
Հարություն Մեսրոբյան. «Պետք է սկսվի շարժման կառուցվածքային պրոցեսը, եթե ուզում ենք հաղթել»
«Հետքի» հարցերին պատասխանում է կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը: Նա առաջարկում է ձևավորվող շարժման 3 նախապայման, որոնց առկայության դեպքում այդ շարժումը կունենա միանգամայն հաղթանակ:
Պարոն Մեսրոբյան, ինչպե՞ս կգնահատեք վերջին շրջանի հանրահավաքների արդյունավետությունը հասարակությանը համախմբելու տեսանկյունից:
Այս հանրահավաքները ես դիտարկում եմ որպես խմորման և նախապատրաստական փուլ: Իրավիճակը պարզ է, իսկ իրավիճակից դուրս գալու տարբեր իրարամերժ ճանապարհներ կան: Տեղի են ունենում այդ ճանապարհների ընտրության` մի դեպքում լուրջ, մի դեպքում անլուրջ քննարկումներ, խմորումներ: Լավ կլինի, որ դրանք հանգեցնեն արդյունավետ և նպատակին ուղղված որոշումների և քայլերի: Բայց դեռ այդ փուլին չենք հասել:
Դժգոհությունը կա, ժողովրդի ցասումը կա, մնում է այս իրավիճակը հստակեցվի: Իրականում շատերի համար այս իրավիճակն անկանխատեսելի էր. չնայած արտագաղթը մեծ է, մարդկանց փորձում են կաշառել, 20 տարի շարունակ արվում է բարոյահոգեբանական քարոզչություն բացասական իմաստով, բայց ժողովուրդը նորից ուժ է գտնում ընդվզելու: Այս սա է ֆենոմենը:
Իսկ ի՞նչ է ստանում ժողովուրդն այդ ընդվզման արդյունքում, որովհետև սովորաբար ընտրությունների արդյունքում իշխանությունը մնում է նույնը, իսկ ընտրությունների արդյունքներից դժգոհ հատվածի մոտ նկատվում է հիասթափություն:
Եթե ժողովուրդը ընդվզում է, իշխանությունը նույնն է, ուրեմն խնդիրն ավելի շատ պետք է դիտարկել ընդդիմադիր դաշտում: Այն պետք է կարողանա կոնսոլիդացնող և նպատակային շարժում սկսել: Ոչ թե լոզունգներ ու բաժակաճառեր, այլ հստակ ծրագիր: Ծրագիրը պետք է շատ ավելի մանրամասն պատկերացնեն առաջնորդները, բայց ժողովրդին ներկայացնեն ավելի պարզ, հասկանալի և տրամաբանական ձևով: Եթե այս ամենը մնա միայն ցանկությունների դաշտում, այդ դեպքում կլինի այն ճակատագիրը, որը եղել է բոլոր ընդվզումների ժամանակ:
Այսինքն` առաջին հերթին խնդիր կա ընդդիմադիր դաշտու՞մ:
Այո: Ընդդիմադիր դաշտում պետք է համախմբում լինի, առավել ևս` վերնախավում: Բայց ես կուզենայի, որ համախմբվեն նպատակը տեսնող, ծրագիր ունեցող և գործ անող ընդդիմադիր գործիչներ: Դժբախտաբար, նաև ընդդիմադիր դաշտում քիչ չեն մարդիկ, ովքեր ուղղակի էմոցիաներով և ոչ ծրագրային են շարժվում կամ հատվածային առաջարկներ են անում: Պետք է միավորվեն այն ուժերը, որոնք ունակ են համապարփակ և փուլերով ծրագիր մշակել ու իրականացնել այդ ծրագրերը:
Ո՞ր ուժերին եք տեսնում այդ գործում:
Կառավարման տեսանկյունից մեր պետությունը 1991 թ.-ին շատ անհաջող ստեղծվեց: Բնութագրիչներից մեկն այն է, որ մեր պետության իշխանական բուրգում հաղթեց բացասական ընտրասերումը` negative selection: Այսինքն` երբ ունես արժանիքներ, շատ ավելի դժվար, անգամ անհնարին է լինում բարձր պաշտոններ զբաղեցնել; Եթե արժանիքներ չունես, դա ավելի հեշտ է:
Սա հանգեցնում է նրան, որ պետության կառավարման համակարգը սկսում է անկում ապրել: Բայց անկումն էլ չի կարող անվերջ լինել. ինչ-որ պահից սկսում է փլուզվել: Երբ համակարգն անկում է ապրում ու մոտենում է փլուզման շեմին, այն միշտ ագրեսիվ է լինում: Կառավարման տեսանկյունից խորհուրդ չի տրվում ուղղակի հարձակվել փլուզվող համակարգի վրա, որովհետև այդ ագրեսիան կարող է բերել բացասական երևույթների, ինչը տեղի ունեցավ մարտի 1-ին:
Տեսնելով, որ այդ համակարգն անկում է ապրում՝ պետք է սկսես ստեղծել քո համակարգը այլընտանքային կառույցների միջոցով` այլընտրանքային խորհրդարան, կառավարություն և այլն: Թվում է ուտոպիա, բայց այդպես եղել է միշտ: Երբ իշխանական համակարգն անկում է ապրում, դու պետք է ստեղծես այլընտրանք: Սկզբից այն գուցե դանդաղ, բայց վերելք է ապրում: Այլընտրանքային կառույցների ստեղծումը հատվածային չէ, դա համակարգ է, մոտեցում:
Ինչ-որ տեղ այդ երկու կորերը խաչվում են: Խաչման այդ տեղում սկզբից դե ֆակտո, հետո դե յուրե սկսվում է իշխանափոխություն: Նույն տրամաբանությամբ գնաց նաև Ղարաբաղյան շարժումը: Շարժումն աստիճանաբար քիչ էր ենթարկվում իշխանությանը և ավելի շատ` ընդդիմությանը, նեղանում է իշխանության ազդեցության ոլորտը, ընդդիմության ազդեցության ոլորտը` լայնանում: Ստեղծվում են տարբեր կառույցներ, որոնք զբաղվում են ինչ-որ հարցերի լուծմամբ, հետո սկսվեց իշխանության փոփոխություն:
Եթե մենք նման ճանապարհ չենք վերցնում, վտանգ կա, որ կլինի կամ առճակատում, կամ շարժման մարում:
Կմանրամասնե՞ք` ինչ ասել է այլընտրանքային կառույց, որովհետև բացի ձեր նշած Ղարբաղյան շարժման դեպքից, մենք կարծես թե նման փորձ չունենք:
Ունենք. Մաշտոցի պուրակը: Ընդվզեցին երիտասարդներ, որից հետո ստեղծվեց հասարակական դատարան: Այն արեց լսումներ այդ իրավիճակի վերաբերյալ, որից հետո որոշում կայացվեց ապամոնտաժել բուտիկները: Ստեղծվեցին ապամոնտաժող բրիգադներ, որոնք պետք է ի կատար ածեին հասարակական դատարանի որոշումը: Ապամոնտաժող խմբերի գործունեության դեմ իշխանությունը կանգնեցրեց իրավապահ մարմիններին: Դիմադրությունը շարունակում էր աճել, և ինչ-որ պահ արդեն իշխանությունը չդիմացավ, թեթև թատերական ներկայացում եղավ` «Տարոն սիրուն չի» և այլն: Բայց, այնուամենայնիվ, իրականացվեց հասարակական դատարանի որոշումը:
Բայց հարցը լուծվեց ոչ թե իրավական դաշտում, այլ ընդամենը իշխանության խոսքով:
Կար դատարանի որոշում, և այդ շարժումն ուժեղանալու էր: Իշխանությունը տեսավ, որ շարժումն ուժեղանում է, նոր մարդիկ են ներգրավվում, մոտենում են խորհրդարանական ընտրությունները, և մայիսի սկզբին արեց այդ հայտարարությունը: Դուք ձևի մասին եք ասում, բայց, ըստ էության, կատարվեց դատարանի որոշումը: Պատմության մեջ մնում են արդյունքները:
Բայց երաշխավորված չէ, որ հերթական նման խնդրի դեպքում այն լուծում կստանա:
Ես այս օրինակը բերեցի` պատասխանելու հարցին, թե ինչ ասել է այլընտրանքային կառույց: Մարդկության պատմության մեջ եթե ընդվզման շարժումը գնում է կոնկրետ նպատակով և զուգահեռ ստեղծում է կոնկրետ կառույցներ, ապա այն հասնում է հաղթանակի: Երևույթին կառուցվածք տալը նշանակում է, որ կարողանում ես շարժումը դարձնել նպատակաուղղված և ուժեղ: Հիմա արդեն պետք է սկսվի շարժման կառուցվածքային պրոցեսը, եթե ուզում ենք հաղթել:
Բայց կարծես թե Ձեր նշած նպատակուղղված շարժումը նախնական փուլում է, և անգամ հանրահավաքները շարունակվում են մնալ նույն գծի վրա են:
Համաձայն եմ: Շարժման դեպքում պետք է լուծել հետևյալ խնդիրները. մշակել նպատակին հասնելու ծրագրային փուլեր և որոշել, թե ով է մտնելու շարժման ձևավորվող բռունցքի մեջ: Այստեղ արդեն կարևոր են անձերը: Այդ մարդկանցից կախված արդեն կարելի է ասել` շարժումը կհաջողվի, թե կձախողվի:
Այնտեղ պետք է բացառված լինեն այն քաղաքական ուժերը, որոնք ունեն լոզունգային հռետորաբանություն: Չպետք է լինեն մարդիկ, ովքեր այս 20 տարվա ընթացքում եղել են իշխանական համակարգի հանգուցային պաշտոններում: Կապ չունի` որ իշխանության ժամանակ: Անգամ եթե նրանք նորմալ մարդիկ են, դա հոգեբանական հարց է: Մարդը, որը միշտ աշխատել է վայրէջքի ռեժիմով, չի կարող արդյունավետ լինել թռիչքի ռեժիմում:
Պետք է լինեն մարդիկ, ովքեր պատրաստ են, կարող են և ուզում են: Մարդկանց ճնշող մեծամասնությունը այս երեք հատկանիշները միաժամանակ չունի: Բացի այդ` պետք է լինի դրական ընտրասերում` positive selection, կարող մարդիկ ունենան գործունեության ավելի մեծ ասպարեզ: Եթե պետությունն ուզում է թռիչք ապահովել, պետք է սպունգի նման իր կառավարման համակարգի մեջ ներքաշի կարող մարդկանց: Այդ դեպքում դու դառնում ես մրցունակ, այնուհետև հաղթող ու ապահովում ես թռիչք:
Քաղաքական գործընթացներին զուգահեռ նկատվում է նաև քաղաքացիական հասարակության ձևավորման միտում: Արդյոք մեր հասարակության շրջանակներում կա ինքանկազմակերպման պոտենցիալը:
Այսօր ես ավելի բարձր եմ գնահատում քաղաքացիական երևույթը, քան քաղաքականը: Մեզանում քաղաքական երևույթն արդեն դեկտեմբերին ցույց տվեց, որ իրականության մեջ մենք չունենք քաղաքական համակարգ: Այստեղ արդեն առաջնային դերակատարումը պետք է լինի քաղաքացիական շարժմանը: Այն ունի երկու առավելություն. քաղաքականացված չէ և ունի կոնկրետ նպատակներ:
Շարժմանը պետք են ծրագրային և կառուցվածքային փուլեր, համապատասխան մարդկային պոտենցիալ, որի միջոցով ի կատար է ածվելու ծրագիրը: Բայց որպեսզի այն ուժեղանա, պետք է, որ քաղաքացիական շարժումները ներգրավվեն այդ շարժման մեջ` շարունակելով լուծել իրենց կոնկրետ խնդիրները:
Հայաստանը վերքերի աշխարհ է, յուրաքանչյուր քաղաքացիական շարժում վերցնում է թիրախ` բուժելու որևէ վերք: Եթե ներգրավում ենք ամբողջ քաղաքացիական դաշտը, նշանակում է փորձում ենք առողջացնել ամբողջ Հայաստանը:
Ըստ Ձեզ` ի՞նչ ընթացք կարող է ստանալ այս շարժումը:
Ես ձեզ 100-տոկոսանոց երաշխավորում եմ` այս երեք գորոծոնները որ լինեն` ծրագրային և կառուցվածքային փուլեր, համապատասխան մարդկային պոտենցիալ և քաղաքացիական շարժում, հաղթանակը լինելու է միանշանակ: Եվ մենք աստիճանաբար կանցնենք նոր Հայաստանի:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել