարկանի` 9,167քմ շենքը ներդնել ինձ պատկանող ընկերությունում և Վ. Մանգասարյանին ու Ղևոնդ Ղալումյանին անհատույց հանձնել 38,9% 2,217,000 $ արժեքով բաժնեմաս: Դրա դիմաց «գործընկերներս» պարտավորվել են 2,000,000 $ վարկային պայմանագրի երաշխավոր հանդիսանալ, ինձ վարկից 1,300,000 $ վճարել և վաճառքներից առաջացած գումարների 50%ը փոխանցել այնքան ժամանակ, մինչև եռակողմ պայմանագրում նշված իմ բաժին 3,481,000 $ գումարը կմարվի: Նրանք պարտավորվել են շենքի շինարարությունն ավարտել, գրանցել ինձ հետ նախնական պայմանագիր կնքած գնորդների իրավունքները և հարկային պարտավորությունները կատարել:
Հետադարձ հայացքով կարող եմ փաստել, որ 2003 աշնանից մինչ 2010թ. սեպտեմբեր Վլադիսլավ Մանգասարյանի մասնակցությամբ տասնյակ պայմանագրեր եմ կնքել և որևէ մեկով նա իր պարտավորությունները չի կատարել, իսկ ես իմ պարտավորությունները մշտապես կատարել եմ: Հույսս Ղ. Ղալումյանն էր, բայց 2007թ. հոկտեմբեր 1-ի եռակողմ պայմանագիրը ոչ միայն բացառություն չէր, այլև` խարդախ դրսևորումների իմաստով` առանձնահատուկ ու ճակատագրական եղավ ինձ համար:
Ես շենքը ներդրեցի, նրանց բաժնեմասեր տվեցի, ընկերության փաստացի ղեկավարումը հանձեցի Ղ. Ղալումյանին, իսկ ընկերության տնօրեն էդուարդ Եսայանին լիազորեցի իմ փոխարեն հանդես գալ: Ես կատարեցի բիզնեսին նպաստավոր մի քայլ և սպասում էի, որ իրենց խոստացածը կատարեին: Եռակողմ պայմանագրից հետո Ղ. Ղալումյանը Վ. Մանգասարյանին համոզում է հեռանալ շենքից, քանի որ Վ. Մանգասարյանի պարտատերերը գրեթէ ամեն օր շենք էին գալիս, մեծ վեճերի տեղիք տալիս: Իսկ նրանց թիվը մեծ էր:
Նշեմ նաև, որ, առանց Ղ. Ղալումյանի կողմից բերված հաշվապահ Պ.Հակոբյանի ստորագրության, անգամ տնօրենը չէր կարող գումարային փոխանցում կատարել: Շենքի շինարարությունը դանդաղ, բայց իրականացվում էր, իսկ վաճառված տարածքներից առաջացած գումարների 50%-ը անգամ ինձ չէր փոխանցվում, արդարանում էին, խնդրում սպասել, ես էլ դեռևս սպասում էի:
2009թ. հուլիսին շենքը 13 հարկի ավարտականի վկայական ստացավ: Նրանց խնդրանքով նորից գումարներ եմ ուղարկել, որպեսզի օր առաջ շինարարությունը ավարտվի, իմ գումարները ստանամ, գնորդներն իրենց բնակարանները, իսկ մնացած տարածքները «գործընկերներս» վաճառեն, հարկերը վճարեն ու իրենց շահույթը ստանան:
Ղևոնդ Ղալումյանը իր «առնելիք գումարները» նախապես վերցնում է ընկերությունից և 2009-ի ամռանը մի կողմ քաշվում, հրավիրում է Մանգասարյանին: Պարզվում է` Վ. Մանգասարյանը անձամբ և իր «Վ.Է.Ռ.Մ.» ՍՊԸ-ի միջոցով, առանց ինձ տեղյակ պահելու, մինչ 2009թ. կնքված նախնական պայմանագրերով գումարներ էր ստացել բազմաթիվ քաղաքացիներից, այդ թվում` Տերյան 8 փողոցի շենքի խաբված բնակիչներից, և օր օրի ի հայտ են գալիս նոր գնորդներ, ովքեր գումարը ամբողջությամբ վճարել են Վ. Մանգասարյանին: Ավելի ուշ պարզվում է որ 2009թ.-ին հունվար 8-ի դատարանի վճռով` Վ. Մանգասարյանը սնանկ է ճանաչվել, իսկ 5 ամիս անց նաև սնանկ է ճանաչվում նրան պատկանող «Վ.Է.Ռ.Մ.» ՍՊԸ-ն: Մանգասարյանը իր պարտատերերի ցուցակը կրճատեց, իսկ ում չէր կարող պատճառաբանել, նրանց տեղափոխեց իմ շենքի ցուցակ, ինչի մասին ես պատկերացում չունեի:
Կեղծ սնանկությունների հմտությամբ ոգևորված, փողի հոտն առնելով, Վ. Մանգասարյանը պատռում է իր վերջին դիմակն ու 2009թ. սեպտեմբերին վերադառնում է շենք, իր ձեռքը վերցնում տնօրեն Եսայանի նկատմամբ շեֆությունն ու Եսայանից մի տեղեկանք վերցնում, որ ինքը' սնանկ Վլադը, իբր «հանդիսանում է Արին կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ի 21.7% բաժնետերը և իրավունք ունի տնօրինելու մաշտոցի 33/1 շենքի իր բաժնեմասի համարժեք տարածքների նկատմամբ» ու սկսում բնակարանների վաճառքի մեծ գումարներ հավաքել: Այդ վաճառքների մասին ինձ բոլորովին չեն տեղեկացնում:
Դեկտեմբերի 5-ին` 2009թ-ին, ժամանում եմ Հայաստան և պարզաբանումներ եմ պահանջում Ղալումյանից, Մանգասարյանից և նրանց փաստաբանից: Ոչ մի հիմնավորում, միայն նշում են, որ 2010թ. հունվարից 1,600,000 $ վարկի մայր գումարը ամսական վճարներով փակելու խնդիր կա, որպեսզի տարածքներ ազատվի: Հետո իմացա, որ բանկի հետ պայմանավորված, նրանք 2009թ. նոյեմբերից արդեն հիմնական պայմանագրեր են կնքել, ինձնից թաքուն: Գնորդներից մեկը նրանց փաստաբանն էր, նրա պայմանագրերն ընկերությունում էին և նոր ցուցակ ստորագրելուն նշանակություն չտվեցինք, չնայած Վլադը հետագայում էլ իր ստորագրությամբ, ժողովի որոշմամբ հաստատել է իմ գնորդների մասնակի ցուցակը: Տես` Իմ գնորդների մասնակի ցուցակ: Իմ ԱՄՆ մեկնելուց 2 օր անց հենց իրենց փաստաբանի տարածքի հիմնական պայմանագիրն են կնքում: Միաժամանակ աղմուկ են բարձրացնում, որ բիզնեսը վնասով է: Հաշվապահությունից սկսում են անհետանալ փաստաթղթեր` իմ գնորդների ցուցակը, եռակողմ պայմանագրի հավելվածները:
2009-ի դեկտեմբեր 30-ից մասսայական հայտարարություններ են սկսվում ինձ «գող» և «գցող» անվանելով, իմ գնորդներին զանգելով: Որ ամերիկացին, այսինքն ես, գումարները վերցրել ու «թռել» է, և նրանց թելադրանքով տնօրեն էդուարդ Եսայանը անամոթաբար 2009-ի դեկտեմբերի 29ին ինձ գրություն (Էդիկի գրությունը ինձ) է ուղարկում, պահանջում 1,834,145 $: Ստացվում է, որ շենքը «քցում» են հերիք չէ, մի հատ էլ 1,834,145 $պարտք եմ: Էդուարդ Եսայանը իմ տեղը ստորագրել է փոխառության պայմանագրերը, ՊԵԿ-ի քննիչ Տիգրան Հարությունյանին էլ ցուցմունք է տվել, որ այդպես է: Նույն «սարքված» փոխառության պայմանագրերի մասին գործով դատախազ Լ. Հովհաննիսյանը դատարանում հաստատել է դա:
Էդիկին եմ զանգահարում, նրան հանդիմանում: Այսինքն` իմ ներդրած գումարները ետ ստանալու համար նրանք ինձ վրա այդ ստացած գումարները փոխառություն էին սարքել: Էդուարդ Եսայանը անցել էր նրանց տիրապետության տակ և ինձ «ընկերական խնդրում» է, որ ինձ չվտանգեմ ու անեմ ամեն բան այնպես, ինչպես Վ. Մանգասարյանը ցանկանում է, քանի որ իմ «գլխին սարքելու» ծրագիր է իրականացվում: 2010թ. հունվարին դիմեցի «Ամերիա» աուդիտորական ընկերությանը և գրավոր դիմեցին է. Եսայանին ու «գործընկերներիս», որպեսզի փաստաթղթեր տրամադրեն: Փաստաթղթեր չտրամադրեցին: Վլադը զանգեց ինձ ու ասեց. «Ընկերներիդ վրա փաստաբան ես բերում, արի խոսենք հարցերը լուծենք»:
Վլադի կողմից վկայակոչած Գեղամի գործարքի պատմությունը, գումարների շարժը
2010-ի հունվար 25-ին իմ ընկեր Գեղամ Խաչատրյանի հետ ժամանում եմ Հայաստան: Նա, գիտակցելով, որ իմ «գործընկերներն» իմ գլխին կարող են որևէ բան սարքել, ասում է, որ հանդիպումներին ինձ հետ կգա: Տեղեկանալով, որ Գեղամը անհանգիստ է Էդմոնդի համար, ընկերն է, գումարներ ունի, կարող է բանկի գումարները վճարելու հարցում օգտակար լինել, Մանգասարյանը «խելքը կորցնում է»: Նման հաջողությունը Վլադի համար երջանկությանը հավասար է: Նա Գեղամի հետ անմիջապես «շահավետ գործարքի» համաձայնության է գալիս: Գեղամին առաջարկում է վարկի տոկոսները բանկին վճարելու փոխարեն 1 մլն դոլարի երաշխավորված /պայմանագրով, ժողովի որոշմամբ, 8 տարածքներով ապահովված/ ներդրում կատարի, որի հիման վրա Էդմոնդի գնորդների բնակարանները բանկի արգելանքից կհանվեն և վկայականներ կտրվեն, բոլոր հարցերը կլուծվեն, իսկ 6 ամիս անց Վլադն անձամբ Գեղամի անվամբ տարածքները կվաճառի, գումարները կվերադարձնի ու հավելյալ գումար էլ կտա: Գեղամը համաձայնվում է սկզբնական $600.000-ի գործարք կատարել, որի դիմաց 4 տարածք պետք է գներ` 227.7 քմ մակերեսով թիվ 4 տարածքը, 101.2 քմ մակերեսով թիվ 14 տարածքը, 79.7 քմ մակերեսով թիվ 15 տարածքը, 167.5 քմ մակերեսով թիվ 42 բնակարանը:
2010-ի փետրվարի 2-ին կազմվում է համապատասխան պայմանագիր (Գեղամի ներդրումի պայմանագիր փետ 2, 2010), ինչպես նաև ժողովի որոշում: (պայմանագիրը սխալմամբ կրում է օգոստոս 2, 2010թ-ը, սակայն հաջորդ էջում ճիշտ օրը' փետ 2, 2010) Հաջորդ օրը պետք է մեկնեինք ԱՄՆ, և Գեղամը խնդրում է, որ գոնե մեկ վստահելի անձի ես ներկայացնեմ: 2010թ.-ի փետրվարի 2-ին կնքվում են տարածքների նախնական պայմանագրերը, որոնցից 227.7 քմ մակերեսով թիվ 4 տարածքինը կնքվում է Գեղամի հետ, մնացածներն իր բարեկամների, իսկ 167.5 քմ մակերեսով թիվ 42 բնակարանի նախնական պայմանագիրը կնքվում է իմ վստահորդի հետ:
Մեկնելով ԱՄՆ` 2010-ի փետրվարի 5-ին փոխանցվում է առաջին 89.300 $-ը`167.5 քմ մակերեսով թիվ 42 բնակարանի նախնական պայմանագրի հիման վրա: Սակայն Վ. Մանգասարյանը զանգահարում և խնդրում է պայմանավորվածության պայմանները փոփոխել, քանի որ այդ բնակարանի համար գնորդ (ներկայիս սեփականատերը` Չարչյան Մարինա Նիկոլայի) է ի հայտ եկել և գումար է ստացել: Վ. Մանգասարյանը խնդրում է թիվ 42 բնակարանը փոխարինել 167.9 քմ մակերեսով թիվ 13 բնակարանով: Գեղամը չի մերժում, և այդ տարածքը տրվել է Վ. Մանգասարյանին պայմանավորվածության համաձայն: Տես` Մարտի 6, 2010 պայմանագիր, կետ 6.
2010թ. փետրվարի 5-10-ին խոստացված 600.000 $-ից 580.000 $-ը փոխանցվել է ընկերության հաշվին, իսկ 20.000 $ Վլադի համաձայնությամբ հետ եմ վճարել ԱՄՆ-ից գնորդ Աշոտ Աբրահամյանին, որպես իր տարածքի մակերեսի տարբերության գումար: Գեղամի տարածքները ձևակերպում են ստանում: Իսկ 580.000 $-ը փոխանցված լինելու և վարկը վճարելու վերաբերյալ Վլադը 25.02.2010թ. ստացական է գրում և նշում, որ կարող եմ ստուգել հավաստիությունը: Տես` Իմ ուղարկած գումարնեը բանկին վճարելու մասին 1,2 Վ.Մանգասարյանի գրությունը:
Հետագայում’ 2010-ի հոկտեմբեր-նոյեմբերի աուդիտի ժամանակ պարզում ենք, որ այդ 580,000 $ գումարից հետևյալ փոխանցումներ են կատարվել.
ա/129,600 $ - վճարվում է, որպես վարկի մայր գումար,
բ/ 880.00 $ - տրվում է «Զ.Պողոսյան» շինարարական կազմակերպությանը,
գ/ 20,000 $- Վ. Մանգասարյանի որդուն Էդուարդ Մանգասարյանին,
դ/ 25,566 $ -վարկի հունվար ամսվա տոկոս,
ե/ 6,550 $- հարկային վճար,
զ/ 2,532 $- «Շիլան» կազմակերպությանը,
է/ 394,000 $` (160.000.000 ՀՀ դրամ) - Վլադի «ՎՄԳ գրուպ» ընկերությանը, որտեղից այդ նույն գումարները 2010թ. փետրվարի 15-ին և փետրվարի 19-ին փոխանցվում է «Արին կապիտալ» ընկերությանը` որպես փոխառություն, և նույն օրն այդ գումարն ուղղվում է վարկի մայր գումարի մարմանը: Հետագայում այդ կեղծ փոխառության դիմաց «Արին կապիտալ» ընկերության սնանկության վարույթով Վլադը ձեռք է բերում շուրջ 200.000.000 ՀՀ դրամ արժեքով տարածքներ, որոնք պետք է տրվեին գումար վճարած գնորդներին: Բոլոր փաստերը ներկայացված են դատարան ՊԵԿ-ի քննիչին, Ազգային անվտանգության ծառայություն, բայց…
Մինչ այդ, 2010թ. փետրվարի 25-ին, միևնույն ստացականով Վ. Մանգասարյանը իր հերթական «փրկության» խուճուճ ծրագիրն է ուղարկում, որով նպատակ է հետապնդում մինչ 2010թ. փետրվարի 27-ը ինձնից 200,000 $ կորզել: 2010թ. աշնանը’ աուդիտի ժամանակ, տեղեկանում եմ, որ 2010թ. փետրվարին բնակարանների վաճառքի համար Վ. Մանգասարյանը Հարթունյաններից /փետ 18, 2010թ., թիվ 33 և 35բն./ ստանում է 250.000 $, Արմեն Ապրեսյանից /բն.34/` 120,000 $, Արմեն Բաբայանից /բն.57/90.000$, Հարթունյանների ներկայացուցիչ Սևակ Արզարունուց` 90.000.000 ՀՀ դրամ և այլն, իսկ մարտ ամսին 175 քմ մակերեսով թիվ 36 բնակարանը ձևակերպում է իր վարորդի անվամբ: Վ. Մանգասարյանը անցել էր թալանն իրականցնելուն, շարունակաբար թաքցնելով գնորդներից ստացած գումարների մասին:
2010թ. մարտի 3-ին Գեղամն ու ես ժամանում ենք Հայաստան: Մանգասարյանը նախ խնդրում է, որ, պայմանավորվածության համաձայն, ժողովի որոշմամբ թիվ 42 բնակարանն իրեն հանձնվի ու Խաչիկ Ղուկասյանին ասեմ, որ անվանափոխություն արվի: Վլադի խնդրանքին համաձայնում եմ, նա էլ պարտավորվում է բանկի արգելանքից հանել ինձ հետ պայմանագիր կնքած գնորդների տարածքներն ու հիմանական պայմանագրեր կնքել, քանի որ իմ բերած գումարով վարկի մոտ կեսը մարվում է: Սակայն դա մնում է միայն թղթի վրա: Հետագայում պարզվում է` Մանգասարյանը արգելանքից հանում է իր և Ղևոնդի գնորդների տարածքները, ձևակերպում տալիս, իսկ գնորդներն առ այսօր այդ բնակարանները չեն ստացել:
Վ. Մանգասարյանը առիթից օգտվելով` Գեղամ Խաչատրյանին խնդրում է, որ 2010թ. փետրվար ամսվա բանկի 22.311 $ տոկոսը փակելու և ընկերության 41.000.000 ՀՀ դրամի հարկային պարտավորությունների մարման համար գոնե150.000 $ էլ փոխանցի, որի դիմաց խոստանում է 151.9 քմ մակերեսով թիվ 19 բնակարանը գրանցել: 2010թ. մարտի 7-ին Գեղամի հետ ԱՄՆ եմ մեկնում այն հույսով, որ բանկի հետ խնդիր չկա, գոնե ինձ հետ պայմանագիր կնքած գնորդների հարցն էլ կլուծվի: Ուղղակի ինձ օգնելու և խնդիրներին վերջ դնելու նպատակով Գեղամ Խ.-ն ԱՄՆ-ում տրամադրում է իր ունեցած 148,280 $-ը և այն 2010թ. մարտի 11-ին փոխանցվում է ընկերության հաշվին:
Հետագայում եմ տեղեկանում, որ այդ գումարից միայն 2010թ. փետրվար ամսվա բանկի 22.311 $ տոկոսն է վճարվել, իսկ 126.700 $-ը 2010թ. մարտի 11-ին կրկին փոխանցվել է «ՎՄԳ գրուպ» ընկերությանը, այնուհետև կեղծ փոխառությամբ փոխանցվել «Արին կապիտալ» ընկերությանը, որից Մարտ 23, 2010թ-ին վարկի $100.000 մայր գումարն է վճարվել, 14,187 $ տոկոսը, իսկ 12,750 $-ն ուղղվել է հարկային պարտավորության կատարմանը: Հետագայում մոտ 58.000.000 ՀՀ դրամի այդ կեղծ փոխառության դիմաց «Արին կապիտալ» ընկերության սնանկության վարույթով Վլադը ձեռք է բերում շուրջ 70.000.000 ՀՀ դրամ արժեքով տարածքներ, որոնք պետք է տրվեին գումար վճարած գնորդներին: Բոլոր փաստերը ներկայացված են դատարան, ՊԵԿ-ի քննիչին, Ազգային անվտանգության ծառայություն, բայց…
Ընդհանուր առմամբ նույն ձևով միայն 2010թ. փետրվար-մարտ ամիսներին «Վ.Մ.Գ. Գրուպ» ՓԲԸ-ին փոխանցվել է 263.576.508 ՀՀ դրամ գումար: Իսկ Վլադիսլավ Մանգասարյանի նման «բարի համբավ» ունեցող «գործարարը» նույն Գեղամ Խաչատրյանի տարածքների վրա արգելանքներ է դնում և 3 անգամ դատ բացում նախ իր փեսա, իր փոխարեն ընկերության մասնակից գրանցված Հայկազ Սարգսյանի միջոցով, հետո էլ’ սնանկության գործով կառավարիչ Հրանտ Ղամբարյանի թեթև ձեռքով:
Արդյոք Գեղամի և Վլադի միջև համաձայնեցված այդ գործարքների գումարներից ինչպես և որքան գումար կարող էի ստանալ, ինքներդ դատեք:
Հարգելի կայքերի խմբագիրներ և ընթերցողներ, խնդրում եմ Վլադիսլավ Մանգասարյանից պահանջել համապատասխան նախնական պայմանագրերը: Նա նույն մեթոդներով քրեական գործով խոստանում է հազարավոր փաստեր բերել ու մինչև այսօր դեռ ներկայացնում է: Նա իր կողմից նշված նախնական պայմանագրեր չունի, սա իր հերթական սուտն է, մոլորության մեջ գցելով բոլորին: Նրա մոտ իրոք նախնական պայմանագրեր կան, բայց միանգամայն այլ գներով: Եթե համապատասխան նախնական պայմանագրեր լինեին, ապա նա պայմանագրի գինը գոնե ՀՀ դրամով կնշեր:
Մանգասարյանի խմբի անբարոյականությունն ու լկտիությունը չափ ու սահման չունի, բայց ցավալին այն է, որ սրանք հասարակ ավազակներ չեն, սրանք էլիտար ավազակներ են և նրանց անազնիվ ու կեղտոտ գործարքները տանում են ամենավերևները...այդ մասին շուտով հայտարարություն կլինի:
Վլադը շատ մարդկանց ու ընտանիքների ճակատագիր է քանդել և այդ նպատակով շատ փոսեր է փորել, իսկ փոս փորողը մի օր ինքն է փոսն ընկնում: Չէ՞ որ ատրճանակը մյուս անգամ կարող է կրակել, չէ՞ որ պետք չէ խարդախությամբ ապրել, առավել ևս որդուն պետք չէ խառնել խարդախ գործարքներին, պարոն «բարի համբավ» ունեցող «գործարար» Մանգասարյան:
Իսկ ինձ որևէ մեկը, առավել ևս դուք, կամ ձեր հովանավորներից որևէ մեկը վատ անուն կպցնելու բարոյական իրավունք չունի և չի էլ կարող, որովետև ես ճիշտ եմ ապրում, ինչը միայն ձեզ և ձեր նմաններին հասկանալի չէ:
Էդմոնդ Խուդյան
ԱՄՆ
Դեկտեմբերի 10, 2012
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել