HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Մ. Վարագյան. «Մենք ունենք քաղաքականության մեջ մարդիկ, բայց չունենք մարդիկ, որոնք զբաղվում են քաղաքականությամբ»

«Հետքի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Մերի Վարագյանը 

Ըստ ձեզ` նախագահի թեկնածուների կողմից քաղաքական ո՞ր տեխնոլոգիաներն են ավելի արդյունավետ օգտագործվել նախընտրական շրջանում: 

Տեխնոլոգիաներն այսօր` նախընտրական շրջանում, մեր թեկնածուների կողմից այդքան էլ չեն օգտագործվում, այսինքն` անտեսվում են: Մենք չունենք տեխնոլոգիական համապատասխան գործիք, որով կարողանանք ճիշտ քարոզչություն իրականացնել: Դա պայմանավորված է մի շարք հանգամանքներով. առաջին հերթին քաղաքական գործիչների ունեցած մշակույթով, քաղաքական դաշտում իրենց ճիշտ կոմղնորոշվելու ունակությամբ, պրոֆեսիոնալիզմի մակարդակով, շփման շրջանակների նեղությամբ: Այսինքն` նաև չունենք շփման այն շրջանակը, որով կարողանանք ընտրենք և օգտագործենք ճիշտ տեխնոլոգիա:

Կարծում եմ` մեր թեկնածուներն օգտագործում են իրավիճակային տեխնոլոգիաներ`  քարոզչություն, հանդիպումներ, համապատասխան հավաքներ: Տեխնոլոգիաների ընտրությունն ավելի շատ պահանջում է հմտություն քաղաքական դաշտում և թրծվածություն, որն այսօր չկա: Այդ առումով տեխնոլոգիական ընտրությունը մեր քաղաքական դաշտում չկա: Այդ տեսանկյունից մեր քարոզարշավները կարող եմ գնահատել թերի: Իհարկե, դա մարսվում է հասարակության լայն շրջանակների կողմից, որովհետև մեր հասարակությունը չի ձգտում ստանալ համապատասխան ճիշտ, տեխնոլոգիապես զինված նյութ, մենք բավարարվում ենք նրանով, ինչ մեզ մատուցում են:

Իսկ ի՞նչն է պատճառը, որ չկան քաղաքական տեխնոլոգիաների կիրառման հմտությունները, որովհետև նախագահի թեկնածուների մեծ մասը նոր չէ քաղաքական դաշտում:

Երկար տարիներ քաղաքական դաշտում լինելը դեռ չի խոսում քաղաքական գործչի պրոֆեսիոնալիզմի մասին: Մենք ունենք քաղաքականության մեջ մարդիկ, բայց չունենք մարդիկ, որոնք զբաղվում են քաղաքականությամբ: Ոչ թե ճիշտ քաղաքականությամբ, այլ ընդհանրապես քաղաքականությամբ: Դա է պրոֆեսիոնալզիմը` կարողանալ քաղաքականությունը ծառայեցնել մեզ: Ես չեմ ասում, թե ավելի երիտասարդ ու նոր կադրերը կարող են կիրառել այդ տեխնոլոգիաները, որովհետև նրանք փորձ չեն ունենա քաղաքականության մեջ: Պետք է կարողանալ ճիշտ համադրել այդ ամենը` ժամանակային գործոնը, պրոֆեսիոնալիզմը, փորձը և շփման լայն շրջանակները: Մեր թեկնածուների մոտ դա է հիմնական խնդիրը:

Ունենք թեկնածուներ, որոնց հետ աշխատում են բավականին լուրջ փորձագետներ, տեխնոլոգներ, ու դրա արդյունքը մենք տեսնում ենք: Եթե մենք տեխնոլոգիան վերցնում, դնում ենք քաղաքական դաշտում ու փորձում ենք կիրառել, պետք է դա մինչև վերջ արվի: Վերջնանպատակն այն է, որ այդ տեխնոլոգիան, որ մենք կիրառում ենք, մեզ հաջողություն բերի, բայց կարող է այն նաև հաջողություն չբերել: Դա կապված է մի շարք հանգամանքերի հետ, որոնք կարող են գոյություն ունենալ տվյալ երկրում տվյալ քաղաքական ժամանակահատվածում: 

Այնուամնեայնիվ, քաղաքական ո՞ր տեխնոլոգիան կառանձնացնեիք, որն ավելի շատ է օգտագործվում մեր քաղաքական դաշտում:

Որպես քաղաքական տեխնոլոգիայի ձև` մենք օգտագործում ենք PR տեխնոլոգիան: Քաղաքական գործչի կերպարի ձևավորումը ազդում է հասարակական կարծիքի ձևավորման կամ վերափոխման վրա: Այսօր դա մեծ չափով օգտագործվում է քաղաքական դաշտում` հիմնականում թեկնածուների կողմից, ինչը նրանց մոտ ստացվում է: 

Թեկնածուների քարոզարշավն ու PR-ը որքանո՞վ են նպաստել նրանց վարկանիշի բարձրացմանը նախընտրական ժամանակահատվածում:

Կարծում եմ` ոչ մեկի վարկանիշը սրանից ոչ բարձրացավ, ոչ իջավ: Ուղղակի կան մարդիկ, որ մի փոքր հայտնի դարձան քաղաքական դաշտում ոչ թե իրենց կիրառած տեխնոլոգիաների, այլ երևի իրենց վառ երևակայության և շփումների շնորհիվ: Նրանք փորձեցին քաղաքական դաշտում ցույց տալ իրենց «ես»-ի որոշակի դրսևորում: Որպես այդպիսին, մեզ մոտ վարկանիշ չձևավորվեց: Բոլոր թեկնածուները մնացին այնպիսին, ինչպիսին կային: Չունենք կայծակնային դեպք, որն ազդել է որևէ թեկնածուի վարկանիշի վրա: 

Իսկ Պարույր Հայրիկյանի դե՞պքը:

Նրա մասին խոսում էին, նրան ճանաչում էին: Ուղղակի որոշ վերլուծաբանների կարծիքով` դա ակտիվացրեց Հայրիկյան անձի գործունեությունը, ավելի հետաքրքիր դարձրեց այն: Գուցե ինքը շահեց նաև հասարակական որոշակի շրջանակների համակրանքը: Կարծում եմ` դա լուրջ տոկոսային հարաբերակցության տարբերություն չի տա: 

Նախագահի թեկնածուները տարբերվում են միմյանցից իրենց քարոզարշավով: Բայց կարելի՞ է եզրակացնել, որ նրանք, ըստ էության, չկարողացան քաղաքական նոր տեխնոլոգիա ներմուծել քաղաքական դաշտ:

Կարծում եմ՝ այդպես է: Տեխնոլոգիական առումով զինվածություն չունենք:  Մենք ունենք որոշակի ձևավորված կերպար քաղաքական գործիչների շրջանակներում, ունենք որոշակի տիպավորված անձինք, որոնց վերագրում ենք ինչ-որ հատկանիշներ: Բայց դա չափազանց քիչ է, որպեսզի ասենք, որ տեխնոլոգիապես հզոր է այս թեկնածուն և տեխնոլոգիապես ավելի թույլ է մյուս թեկնածուն: Համապատասխան պատրաստվածության կադրեր այսօր չկան: Հուսով եմ` առաջիկա ընտրությունների ժամանակ կփորձենք ավելի նորարար ձևով ներկայանալ: 

Բայց ամեն դեպքում բազմազանություն չկա՞ թեկնածուների՝  թեկուզ քարոզարշավի իրականացման ձևերի մեջ, որով նրանք առանձնանում են: 

Բոլորն էլ առանձնանում են, բայց առանձնանում են իրարից, ոչ թե հասարակության աչքին: Շոշափելի տարբերություն ես չեմ տեսնում: 

Ի՞նչ է պետք, որ քաղաքական տեխնոլոգիաների մշակույթը մեզանում տարածվի: 

Նախ և առաջ պետք է աշխատենք այն ուղղությամբ, որ ունենանք պրոֆեսիոնալզիմ, շփվելու, վերցնելու ունակություն: Ամերիկյան կամ արևմտյան մոդելն իրենից չի ենթադրում ինքնուրույն և կայացած մոդել, բայց իրենք ունեն վարկանշային բարձր տեխնոլոգիաներ, որոնցով ուղղորդվելը մեր տիպի պետությունների համար շատ օգտակար կլիներ:

Ցանկացած պետություն պետք է տեխնոլոգիան վերցնի, բայց կարողանա ճիշտ պրոեկտի իր քաղաքական դաշտում. գոյություն ունեցող քաղաքական հանգամանքների հետ հարմարեցնի, ճիշտ ադապտացնի: Բայց մենք մի քիչ մեկուսի ենք: Մեզ մոտ կա ռուսական ուղղվածությունը տեխնոլոգիաների առումով, բայց չմոռանանք, որ տեխնոլոգիան արևմտյան հասկացություն է: Պետք է ընդարձակել շփման շրջանակը, փորձենք ճիշտ մասնագետներ ընտրել, հրավիրել, որպեսզի կարողանանք գոյություն ունեցող իրավիճակում ճիշտ մարդիկ, գործիքներ ընտրել: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter