
2-ական մլն դրամի պահանջ՝ «Առավոտին» եւ «Հայկական ժամանակին»
Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Ռ. Ափինյանի գլխավորությամբ տեղի ունեցավ նախկինում սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու համար դատապարտված Ռազմիկ Աբրահամյանի՝ պատվի և արժանապատվության պաշտպանության և վնասի հատուցման պահանջների մասին դատական նիստն ընդդեմ «Հայկական ժամանակ» և «Առավոտ» օրաթերթերի:
Հայցվորը վիճարկում է «Առավոտ» օրաթերթում 2003թ. սեպտեմբերի 26-ին տպագրված «Պեդոֆիլը կստանա 2 տարի՞» և «Հայկական ժամանակ» օրաթերթի 2003թ. սեպտեմբերի 5-ին տպագրված «Ռազմիկ Աբրահամյան` 62-ամյա պեդերաստը խոստովանել է իր մեղքը» վերտառությամբ հոդվածները: Հայցվորը կարծում է, որ վերոգրյալ հոդվածները ոտնահարել են իր պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը և դատարանից պահանջում է 4 միլիոն ՀՀ դրամ` յուրաքանչյուր թերթից 2-ական մլն դրամ:
Դատավոր Ռ. Ափինյանի այն հարցին, թե լրագրողնե՞րն են պատճառը եղել, որ նստել է՝ հայցվոր Ռ. Աբրահամյանը պատասխանեց, որ այդ հոդվածների հիման վրա են իրեն դատել:
Դատավորի հարցին, թե այդ դատավճիռները բողոքարկե՞լ է, հայցվորը պատասխանեց, որ ժամանակ չի ունեցել, քանի որ կալանավորված է եղել:
Հայցվորին հետաքրքրում էր հոդվածներում առկա տեղեկատվության աղբյուրը: Դատավորը, դիմելով «Հայկական ժամանակ» և «Առավոտ» օրաթերթերի ներկայացուցիչներին, հարցրեց՝ արդյոք նրանք մատից հո՞տ են քաշել, որ այդ նյութը գրել են:
«Հայկական ժամանակ» օրաթերթի հրատարակիչ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի տնօրեն Վահագն Հովակիմյանը պատասխանեց, որ օգտագործվել են նախաքննության մարմնի տրամադրած տվյալները, մնացածն արդեն հայտնել են ականատասները, որոնք ապրել են հայցվորի հարևանությամբ:
Ռ.Ափինյան- Հիմա որ 4 մլն դրամ եք պահանջում, ինչո՞վ եք ղեկավարվում:
Ռ. Աբրահամյան- Ես դա հիմնավորում եմ նրանով, որ 9 տարի գտնվել եմ քրեակատարողական հիմնարկում:
Ռ. Ափինյան - էնտեղ վատ ա՞ եղել:
Ռ. Աբրահամյան - Որ այնտեղ ըստ պահանջի՞ եմ ապրել:
Ռ. Ափինյան - Ըստ պահանջի՞ եք ապրել:
Ռ. Աբրահամյան – Այո, իրոք որ ըստ պահանջի եմ ապրել, կարող եմ փաստերով ապացուցել:
Ռ. Ափինյան – Չէ, ես հավատում եմ, որ դուք էնտեղ ըստ պահանջի ապրած կլինեք:
Ռ. Ափինյան – Հիմա որ իրենք ուզենան ձեզ հետ հաշտվել եւ 2 մլն դրամ տալ, չեք ուզի՞:
Ռ. Աբրահամյան - Ես աշխատել եմ 3 տեղ՝ Բրյուսովից 100 հազար եմ ստացել, դպրոցից՝ 100 հազար, Արմավիրի համալսարանից՝ 100 հազար...
Ռ. Ափինյան - Բայց պատճառն ի՞նչ էր, որ դատապարտվեցիք:
Ռ. Աբրահամյան - Որ Ռ. Աբրահամյանը այսպիսի-այսպիսի գործողություններ է կատարել:
Քանի որ հայցվորի կողմից ներկայացված հոդվածներն անընթեռնելի էին, դատավորը պահանջեց ընթեռնելի տարբերակով դատարան ներկայացնել վիճարկվող հոդվածները և դատաքննության օր նշանակեց փետրվարի 25-ը:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել