Լիպովցի հայ գործարարի պատանդները վերադարձել են հայրենիք
2012 թ. դեկտեմբերին զանգահարում է Գոհար Խաչատրյանն ու ուրախ տոնով հայտնում, որ որդիները՝ Միսակն ու Սամվելիկը, վերադարձել են: «Փախել, եկել են,- տեղեկացնում է Գոհարը,- հոկտեմբերին են եկել, բայց Միսակս չէր համաձայնվի, օր զանգեմ ձեզի տեղյակ պահեմ, կվախենար, թե եթե էլի գրեք, Արագածի բարեկամները հմի էլ Հայաստանի մեջ կարող է մեզի վնաս տան, դրա համար էլ ուշ եմ զանգել»:
Աշխատանքային թրաֆիքինգի ենթարկված գյումրիաբնակ երկու ընտանիքների ճակատագրին «Հետքն» անդրադարձավ 2012 թ. հունվարին: Գոհար Խաչատրյանի եւ նրա դստեր՝ Կարինե Խաչատրյանի ընտանիքների՝ Լիպովցիում հաստատված ծնունդով էջմիածնեցի գործարար Արագած Հարությունյանի կողմից շահագործվելու մասին պատմող հոդվածներին արձագանքեցին ՀՀ գլխավոր դատախազությունը եւ «Հույս եւ օգնություն» հասարակական կազմակերպությունը:
Գյումրիի ոստիկանության քննչական բաժնում 2012 թ. հունվարի 24-ին նյութեր նախապատրաստվեցին քրեական օրենսգրքի 132 հոդվածի հատկանիշներով: Նախապատրաստված նյութերը փետրվարի 15-ին ուղարկվեցին Երեւան՝ ՀՀ ոստիկանության թրաֆիքինգի դեմ պայքարի վարչություն:
Գոհար Խաչատրյանի երկու տղաները՝ 26-ամյա Միսակն ու 16-ամյա Սամվելը, պատանդ էին մնացել Լիպովցիում: Արագածը հրաժարվում էր նրանց ուղարկել Հայաստան՝ պատճառաբանելով, թե պարտքեր ունեն, իսկ Գոհարը վստահ էր, որ տղաներին օգտագործում են, որպես էժան աշխատուժ, պահելով՝ «մի փոր հացով»: Այլ կերպ ասած՝ շահագործում են, վստահ լինելով, որ որեւէ մեկը չի բողոքելու:
«Հետքում» տեղ գտած հոդվածներին արձագանքած «Հույս եւ օգնություն» հասարակական կազմակերպության ջանքերով ռուսական միգրացիոն ծառայության եւ տեղի ոստիկանության աշխատակիցները Լիպովցիում այցելել էին Արագած Հարությունյանին: Արդյունքում գործարարը Միսակին վերադարձրել էր նրա անձնագիրն ու խնդիրը դրանով փակվել էր: Լիպովցիի ոստիկանությունը հրաժարվել էր քրեական գործ հարուցել՝ հիմքերի բացակայության պատճառով: Տեղական մարմինները, փաստորեն, ոչ մի քայլ չէին ձեռնարկել տղաների՝ ՌԴ-ում գտնվելը ոչ օրինական ճանաչելու եւ հայրենիք վերադարձնելու համար:
Նրանք պնդել էին, որ տղաներից Միսակը տուգանք վճարի իր եւ եղբոր՝ Լիպովցիում անլեգալ գտնվելու համար, քանի որ Արագածը հրաժարվել էր դա անել: Դրանից հետո առաջարկել էին նրանց հանձնվել ոստիկանություն, եւ միայն այդ դեպքում խոստացել, որ կկազմակերպեն տղաների վերադարձը Հայաստան: Սակայն այս բոլոր նախապայմանները եղբայրների համար անիրագործելի էին եղել: Նախ՝ Միսակը գումար չուներ տուգանքը մուծելու համար, երկրորդ՝ եղբայրները վախենում էին գործատուից, ով այդ ավանում մեծ կապեր ուներ եւ թույլ չէր տալիս առանց իր գիտության որեւէ մեկը հեռանա հացի գործարանի տարածքից:
«Ես մե հույսմ ունեի, թե իմ երկիրս պիտի ընձի օգնե, օր երեխեքիս հետ բերեմ, բայց արդեն մայիս ամիսն է, 5 ամիս է կսպասեմ, հեչ մեկը մե հույսմ չի տա: Տղեքս ընդեղից չեն կրնա գա, ըստեղ էլ Երեւանի վարչությունից կըսեն, ինչ-խոր գնացել են, թող ընդպես էլ գան, մենք գործը կփակենք: Փաստորեն, մեր երկիրը չի ուզե տեր կանգնի նեղն ընկածին, սխալ քայլ էրածին»,- 2012 թ. մայիս ամսին կայացած զրույցի ժամանակ նեղսրտեց Գոհարը՝ տեղեկացնելով, որ ոստիկանության թրաֆիքինգի դեմ պայքարի վարչությունից իրեն հայտնել են, թե տղաների հետ կապված գործը փակված է. «Ընձի ըսեցին, թե մենք ոչ կրնանք գործ հարուցենք, ոչ էլ իրանց Լիպովցիից Հայաստան բերենք: Կրնան, թող իրանք հետ գան, էրթան հանձնվին ընտեղանց ոստիկաններին, դեպորտ էղնին գան»:
Այս զրույցից մեկ ամիս անց՝ 2012 թ. հունիսին, Գոհար Խաչատրյանը հեռախոսազանգով տեղեկացրեց, որ տղաներին հաջողվել է փախչել Արագածի մոտից, իսկ թե ուր են գնացել, ինքը տեղյակ չէ: 2012 թ. դեկտեմբերին հնչած հեռախոսազանգն աչքալուսանքի պես էր. Սամվելն ու Միսակն արդեն հայրենի քաղաքում էին:
Հետապնդման վախը տղաներից ավագի մոտ այնքան սրված էր, որ վերադառնալուց հետո թույլ չէր տվել մորը զանգահարել խմբագրություն եւ տեղեկացնել իրենց վերադարձի մասին: Միսակը հրաժարվեց խոսել նաեւ հանդիպման ժամանակ, չուզեց նաեւ լուսանկարվել: Սամվելի կցկտուր պատմությունից հնարավոր եղավ միայն ճշտել, որ մի ռուս աղջկա՝ Իրինայի միջոցով հնարավոր է եղել փախչել գործարանի տարածքից:
Իրինան տղաներին հասցրել է Լիպովցիից 600 կմ հեռավորության վրա գտնվող Պրեոբրաժենի գյուղ, որտեղ բնակվել են նրա քույրն ու փեսան: Միսակն ու եղբայրը ծանոթացել են այնտեղ ապրող հայերի հետ, պատմել իրենց գլխով անցածը: Պրեոբրաժենում ապրող Սամվել անունով մի գործարար որոշել է տղաներին ընդունել իր մոտ աշխատանքի:
«Միսակը խորոված կեներ, ես էլ թեթեւ գործեր, ըսենք, ռեմոտի վախտն աբոյ կկպցնեի, ուրիշ գործեր էլ կենեի»,- պատմում է Սամվելը:
«Երեխեքս աշխատել են, նորմալ փող են առել, Հայաստան գալուց ձեռքերին 15 հազար ռուսական փող է եղել, հըլը 10 հազար էլ էդ մարդը պարտք էր մնացել, բայց տղեքիս գալուց հետո էդ էլ ղրկեց: Մենք օր էդ մարդուց շատ գոհ ենք»,- տղայի պատմությունն է շարունակում Գոհարը:
Զրույցին խառնվում է նաեւ Միսակի քույրը՝ Կարինեն: Պարզվում է՝ Պրեոբրաժենից Գյումրի ճանապարհն այնքան էլ հարթ չի ընթացել հատկապես Միսակի համար:
«Մոսկվայի աէրոպորտը աղբորս բռնել են, որովհետեւ անձնագրի վիզայի ժամկետն անցած է եղել: Միլիցեքը բռնել են, անձնագիրը ճղել, իրան էլ աէրոպորտից դուրս են էրել: Հետո Միսակը գնացել է հայկական դեսպանատուն, «Հայրենիք վերադարձ» էդ ձեւի ինչ-որ ծրագիր կա ընտեղ, դեսպանատան աշխատակիցները տոմս են առել, մոտի 15 հազար ռուբլուց դե 11 հազարը տվել է տոմսին, ըդպես եկել, տեղ է հասել»,- պատմում է Կարինեն:
«Շատ տանջվանք, բայց ուրախ եմ, օր երեխեքս եկան հասան ընձի»,- հավելում է Գոհար Խաչատրյանը:
Դեկտեմբեր 30-ն էր, ու Խաչատրյաններն իրենց սուղ միջոցներով պատրաստվում էին դիմավորելու Ամանորը: «Հույս» գիշերային խնամքի տնից վերադարձել էին նաեւ Գոհարի երկու տղաները: Կնոջ վարձակալած տնակում վերջին երկու տարիների ամենաուրախ Ամանորն էր նշվելու, թող որ սուղ միջոցներով ու կիսադատարկ սեղանով:
«Հմի շատ հանգիստ եմ, օր երեխեքս հետս են: Արդեն գիտեմ, թե ինչ կնշանակե հավատալ մարդկանց սուտ խոստումներին, տուն-տեղ ծախել ու էրթալ, իբր թե լավ կյանքի ետեւից,- ասում է Գոհարը,- ըդիկ չի նշանակե, թե սաղ վատն են. օտարության մեջ լավն էլ կա, վատն էլ, բայց մեր նմանները բդի էնքան զգույշ էղնին, օր չխաբվին, ամեն մեկի ըսածների չհավատան: Մեզի Լիպովցի խոստացել էին, թե տուն կուտան, բարձր աշխատավարձ եւ այլն: Ու ի՞նչ էղավ... Էղավ էն, օր համ մեր Լեննագանի տունը կորցրինք, ընտեղ էլ հեչ բանի տեր չդառանք, ստրուկի նման աշխատանք, փոր ու փոշման ետ եկանք: Ըսիգ մեզի խրատ եղավ»:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել