Փողոցում պարեկություն իրականացնող ոստիկանների ապօրինություններից
Օրեր առաջ ոստիկանության աշխատակիցների կողմից` հանրահավաքների մասնակիցների դեմքերը նկարահանելու ապօրինությունը հիմնավորող հոդվածում խոստացել էինք, որ կանդրադառնանք փողոցում ծառայություն իրականացնող ոստիկանների կողմից կատարվող նաև այլ խախտումների:
Իրավական կարգավորումը
Փողոցում պարեկություն իրականացնող ոստիկանների գործողությունները հիմնականում կարգավորվում են «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքով և Ոստիկանոթյան պարեկապահակետային ծառայության կանոնագրքով, որը ՀՀ կառավարության որոշմամբ է հաստատվում:
«Դիմեք մամուլի ծառայութուն» պատասխանն ապօրինի է
Ինչպես հայտնի է, հաճախ, երբ ոստիկանները սահմանափակում են քաղաքացիների որոշ ազատություններ, գործողությունների հիմնավորման պահանջին ի պատասխան իրավապահները պատասխանում են` «դիմեք ոստիկանության մամուլի ծառայություն, այնտեղից ձեր բոլոր հարցերին կպատասխանեն»:
Հենց այդ պատասխանն էին երիտասարդները ստանում, երբ իրենց ֆիզիկական ուժի կիրառմամբ հեռացնում էին ՍԴ հարակից տարածքից, երբ դասադուլավոր ուսանողներին չեին թույլատրում մոտենալ ԵՊՀ-ին, և բազմաթիվ այլ դեպքերում:
Սակայն «Ոստիկանության մասին» օրենքի 5-րդ հոդվածը, ի թիվս այլ դրույթների, սահմանում է, որ «Ոստիկանության ծառայողները մարդու իրավունքների ու ազատությունների սահմանափակման ցանկացած դեպքում անմիջապես պարտավոր են նրա համար մատչելի և հասկանալի լեզվով ներկայացնել սահմանափակման հիմքերն ու պատճառները, ծանոթացնել և բացատրել դրանից բխող իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև աջակցել իրավունքների իրացմանը»:
Այսինքն` երբ ոստիկանները որևէ կերպ սահմանափակում են քաղաքացիների իրավունքները, իրենք պարտավոր են տեղում բացատրել գործողության հիմքերը (իրավական հիմքերը) և ոչ թե ուղարկել քաղաքացիներին ոստիկանության մամուլի ծառայություն:
Քաղաքացուն պատիվ տալը անվայե՞լ է
Ինչպես հայտնի է, Ոստիկանության աշխատակիցները առավել հաճախ են շփվում ցուցարար քաղաքացիների հետ: Բայց հազիվ թե ընթերցողը կարողանա հիշել մի դեպք, երբ ցուցարարին դիմող ոստիկանը պատիվ առնի (отдать честь) ու ներկայացնի իր անունը, պաշտոնն ու կոչումը:
Որպես կանոն, ոստիկանները քաղաքացիներին դիմում են ընկերական, իսկ որոշ դեպքերում անգամ «ախպերս» ոճով… Քաղաքացիների հետ շփվելու այս ոճը այնքան համատարած է, որ անգամ օրինակներ բերելու կարիք չկա:
Սակայն ոստիկանոթյան պարեկապահակետային ծառայության կանոնագրքի 88-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը ենթադրում է, որ «ծառայողը պարտավոր է անձին դիմելիս պատիվ առնելով ներկայանալ՝ հայտնելով պաշտոնը, կոչումը, ազգանունը և նրան դիմելու պատճառն ու նպատակը, անձի պահանջով ցույց տալ իր ծառայողական վկայականը` այն պահելով իր ձեռքում»:
Այսինքն, ի հեճուկս գործող պրակտիկայի, անկախ քաղաքացուն դիմելու պատճառներից, քաղաքացու ու դիմող ոստիկանի տարիքային տարբերությունից, քաղաքացու սոցիալական կարգավիճակից՝ ոստիկանը դիմելուց պետք է պատիվ առնի ու ներկայանա:
Ի պատիվ ՃՈ-ի
Արդարության համար պետք է նշել, որ ի տարբերություն ոստիկանության մյուս ստորաբաժանումների աշխատակիցների, այս նորմերը հիմնականում պահպանվում են Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից, ովքեր բազմաթիվ թերություններով հանդերձ մեքենա կանգնեցնելուց, որպես կանոն, պատիվ են առնում, ներկայանում են և ներկայացնում են մեքենան կանգնեցնելու հիմքերը, իսկ փողոցները փակելուց հետաքրքրվող քաղաքացիներին ասում են, թե ինչու է այդ փողոցը փակ:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել