
Սամվել Ալեքսանյանի մարդիկ սպառնացել են վերացնել «Ժառանգության» անդամի ընտանիքը
«Ժառանգության» մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն ուշ երեկոյան հրավիրած մամլո ասուլիսում հայտարարեց, որ իրենք ունեն 42 ընտրատեղամասերի տվյալներ, որոնք չեն համընկնում ԿԸՀ-ի հայտնած արդյունքներին: Ըստ Խուրշուդյանի՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Սերժ Սարգսյանն այդ 42 տեղամասերում հավաքել են ընդհանուր 27.902 ձայն, որից 19.057-ը կամ 68 տոկոսը բաժին է հասել Րաֆֆի Հովհաննիսյանին, իսկ մնացած 32-ը՝ գործող նախագահին:
Խուրշուդյանը նշեց նաեւ, որ ամենաբարձր ատյաններից հրահանգվել է չտրամադրել այն տեղամասերի արձանագրությունները, որոնցում իրենց թեկնածուն հաղթել է: Խոսնակը շեշտեց, որ փորձ է արվում անվավեր դարձնել Հովհաննիսյանի ձայները եւ բերեց կոնկրետ տեղամասերի օրինակներ: Խախտումները եղել են տարբեր տեսքով՝ քվեաթերթիկների գողություն, կեղծ անձնագրերով քվեարկություն: 3/33 տեղամասում նույնիսկ փորձել են կաշառել ՏԸՀ-ի նախագահ, «Ժառանգության» անդամ Դանիել Իոաննիսյանին, ինչը հաջող ելք չի ունեցել:
Մալաթիա-Սեբաստիա համայնքում, Խուրշուդյանի փոխանցմամբ, գործարար Սամվել Ալեքսանյանի ներկայացուցիչները ահաբեկել են իրենց անդամներին: Մասնավորապես, տեղամասերից մեկում կատարվել է լցոնում, որից հետո կեղծարարները «Ժառանգության» անդամին ասել են, որ եթե արձանագրի, ապա կվերացնեն ընտանիքը: Մեկ այլ տեղամասում սպառնալիքը, ի տարբերություն նախորդի, արդյունք տվել է, եւ խախտումը չի արձանագրվել:
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել