
Ազատ Ղուկասյանն ազատազրկվել է 8 տարով. համաներման զորությունը
Սյունիքի մարզի Հարթաշեն համայնքի ղեկավար Ազատ Ղուկասյանը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման: Մեղադրող-դատախազ Հայկ Պետրոսյանը միջնորդել է նրան ազատազրկել ավելի քիչ ժամկետով՝ 7 տարով, իսկ անչափահաս տուժողի ներկայացուցիչը գյուղապետի համար մի քանի անգամ խիստ պատիժ է պահանջում՝ 25 տարվա ազատազրկում:
Ամեն ինչ սկսվեց անցյալ տարվա փետրվարին: «Գյուղապետը աշակերտուհուն բռնաբարել է, բայց շարունակում է մնալ ազատության մեջ» հրապարակմամբ «Հետքը» պատմեց, թե ինչպես է համայնքապետ Ազատ Ղուկասյանը, ով միաժամանակ գյուղի դպրոցում ֆիզկուլտուրա էր դասավանդում, 8-րդ դասարանցիների միացյալ դասին երկու դասարանի աշակերտներին տարել մարզադահլիճ եւ պատվիրել «խելոք խաղալ»: Իսկ 14-ամյա Կարինեին (անունը փոխված է) գյուղապետը հանձնարարել էր հետեւել իրեն:
Սակայն աշակերտներից մեկը «խելոք խաղալու» փոխարեն՝ դռան բանալու անցքից տեսնելով, թե գյուղապետ-ուսուցիչն ինչ է անում դասընկերուհու հետ, օգնության էր կանչել ուսուցիչներին: Մանկավարժներից մեկն ընդհանրապես հրաժարվել էր մոտենալ «դեպքի վայրին», իսկ նրանք, ովքեր մոտեցել եւ տեսել էին կատարվողը, վախեցել էին անգամ դուռը բացել, իսկ հետագայում՝ նաեւ տեսածի մասին բարձրաձայնել: Ի հեճուկս մանկավարժների՝ տուժողի դասընկերները հավաքվել էին դպրոցի բակում եւ վանկարկել «ար-դա-րու-թյուն»:
Հարուցվեց քրեական գործ, եւ 14-ամյա երեխային բռնաբարելու մեղադրանքով գյուղապետի գործը մտավ դատարան: Ու չնայած վերոնշյալ հրապարակմամբ «Հետքը» տեղեկացրել էր, որ Ազատ Ղուկասյանի անունը կապվում է նաեւ նմանատիպ այլ միջադեպերի հետ, նախաքննական մարմինը համայնքապետի որեւէ այլ զոհ համառորեն չգտավ:
Չգտավ նույնիսկ այն բանից հետո, երբ 21-ամյա Աննան դատարանում պատմեց, որ 9-րդ դասարանում, երբ ընդամենը 15 տարեկան էր, հարեւանների կողմից գողության մեջ մեղադրվելու պատճառով գյուղապետ Ղուկասյանն իրեն նստեցրել է ավտոմեքենան, որ տանի ոստիկանություն: Բայց ճանապարհին Ղուկասյանը կանգնեցրել է մեքենան և ոստիկանություն չտանելու պայմանով ստիպել սեռական հարաբերության մեջ մտնել իր հետ:
Աննան նույնիսկ պատմել էր, թե ինչպես է գյուղապետի պահանջով հանցավոր սեռահակումների արդյունքում ծնված երեխային սեփական ձեռքերով սպանել:
Նոր քրեական գործ հարուցվեց միայն այն ժամանակ, երբ «Հետքը» հոդված գրեց եւ իրավապահներին հիշեցրեց Աննայի գոյության ու դռնփակ դատական նիստում դատավոր Նապոլեոն Օհանյանի եւ դատախազ Հայկ Պետրոսյանի ներկայությամբ նրա տված ցուցմունքների մասին:
Այս գործի քննությունը հանձնարարվեց բռնաբարության բոլորովին այլ գործով հանրությանը հայտնի դարձած քննիչ Ռուբեն Վարդանյանին: Վերջինիս փորձառությունը, ըստ երեւույթին, իր գործն արեց:
Նորածնի սպանության կապակցությամբ գյուղապետին մեղադրանք չառաջադրվեց: Անչափահաս ժամանակ Աննային կատարվածն էլ քննիչը որակեց «շանտաժի միջոցով սեռական հարաբերության հարկադրելը» հոդվածով, ու քանի որ այն նախատեսում է մինչեւ 3 տարվա ազատազրկում, Ռուբեն Վարդանյանի որոշմամբ քրեական գործը համաներմամբ կարճվեց:
Մինչդեռ, ըստ փաստաբան Կարեն Մեժլումյանին, նախկին գյուղապետի վրա համաներում ընդհանրապես չէր տարածվում, քանի որ վերջինս մեղադրվում էր նաեւ անչափահաս Կարինեի բռնաբարության մեջ: Ավելին՝ փաստաբան Մեժլումյանը «Հետքում» տպագրված հոդվածով արդեն մերկացրել է իրավապահների երկակի մոտեցումը, երբ նույն հոդվածի կիրառությամբ Սերոբ Տեր-Պողոսյանը դատապարտվեց 15 տարվա ազատազրկման, իսկ Ազատ Ղուկասյանը համաներվեց:
Դատարանում անչափահաս Կարինեի ներկայացուցիչը հենց Կարեն Մեժլումյանն է, եւ հենց նա է պահանջում նախկին գյուղապետին 25 տարով ազատազրկել. «Որովհետեւ կոնկրետ Կարինեի բռնաբարության գործով հանցագործության 3 էպիզոդ կա. Ազատ Ղուկասյանը 1 անգամ գյուղապետարանում է անչափահասին բռնաբարել, 2 անգամ՝ դպրոցում: Այսինքն՝ գործ ունենք 3 բռնաբարության հետ, եւ դա պետք է դիտվեր ոչ թե 1, այլ 3 տարբեր հանցագործություն: Հետեւաբար, ամեն մի հանցագործության համար նախատեսվող պատժաչափը պետք է գումարվեր մյուսին»:
Փաստաբանը նաեւ նշում է, որ դատարանում ամբաստանյալն «իրեն շատ ամբարտավան է պահել», մեղքը չի ընդունել եւ չի զղջացել: Բացի դրանից, ի տարբերություն հանցանքը մեղմացնող հանգամանքների՝ ծանրացնող հանգամանքներ եղել են:
Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի՝ նախկին գյուղապետին 8 տարով ազատազրկելու դատավճիռը Մեժլումյանը պատրաստվում է բողոքարկել:
Մեկնաբանություններ (8)
Մեկնաբանել