HY RU EN

Գրիշա Բալասանյան

Հայտարարագիր է ներկայացրել 4 թեկնածու. ամենահարուստը Սերժ Սարգսյանն է

ՀՀ նախագահի 8 թեկնածուներից 4-ը ներկայացրել է իր ունեցվածքի վերաբերյալ հայտարարագիր: Հայտարարագրեր դեռ չեն ներկայացրել Պարույր Հայրիկյանը, Արամ Հարությունյանը, Անդրիաս Ղուկասյանը եւ Արման Մելիքյանը: 

Նախագահի թեկնածուներից ամենահարուստը գործող նախագահ Սերժ Սարգսյանն է: Ըստ նրա գույքի ու եկամուտների հայտարարագրի՝ նա Ստեփանակերտ քաղաքում ունի 96 քմ մակերեսով շենք- շինություն, որը նրան պատկանում է ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, ինչպես նաեւ 1992թ. արտադրության «Միցուբիշի Մոնտերո» մակնիշի ավտոմեքենա: 

Սերժ Սարգսյանն ունի 18-20-րդ դարի հին իրեր` արձանիկներ, քանդակներ եւ այլն, ինչպես նաեւ Խանջյանի, Սարյանի, Հակոբյանի, Գյուրջյանի, Բաշինջաղյանի, Մինասի, Երվանդ Քոչարի, Կոջոյանի, Աղեղյանի հեղինակած կտավների հավաքածու: Սերժ Սարգսյանն ունի նաեւ 20-րդ դարի ժամանակակից նկարիչների 32 կտավ: 

Ինչ վերաբերում է եկամուտներին, Սերժ Սարգսյանը 3 մլն 899 դրամի աշխատավարձ ստացել է նախագահի աշխատակազմից, ինչպես նաեւ 2 մլն 596 հազար դրամի աշխատավարձին հավասարեցված հավելագրումներ: 

Նախագահի թեկնածուն ՀՀ բանկերից մեկում ունի ավանդ, որից ստացած տոկոսագումարը կազմել է մոտ 10 մլն 925 հազար դրամ: Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, Սերժ Սարգսյանը հունվարի 16-ի դրությամբ ունեցել է 108 մլն 400 հազար դրամ: 

Նշենք, որ 2012թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանը դարձյալ հայտարարագիր էր ներկայացրել, ըստ որի՝ անցած մեկ տարվա ընթացքում ստացել էր 3 միլիոն 896 հազար 800 դրամ աշխատավարձ, 2 միլիոն 45 հազար 89 դրամ էլ աշխատավարձին հավասարեցված վճար: ՀՀ նախագահը նաեւ տրված  փոխառություններ ուներ, որոնցից ստացված տոկոսները կազմել են 8 միլիոն 740 հազար դրամ:

2012 թ. մարտի 1-ի դրությամբ Սերժ Սարգսյանի դրամական հաշվին եղել է 105 միլիոն 600 հազար դրամ: 

Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի գույքի ու եկամուտների հայտարարագրի՝ նա ունի երկու անշարժ գույք եւ մեկ ավտոմեքենա` «Վազ 311000» մակնիշի: Հունվարի 17-ի դրությամբ նախագահի թեկնածուն ունեցել է 402 հազար դրամ եւ 51 հազար դոլար: 

Հրանտ Բագրատյանը հայտարարագրել է 2 բնակարան, մեկ ավտոտնակ եւ մեկ առանձնատուն Երեւան քաղաքում: Դրանք թեկնածուին պատկանում են ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով: Հրանտ Բագրատյանն ունի «Նիսսան X-trail» մակնիշի 2003 թ. արտադրության ավտոմեքենա: 

Ինչ վերաբերում է եկամուտներին, Հրանտ Բագրատյանը Ազգային ժողովից ստացել է 2 մլն 180 հազար 980 դրամի աշխատավարձ, հայ-ռուսական համալսարանից` մոտ 1 մլն 74 հազար դրամ, Ուկրաինայի Ազգային բանկի բանկային գործի համալսարանից` մոտ 91 հազար ուկրաինական հրիվնա, ֆրանսիական Pernod-Ricard ընկերությունից ստացել է 9400 եվրոյի շահաբաժին, իսկ 7 մլն 342 հազար դրամի եկամուտ էլ ստացել է վարձակալական վճարից: 

Նշենք, որ Pernod-Ricard ընկերությունում նախագահի թեկնածուի բաժնետոմսը կազմում է 0.0003 տոկոս: Հունվարի 14-ի դրությամբ Հրանտ Բագրատյանն ունեցել է 65 հազար դոլար: 

Թեկնածուներից էպոսագետ Վարդան Սեդրակյանը հայտարարագրել է Կոտայքի մարզում գտնվող 4 հողամաս եւ մեկ անասնագոմ, Երեւանում գտնվող 132 քմ մակերեսով բնակարան եւ 252.4 քմ մակերեսով բնակելի տուն: 

Վարդան Սեդրակյանն ունի 2011թ. արտադրության «Միցուբիշի Outlander 3.0» մակնիշի ավտոմեքենա: Նա ոչ եկամուտ ունի, ոչ արժեթղթեր, ոչ էլ թանկարժեք իրեր, սակայն նրա հաշվին հունվարի 16-ի դրությամբ եղել է 9 մլն 900 հազար դրամ: