
«Բարեփոխված» արդարադատության նախարարությունը
Երբ արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Կարինե Քալանթարյանն ասաց՝ հիմա ես ո՞ւմ հավատամ, նկատի ուներ՝ ի՞նձ հավատա, թե՞ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գնել Ղալեչյանին: «Ուզում ես ասել՝ ես քեզ խաբու՞մ եմ»,- հարցրեցի ես ու պատասխանի չսպասելով՝ անջատեցի հեռախոսս, ջնջեցի Կարինե Քալանթարյանի հեռախոսահամարը՝ որոշելով այլեւս չզանգել որեւէ հարցով:
Երեք տարի արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից այդ հիմնարկներում պահվող տարբեր անձանց այցելելու մեր խնդրանքներին տրվում է նույն մերժողական պատասխանը, չնայած հանրային կապերի բաժնի պետը փոխվել է: Այդ խոսակցությունը եղել է մոտ քսան օր առաջ: Որբաթ օրը՝ դեկտեմբերի 14-ին, վերջապես քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գ. Ղալեչյանից ստացանք մեր 2 գրավոր հարցումներից առաջինի պատասխանը, երկրորդի պատասխանը ստացանք այսօր: Նամակներին պատասխանել է, որովհետեւ անցած շաբաթ զանգահարել եմ նրանց վարչություն եւ ասել, որ գալիս ենք պատասխան գրությունները վերցնենք, չնայած նրանք մի քանի անգամ ասել էին, թե պատասխանել են: Որոշել էինք դատական հայց ներկայացնել՝ վիճարկելու Հրայր Թովմասյանի անգործությունը:
«Հետքը» երկրորդ նամակն էր ստացել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող Արման Վահանի Դավթյանից: Վերջինս աջակցություն է խնդրում՝ վերականգնելու արդարությունը, ինչին չհասնելու դեպքում սպառնում է դիմել ինքնասպանության: Ահա մի հատված այդ նամակից. «Հարգելի խմբագրություն, Մաշտոցի ՆԳ բաժնի քրեականի պետ Արթուր Գեւորգյանի գլխավորությամբ օպեր Արմանը եւ մի քանի ոստիկաններ ինձ, կնոջս՝ Սոնա Մկրտչյանին, եւ ընկերոջս՝ Արթուր Մանուկյանին, խոշտանգել են, էլեկտրաշոկով այրել են մեջքս, օպեր Արմանը պարկետով հարվածել եւ կոտրել է ձախ ձեռքիս մատները, ստիպում էին հանձն առնել իրենց թվարկած գողությունները, որոնք ես չեմ կատարել»:
Հանդիպելով Արմանի հարազատների հետ՝ միանգամից նամակ գրեցինք արդարադատության նախարարին: Ի վերջո, իսկապես չի բացառվում, որ Արմանը դիմի ինքնասպանության, այդ պարագայում պատասխանատվությունը նաեւ մեզ վրա է ընկնում: Ուսումնասիրելով այս գործը՝ գալիս ենք այն համոզման, որ հիմքեր կան մեղադրանք առաջադրելու մի քանի քննիչների: Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին նամակ ենք գրել՝ նշելով. «Խնդրում ենք Ձեր թույլտվությունը, որպեսզի «Հետք» էլ. թերթի լրագրող Արարատ Դավթյանն այցելի «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ եւ հարցազրույց անցկացնի այնտեղ պահվող Արման Դավթյանի հետ (վերջինս համաձայն է): Հարցազրույցի թեման վերաբերելու է վերջինիս առաջադրված մեղադրանքին»:
Նամակը հասցեագրել էինք Հրայր Թովմասյանին, քանի որ նրա նշանակումից հետո մեր թերթի աշխատակիցներին արգելում են մուտք գործել որեւէ քրեակատարողական հիմնարկ: Գիտեմ, որ նախարարը խիստ զբաղված է բարեփոխումներով, հայտնի է, որ նա որոշակի վերաբերմունք ունի ազատազրկման վայրերում գտնվողների նկատմամբ : Բայց դրանք չեն կարող հիմք հանդիսանալ, որպեսզի նա ոտնահարի դատապարտյալի եւ լրագրողի իրավունքները:
Մեր երկու նամակներին էլ Գ. Ղալեչյանը պատասխանել է, թե «աշխատանքային գերծանրաբեռնվածության պատճառով առայժն հնարավոր չէ իրականացնել հարցազրույցը»: Երեք տարի առաջվա մերժման տեքստն էլ է նույնը: Եւ տարիների մերժումներն էին պատճառը, որ նամակն ուղղել էինք բարեփոխումներ իրականացնող նախարարին: Որովհետեւ նախապես գիտենք, թե ինչ է պատասխանելու Գ. Ղալեչյանը:
Պարոն նախարար, Ձեր ենթակայության տակ գտնվող ազատազրկման վայրերում գերծանրաբեռնվածության խնդիր չկա, երբ ցանկանում եք՝ տասնյակ լրագրողների տանում եք միջոցառումների, այցերի: Եթե այդքան ծանրաբեռնված եք, ապա ինչպե՞ս է Հովհաննես Թամամյանի մոտ հայտնվում դատախազության մի պաշտոնյա եւ նրա Ծաղկաձորի տան վերաբերյալ սակարկություններ անում: Եւ սա ընդամենը մի դեպք է: Այսուհետեւ ստիպված պետք է հերթապահություն սահմանենք քրեակատարողական հիմնարկների շրջակայքում, որպեսզի ցույց տանք, թե իրականում ինչ աշխատանքով է գերծանրաբեռնված այդ հիմնարկների աշխատակազմը:
Մեկնաբանություններ (8)
Մեկնաբանել