HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայտնի են «Արևածաղիկ» ԶԼՄ մրցույթի հաղթողները

Այսօր կայացավ հաշմանդամության խնդրի լուսաբանման «Արևածաղիկ» 10-րդ մրցույթի մրցանակաբաշխությունը: Ամենամյա մրցույթի նպատակը հաշմանդամություն ունեցող մարդկանց համար հավասար հնարավորությունների գաղափարը քարոզելն է:

«Հույսի կամուրջ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպությունների հայտարարած լավագույն հրապարակման (մամուլ, ռադիո, հեռուստատեսություն և էլեկտրոնային) ամենամյա մրցույթին այս տարի մասնակցել է 35 լրագրող Երևանից և մարզերից: Ներկայացվել է 16 տպագիր, 2 մուլտիմեդիա, 2 ֆոտո և 15 հեռուստատեսային աշխատանք:

Հանձնաժողովի գնահատմանը կարող էին ներկայացվել 2011թ. նոյեմբերի 20-ից 2012թ. նոյեմբերի 20-ը հրապարակված նյութերը, որոնք պետք է հիմնված լինեին հաշմանդամության խնդիրների խոր և համակողմանի ուսումնասիրության վրա, վեր հանեին հաշմանդամություն ունեցող մարդկանց հիմնախնդիրները՝ ներկայացնելով դրանց հաղթահարման դրական օրինակներ, նպաստեին նրանց համար հավասար հնարավորությունների ստեղծման գաղափարին և պահպանեին հաշմանդամություն ունեցող մարկանց նկարահանելու և ձայնագրելու էթիկան:

Մրցույթի գլխավոր մրցանակը ստացավ «Շողակաթ» հեռուստաընկերության լրագրող Կարինե Հարությունյանը «Երկու ճանապարհ» հեռուստաֆիլմի համար («Շողակաթ» հեռուստաընկերություն, Ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամ):

«Լավագույն հեռուստանյութ» անվանակարգի 1-ին մրցանակը շահեց «Արմնյուզ» հեռուստաընկերության լրագրող Նելլի Հարությունյանը «Հատուկ և հանճարեղ» հեռուստառեպորտաժի համար, 2-րդ մրցանակը՝ «Սիվիլնեթ» կայքի լրագրող Տաթևիկ Ղազարյանը «30 օր» հեռուստաֆիլմի համար, 3-րդ մրցանակը՝ «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրագրող Սոնա Հակոբյանը «Ես Սիրանուշն եմ...» ռեպորտաժի համար և «Փաստ» լրատվականի լրագրող Անի Հակոբյանը «ՀՀ իրական քաղաքացի» ռեպորտաժի համար:

«Լավագույն տպագիր հոդված» անվանակարգի 1-ին մրցանակը ստացավ «Հետք» թերթի լրագրող Սոնա Ավագյանը «Ինչ է եղել չտեսնող քաղաքացուն ոստիկանության Էրեբունու անձնագրային բաժանմունքում» հոդվածի համար, 2-րդ մրցանակը՝ medialab.am-ի լրագրող Քրիստինե Խանումյանը «Պատերազմ խաղաղության մեջ. լավ է կույր աչոք, քան կույր մտոք» հոդվածի համար, իսկ 3-րդ մրցանակը՝ «Կոսմոպոլիտան Հայաստան» ամսագրի լրագրող Գայանե Ասրյանը՝ «Խոսել նրանց հետ և ոչ թե նրանց մասին. հաշմանդամություն ունեցող կանանց խնդիրները Հայաստանում» հոդվածի համար:

«Լավագույն մուլտիմեդիա» անվանակարգում 3-րդ մրցանակին արժանացավ medialab.am-ի լրագրող Փառանձեմ Հովհաննիսյանը «Չկա հիվանդ երեխա, կա հիվանդ հասարակություն և հիվանդ անտեղյակություն» հոդվածի համար, իսկ 1-ին և 2-րդ մրցանակը ժյուրին ոչ մի լրագրողի չշնորհեց: Ժյուրին մրցանակ չշնորհեց նաև «Լուսանկարչություն» անվանակարգում ներկայացված աշխատանքներից որևէ մեկին:

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակն իր մրցանակը շնորհեց «Երկիր մեդիա» հեռուստաընկերության «Մանկական երկիր» լրատվական ծրագրի խմբագրությանը՝ հաշմանդամության և ներառման թեմաները շարունակական լուսաբանելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter