
Հովսեփ Խուրշուդյան. «Հեղափոխություն լինելու է»
Ընտրությունների ամենազանգվածային խախտումներն ու ահազանգերը վերաբերում են ընտրակաշառքներին, որոնք համատարած էին բաժանվում: Այս մասին այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը:
Նրա խոսքով՝ հաջորդ ընտրախախտումը վերահսկվող քվերակությունն էր, մասնավորապես համայնքներում գյուղապետները նստում էին քվեախցիկներին մոտ և վերահսկում գյուղացիների քվեարկությունը:
Խնդիրներ կան նաև՝ լրացուցիչ ցուցակների կապակցությամբ, քանի որ մարդկանց մի բնակավայրից բերում էին մեկ այլ բնակվայրում քվեարկելու, իսկ հետո հետ տանում: Հ. Խուրշուդյանի խոսքով' այստեղ ակնհայտ է կեղծիքի փաստը:
«Ժառանգության» մամուլի խոսնակը նաև առանձնացրեց դրոշմակնիքների ցնդելու խնդիրը, որը, նրա բնորոշմամբ, պատահական չէր կարող լինել և խախտումների տեղիք տվեց. թանաքը պետք է լինի կամ չցնդող, կամ գոնե չցնդի 12 ժամվա ընթացքում:
«Ժառանգության» համար պարզ չէ նաև, թե Հայաստանից բացակայող քանի հոգի է «մասնակցել» ընտրությանը, որովհետև ստացվել են մասնակցության այնպիսի թվեր, որոնք չեն համապատասխանում համայնքի հիմնական բնակչության թվին:
Հ. Խուրշուդյանը նաև նկատեց, որ երեկ Ր. Հովհաննիսյանի ասուլիսը մի շարք հեռուստաընկերություններ ներկայացրել են «բրեժնեևյան ոճով». այնպես են մոնտաժել, որ տպավորություն ստեղծվի, թե Ր. Հովհաննիսյանը շնորհավորում է Սերժ Սարգսյանին:
«Եթե դա է իրենց ազատ խոսքը, ապա դա երկար չի տևելու»,- հայտարարեց Հ. Խուրշուդյանը:
Վերջում նա հավելեց, որ այսօր չկա լեգիտիմ իշխանություն, իսկ հեղափոխության տրամադրությունը համակել է բոլորին, անգամ Սերժ Սարգսյանն է ցանկանում սահմանադրական հեղափոխություն: «Հեղափոխություն լինելու է»,- ասաց Հ. Խուրշուդյանը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել