
Անդրիաս Ղուկասյան. «Հացադուլը կդադարեցնեմ, երբ հրապարակվեն միջազգային դիտորդների գնահատականները»
«Այսօր համապետական ընտրությունների օր է, սակայն ընտրությունները մեր երկրում շինծու են և չեն արտահայտելու քվեարկության արդյունքները: Մեր հանրությունը շարունակում է մնալ անզոր` ինքնուրույն որոշելու իր քաղաքական ապագան», - քիչ առաջ «Հետքի» հետ զրույցում հայտարարեց ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը:
Վերջինս նշեց, որ քանի որ այսօր իր հացադուլի 29-րդ օրն է, ինքը պարզապես ֆիզիկապես ի վիճակի չէ մասնակցել քվեարկությանը: Միաժամանակ, նախագահի թեկնածուն մտադրություն չունի քվեարկության արդյունքները բողոքարկել ՍԴ-ում, քանի որ այդ կառույցի նկատամամբ չկա վստահություն: Եվ չնայած իրենք ստանում են տեղեկատվություն ընտրակաշառքների բաժանման և քաղաքացիների` ընտրություններին պարտադրաբար մասնակցելու մասին, այնուամենայնիվ, Ա, Ղուկասյանը կարծում է, որ անիմաստ է իր վստահված անձանց աշխատանքը ընտրատեղամասերում: Չնայած այնտեղ ևս խախտումներ կան, բայց, նրա խոսքով, հակասահմանադրական խախտումների մեծ մասը կատարվում է ընտրական հանձնաժողովներից դուրս:
Ա. Ղուկասյանի համար այս ընտրությունների արդյունքները որևէ արժեք չունեն, սակայն միջազգային դիտորդների գնահատականն էական է, որովհետև իր պահանջներից մեկն ուղղված է նաև նրանց` «չլեգիտիմացնել կրիմինալ օլիգարխիան Հայաստանում և շնծու ընտրություններին չտալ գնահատական»:
«Հացադուլը դադարեցնելու եմ, երբ կամփոփվեն ու կհրապարակվեն միջազգային դիտորդների գնահատականները», - հայտարարեց Ա. Ղուկասյանը:
Անդրիաս Ղուկասյանը նաև նշեց, որ առողջապահության նախարարությունը ցանկություն է հայտնել վերահսկել իր առողջական վիճակը նաև հացադուլից հետո, և ինքը տվել է իր համաձայնությունը: Սակայն հացադուլից հետո նախագահի թեկնածուն մտադիր է վերադառնալ տուն: Նրա կարծիքով` հիվանդանոցի կարիք չկա, և տան մթնոլորտն իր համար ավելի բարենպաստ կլինի:
Մեր այցելության պահին նրա մոտ էր նաև կինը: Վերջինս նախընտրեց, որ բոլոր մեկնաբանություններն ամուսինը տա: Ա. Ղուկասյանը նշեց, որ իր կինն անհանգստանում է իր վիճակի համար, սակայն «հարգում է իր քաղքական որոշումը, քանի որ դա ավելի առաջնային է, քան առողջությունը»: Նա նաև հավելեց, որ թե իր ընտանիքը, թե թիմակիցները պարտավոր չեն իր մոտ գտնվել ամբողջ օրվա ընթացքում, որպեսզի հոգեբանական աջակցություն ցույց տան. «Ես ինքս ի վիճակի եմ այդ բեռը տանել»:
«Ամեն մեկն ունի իր խնդիրներն ու հանձնարարությունը: Անհարաժեշտ էր, որ բոլորն արդյունավետ աշխատեն, և դա ստացվեց: Մենք արեցինք բոլորը, ինչ մեր ուժերի սահամաններում էր», - հայտարարեց Ա. Ղուկասյանը:
Մեկնաբանել