
Հայկազ Քոչինյանը` դատախազի որոշման դեմ
Փետրվարի 8-ի Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Շնողի նախկին գյուղապետ Հայկազ Քոչինյանի բողոքը` «Հետքի» «Բացահայտվում են Հայկազ Քոչինյանի կատարած ապօրինությունները» հոդվածի փատերով Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանի կողմից քրեական գործ հարուցելու որոշման դեմ: Նախորդ դատական նիստը հետաձգվել էր քրեական գործի որոշման հիմք հանիսացող հոդվածի կրկնօրինակը դատախազ Արմեն Շիրոյանի կողմից դատարան չներկայացնելու պատճառով:
Այս դատական նիստում Արմեն Շիրոյանն այն ներկայացրեց դատարանին. «Հարգելի դատարան, ես ցանկանում եմ կրկին ներկայացնել, որ քրեական գործ հարուցելու օրինական առիթ է հանդիսացել օրենքով սահմանված կարգով լրատվության միջոցի հաղորդումը, իսկ քրեական գործ հարուցելու հիմք են հանդիսացել հանցագործության հատկանիշների մասին տվյալները: Այսինքն` լրատվության միջոցի ներկայացուցիչը իր հոդվածում նշել է բավարար հանգամանքներ, որոնք ոչ միայն իր կարծիքներն են, դրանք նաև այլ անձանց հետ տեղի ունեցած զրույցներն ու հայտարարություններն են, որոնք բավարար հիմքեր են Հայկազ Քոչինյանի դեմ քրեական գործ հարուցելու համար»,- ասաց Ա. Շիրոյանը:
«Ներկայացված փաստաթղթի վրա գրանցամատյանում գրացման համար չի լինու՞մ, կնինք չի լինու՞մ» ,- Շիրոյանին հարցրեց դատավոր Մ. Մելքոնյանը: «Չէ, մենք ուղղակի կից գրություններ ենք պատրաստում»,- պատասխանեց Շիրոյանը: Վերջինս դատարանին ներկայացրեց նաև կից գրությունը. «Էստեղ գործ հարուցելու մասին որոշումն է»,- ասաց դատավորը: «Որոշումը և լրատվության միջոցի հաղորդումն է: Առդիր 4 թերթ»,- տեղեկացրեց դատախազ Արմեն Շիրոյանը:
Դատավոր Մարինե Մելքոնյանը ընթերցեց դատախազի քրեական գործ հարուցելու մասին որոշումը: Դրան հաջորդեց Հայկազ Քոչինյանի ներկայացուցիչ և շահերի պաշտպան Արտակ Ոսկանյանի հարցադրումը. «Ուզում ենք ճշտել` գործ հարուցելու հիմքը եղել է ընդամենը այդ հաղորդումը, միայն դա՞: Այսինքն` մինչև քրեական գործի հարուցելու որոշումը միայն այդ 2 էջանոց «Հետք» օնլայնի էջից տպած փաստաթուղթն է, ընդամենը, այո՞»:
Հիշեցնենք, որ «Հետքը» միայն 2012թ-ին Շնողի արդեն նախկին գյուղապետ Հայկազ Քոչինյանի ապօրինությունների մասին հրապարակել է 6 հոդված: Այդ հոդվածներում տեղադրված են Շնողի նախկին գյուղապետի ապօրինությունները փաստող լուսանկարներ, հարցազրույցներ, գյուղացիների արած հայտարարություններ և տեսանյութեր: Տեսանյութերում Հայկազ Քոչինյանի կողմից համայնքային բյուջեի միջոցների յուրացումների ու վատնումների, այդ թվում` Շնողի նախադպրոցական հաստատության երեխաների սննդի գումարները չարաշահելու, արվեստի դպրոցի աշխատողների աշխատավարձերի վճարման օրինախախտումների, գյուղի ֆուտբոլի դաշտի վերանորոգման համար նախատեսված 11,5 մլն, գերեզմանոցի բարեկարգման 19,5 մլն, Շնողի խորհրդանիշը տեղադրելու և Հայրենական պատերազմի զոհվածների հուշարձանի վերանորոգման համար նախատեսված 8 մլն դրամի և վերջապես գյուղի ամբուլատորիայի շենքի 2-րդ հարկը անօրինական զավթելու, Այրում-Ճոճկան ջրատարի 500 մետր խողովակները իր համար Շնող գետի վրա հէկ կառուցելու նպատակով ապամոնտաժելու և այլ փաստերի մասին հանրության առջև պաշտոնական հայտարարություններ է արել գործող գյուղապետ Հովիկ Սահակյանը: ՀՀ քրեադատավարական օրենսգրքի 27-րդ հոդվածը սահմանում է, որ նույն քրեական գործի նախաքննության ընթացքում նույն անձի կողմից այլ հանցագործություններ կատարելու փաստերի հայտնաբերման դեպքում, վարույթ իրականացնող մարմինը կարող է նոր քրեական գործ չհարուցվել, եթե արդեն իսկ հարուցված քրեական գործի շրջանակներում հնարավոր է գործի նախաքննությունն իրականացնել ամբողջ ծավալով:
Դատախազ Շիրոյանը դատարանին ներկայացրեց միայն «Բացահայտվում են Հայկազ Քոչինյանի ապօրինությունները» հոդվածը, իսկ «Հետքի» մնացած հոդվածերի փաստերը, որոնք պետք է ընդգրկվեին նույն քրգործում, չներկայացվեցին դատարանին:
«Եթե վարույթ իրականացնող մարմինը միայն այդ 2 փաստաթուղթն է ներկայացրել, ճիշտն ասած, դատախազի որոշման դեմ բողոք գրելիս Հայկազ Քոչինյանը և ես` որպես նրա պաշտպան, հիմք ենք ընդունել այն հանգամանքը, որ քրեական գործ հարուցելիս պետք է լինեն նաև բավարար հիմքեր»,- հայտնեց պաշտպանը, ով մարզի դատախազի որոշումը առանց հիմնավորման համարեց տարօրինակ:
Պաշտպանը Հայկազ Քոչինյանի ներկայացրած բողոքի հիմքերը և հիմնավորումները լրացնելու համար դատարանից խնդրեց հետաձգել դատական նիստը: Ի դեպ` Արտակ Ոսկանյանը նախորդ դատական նիստում հայտարարել էր, թե այս նիստում դատախազի որոշման անօրինականությունը հիմնավորող հայտարարություններ է անելու, որը նա չարեց: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 15-ին:
Մեկնաբանություններ (6)
Մեկնաբանել