
«Ժողովուրդը» ժողովրդի հետ՝ դեպի դատարանի շենք (լուսանկարներ)
«Արդարություն, վերջ ճնշումներին մամուլի նկատմամբ», այսպիսի կոչերով էին այսօր մարդիկ դուրս եկել փողոց՝ սատարելու «Ժողովուրդ» օրաթերթին:
Թերթի խմբագիր Թագուհի Թովմասյանը մտավախություն ունի, որ ԴԱՀԿ աշխատակիցները ցանկացած պահի կարող են մտնել իրենց թերթի խմբագրություն և կալանքի տակ առնել գույքը՝ այդպիսով վտանգելով պարբերականի հետագա գոյությունը: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի և նրա աշխատակից Սոնա Գրիգորյանի դեմ Երևանի թռչնաբուծական ֆաբրիկան և դրա սեփականատեր Խաչիկ Խաչատրյանը հայց են ներկայացրել վերջինիս պատիվն ու արժանապատվությունը, գործարար համբավն արատավորելու մեղադրանքով՝ պահանջելով հերքում և 3 մլն դրամի փոխհատուցում:
«Ժողովուրդի» համոզմամբ՝ դա ուղղակի Հայաստանում ազատ մամուլի դեմ ճնշումներ իրականացնելու փորձ է: Խմբագիրը վստահ է, որ «Ժողովուրդում» հրապարակված տեղեկությունը, որի պատճառով դատական գործ է բացվել իրենց դեմ, ավելի քան արժանահավատ է, այդ պատճառով իրենք չեն պատրաստվում հերքում տպագրել և պայքարելու են՝ արդարությունը վերականգնելու համար:
«Ժողովուրդի» կազմապերպած բողոքի ակցիայի մասնակիցները Աբովյան փողոցից շարունակեցին երթով շարժվել դեպի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ իրենց բողոքի ձայնը դատարանի շենքի առաջ ևս հնչեցնելու համար:
Լուս.՝ Սոնա Սիմոնյանի
Մեկնաբանել