HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խաղ միլիոնավոր դոլարների հետ. ինչպե՞ս են մսխվել «Նաիրիտի» փողերը

Քրիստինե Աղալարյան, Էդիկ Բաղդասարյան 

Որքան վարկ է վերցվել «Նաիրիտ գործարան»-ը աշխատեցնելու համար: Այս տեղեկությունը պետական մարմինները գաղտնի են պահում: Բոլորը հրաժարվում են խոսել «Նաիրիտի» վարկերի մասին: Այն վտանգավոր թեմա է՝ փողերի լվացման դասական օրինակ:

Բացի 2006-ին Rhinoville Property Limited-ի վերցրած 70 մլն դոլար վարկից, ըստ գործարանի հաշվետվությունների, «Նաիրիտը» 2009-ին ևս մեկ վարկ է վերցրել Միջպետական բանկից` 35.5 մլրդ դրամի (86 մլն դոլար), 2010-ին` ևս 5.5 մլրդ դրամ (13.5 մլն դոլար): Այսինքն` Միջպետական բանկը մինչև 2011 թվականը շուրջ 170 մլն դոլարի վարկ է տրամադրել Rhinoville Property Limited-ին և «Նաիրիտ գործարանին»:

170 մլն դոլար, չաշխատող գործարան. ինչպե՞ս են տնօրինվել այդ գումարները, ի վերջո այս երկրում կա՞ մի պաշտոնյա, ով պատասխան կտա այս հարցին: Դատախազությունը և ոստիկանությունը լռում են: Կա երկու տարբերակ. կամ այս կառույցները «մասնակից» են այս գործարքներին, այսինքն` տեղյակ են եւ արգելում են զբաղվել դրանով, կամ էլ չեն կարողանում, գլուխ չեն հանում, նման հանցագործություններ բացահայտելու ունակություն չունեն: Իսկ գուցե նախագահի թեկնածուներն իրենց նախընտրական ծրագրերում մի կե՞տ ավելացնեն` բացահայտել «Նաիրիտի» վարկային պատմությունը: 

Մաս 1 

ԱՊՀ Միջպետական բանկը դատի է տվել «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի 90 տոկոս բաժնետեր հանդես եկող, Մեծ Բրիտանիայում գրանցված Rhinoville Property Limited ընկերությանը: Միջպետական բանկը 25 մլն դոլար է պահանջում ընկերությունից, որից շուրջ 17 մլն-ը վարկի օգտագործման տոկոսների, իսկ 8 մլն-ը` տուգանքների համար: Դատարան դիմելու փաստը «Հետքի» հետ զրույցում հաստատեց Միջպետական բանկի` «Նաիրիտի» վերաբերյալ հարցերը համակարգող Ալեքսանդր Միխկովը: Մոսկվայի միջնորդ դատարանը մարտի 18-ին քննելու է բանկի հայցը:  

Միջպետական բանկի կողմից Rhinoville Property Limited ընկերությանը դատի տալը նույնն է, ինչ «Նաիրիտ գործարանի» դեմ հայց ներկայացնելը, քանի որ Rhinoville Property Limited-ի բաժնետեր է դարձել «Նաիրիտ գործարանը», թեպետ այս փաստը երկար ժամանակ շատ լավ թաքցնում են ՀՀ իշխանությունները և գործարանի ղեկավարությունը: Հետևաբար, եթե դատարանը հայցը բավարարի, այդ գումարները պետք է վճարի «Նաիրիտ գործարանը»: Իսկ «Նաիրիտի» բաժնետոմսերի 10%-ը պետությանն է պատկանում, հետևաբար` նաև Հայաստանի Հանրապետությունը: 

Տեղեկանք

Միջպետական բանկը (ՄԲ) ստեղծվել է 1993թ. ԱՊՀ 10 երկրների կողմից, մասնավորապես՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի և Ուկրաինայի ազգային բանկերի (Կենտրոնական բանկերի) կողմից: Հիմնադրման կանոնադրական կապիտալում կատարած ներդրումների տոկոսային հարաբերությամբ առաջին տեղում Ռուսաստանն է՝ ավելի քան 50%, հետո Ուկրաինան` 20%: Մյուս երկրների ներդրումները 8%-ից նվազ են: Այս բանկի գործունեության հիմնական նպատակը ԱՊՀ երկրների տնտեսական ինտեգրացիային նպաստելն էր, ներառևտրային գործարքների վարկավորումը ազգային փոխարժեքով, միջպետական նշանակության ներդրումային ծրագրերում մասնակցությունը և այլն: Ներկայումս Միջպետական բանկի խորհրդի կազմում է ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:

Հիշեցնենք՝ Rhinoville Property Limited-ը 70 մլն դոլար վարկ էր վերցրել Միջպետական բանկից, որպեսզի գներ «Նաիրիտ գործարանի» 90 % բաժնետոմսերը և ներդրումներ կատարեր գործարանում: Rhinoville Property Limited-ը վարկը վերցրել է և գրավադրել գործարանի բաժնետոմսերը Միջպետական բանկում: 2006թ. օգոստոսին տրամադրվել է 70 մլն դոլարը՝ 5 տարի և 3 ամիս ժամկետով՝ տարեկան 12.5 % դրույքաչափով: Միջպետական բանկի տնտեսական խորհրդի փաստաթղթերից մեկում ամրագրված է, որ 70-ից 39 մլն-ը Rhinoville Property Limited-ը վճարել է գործարանի 90% բաժնետոմսերի ձեռք բերման համար, 12.8 մլն-ով իր շրջանառու միջոցներն է ավելացրել եւ 18.2 մլն վճարել է վերակառուցման և վերազինման առնչվող ծառայությունների համար: Ուշադրություն դարձրեք՝ ոչ թե «Նաիրիտի» շրջանառու միջոցներն է ավելացրել, այլ իր, իսկ թե վերակառուցման և վերազինման ի՞նչ ծառայությունների համար է ընկերությունը վճարել 18.2 մլն դոլար՝ հայտնի չէ: Մնացյալ 1 մլն-ի մասին ոչ մի տեղ ոչինչ չի նշված: Մինչդեռ կառավարության 2006թ. օգոստոսի 18-ի թիվ 1131-Ա որոշման համաձայն՝ գործարանի 90 տոկոս բաժնետոմսերը, 2006-ին կնքված առքուվաճառքի պայմանագրով, օտարվել են 40 մլն դոլարով:

Գրավոր դիմեցինք «Հայգազարդին» («Նաիրիտի» նախկին մեծ բաժնետերը, ումից Rhinoville Property Limited-ը գնեց գործարանը), որպեսզի իմանանք՝ ստացե՞լ է «Հայգազարդը» վերջին 1 մլն դոլարը, թե՞ ոչ: «…Գնորդը պայմանագրի համաձայն գնման տարում վճարել է 39 մլն ԱՄՆ դոլար, իսկ մնացած գումարը գործարանի ակտիվների և պասիվների ստուգումից հետո»,- հայտնել է «Հայգազարդի» տնօրեն Գագիկ Հակոբյանը: Ակտիվների և պասիվների ստուգումից հետո վճարվե՞լ է այդ գումարը, թե՞ ոչ, Գ. Հակոբյանի գրությունից ոչինչ չէր հասկացվում: Գուցե պակասորդի խնդիր է եղել, դրա համար չի վճարվել 1 մլն-ը: Սակայն, ըստ Գ. Հակոբյանի, ավելցուկի կամ պակասորդի խնդիր չի եղել. «Կողմերի միջև 07.06.2007թ. ստորագրված համաձայնագրով, գնորդը և վաճառողը պայմանագրով նախատեսված հանձնման-ընդունման աշխատանքները համարել են ավարտված»: Գագիկ Հակոբյանին երկրորդ գրությունն ուղարկեցինք՝ նշելով, որ մեր ձեռքի տակ եղած Rhinoville Property Limited-ի ֆինանսական հաշվետվությունում որևէ տող չկա, որից երևա, որ Rhinoville Property Limited-ը 1 մլն դոլար է փոխանցել «Հայգազարդին»:

Գագիկ Հակոբյանը, հավանաբար ուշադիր չկարդալով իր ուղարկած նախորդ գրությունը, այս անգամ էլ այլ պատասխան տվեց. «…Ակտիվների և պասիվների ստուգման աշխատանքների ավարտից հետո 2010-ին կատարվել են մնացած փոխադարձ պարտավորությունները»: Սակայն Rhinoville Property Limited-ի 2010-ի հաշվետվությունում էլ «Հայգազարդին» 1 մլն-ը փոխանցելու վերաբերյալ որևէ տվյալ չկա:

Rhinoville Property Limited-ը, «Նաիրիտ գործարանն» ու նրանց դուստրերը

1 մլն դոլարի գաղտնիքը այլ տեղում է. 2006-ին Rhinoville Property Limited-ը Ռուսաստանում դուստր ընկերություն է գրանցել՝ «Ռայնովիլ» ՍՊԸ (Rhinoville LLC), որի տնօրեն եղել է Միջպետական բանկի նախագահի նախկին տեղակալ Սերգեյ Կուլիկովի կինը` Ա. Կուլիկովան, և 1 մլն-ը փոխանցվել է նորաստեղծ ընկերությանը՝ որպես հիմնադիր կապիտալ: Այս ընկերությունը իբրև պետք է իրացներ «Նաիրիտ գործարանի» արտադրած կաուչուկը:

2010թ. օգոստոսի 18-ին «Ռայնովիլ» ՍՊԸ-ն միացել է ՌԴ-ում 2007-ին գրանցված «Նաիրիտ» ՍՊԸ-ին, և «Ռայնովիլ» ՍՊԸ-ի բոլոր իրավունքներն ու պարտականություններն անցել են «Նաիրիտ» ՍՊԸ-ին: «Նաիրիտ» ՍՊԸ-ի 25 տոկոս բաժնեմասը Rhinoville Property Limited-ինն է, իսկ 75%-ը` «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ինը: 2012թ. հունվարին «Նաիրիտ գործարան»-ի ղեկավարությունը որոշել է լուծարել «Նաիրիտ» ՍՊԸ-ն:

Պարզվում է` «Նաիրիտ» ՍՊԸ-ն մի դուստր էլ ունի` «Նաիրիտ թրեյդինք քոմփանի լիմիթիդ» (Nairit Trading Company Limited), որը գրանցված է Բելիզում` 2008-ին: 2009-ին այս ընկերությունում շուրջ 45 հազար դոլարի ներդրում է կատարվել:

2008-ին «Նաիրիտ գործարանը» ևս մեկ դուստր է գրանցել Հայաստանում` «Նաիրիտ թրեյդինգ ընդ սերվիս գրուպ». այս ընկերությանը փոխանցված գումարները մեծ չեն: 2012-ի մարտին դա էլ է լուծարվել:

Rhinoville Property Limited-ը Հայաստանում հիմնադրել է նաև «Ռայնովիլ Քեմիքլ Ինդասթրի» ՓԲԸ-ն (Rhinoville Chemical Industry): Այս ընկերությունն էլ իբրև թե բիզնես խորհրդատվություն պիտի տրամադրեր: 2500 դոլար էլ փոխանցվել է այս ընկերությանը` որպես կանոնադրական կապիտալ:

Թե ինչպես են տնօրինվել 70 մլն վարկից «Ռայնովիլ» ՍՊԸ-ին փոխանցված 1 մլն-ը և մյուս դուստր ընկերություններում շրջանառվող գումարները, կիմանա գործարանի նախկին տնօրեն Վահան Մելքոնյանը, ում ղեկավարած տարիներին այս ընկերությունները գործունեություն են ծավալել:

Ինչ վերաբերում է «Հայգազարդին», ապա այն պետական ձեռնարկություն է, 100%-անոց բաժնետերը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունն է: Տարօրինակ է, որ նախարար Արմեն Մովսիսյանին չի հետաքրքրում, թե ինչու Rhinoville Property Limited-ը չի վճարել մնացած 1 մլն դոլարը: ՀՀ կառավարությունն էլ, ի դեմս վարչապետ Տիգրան Սարգսյանի, հետամուտ չի լինում կառավարության որոշման կատարմանը:

Միջպետական բանկի տնտեսական խորհրդի փաստաթղթում մի հիշարժան փաստ էլ կա. «Նաիրիտ գործարանի» արտադրանքի իրացմամբ, պարզվում է, նաև ռուսական "ПСМП" ՍՊԸ-ն է զբաղվել, որին Միջպետական բանկը 10 մլն դոլարի վարկ է տրամադրել «Նաիրիտի» կաուչուկը գնելու հիմնավորմամբ:

2005-ին գործարանի արտադրանքն իրացնող ևս մեկ ընկերություն է հայտնվել` «Ինտերկաուչուկը», սա շատ ավելի հետաքրքիր թեմա է, որին կանդրադառնանք առաջիկայում՝ առանձին հրապարակմամբ:

Իրավապահները գուցե հետաքրքրվեն, թե ինչու են «Նաիրիտ գործարանին» այսքան շատ դուստր և իրացնող ընկերություններ անհրաժեշտ եղել, եթե գործարանը կարող էր իր արտադրանքն անմիջականորն վաճառել գնորդներին, ինչը գործարանի պատմության մեջ բազմիցս եղել է:

«Նաիրիտ գործարան»-ը խրվել է վարկերի մեջ 

Ինչպես արդեն նշել ենք, բացի 2006-ին Rhinoville Property Limited-ի վերցրած 70 մլն դոլար վարկից, ըստ գործարանի հաշվետվությունների, «Նաիրիտը» 2009-ին ևս մեկ վարկ է վերցրել Միջպետական բանկից` 35.5 մլրդ դրամի (86 մլն դոլար), 2010-ին` ևս 5.5 մլրդ դրամ (13.5 մլն դոլար): Այսինքն` Միջպետական բանկը մինչև 2011 թվականը շուրջ 170 մլն դոլարի վարկ է տրամադրել Rhinoville Property Limited-ին և «Նաիրիտ գործարանին»: Թե մինչ օրս այս պարտավորությունները որքանով են ավելացել, աճել կամ նվազել, փորձեցինք գործարանից պարզել: «Նաիրիտ գործարան»-ը Միջպետական բանկի նկատմամբ ունեցած պարտավորությունների մասին մեր գրավոր հարցմանը չի պատասխանել, այլ հղում է կատարել «Նաիրիտ գործարան»-ի պաշտոնական կայքին, որտեղ տեղադրված են գործարանի հաշվետվությունները: Սակայն գործարանի պաշտոնական կայքում 2012թ. ֆինանսական հաշվետվությունը դեռևս տեղադրված չէ, և մեր հարցերի պատասխանները չէին կարող ամբողջական լինել: Հայտնի չէ, թե վերջին տարվա ընթացքում «Նաիրիտը» որքանով է կարողացել մարել պարտավորությունները, կամ գուցե այլ վարկեր է վերցրել: 

«Նաիրիտի» վարկերի մասին մեր գրությանը ըստ էության չի պատասխանել նաև ՀՀ ֆինանսների նախարարությունը` նշելով, որ վարկը տրամադրվել է անմիջապես գործարանին, և պետությունն այդ վարկի գծով որևէ երաշխիք չի տրամադրել:  «Նաիրիտ գործարանի» 10 տոկոսի բաժնետերը, հիշեցնենք, ՀՀ կառավարությունն է` ի դեմս ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության: Այսինքն` պետությունը բաժնեմաս ունի, հետևաբար չի կարող անմասն մնալ «Նաիրիտ գործարանի» և Միջպետական բանկի «վարկային պատմությունից»: Ավելին, ըստ «Նաիրիտ գործարանի» համախմբված ֆինանսական հաշվետվության` Միջպետական բանկի հետ 2009թ. մարտի 27-ին կնքված վարկային պայմանագրի շրջանակներում գործարանը 2010թ. ընթացքում պետք է ստանար տրամադրված վարկային գծի մնացորդը՝ 13.5 մլն ԱՄՆ դոլար, սակայն ստեղծված բարդ ֆինանսական դրության պատճառով Միջպետական բանկը դադարեցրել էր վարկի տրամադրումը: «ՀՀ կառավարության հետ բանակցությունների արդյունքում Միջպետական բանկը կատարեց վարկային պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները ամբողջ ծավալով»,- նշված է ֆինանսական հաշվետվությունում, ինչը նշանակում է, որ ՀՀ կառավարությունը անմիջականորեն միջամտել և բանակցել է «գործարքի» կայացման համար: 

Հիմա ուշադրության արժանի ևս մեկ փաստ. այս վարկային միջոցների ներգրավման համար «Նաիրիտ գործարան»-ը վարձել է օֆշորային ծագման «Թարբետ Մենեջմենթ Լիմիթեդ» միջնորդ ընկերությանը, որի աջակցությամբ 2010-ի դեկտեմբերին ստացել է վարկային միջոցները: Միջնորդ կազմակերպության մատուցած ծառայության արժեքն էլ կազմել է 261 մլն դրամ (650 հազար դոլար): «Նաիրիտ գործարան»-ին առնչվող պատմություններում տասնյակից ավելի օֆշորային ընկերություններ են ներգրավված, սակայն դրանց մի մասի հասցեները նույնն են. օրինակ` «Թարբետ Մենեջմենթ Լիմիթեդ»-ի, Rhinoville Property Limited-ի ստեղծման, ինչպես նաև վերջինիս բաժնետեր Latheron Properties-ի հասցեները: Այսինքն` այս գումարն էլ նույն ընկերությունների հետևում կանգնած անձանց գրպանն է մտել: 

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը գուցե ասի՞, թե ինչու են այս կազմակերպությանը այսչափ մեծ գումար տվել եւ իրականում ում են վճարել: 

«Նաիրիտի» վարկային պարտավորությունների մասին հայաստանյան կառույցներից պաշտոնական պատասխան չստանալուց հետո գրավոր դիմեցինք նաև Միջպետական բանկի նախագահ Ի. Սուվորովին: Միջպետական բանկը հրաժարվեց պատասխանել մեր որեւէ հարցի: «Մեր կնքած պայմանագրում պայմաններ կան, որ պայմանագրում պարունակվող ինֆորմացիան գաղտնի է և երրորդ կողմին չի բացահայտվում,- ասաց բանկի՝ «Նաիրիտի» առնչվող հարցերը համակարգող Ալեքսանդր Միխկովը և հրաժարվեց մեկնաբանել «Նաիրիտ գործարանին» վերաբերող որևէ հարց:-Ես չեմ ուզում որևէ մեկնաբանություն տալ, որ որևէ մեկին չնեղացնեմ»: 

Միջպետական բանկից բացի` «Նաիրիտ գործարանը» երկու անգամ դոլարային վարկ է վերցրել նաև «Հայբիզնեսբանկ»-ից` 11% և 12% դրույքաչափով, որի ժամկետը լրացել է 2011-ին և որից հետո տոկոսադրույքները փոփոխվել են` 24% և 26%:

Ըստ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի 2011-ի հաշվետվության՝ Rhinoville Property Limited ընկերությունը Միջպետական բանկից ստացված վարկն ապահովելու նպատակով գրավադրել է «Նաիրիտ գործարանի» հիմնական միջոցները, որոնց հաշվեկշռային արժեքը 2011թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել են 45,4 մլրդ դրամ (112 մլն դոլար): Նույն հիմնական միջոցները, որպես հաջորդող գրավ, գրավադրվել են գործարանի` Միջպետական բանկից ստացված վարկն ապահովելու նպատակով: Ամենահետաքրքիրն այն է, որ Rhinoville Property Limited ընկերությունը Միջպետական բանկից ստացած վարկն ապահովելու նպատակով «Նաիրիտ գործարան»-ը Միջպետական բանկին տրամադրել է վարկային պայմանագրից բխող պարտավորությունների կատարման երաշխիք, ինչն արդեն հասկանալի է, քանի որ «Նաիրիտ գործարան»-ն արդեն իսկ դարձել է Rhinoville Property Limited-ի բաժնետերը:  

Գործարանի բաժնետերերն ու պարտատերերը արտադրության վերակառուցման և վերազինման` 2011-2019թթ. նոր ծրագրի կատարման համար հայտարարել են կառավարման օպերատորի ընտրության մրցույթ: Զարգացման ծրագրի իրականացման համար գործարանին անհրաժեշտ է 400-500 մլն ԱՄՆ դոլար:

Ծրագրի իրականացման նպատակով 2012թ. ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և ITERA International Energy L.L.C. միջև կնքվել է համագործակցության համաձայնագիր, համաձայն որի` կողմերը պետք է ջանքեր գործադրեն նշված ծրագրի արդյունավետ իրագործման համար, և այդ նպատակով համատեղ աշխատանքային խումբ է կազմվել: Ավելի քան 2 տարի է` այս տեղեկությունը շրջանառվում է, սակայն որևէ արդյունք մինչ օրս չի գրանցվել:

Գործարանի աշխատողներին էլ ITERA-ի մասին պատմելով՝ ամեն անգամ տուն են ճանապարհում, երբ նրանք հերթական բողոքով և աշխատավարձի պահանջով գնում են գործարանի ղեկավարության մոտ, էներգետիկայի նախարարություն կամ էլ նախագահի նստավայր: Ոչ մի օպերատոր չի ուզում ստանձնել ապաշնորհ ղեկավարման արդյունքում  «Նաիրիտի» մսխված գումարները վճարելու պարտավորությունը: 

Շարունակելի

Մեկնաբանություններ (12)

Огден Геворгян
Մեկնաբանությունը ?. Սերժ Սարգսյանի առջև կոշտ ուլտիմատում դրեք, թող մեկնաբանի,: Իսկ այս իրական փաստերը ներկայացրեք 1. ՀՀ դախազին: 2 ՀՀ նախագահին,վարչապետին, Աժ -ին Անարդյոնք մնալու ց հետո դիմեք եթե մեղավորները չպատժվեցին: ներկայացրեք 3. Հաագայի միջազգային դատառանին Ըստ հոդվածի Հետաքննությոան ընթացքում բացահայտված թալանչիների անունները և գումարելով իսկական հանցագործների անունները ՀՀ ապաշնորհ ղեկավարներին_Սերժ Սարգսյան, Հովիկ Աբրահամյան,Տիգրան Սարգսյան,Աղվան... և այլն: .Անարդյոնք մնալու ց հետո դիմեք 4.ASALA- ին --նա իր գործը լավ գիտի.. .Անարդյոնք մնալու ց հետո դիմեք 5. Հայ ժողովրդին, Անարդյոնք մնալու ց հետո դիմեք 6. Աստծուն ; Միայն թէ,,Դուք էլ շատերի նման չանցնեք կշեռքի հանցավոր կողմը:
gewor
TURQIC INCZW EN TARBERWUM XOZERN
GAGIK
Պարոն ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ մինչեվ երբ է պլանաորված թալանել երկիրը..Արդեն մի քանի հոդված է գրվում Նաիրիտին տրամադրվող գումարների չեզոքացման մասին.,,Մինչեվ հիմա պետական մասշտաբով ոչ մի պարզաբանում չի եղել,,, Կոնկրետ պարզաբանեք թե ովքեր են էգ գումարները ԼԱՓԵԼ,որ ազգովի պարբերաբար հիշենք նրանց ծնողներին,,,Չգիտես ինչու համօզված եմ որ հերթական անգամ վրա կմնա ես գործ և ոչ միայն սա,,,Ժողովրդի մոտ հավատ ներշնչելու համար ժամանակն է գործելու եթե իհարկե տրամադրված եք գործելու,Սկսեք կարուցելու առաջին քայլը
KG
....գնդակահարել !!!!!!!
HAYK
Ընդամենը 170մլն????????? սա թալանի ընդամենը մի փոքր մասն ա: Որպեսզի թալանը չշարունակվի, շատ քիչ բան ա անհրաժեշտ. սերժին իրա շրջապատով քշել երկրից........
Արմեն
Սա դեռ մաշված, անպետք գործարանի շուրջ афёра ա, դուք տեսեք երկրի ընդերքն ինչ են անում սեփականատիրոջ իրավունքով։ Պետք ա փրկել ինչ մնացել ա (մեղք են հաջորդ սերունդները)
Kjagn e imacar
Kocaryan Nazaryan Sargsyan sranq el cares Narit vercrel en porern u imael luzarum en ain. vergum irar piti uten nor imanank inca erel irakanum
anka
ete et xex4 ashxatoxneri [email protected] tan amen [email protected] milionater klinen...ova tesel 3 amsov ashxatavac 4tan ..iranq ski 1 or 4ein dimana....amena dajan mahov piti duq bolort gnaaaaaaaq
KAUKASO
AMOT , MER KARAVARUTYAN BOLOR VOLORTNERIN, 26 TARI ARAJ ASUM EIQ VOR KOMUNISTNERN XMUM EN JOGOVRDI ARYUNN, U HETO YEKAQ DUQ, INCHOV LAVACRIQ HAYI APRELAKERPN, 95 TOKOSN KERAQ U 5 TOKOSN TVECIQ JOGOVRDIN, KOMUNISTNERN GONE MOSKVAIC DRAM EIN BERUM U KARUCUM EIN NAYRITN U YEREVANN, DUQ HAYASTANI BNAKCHUTYAN 50 TOKOSIN ARTAGATECIQ .... GORCAZURK TOGECIQ MER HAYASTANCUN ....
hasmik
ժամանակին Օստապ Բենդերն ասել է փողը չեն աշխատում, փողը լվանում են, հիմա էլ փող են լվանում Նաիրիտից, հեց էս երկուսի և ոչ միայն անմիջական հովանավորությանբ
Kaern
Լավ որքան փաստեր է պետք հրապարակեն լրագրողները իրենց հետաքննությամբ, որ մեր իրավապահ մարմիննները վերջապես կատարեն ՀՀ Սահմանադրությամբ իրենց առջև դրված պարտականությունները: Եթե չեք կարողանում կամ չեն թողնում պարզ ասեք մի ամաչեք: Ձեզ էլ կհասկանանք, թէ չէ լռելով դան դուրս չի գա: Չէ որ Դուք հավերժ չէք, հետո Ձեր փոխարեն եկածներին ինչ պատասխան եք տալու' չեն թողել զբաղվեք: Ոչ մեկը բանի տեղ չի դնի Ձեր ասածները և Դուք էլ իզուր տեղը կխառնվեք այդ թալանչիներին: Մտածեք Ձեր և Ձեր երեխաների մասին: Էլ չեմ ասում Հայաստանի մասին քանի որ ինչպես հասկացա բոլորը թքած ունեն..........
MK
We have a corrupt system of government,all officials from top to bottom are drowned in corruption,that includes are so called religious leaders,the Bentley bishops,the electricity generating Bishops on the dams and rivers,what a sad state of affairs,than we have Serzh who talks a good game but empty inside a friend of the corrupt Oligarch MP's.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter