HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Գոյություն ունեցող կարգավորումը հնարավորություն է ընձեռում քաղաքականացնել էթիկայի հանձնաժողովը»

ՀՀԿ-ական պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանն ու Դավիթ Հրությունյանը հանդես են եկել խորհրդարանի էթիկայի հանձնաժողովի անդամների թիվը իշխանական պատգամավորներով համալրելու նախաձեռնությամբ: Նախատեսվում է հավասարեցնել քաղաքական մեծամասնության եւ փոքրամասնության պատգմավորների թիվը հանձնաժողովում:

Նշենք, որ հանձնաժողովը ներկայումս ունի 6 անդամ` 3-ը ընդդիմությունից եւ մեկական պատգամավորներ` ՀՀԿ-ից, ԲՀԿ-ից եւ ՕԵԿ-ից: Այս պահին հանձնաժողովի նախագահը նույնպես ըննդիմությունից է` ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ շատ պարզ է իրենց նախաձեռնության նպատակը, որով նախատեսվում է հանձնաժողովում ավելացնել իշխանական պատգամավորների թիվը:

«Նախաձեռնել ենք իշխանական պատգամավորների թիվն ավելացնել, որպեսզի նրանց թիվը հավասարեցվի փոքրամասնության անդամների թվին: Այլ կերպ ասած` հավասարակշռություն ստեղծելու համար է նախաձեռնությունը»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:

Հարցին, թե ինչու հիմա որոշեցին հանդես գալ նման նախաձեռնությամբ, Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց. «Որովհետեւ պարզ դարձավ, որ գոյություն ունեցող կարգավորումը հնարավորություն է ընձեռում քաղաքականացնել էթիկայի հանձնաժողովը»:

Հիշեցնենք, որ էթիկայի հանձնաժողովում լարվածություն առաջացավ հատկապես ընդդիմության նախաձեռնած նոյեմբերի 21-ի արտահերթ նիստից հետո, երբ ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը դահլիճ չեկան ու չգրանցվեցին, այդպիսով տապալելով նիստը: Դրանից հետո ՀՅԴ խմբակցությունը քաղաքական մեծամասնության արարքը քննության առարկա դարձրեց էթիկայի հանձնաժողովում: Նիստի ժամանակ էթիկայի հանձնաժողովի փոխնախագահ Դավիթ Հարությունյանը ցուցադրաբար լքեց նիստը, ինչից հետո հանդես եկավ նման նախաձեռնությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter